ՎԵՍՏՖԱԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՄԱՀԸ»

   ՏԱԹԵՎ ԿԱՆԴԱՅԱՆ 









Արդի միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները հենվում են Վեստֆալյան համակարգի վրա։ Միջազգային հարաբերությունների Վեստֆալյան սկզբունքների հիմնադրման ժամանակներից ի վեր համաշխարհային քաղաքականության գլխավոր գործող անձինք դարձան «ազգային պետությունները»։ Հենց 1648թ. ընդունված Վեստֆալի պայմանագրով է ամրագրվել պետության ինքնիշխանությունը ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում, այդպիսով ամրագրվել է արդի միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը՝ չմիջամտել պետությունների ներքին գործերին։ 

Ինքնիշխան ազգային պետությունների փոխազդեցությունը հանգեցրել է միջազգային հարաբերությունների համակարգի ստեղծմանը, դրա գլխավոր սուբյեկտը դարձել է ինքնիշխան պետությունը, որի համար էլ միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգը հաճախ կոչում են պետականա-կենտրանամետ։

Պատմության տեսանկյունից այն անկում է ապրել նապոլեոնյան արշավանքների ժամանակաշրջանում, սակայն քաղաքականության տեսանկյունից այսօր էլ գոյատևում է։ Նրա գոյությունն այժմ շատ է վտանգված։ Վեստֆալյան համակարգին ամենածանր հարվածը հասցրեցին 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, որից հետո առօրեական դարձան «մեղմ ինքնիշխանություն», «մարդասիրական ներխուժում» և նման արտահայտությունները։ Այդ ամենը վտանգում է ինքնիշխան պետությունների գոյությունը։ Այսօր բազմակողմանիության քաղաքականությունը անկյուն է քշվում ԱՄՆ–ի եսասիրական քաղաքականությամբ։ ԱՄՆ–ի այսպես կոչված հակաահաբեկչական պատերազմը նպատակ ունի տապալելու պետությունների ինքնիշխան կարգը։ Կառավարվող քաոսի ամերիկյան քաղաքականությունը ակնառու երևաց «Արաբական գարուն»-ի ժամանակ, իսկ այժմ՝ Սիրիայում։ Վեստֆալյան համակարգը վտանգված է նաև մի շարք միջազգային համաձայնագրերում, որոնց մեջ պետական ինքնիշխանության մի մասը պատվիրակվում է վերազգային մարմինների։ Նման համաձայնագրի լավագույն նմուշը Մաաստրիխի պայմանագիրն է և նրա հիման վրա ստեղծված Եվրամիությունը։

Այժմ Վեստֆալյան համակարգը երկկողմանի գրոհի է ենթարկվում։ Նախ՝ մարդու իրավունքները և ազգի իրավունքները հակադրվում են պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքներին։ Ապա՝ ազգային պետություններին մեղադրում են, թե չեն կարողանում արդյունավետ կառավարել համաշխարհայնացման պայմաններում։

Արդի միջազգային համակարգի ամենաբարդ խնդիրներից մեկը միջազգային կառույցների ցածր արդյունավետությունն է և դրանք բարեփոխելու հրամայականը։ Բազմաթիվ քաղաքագետներ ամենակարևորը համարում են ՄԱԿ-ի բարեփոխումը, Անվտանգության խորհրդի և Գլխավոր վեհաժողովի անդամակցությունն ընդլայնելը, կառավարման համապարփակ կառույցի ստեղծումը։ 

Այդպիսով, առաջարկ է արվում պետական ինքնիշխանության սկզբունքները փոխարինել ամբողջ աշխարհի անվտանգությունը վերահսկելու սկզբունքով։ Դրանով հանդերձ՝ միջազգային հանրությունը հաշվի չի առնում, որ ՄԱԿ-ն ինքը ծնունդ է առել և գոյատևում է բացառապես ինքնիշխան պետությունների կամքով։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2131 reads | 17.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com