ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ. ԵՍ ԵԿԵԼ ԷԻ, ՈՐ ԱՅՍՏԵՂ ԼՌԵՄ…
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
Սփյուռքի հարցերի փորձագետ, ԵՐԵՎԱՆ








Կարդում եմ Արամ Հայկազի նամակները և հանկարծ… «Ես ի՞նչ եմ ուզում, որ բերես դու ինձ: Ոչինչ… Ա˜խ, միայն ոչինչ չտանես…» Վահագն Դավթյան:

Ինչպես է եղել, որ ժամանակին, վստահաբար, այս տողերը կարդացել եմ, բայց այնքան խորը չեմ զգացել, որ գործը գրչի հասնի, իսկ թե ինչո՞ւ հենց հիմա հասավ հարցին՝ իմ 75 տարին կպատասխանի:

Վահագն Դավթյանը կյանքին հրաժեշտ տվեց և ոչ մեկ կերպ կարողացավ իր համար ճշտել, թե ո՞վ էր «պատկան» հիմնարկի այն աշխատակիցը, որն իրեն՝ Դավթյանին զերծ էր պահել մի անախորժությունից…

Յոթանասունականներն էին, արտասահմանցիների նկատմամբ հսկողությունը խիստ էր և դա էր պատճառը, որ Սփյուռքահայության հետ Մշակութային կապի Կոմիտեի կին հյուրերից մեկին, որի հետ Դավթյանի հարաբերություններն ավելին էին, քան աշխատանքային պատշաճությունը, ցանկանում էր տանել Թբիլիսի, առանց համապատասխան իրավունք ստանալու:

Այս փաստն, ինչպես ասում են, տեղ էր հասել և որոշված էր Դավթյանի մեքենան Վրաստանի սահմանից ետ դարձնել:

Ինչպե՞ս ստացվեց, որ Դավթյանի մեքենան անարգել մեկնեց ու վերադարձավ, թողնենք ընթերցողի երևակայությանը, իսկ Դավթյանը թող տարիներ շարունակ փնտրի իր համար անհայտ մնացած անձին ու ճշմարտությունը:

Սիրիա մեկնող արվեստագետների խումբը, որի ղեկավարն էր Վահագն Դավթյանը, Դամասկոս հասավ մեկ շաբաթ ուշացումով, քանզի Հայաստանից մի օձ, որի ով լինելը մինչ օրս մնաց անհայտ, Մոսկվա, խմբի ինքնաթիռ բարձրանալու պահին լուր էր տվել կարանտինային բաժին, թե խմբում կան մարդիկ, որոնք Աֆրիկայից նոր են վերադարձել և ժանտախտի դեմ պատվաստում չունեն: Այս լուրը պատճառ չէր երկրից դուրս չթողնելուն, սակայն հաշվարկը խորամանկ ու ճիշտ էր արված, ժամանակն անցավ այնքան, որ ինքնաթիռը մեկնեց առանց խմբի:

Թե ինչ դժվարությունների առջև կանգնեց հայ համայնքը, նկարագրել անիմաստ է, իսկ ճամբորդությունը՝ պատմական էր, ոչ թե վերգրյալով, այլ ծրագրի ու հյուրընկալվելու փաստով, քանզի համերգներ ու հանդիպումներ եղան Դամասկոսից մինչև Հալեպ, Տեր-Զոր, Ջեզիրե, Ռաս էլ Այն, Ղամիշլի:

Չնայած Սփյուռքը և ժամանակը բնորոշող շատ մանրամասներ կան այս ճամբորդության մեջ, որոնք պետք է, որ ճշմարտացի պատմություն դառնան, անշահախնդիր ու առանց ավելորդ գունազրկման կամ գունավորման, սակայն դառնանք հերոսին, այլ թեմաների անդրադառնալու խոստումով:

Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Դավթյանը խմիչքի նկատմամբ թուլություն ուներ, իսկ ավելի ճիշտ՝ խմիչքը նրան շատ էր թուլացնում …

Պատերազամից էր մնացել, թե որպես տաղանդավոր մարդ նա էլ իր «շեղումներն» ուներ, չեմ կարող ասել:

Սիրիա մեկնելուց առաջ, Համազասպյանը, որը Վահագնին շատ էր գնահատում, մի քանի անգամ խստագույնս պատվիրեց նրա նկատմամբ ուշադիր լինել…

Քանի որ առաջին ծրագիրը խախտված էր ուշացման պատճառով, խումբը, նախ, մեկնեց Ղամիշլի, կտրելով Տեր-Զորի անապատը, կանգ առավ Եփրատի ափին, ուր Դավթյանը մթագնեց, լռեց, խեղճացավ ու երկար նստեց հին կամրջի մոտ՝ ծառերից մեկի տակ:

Ղամիշլիում համերգն ու հանդիպումներն անցան բացառիկ ջերմությամբ և որքան էլ աշխատեցինք շուտ ճանապարհ ընկնել, չհաջողվեց ու ես ստիպված մեկնեցի՝ Դավթյանին առանց իմ ընկերակցության թողնելով:

Շտապում էի Հալեպ, ուր, Համազասպյանի հանձնարարությամբ, ներկա էի գտնվելու, այդ շրջանում դեռ նոր ճանաչվող, Վարուժան Խտշյանի ներկայացմանը, որով պետք է որոշվեր նրա Երևանում ուսանելու հարցը:

Դավթյանը խմբի հետ հասել էր նույն կամրջին, ուր երգել էին, արտասանել, բնական է հուզվել ու արտասվել:

Ահա, թե ինչ է գրում բանաստեղծն այդ պատմական կամրջաբանության մասին:

- Լիլիա, հիշո՞ւմ ես Եփրատի կամուրջը:

- Կամրջի վրա չէ՞ր, որ «Սուրբ-Սուրբ» երգեցինք… ու խմել էի ուզում… Ջուր չէ, ինչ որ թունդ, դառը, ահեղ բան էի ուզում խմել:

Անշուշտ, ես շատ ցավեցի, որ մասնակից չեմ եղել այդպիսի մի պատմական իրողության, քանզի այնպիսի աստղերի, ինչպիսիք էին (և են) Բելլա Դարբինյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Զոյա Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Զեմֆիրա Բարսեղյանը, տեսնել, առավել ևս լսել Տեր-Զորում, Եփրատի կամրջի վրա, հեքիաթի է նման, որն իմ կողքով անցավ: Համարժեքը՝ Վարուժանը Երևան եկավ …

Հեքիաթը՝ հեքիաթ, իսկ մենք մտնենք Դամասկոսի «Օրիենտ Փալաս» հյուրանոց, ուր Վահագն Դավթյանը կար միայն ֆիզիկապես:

Կոզմոյան Դավթյան առաջին «ռաունդը» սկսվեց նույն գիշեր, ժամը 05-ին մոտ, երբ Դավթյանն արթնացավ ու սկսեց խմիչք փնտրել, առաջարկելով ինձ իջնել բար ու վիսկի բերել:

Խնդրանքների, վեճերի, զայրույթի պահերն անարդյունք եղան և ավելի ուշ հասկացա, թե որևէ միջոց ի զօրու չէ , և իջա առաջին հարկ, ուր, բացի դռնապանից, ոչ ոք գտա:

Վահագնի հիասթափությունը՝ զայրույթ դարձավ ու նա հողաթափերով դուրս եկավ և 10-15 րոպե հետո վերադարձավ, իր խոսքով ասած, «ծիրան-ծիրան»:

Ո՞վ էր տվել, ի՞նչ էր տվել, այն էլ անվճար, ինձ համար մնաց հանելուկ:

Երբ Դավթյանը քնեց, ես (ինչպես կապիկն առաջին անգամ փայտը ձեռքն առավ) հասկացա, որ խմիչքն արգելելն անիմաստ է և «երբ կապիկի փայտը կատարելագործվեց», ես 2-3 ժամը մեկ անգամ գալիս էի հյուրանոց վիսկի ու մի քանի հատիկ պիստակ կամ սնոբար տալով Դավթյանին, մեկնում էի զանազան գործերով:

Երբ 2 օր Դավթյանը հրապարակ չեկավ, մարդիկ իմացան, որ հիվանդ է, հրավիրեցին Դամասկոսի ամենահայտնի բժշկին, որը երկու րոպե «հիվանդին» առնչվելուց հետո, երկիմաստ ասաց. «Ասիգա իմ գիտնալիքը չէ, այլ բժշկի դիմեք…»

Այցելուները շատ չէին, որոնցից ամենացանկալին Վարդերեսյանն էր, որը Վահագնի խնդրանքով մի երկու անգամ Դուրյան արտասանեց. Վահագնը լսում էր, թե չէր լսում, չէր հասկացվում, լուռ էր, կարծես թե, կենդանության նշան չունեցող:

Դե քանի որ Վարդուհին արտասանում էր, մի բան էլ ես պետք է անեի. բարձի մոտ, երբեմն էլ կողքի սեղանիկին դրած նոթատետր էի բացում ու պատառիկներ կարդում, տեսնելով հայ պոեզիայի գանձարան մտնելիք հրաշք «Ռեքվիեմ» անունով պոեմի ծնունդը:


Ծնունդ ընդունելիս ի՞նչ են անում: Ես ի՞նչ անեմ. վիսկի շատ տամ, քիչ տամ, ա՞յլ խմիչք տամ, դժվար պահեր էին, կոշմարային պահեր, Սփյուռքի անզիջում պայքարների, ըսի-ըսավների ուղեկցությամբ, որին միանում էր, վերադարձիս, ինչպես կգնահատեն գործուղումը, մեծ հարցականով:

Մի քանի դպրոցի տված գիտելիքներիս շտեմարանն եմ քրքրում, որ գտնեմ, թե այս իրավիճակում ի՞նչ եմ անելու, սակայն ոչինչ գտա ու համոզվեցի, թե որևէ դպրոց իրավունք չունի այդ անունը կրել, բացի կյանքի դպրոց կոչվածից:

Գուցե, ընթերցողն ինձ այպանի անպարկեշտության համար, սակայն ճշմարտությունն ասելը գերադասելի է որևէ պիտակ ունենալուց, ուստի, խոստովանում եմ, որ թաքուն էի կարդում ու արագ, այն աստիճան, որ մանկան ոսկորից սրինգ էր սարքել տողը՝ մարդկանց ոսկորից էի կարդում:

Այգեկցու, գայլի պես դպիր էի դարձել, էլ չասած խմբագիր, չիմանալով, որ դեռ վայելք եմ ունենալու ընբոշխնելու Դավթյանի հետագա գլուխգործոցները…
Մոտ մեկ շաբաթյա համատեղ կեցությունից Դավթյանի հետ (նույն կամերում), որի ժամանակ նա, երբեմն, դառնում էր խոսքաշեն, լրիվ անկեղծանալով, պատմելով իր կյանքի, հաճախ, չպատմվելիք մանրամասներ, ես հայտնագործեցի, ավելի քան, մի հազվագյուտ մարդու, որի աշխարհին երևալու ճակատային մասը և նրա հոգեկան ներուժը, հակոտնյա երևույթներ են:

Վահագնի մեջ Արարիչը դրել էր այն բոլորը, ինչ մարդ արարածն ունի կատարյալ մարդ լինելու համար, թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով, սակայն այս պարագայում՝ մեկ բացառիկ առավելությամբ, որ ապրումների, զգացմունքների ու զգացումների միայն բառային արտահայտություններն էին, որոնք հասնում էին աշխարհին, իսկ ի՞նչ հրաբուխ (միաժամանակ), ի՞նչ դրախտային անդորր կար այնտեղ, խորքում, որ ծնում էր բառ ու պատկեր, մնացին անճանաչելի.

…Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արևոտ տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ, ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ, չհասա սակայն…

Վստահ եմ, թե ամենապրագմատիկ մարդն անգամ այս և նման տողեր կարդալով անպայման հոգեկան վայելք կապրի, կմոռանա ցավ ու դավ եւ կձուլվի անուրջին։

Ասել, որ Դավթյանը միամիտ մարդ էր, ծիծաղելի կլինի, բայց, ինչպես նշվեց, նրան մարդկային որևէ բնորոշում խորթ չէր։ Նա տարիներ շարունակ փորձում էր, ինձանից իմանալ թբիլիսիաբանության մասին, որին հպանցիկ ու անորոշ ակնարկներ էր արել իր մտերիմ Եղիշե Հակոբյանը: Դավթյանի ջանքերը պարզունակ էին, բնականաբար անարդյունք։

Վահագնի կյանքի վերջին օրերին, երբ ողջ երկիրը ցրտի ու մթի մեջ էր և քայլում էր դեպի պայծառ ապագա, երկու հանդիպում ունեցա իր հետ ու աչքիս առջև է վառարանի ծխով լցված սենյակը, մի թասակ գլխին դրած, մեղմաձայն ու կոտրված ժպիտը դեմքին, հարց ու փորձ էր անում Սփյուռքի ծանոթներից:

Ես՝ անմեղ - մեղավորս նստած էի Վահագնի կողքին, մտածում էի ասել նրան, թե իր Թբիլիսի մեկնելու ճամփան ով էր բացել, թե չասել։

Վարանում էի, թե կկորցնեմ հոգեկան այն (կարծեցյալ) բավարարվածությունը, որը տարիներ շարունակ ինձ առավելություն էր տվել, գուցե, ավելի գիտակ լինելու նաիվ ցանկությունը կամ մտքում դիմացինի վրա խնդալու սատանայական հաճույքը, անճանաչելի, առեղծվածային լինելու պատրանքը, չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ …
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
3344 reads | 19.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com