ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴՐԱՆԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՎԵԼԱՆԱԼ
Նարնջագույն հեղափոխության նախկին առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն նախագահ դառնալու ցանկություն է հայտնել: Նրա հին ընկերները և դաշնակիցները մոտ ապագայում կարող են վերածվել հակառակորդների: 

Պահանջվեց ընդամենը 24 ժամ, որպեսզի նախագահ Յանուկովիչը կորցներ իշխանությունը և փախչեր Կիևից, իսկ նրա ոխերիմ թշնամի և հակառակորդ Տիմոշենկոն ազատ արձակվեր բանտից: 

Հայտնի չէ, թե ուր է փախել Յանուկովիչը: Ոմանք պնդում էին, թե նա ձերբակալվել է սահմանապահների կողմից, որոնք արդեն չէին ենթարկվում իրեն, երբ փորձել է ինքնաթիռ նստել: 
Ազատ արձակումից երկու ժամ հետո Յուլյա Տիմոշենկոն գնաց Տրուշովսկայա փողոց, ծաղիկներ դրեց այնտեղ, որտեղ զոհվել էին առաջին ցուցարարները, և գնաց Մայդան: Նրան երբեք չի դավաճանել ինտուիցիան, և հիմա էլ նա հստակ գիտի, թե ամբոխն իրենից ինչ է ցանկանում: Դիմելով ցուցարարներին՝ նա ասաց. <<Դա ձեր հաղթանակն է, դուք հեռացրեցիք այդ քաղցկեղային ուռուցքը մեր երկրից>>,- պահանջելով ամենախիստ դատավարություն կիրառել Յանուկովիչի նկատմամբ: Ցուցարարների մի մասը նրա անունն էր գոռում, բայց կային նաև որոշները, ովքեր սուլում էին Տիմոշենկոյին. վերջինս բավականին հակասական կերպար է եղել: 

Տիմոշենկոն, հայտարարելով, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին, կարող է իր այդ քայլով խառնել բոլոր խաղաքարտերը: Ուկրաինացիների մի մասը նրա մեջ տեսնում է <<ուկրաինական երկաթե լեդիին>>, իսկ մի մասն էլ մեղադրում է՝ հաշվի առնելով գազային գործարքները, որոնց պատճառով Տիմոշենկոն բանտարկվեց: Բայց և այնպես, նրա հեղինակությունը դեռ չափազանց բարձր է: Ցուցարարների մի մասն էլ կարծում է, որ, չունենալով անմիջական մասնակցություն հեղափոխությանը, նա կարող է ուղղակիորեն խլել այն ժողովրդից և Ուկրաինան այլ հունով տանել: 

Ամենամեծ վնասը Տիմոշենկոն կարող է հասցնել Կլիչկոյին՝ ընդդիմության առաջնորդներից մեկին և ցույցերի ակտիվ մասնակցին, որը նույնպես առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին: Թղթի վրա, իհարկե, երկուսն էլ դաշնակից են, սակայն շատ շուտով հնարավոր է՝ վերածվեն ոխերիմ թշնամիների, որի պատճառով Ուկրաինան կներքաշվի ավելի խորը ճգնաժամի մեջ, և մարդիկ կսկսեն նոր թշնամի փնտրել. այդ ժամանակ հնարավոր է, որ նույնիսկ Մայդանը դուրս գա Մայդանի դեմ:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ lastampa.it
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
952 reads | 25.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com