ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
  ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ









Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ձևավորվեցին երկու առանցքային ռազմաքաղաքական դաշինք ԱՄՆ-ի և ՍՍՀՄ-ի գլխավորությամբ։ 1949 թվականին Սովետական Միությունը նույնպես դարձավ միջուկային տերություն, ինչը բացառեց նրանց անմիջական ռազմական բախման հնարավորությունը։ Երկու դաշինքների պայքարը տեղափոխվեց երրորդ երկրներ։ Կարևորագույն խաղադաշտերից մեկը դարձավ Մերձավոր Արևելքը։

ՍՍՀՄ-ը այդ ժամանակ օգտագործում էր քրդական գործոնը Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության թուլացման համար։ Քրդստանի ճակատագիրը քիչ էր մտահոգում Մոսկվային և Վաշինգտոնին։ Ե՛վ Արևմուտքը, և՛ ՍՍՀՄ-ն հետաքրքրված էին Մերձավոր Արևելքի նավթով։ Սառը պատերազմի տարիներին ահաբեկչական խմբերին թաքուն աջակցելը հնարավորություն էր ընձեռում երկու գերտերություններին բավական արդյունավետ պայքար մղել միմյանց դեմ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ազդեցության վիժեցման համար։ Մոսկվան օգտվում էր այն հանգամանքից, որ վաթսունական թվականների վերջին մոտենում էր իր հզորության գագաթնակետին։

...Մեհաբադի Հանրապետության ջախջախումից հետո Բարզանիի բանակի մնացորդներն ապաստանեցին Սովետական Միության տարածքում։ 1947 թվականին Բարզանին և իր զինակիցները քաղաքական ապաստան ստացան և բնակեցվեցին Ուզբեկստանի գյուղական շրջաններում: Նրան առաջարկվեց ձևավորել քրդերից կազմված 1500 թվաքանակով հատուկ բրիգադ Մերձավոր Արևելքում քայքայիչ գործողությունների համար։ Ստեղծվեց մարտական ջոկատների պատրաստության ուսումնական ճամբար, Բարզանին և մի քանի այլ դաշտային հրամանատարներ ուսանեցին Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայում, մոտ 100 քուրդ երիտասարդներ ընդունվեցին Տաշքենդի հետևակային ուսումնարան և կազմեցին դիվերսիոն խմբերի հրամանատարների հատուկ վաշտ։ Բարզանիի բրիգադը թաքուն անցավ Իրաքյան Քրդստան և սովետական հատուկ ծառայությունների ակտիվ աջակցությամբ տապալեց Նուրի Սայիդի կառավարությունը։

1961 թվականին ՊԱԿ նախագահ Շելեպինը խորհուրդ էր տալիս Խրուշչովին ակտիվացնել քրդերի պայքարը։

1953 թվականին ՍՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու մասին։ Սակայն դա չխանգարեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մնա սերտորեն շաղկապված ԱՄՆ-ի հետ։ 1955 թվականին Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ և իր տարածքում տեղակայեց «Յուպիտեր» տիպի միջին հեռավորության հրթիռներ։ Ի պատասխան, 1962 թվականին Կուբայում թաքուն տեղադրվեցին նույն դասի սովետական հրթիռներ, ինչը գրեթե հանգեցրեց միջուկային պատերազմի։ Դժվար բանակցություններից հետո Խրուշչովն ու Քենեդին համաձայնագիր կնքեցին։ Կուբայի վրա չհարձակվելու՝ Միացյալ Նահանգների խոստումի դիմաց Սովետական Միությունը հեռացրեց իր հրթիռները կղզուց, իսկ ամերիկացիները ապամոնտաժեցին Թուրքիայում՝ ՍՍՀՄ-ի սահմանների մոտ գտնվող «Յուպիտեր»-ները։

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը 1964 թվականին պատրաստեց և Մոսկվա ուղարկեց զեկուցագիր, որում խնդրում էր թույլ տալ անցկացնել միջոցառումներ՝ նվիրված հայերի ցեղասպանության 50-ամյակին և առաջարկում էր Երևանում հուշակոթող կառուցել ի հիշատակ զոհերի։ Թույլտվությունը ստացվեց։ 1965 թվականին Հայաստանի ՍՍՀ-ում պաշտոնապես նշվեց 1915 թվականին Հայկական մեծ եղեռնի 50-ամյակը։

70-ականների սկզբներին Յուրի Անդրոպովը (ՊԱԿ նախագահ 1967 թվականից) սկսեց ավելի ուշադրություն հատկացնել Մերձավորարևելյան տարածաշրջանին։

1968 թվականին իրենց հողերից քշված պաղեստինցիները համաշխարհային հասարակության ուշադրությունը գրավելու նոր միջոց գտան` ահաբեկչությունը: «Ինքնաթիռի գրավումը ավելի մեծ էֆեկտ առաջացրեց, քան իսրայելյան հարյուր զինվորի ոչնչացումը մարտի դաշտում» - ասում է Պաղեստինի ազատագրության Ժողովրդական ճակատի հիմնադիր և առաջնորդ Ժորժ Հաբաշը։

 ...Հանգամանքների նմանությունը, որում հայտնվել էին երկու հայրենազուրկ ժողովուրդները, մեծ ազդեցություն ունեցան Լիբանանի հայ երիտասարդության վրա։

1975 թվականին ստեղծվեցին հայկական երկու մարտական խմբեր, ASALA (Armenian Secret Army for the Liberation of Armenia – Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) և JCAG (Justice Commandos of the Armenian Genocide – Հայ ցեղասպանության արդարության մարտիկներ)։ ASALA-ի հիմնադիր և առաջնորդ Հակոբ Հակոբյանին հայկական զինված պայքարի հանկարծակի վերածննդի պատճառների մասին հարցի կապակցությամբ օրինակ բերեց պաղեստինյան խնդիրը։ «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկու կարևոր գործոնների վրա՝ հայ ավանդական կուսակցությունների կողմից տարվող քաղաքականության պարտությունը (որն անկարող եղավ աշխարհին հայտնել հայ ժողովրդի պահանջները), ինչպես նաև այն, որ բազմաթիվ հայեր մասնակցում էին Իսրայելի դեմ պաղեստինցի արաբների պայքարին, որտեղ և շատ բան սովորեցին»։ ASALA-ի գործունեության առաջին շրջանում (1975-1982 թ.թ.) նրա գլխավոր հենակայանը Լիբանանում էր (Բեքաա հովիտ), իսկ հիմնական գործընկերը՝ Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը` Յասիր Արաֆաթի գլխավորությամբ։ Երկու ժողովուրդների հարաբերությունները ամրապնդվում էին Պաղեստինի ազատագրության Ժողովրդական ճակատի (ՊԱԺՃ) կողմից զենքի շռայլ մատակարարմամբ, ուսուցմամբ և համագործակցության այլ ձևերով։ ՊԱԺՃ-ն` ինքը օգտվում էր ՍՍՀՄ-ն բազմակողմ աջակցությամբ։

Հայկական կազմակերպությունների արմատական տրամադրությունները Մոսկվան դիտարկում էր որպես Մերձավոր Արևելքում, մասնավորաբար Թուրքիայում, արևմտամետ ուժերի վրա ճնշում գործադրելու միջոց։ Մերձավոր Արևելքում հայկական ազգային կազմակերպությունների ճյուղավորված ցանցը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում սովետական ղեկավարության համար։ Ըստ Արևմուտք փախած ՊԱԿ նախկին գեներալ Օ. Կալուգինի հուշերի, սովետական հատուկ ծառայությունները վերահսկում էին արտասահմանյան հայկական կազմակերպությունների գործունեությունը: Սովետական ղեկավարությունը ձգտում էր նրանց վերակողմնորոշել Թուրքիայի, Իսրայելի և նրանց արևմտյան դաշնակիցների դեմ ակտիվ ահաբեկչական գործունեության ուղղությամբ։ Մերձավոր Արևելքի «խնամակալների» թվում նշվում էին, մասնավորապես, Կարեն Բրուտենցը և Եվգենի Պրիմակովը։

70-ական թվականներին քրդական ազգային կազմակերպությունները նույնպես հակված էին ուժեղացնելու համագործակցությունը ձախակողմյան շարժման հետ։ 1978 թվականի նոյեմբերին ստեղծվեց Քրդստանի բանվորական կուսակցությունը (Partiya Karkeren Kurdistan - PKK), որը ղեկավարում էին Աբդուլլահ Օջալանը, նրա կինը՝ Քեսիրե Յըլդըրըմը և Ջեմալ Բայըքը։ PKK-ի մարտիկները նույնպես մարզվում էին Պաղեստինի ազատագրության կազմակերպության ճամբարներում։ Թուրքիայում 1980 թ. ռազմական հեղաշրջման նախօրեին մարտիկների ընդհանուր թվաքանակը գերազանցում էր 5000-ը։

Թուրքիայում PKK-ն հաճախ ներկայացվում է, որպես «հայկական կառույց»։ Թուրքական ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Ալփարսլան Թուրքեշը հայտարարում էր, որ Աբդուլլահ Օջալանը քուրդ չէ, այլ հայ է, որի իսկական անունը Հակոբ Արթինյան է։ Ասվում էր, որ հայկական ծագում ունեն PKK-ի ֆինանսների և հայկական խմբերի հետ կապերի պատասխանատու Բեհչեթ Ջանթուրքը (ծնված` 1950 թ. Դիարբեքիրում քուրդ հորից և հայ մորից), PKK կառավարման անդամ Նուրիյե Գեսպիրին, PKK կենտրոնական կոմիտեի անդամ Պեքիր Պաքրջյանը և Մուսա Խաչևին։ Թուրքիայում արտակարգ ռազմական դրության կառավարող Իվնիլ Էրքանը հայտարարել է՝ «Մեր համակարգիչների մեջ մենք ամրագրել ենք 500 հայկական ծագում ունեցող PKK անդամ»։ 1980 թվականին Լիբանանում PKK-ն և ASALA-ն համագործակցության համաձայնություն կնքեցին, և նույն թվականի նոյեմբերին համատեղ հարձակում ձեռնարկվեց Ստրասբուրգում Թուրքիայի հյուպատոսության վրա։

1978-1980 թ.թ. PKK-ն հիմնականում պայքար էր մղում քրդական այլ կուսակցությունների և կազմակերպությունների զինված ջոկատների դեմ։ Իսկ 1984 թվականին PKK-ն պատերազմ հայտարարեց թուրքական կառավարությանը։ Թուրքիայի արևելյան շրջաններում մտցվեց ռազմական դրություն։


...Թուրքիայի ղեկավարությունում քրդական խնդրի լուծման հարցով պայքար էր ընթանում Թուրգութ Օզալի և պահպանողական գեներալիտետի միջև։ Ինչպես նշում են թուրքական վերլուծաբանները, Օզալն առաջիններից էր, ով փորձում էր քրդական խնդիրը լուծել հօգուտ քրդերի։ Այդպես, Օզալն աշխատանք էր տանում քրդական լեզվի օրինականացման ուղղությամբ, որպեսզի հնարավոր դառնա այն դասավանդել և օգտագործել ոչ միայն կենցաղում, այլ նաև հեռուստառադիոհաղորդումներում։ Նա նաև նախաձեռնեց քրդական խնդրի վերաբերյալ հասարակական երկխոսություն, չբացառելով դաշնային պետություն ստեղծելու հնարավորությունը։ Օզալը նաև ոչ պաշտոնական շփումներ էր իրականացնում Օջալանի հետ, կարգավորում էր հարաբերությունները Իրաքի քրդերի ղեկավարության հետ։ Օզալի ծրագրերում էր նաև հայերի խնդրի լուծումը։ Ըստ նրա կառավարությունում պետնախարար և կրթության նախարար Վեհբի Դինչերլերի, Օզալը ամերիկացիների միջոցով ուզում էր իմանալ, թե ինչ են պահանջում հայերը Թուրքիայից։ 1984 թվականին նա իր օգնականներին հանձնարարեց ուսումնասիրել, տնտեսական և քաղաքական համարժեքը, եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը՝ զիջելով հայկական սփյուռքի պահանջին։ Օզալը մտադրություն ուներ որոշ զիջումների և հայերի հետ համաձայնության միջոցով լուծել այդ խնդիրը, ‹‹քանի դեռ չափազանց ուշ չէ››։ Սուլեյման Ռումանը, որն աշխատել է Օզալի հետ 80-ական թվականներին, ասել է «Today’s Zaman» թերթին, որ նախկին նախագահը ծրագրում էր Վանում որոշ տարածքներ վերադարձնել հայերին, սակայն ընդդիմության ուժեղ դիմադրության պատճառով ծրագիրը չիրագործվեց։ Զինվորական վերնախավը համարում էր, որ Օզալը չափազանց մեծ զիջումների է գնում հայկական և քրդական հարցերում։

...Սովետական Միությունում սկսվեց վերակառուցումը, հաշված տարիներ հետո ավարտվելով մեծ կայսրության կազմալուծմամբ, որով և Մոսկվայի համար Թուրքական տարածքներում հայկական ու քրդական հարցերը մեխանիկորեն փակվեցին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1796 reads | 10.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com