ՀԱՎԱՍԱՐԵՑՄԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԸ
 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ  






Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի վրա եւ վերջերս նաեւ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ ադրբեջանական հարձակողապաշտության դիմաց պատասխանատվության առումով համահավասարեցման միջազգային խաղը նոր երեւույթ չէ:

Քաղաքականորեն ակնկալել, որ արդար գնահատականներ տրվեն եւ միջնորդական խաղաղարար առաքելություն ստանձնած տարբեր կառույցները ճիշտ եզրակացություններ հայտարարեն, թվում է, որ իրատեսական չէ: Ի վերջո, այս կառույցները քաղաքական էություն ունեն, ոչ իրավական եւ բնականաբար դատաստանական վճիռներ չպիտի արձակեն` մատնացույց անելով հրադադար խախտող կողմը:
Բայց այս կառույցները իրականացնում են մշտադիտարկումներ, աշխատանքային եւ բանակցային այցեր: Կառույցները օժտված են, անշուշտ, ֆինանսական լայն հնարավորություններով, փորձագետներով, վերլուծաբաններով, զինվորական մասնագետներով եւ առհասարակ բանակցային յուրաքանչյուր հանգրվանի համար թղթածրար պատրաստող արհեստավարժ մարդուժով:

ԵԱՀԿ-ի առաքելությունը ուրեմն միայն բանակցային գործընթացի ապահովումը չէ կամ միջնախագահական ու միջնախարարական ձեւաչափերով հանդիպումների կայացումը: Գործընթացն իր ամբողջական հասկացողության մեջ նաեւ զինվորական է եւ հատկապես` հրադադարի պահպանման բազմակողմանի պարտավորություն:

Հրադադարի պայմանավորվածությունը իհարկե տարբեր է խաղաղության համաձայնագրից: Հրադադարը ինքնին հուշում է պատերազմական իրավիճակի առկախում կամ, լավագույն դեպքում, դեպի համաձայնագրի կնքման փուլ: Եւ եթե մի կողմից զինվորական սահմանափակ գործողությունների երեւույթը կարող է օրինաչափությամբ մեկնաբանվել` տրված լինելով, որ խաղաղության համաձայնագիր կնքված չէ, մյուս կողմից սակայն նման քայլերը մեկնաբանվում են իբրեւ որոշակի պայմանավորվածության խախտում:

Այս խախտումների հաճախակիացումը կարող է կապված լինել սպառման շարժառիթների: Այլ դեպքերի պարագայում` քաղաքական ուղերձներ փոխանցելու: Ներքին սպառման կարգով պարզ է, որ կորցրած կողմը Բաքուն է, եւ հետեւաբար իրեն է վերագրվում հարձակողապաշտությամբ բնութագրվող նման որեւէ քայլ: Արտաքին ճակատում դարձյալ Բաքուն է, որ չի թաքցնում իր անհանգստությունը, հաճախ բարձրաձայնում է ուժի կիրառման անհրաժեշտության մասին եւ մանավանդ կրկնում իր ակնկալությունը ԵԱՀԿ-ից հատկապես ՄԱԿ տեղափոխելու միջնորդական պարտականությունը:

Քաղաքական այս հիմնավորումների կարիքը չունեն ԵԱՀԿ-ի փորձագետներն ու մշտադիտարկողները` համոզվելու համար, թե ո՛վ է նախաձեռնողը դիվերսիոն գործողությունների, ո՛վ է հրադադար խախտողը, ո՛վ է դիպուկահարներ գործի լծողը, ո՛վ է կացինահարողը, ո՛վ է մարդասպան հերոսացնողը, եւ տակավին նմանատիպ գործողությունների հեղինակը:

Եւ եթե այսքան պարզ է նման քայլերի հետևում կանգնող կողմը, ինչո՞ւ հայկական կողմը ադրբեջանականի հետ հրավիրվում է զգաստության, պայմանավորվածությունը հարգելու եւ խաղաղության պահպանման նախանձախնդիր մնալու: Այնքան որքան Բաքուն:

Անկողմնակալ միջնորդի հռչակը պահպանելու համար կողմնակալ համահավասարեցում կատարելը ինքնին կողմնակալություն է դիտվում: Իրերը 
իրենց անուններով չկոչելու միջնորդական այս պահվածքն էր, որ Բաքվին արտոնեց հարձակման միջավայրը Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից տեղափոխելու նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ: Այս եւս բավարարար չէր, որ խախտեին հավասարեցման խաղի կանոնները:

Ադրբեջանական այս սադրանքները պատերազմական գործողությունների վերսկսում չեն. քնած ժամանակ գործածված կացինը, թաքուն դիպուկահարը կամ գիշերվա ընթացքում փորձված դիվերսիան ճակատային պատերազմից խուսափելու փորձեր են: Ներքին սպառման եւ արտաքին ուղերձների հղման սատարող միջոցներ պարզապես:

Միջնորդը պիտի գիտակցի, որ սադրանքի հեղինակին մատնացույց չանելն ու նման երեւույթների հեղինակին առանձնապես չդատապարտելը սպառնում է նույնինքն այն առաքելության, որը ստանձնել է ինքը: Կոչերն ու պահանջները պետք է ուղղել Բաքվին: Միայն:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
822 reads | 08.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com