ՄԵՐՕՐՅԱ «ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԸ»
ՓԻՐՈՒԶԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս








Երիտասարդության առջև ծառացած բազում հարցերից գնալով ավելի հուզող է դառնում Հայաստանում մնալու հարցը: Շարունակել ապրել հայրենիքո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, ամեն կերպ փորձել աշխատանք և ապրուստի միջոց գտնել արտերկրում: Յուրաքանչյուր տարբերակի կողմնակից փորձում է պաշտպանել իր տեսակետը` բազմազան փաստարկներ բերելով: Սակայն եթե արտերկրում մատուցողի աշխատանքը պատվաբեր է, ապա հայրենիքում հարիր չէ անգամ այլընտրանքի բացակայության դեպքում: Հայրենիքում հավաքարարի աշխատանքը կեղտոտ է, արտերկրում՝ կեղտից զերծ, հայրենիքում հիվանդին խնամելն ամոթ է, արտերկրում` երանելի: Հաճախ արտերկիր մեկնած մեր հայրենակիցներն աշխատելու փոխարեն այլ միջոցների են դիմում գլուխը պահելու համար և իրենց անպատվաբեր գործունեությամբ արատավորելով մեր անունը՝ դժվարեցնում են աշխատելու նպատակով երկարաժամկետ մեկնողների ճանապարհը:

Արտերկիր ձգտողները, «քաղցր» կյանքի հույսեր տածելով, կարծում են, թե այդ պատրանքը իրականություն կդառնա հայրենիքի սահմանը հատելուց հետո: Սակայն լինենք Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս, միևնույն է, բարեկեցիկ կյանքը ինքնըստինքյան չի ստեղծվում: Երկրային «դրախտի» դռները բացվում են նրանց համար, ովքեր իրական դժվարություններից զերծ մնալու փորձերի փոխարեն հաղթահարում են դրանք և չեն խուսափում աշխատանքից: Հակառակ դանթեական դժոխքի` դրախտ մտնելու համար պետք է զինվել հույսով և համբերությամբ: Սակայն եթե եվրոպական զարգացած երկրներում երիտասարդությունը համոզված է, որ համապատասխան կրթություն ստանալու դեպքում կարող է այդ կրթությանը համարժեք աշխատանք գտնել, ապա Հայաստանում կրթությունն ամենևին էլ բարձր հաջողությունների երաշխիք չէ:

Ուսման բնագավառում կրթաթոշակի և սոցիալական անապահովության տեսքով դժվարություններն ու անհարթությունները նոր թափ են ստանում ավարտելուց հետո, երբ երիտասարդները բախվում են ակտուալ դարձած խնդրին` գործազրկությանը և առաջին իսկ հնարավորության դեպքում լքում հայրենիքը` այլ երկրում ցանկալի աշխատանքը գտնելու հույսով: Հայ ազգի համար կրթությունը միշտ էլ շատ մեծ տեղ է գրավել` նույնիսկ Եղեռնի տարիներին հայերը գաղթելիս չէին մոռանում իրենց գրքերի մասին: Իսկ այսօր «Նոյի ագռավների» պես լքում են հայրենիքը:

Իսկ ի՞նչ անել, երբ խոսքի ազատությունը չի համընկնում գործունեության ազատության հետ: Թերևս ազատությունը չի ընձեռում հնարավորություն, իսկ աշխատելու ցանկությունը բնավ էլ չի առնչվում հնարավորության հետ: ԶԼՄ-ները կա՛մ պետական են, կա՛մ ծախված: Չկան չքաղաքականացված երիտասարդական ծրագրեր, որպեսզի ապակուսակցական երիտասարդները մասնակցեն և արտահայտեն իրենց մտքերը: Քանզի նույնիսկ անկուսակցական ծրագրի բացման դեպքում, մերժելով կուսակցական առաջարկը, հարցի տակ է դրվում նրանց գոյությունը: Պետական կառույցներում աշխատանքի տեղավորվելը գրեթե անհնար է և զարմանալի, քանզի ամենացածր աշխատավարձերը այնտեղ են: Սակայն բոլորը տառապում են կաշառք ստանալու մոլուցքով: Սակավաթիվ են ասպարեզները և հնարավորությունները երիտասարդի պոտենցիալը զարգացնելու համար:

Ավտորիտար կիսաֆեոդալական հարաբերություններով երկրում չի կարող լինել պատշաճ դաշտ ինքնահաստատվելու և ինքնադրսևորվելու համար: Մենաշնորհները խեղդում են մեր երկիրը: Այսօր ցանկացած պաշտոնյա իր իսկ հայրենիքը դիտարկում է որպես շահագործման օբյեկտ, անցնում օրենքի սահմանները՝ գերադասելով սեփական շահը: ՀՀ կրթական համակարգը անսասան թվացող մեխանիզմ է, որի ժանգոտ տարրերը վաղուց կորցրել են համաչափ զարգացման ունակությունը: Իրական կրթությունը պետք է լինի անկախ՝ ըստ արժանվույն վարձատրվող կոմպետենտ մանկավարժներով: Ամեն կերպ պետք է փորձել դուրս գալ ստեղծված դրությունից, անել ամեն բան, որպեսզի հայ երիտասարդները հույսերը կորցրած չլքեն երկիրը:

Ինչու՞ մեր երկրում երիտասարդների գիտելիքները չեն գնահատվում և վարձատրվում այնպես ինչպես արտերկրում: Արտերկրում ուսանելը հիանալի հնարավորություն է երիտասարդի մտահորիզոնը զարգացնելու, տեսլականը ձևավորելու, առավելագույնը վերցնելու համար: Սակայն ի՞նչ է այն մեզ տալիս, երբ նրանք միևնույն է ապագան հայրենիքում չեն տեսնում:

Այժմ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ապրում է կենցաղային կարիքներով, հոգևոր կյանքը սահմանափակելով անհեթեթ սերիալներով և մի շարք դատարկամիտ հաղորդումներով: Ամեն կերպ պետք է փորձել նպաստել լայն խավերի տեղեկացվածությանը, վերականգնել արժեհամակարգը: Մարդկային արժեքները փոխարինվել են ինչ-որ կիսակրիմինալ հարաբերություններով և անբարոյականությամբ: Այնինչ ամենաբարձր հոգևոր արժեքը իսկական արվեստն է: Սակայն, այժմյան երիտասարդության այն մասը, որը ցանկություն ունի կատարելագործվել արվեստի բնագավառում, իր ապագան կրկին տեսնում է հայրենիքից դուրս: Սոցիալական օգնության ծրագրերը չեն ապահովագրում ապագան:
Ճիշտ է, լուսավոր ապագան գուցեև սարերի հետևում չէ, բայց այն դեռ չի երևում: Բոլոր տեսակի բարեփոխումներն էլ հնարավոր են:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
683 reads | 24.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com