ՄԱՅԴԱՆԸ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԱՌԻԹ ԷՐ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, ԵՐԵՎԱՆ







Ուկրաինայում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները դարձել են միջազգային հանրության ակտիվ քննարկումների առարկա: Առաջին հայացքից, երբ Կիեվում սկսվեցին բողոքի ցույցերը, կարելի էր կարծել, թե դժգոհության պատճառը եվրոպական ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելն ու այն անորոշ ժամանակով հետաձգելն է:

Այդ քայլին Ուկրաինայում բավական երկար էին սպասում, որը նախագահ Յանուկովիչի վարած քաղաքականության արդյունքն էր, ով իր երկրի հասարակությանը նախապատրաստում էր եվրոպական ինտեգրացիայի: Սակայն իրականում պատճառները շատ ավելի խորն են, ուստի ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելը ոչ թե դժգոհության և ցույցերի պատճառ դարձավ, այլ արդեն իսկ կուտակված հակաիշխանական տրամադրությունների արտահայտման պատրվակ: Ուկրաինայում ակնկալում էին, որ ասոցացման համաձայնագիրը կարող է աղոտ հույսեր ընձեռել երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակն ու անարդարության մթնոլորտը հաղթահարելու համար, այն է` ԵՄ-ի ճնշման տակ իշխանությունները հարկադրված կլինեն կատարելու որոշակի բարեփոխումներ և շտկելու երկրում ստեղծված ծանր վիճակը: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ անկախ նրանից, թե ով և ինչպիսի ուժ կլիներ կանգնած ուկրաինական իշխանության գլխին, այն պայմաններով, որով առաջարկվում էր կնքել ասոցացման համաձայնագիրը, նրանց համար շահեկան լինել չէր կարող: Դրա հետևանքով ավելի կխորանար առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, կծագեին դժվարություններ, որոնք հաղթահարելու համար երկրում բավարար ռեսուրսներ չկային: Օրինակ` ուկրաինական ապրանքները կթույալտրվեր արտահանել եվրոպական շուկա միայն այն դեպքում, եթե դրանք համապատասխանեին եվրոպական ստանդարտներին: Իսկ այդ ստանդարտներին համապատասխանեցնելու համար հարկավոր էր իրականացնել Ուկրաինայի տնտեսության մոդեռնիզացիա, ինչը, ըստ նախկին վարչապետ Ազարովի ներկայացրած հաշվարկների, կարժենար ոչ պակաս քան 140 միլիարդ դոլլար: Որտեղից պետք է Ուկրաինան հայթայթեր այդ միջոցները և իրականացներ բարեփոխումներ... Եվրոպական կողմը լուծումներ չէր առաջարկում: Միևնույն ժամանակ խոսվում էր ուկրաինական այնպիսի ապրանքների նկատմամբ կիրառվելիք քվոտայի մասին, որոնք <<մոդեռնիզացման>> կարիք չէին զգում, մասնավորապես ցորենի դեպքում կիրառվում է 20.000 տոննայի արտահանման սահմանափակում, ինչը երկրի արտադրած ցորենի պաշարների համեմատությամբ չնչին թիվ է կազմում: Արտադրության նվազման պատճառով բնակչության զգալի մասը կկորցներ աշխատատեղեր, իսկ թե ինչպես և ինչի հաշվին պետք է իշխանությունները ապահովեին բնակչության այդ հատվածի գոյության համար անհրաժեշտ միջոցները, դարձյալ հայտնի չէր:

Դրա հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի` Ուկրաինային ընձեռած որոշակի արտոնությունների վերանայումն էր լինելու, ինչի մասին բազմիցս խոսել է ՌԴ նախագահը: Պուտինը իրավացիորեն պնդում էր, որ եթե Ուկրաինան կնքի ասոցացման համաձայնագիր, իրենք հարկադրված կլինեն դիմելու կտրուկ քայլերի, որպեսզի պաշտպանեն իրենց տնտեսությունը եվրոպական ապրանքների ահռելի ներհոսքից: Դա հնարավոր կլիներ իրականացնել` օգտագործելով Ուկրաինային ընձեռած մաքսային արտոնությունները,ինչի հետևանքով ուկրաինական ապրանքները ռուսական շուկայում կդառնային անմրցունակ:

Միևնույն ժամանակ իր պետական շահերը պաշտպանելու համար Մոսկվան կարող էր օգտագործել նաև գազային լծակները, ինչը լրացուցիչ դժվարությունների առջև կկանգնեցներ Ուկրաինային:

Ինչ վերաբերում է բուն ընդդիմադիր ցույցերին, սկզբնական շրջանում հավաքված մարդկանց գործոնն անուղղակիորեն հօգուտ Յանուկովիչի էր, քանի որ, այդ հանգամանքն օգտագործելով, նա կարողանում էր Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ որոշակի պահանջներ առաջ քաշել` մատնանշելով երկրում առկա դժգոհությունն ու դրան չդիմագրավելու դեպքում հակառուսական տրամադրություններ ունեցող տարրերի` իշխանության գալու հավանականությունը: Այդ զիջումներն ու որոշակի արտոնություններ ստանալուց հետո մայդանն արդեն ոչ միայն հարկավոր չեղավ Յանուկովիչին, այլև աստիճանաբար դարձավ իսկական գլխացավանք: Տեղի ունեցող գործընթացներից, բնականաբար, չէին կարող անմասն մնալ արտաքին ուժերը, որոնցից յուրաքանչյուրն իր շահն ունի Ուկրաինայում: Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակից ԱՄՆ-ի և Եվրոմիության մասին է, որոնք, օգտագործելով ծագած դժգոհությունները, փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը երկրում և իշխանության գլուխ բարձրացնել արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչների: Հենց դա էր պատճառը, որ որոշ արտասահմանյան քաղաքական գործիչներ չէին խորշում մայդանում ելույթներ ունենալուց և այդ կերպ փաստացիորեն այլ երկրի ներքին գործերին միջամտելուց: Ընդ որում, հասարակական լայն զանգվածներին ներկայացնելով դա որպես աջակցություն Ուկրաինայի ժողովրդի կամքի արտահայտման իրավունքին, կուլիսների հետևում բնականաբար իրենց ձեռնտու սցենարներ էին խմորում երկրի ապագայի հաշվով: Դրա վառ ապացույցը իսկական տեղեկատվական ռումբ դարձած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի հեռախոսազրույցի` համացանցում հայտնվելն էր, որի ընթացքում ծրագրավորվում էր, թե ինչ ընթացք պետք է ստանան Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները և որոշակիացվում էր, թե ում է պետք առաջադրել երկրի վարչապետի պաշտոնում: Միջադեպը ևս մեկ անգամ վերահաստատեց այն իրողությունը, որ ԱՄՆ և ԵՄ-ն տարբեր մոտեցումներ ու հետաքրքրություններ ունեն Ուկրաինայում:

Միևնույն ժամանակ տեղին է նշել, որ Ռուսաստանն իր մեծ մեղքի բաժինն ունի Ուկրաինայում հակառուսական տրամադրությունների և արևմտյան կողմնորոշման ուժգնացման գործում: Սկզբնական շրջանում հասարակության ընդդիմադիր զանգվածի ցույցերը պայմանավորված էին առաջին հերթին երկրում առկա սոցիալական դժվարություններով և իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ ունեցած դժգոհությամբ, հակառուսական վառ արտահայտված տրամադրությունները գերակշռող չէին: Մինչդեռ երբ Ռուսաստանը, թե' պետական լծակները, թե' ԶԼՄ-ների օգտագործելով, սկսեց փաստացի պաշտպանել գործող վարչակարգին և ներկայացնել մայդանում տեղի ունեցող գործընթացները որպես միայն արևմուտքի կողմից հրահրված խժդժություն, բորբոքվեց հակառուսական տրամադրություն: Ի դեպ, կարծես թե ՌԴ նախագահ Պուտինն էլ նկատել է սեփական քաղաքականության անարգասաբերությունը, ինչի վկայությունն էր նախագահի այն հայտարարությունը, թե Ուկրաինային տրամադրվելիք 15 միլիարդը օգնությունը պատրաստ են տալու անկախ այն հանգամանքից, թե ով կգտնվի իշխանության գլխին` դրանով փորձելով մեսիջ հղել Ուկրաինայի ժողովրդին, թե տրամադրվելիք գումարը Ուկրաինա պետությանն ու ուկրաինացիներին աջակցելու նպատակով է տրվում, այլ ոչ թե Յանուկովիչի վարչակարգին:

Ինչևէ, թեև շատ փորձագետներ գտնում են, որ Ուկրաինայում հիմնական զարգացումները տեղի կունենան Սոչիի օլիմպիական խաղերի ավարտից հետո, այդուհանդերձ հետզհետե սկսում են ուրվագծվել հնարավոր այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան մայդանի ցույցերի հետևանքով: Արդեն իսկ ակներև է դառնում, որ հակաիշխանական տրամադրությունները մեղմելու նպատակով Յանուկովիչը պատրաստակամ է գնալ զիջումների` իրականացնելով սահմանադրական ռեֆորմներ(ինչի արդյունքում վերադարձ կարվի 2004 թ. սահմանադրությանը, որով սահմանափակվում են նախագահի լիազորությունները) և ընդդիմությանը զիջելով կառավարության ղեկավարի պորտֆելը: Միևնույն ժամանակ սա պետք չէ համարել որպես կայացած փաստ, քանի որ սահմանադրական փոփոխությունն իրականացնելու համար տևական ժամանակ է պահանջվում, և օրինաչափ ընթացքի դեպքում, այն տեղի կունենա միայն այս տարվա աշնանը: Հաշվի առնելով, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2015 թ. սկզբին, Յանուկովիչը, անկախ սահմանադրության հնարավոր փոփոխությունից, հավանաբար կպահպանի իր լիազորությունները մինչև նախագահական հաջորդ ընտրություն: Բացի այդ` չի բացառվում, որ սա մարտավարական քայլ է նրա կողմից` ժամանակ շահելու նկատառում, մինչև իշխանությունը հստակ քայլեր կմշակի մայդանում տիրող կրքերը հանգստացնելու ուղղությամբ: Ավելորդ չէ նշել, որ ընդդիմության հաջողությանը զգալիորեն խոչընդոտում են հենց ներքին տարաձայնությունները, որոնք թույլ չեն տալիս միասնական ճակատով հանդես գալ իշխանությունների դեմ: Մասնավորապես սահմանադրության փոփոխության վերաբերյալ տարաձայնություններն ակնհայտ են ընդդիմադիր <<Բատկիվշինա>> և <<Հարված>> կուսակցությունների միջև: <<Բատկիվշինան>> պնդում է, որ ավելի լայն լիազորություններ շնորհվեն Վերին Ռադային, մինչդեռ <<Հարվածը>> կողմ է կառավարության լիազորությունների ընդլայնմանը և նախագահի թեկնածուի` վերջին 10 տարիներին Ուկրաինայում բնակվելու պահանջը վերացնելուն: Ընդդիմության թույլ կողմերից է նաև այն, որ երկրում հակաիշխանական տրամադրությունները գոյացել են ոչ թե այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժի գաղափարներին սատարելու, կողմ լինելու, այլ գործող իշխանություններին և նրանց վարած քաղաքականությանը դեմ լինելու պատճառով: Սա էլ արդարացիորեն կասկած է հարուցում, որ ընդդիմության ղեկավարները չեն տիրապետում մայդանում հավաքված ընդդիմադիր ողջ զանգվածին և պարզապես փորձում են օգտագործել ստեղծված քաղաքական իրադրությունն իրենց օգտին: Տեղի է ունենում պայքար իշխանության համար, մինչդեռ ինչ մեխանիզմներ և միջոցառումներ կօգտագործվեն երկիրը ծայրահեղ ծանր տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար, առայժմ տեսանելի չէ: Ուստի ստեղծված իրավիճակում ինչպիսի զարգացումներ էլ տեղի ունենան, Ուկրաինայի տնտեսական ծանր ճգնաժամը դեռ բավականին երկար ժամանակ կպահպանվի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
849 reads | 19.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com