ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ. ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ
 Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 





Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:

Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են... բայց պետք է անել: Այն ինչ մեզ անհրաժեշտ է՝ հաշտություն իրականացնել՝ անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով... Ճանաչելով պատմական իրադարձությունները դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին»:

Թեև սպասվում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա էլ ավելի բուռն է դառնալու, սակայն հայերը պետք է զգուշանան, որպեսզի չխաբվեն նման բարեմիտ, սակայն երբեմն շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունել օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման մեջ, ապա այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ակնկալումը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե և երբ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, որ իրականացվել է իրենց երկար սպասված երազանքը…

Մի քանի տասնամյակ առաջ, երբ աշխարհը դեռևս անտեղյակ էր Հայոց ցեղասպանության հիմնական փաստերից, նրա ճանաչումը միջազգային հանրության և Թուրքիայի կառավարության կողմից հրատապ էր: Սակայն, ներկա փուլում, երբ երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, զուտ ճանաչումն այլևս վերջնական նպատակ չէ:

Այժմ հայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ, ճանաչումից այն կողմ, պետք է, արդարություն պահանջեն օսմանյան թուրք առաջնորդների կողմից իրականացված ցեղասպանության համար: Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան փոխհատուցում է վճարել Հոլոքոստի համար, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի և վերադարձնի թալանված հայկական ունեցվածքներն ու բռնագրավված հողերը:

Ձգտելով դեպի արդար հատուցում, հայերը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքական ճնշում, տնտեսական բոյկոտ, ցույցեր և դատական հայցեր, գիտակցել տալու Թուրքիայի ղեկավարներին, որ ավելի նպաստավոր է բանակցել Հայաստանի կառավարության և Սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ արդարացի լուծում գտնելու այս երկարատև անարդարության համար: Քանի որ առկա են զգալի անհամաչափություններ երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունների միջև, հայերը չեն կարող ստանալ իրենց բոլոր պահանջները մեկ օրում, սակայն պետք է պնդեն, որ թուրք պաշտոնյաներն իրենց առաջարկեն այնքան փոխհատուցում, որքան հնարավոր է փուլային եղանակով վերջնական լիակատար արդարության հասնելու համար:

Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծումը մեծ օգուտ կբերի Թուրքիային, որը միջազգային հանրության կողմից բարձր գնահատանքի կարժանանա որպես առաջադեմ և քաղաքակիրթ երկիր: Հնարավոր է նույնիսկ նրա առաջնորդները ներկայացվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ճանաչումը՝ փոխհատուցման հետ միատեղ նաև կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հակառակ դեպքում, Հայոց ցեղասպանության հետ առերեսման գալու շարունակական մերժումը կերկարաձգի թուրք ժողովրդի անբաղձալի իրավիճակը՝ մշտապես նրանց հիշեցնելով նախնիների իրականացրած ոճրագործությունները և անընդհատ նվաստանալով ողջ աշխարհի առաջ որպես ցեղասպանության ժխտողներ:

Եթե Թուրքիայի ղեկավարները խիզախությունն ունենան լուծել իրենց հայկական կնճռոտ խնդիրը, հայ ժողովուրդը վերջապես կսկսի ստանալ իր կորուստների երկար սպասված հատուցումը, վայելել տնտեսական և աշխարհաքաղաքական ավելի կենսունակ և անվտանգ հայրենիք, հուսալով, որ ապաշխարած հարևանն ավելի հակված կլինի խաղաղ գոյակցության:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1882 reads | 12.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com