FACEBOOK-Ի ԵՎ TWITTER-Ի ԴԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ
Բազմաթիվ ինովացիոն տեխնոլոգիաների և հաղորդակցության մեջ կատարված հեղաշրջման հետևանքով տեղատվությունների առատությունը բոլորի համար էլ դարձել է հասանելի: Այսօր հենց տեղեկատվությունն է քաղաքականության գլխավոր ռեսուրսը, որը վիրտուալ տարածքից տեղափոխվելով քաղաքականության ոլորտ, դառնում է անվերահսկելի: Այսօր մենք մեր կյանքը չենք կարող պատկերացնել առանց ինտերնետի, որն ակտիվորեն յուրացվում է, այդ թվում նաև աֆրիկյան պետություններում: Ինտերնետն այսօր ոչ միայն համատարած սոցիալական ցանց է, այլ նաև արդյունավետ միջոց, որն ազդում է երիտասարդության հայացքների` այդ թվում նաև քաղաքական հայացքների ձևավորման վրա: Սոցիալական ցանցերի տեղեկատվությունը կարևոր դեր խաղաց նաև այսպես կոչված ‹‹արաբական գարնան›› մեջ:

"Արաբական գարնան” երկրներում ակտիվիստների մեծամասնությունը սոցիալական ցանցն օգտագործեց որպես կարևոր գործիք` կառավարող ռեժիմի դեմ իր դժգոհությունն արտահայտելու համար: Ակտիվիստները Fasebook-ն օգտագործեցին բողոքներ կազմակերպելու, Twitter-ը տեղեկատվություն տարածելու համար, իսկ YouTube-ը` որպեսզի այդ ամենը ցույց տան ամբողջ աշխարհին:

Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ‹‹թվիտեր-հեղափոխությունը›› և ‹‹սոցիալական ցանցերի միջոցով հեղափոխություն›› հաստատուն կերպով գիտական շրջանառության մեջ են դրվել հենց ‹‹արաբական գարունից›› հետո:

Սոցիալական ցանցերը կոտրեցին հոգեբանական վախի արգելքը, շատերին օգնեցին տեղեկտվության միջոցով միավորվելու և հաղորդակցվելու միմյանց հետ: Արաբական աշխարհի մարդկանց մեծամասնությանը թույլ տվեց զգալու, որ իրենք մենակ չեն, որ կան նաև ուրիշները, որոնք զգում են նույն դժվարություններն ու անարդարությունները: Այսպիսով, ‹‹արաբական գարունը›› ծնեց մի շարք հեղափոխական շարժումներ, որոնք եզակի են այնքանով, որ նրանք կարողացան սոցիալական ցանցերն օգտագործել որպես օրվա ապստամբական գործունեության մասին տեղեկություններ տարածելու միջոց:

Պատմականորեն, տեղեկատվության օգտագործումը իշխանության պետական ինստիտուտների կողմից սահմանափակված է եղել: Այսօր սովորական բլոգերը կարող է ազդել ընտրությունների վրա, ինտերնետ- ընկերությունը կարող է աշխատանքի ընդունել ահաբեկչի և այլն:

‹‹Արաբական գարունը›› նշանավորեց մի նոր դարաշրջան հեղափոխական շարժումներում, քանի որ դրանք առաջինն էին, որտեղ դրված նպատակներին հասնելու համար ակտիվորեն օգտագործվեցին սոցիալական ցանցերը: Սակայն սոցիալական ցանցերը կարող են օգտակար լինել միայն հեղափոխությունների սկզբնական փուլում, երբ անհրաժեշտություն կա մոբիլիզացնել բնակչության մեծ քանակ:

Սոցիալական ցանցերը ոչ այլ ինչ են, քան մարդկային զանքվածներին կազմակերպելու գործիք և բողոքների կազմակերպման միջոց միայն այն դեպքերում, երբ դրանց համար առկա են կոնկրետ շարժումներ և կազմակերպություններ: Ամենաարդյունավետ բողոքները տեղի ունեցան Թունիսում, Եգիպտոսում և Եմենում, որտեղ ընդդիմության գործողությունները կարճ ժամանակահատվածում բերեցին երկրների ղեկավարների հրաժարականին: Լիբիայում և Սիրիայում ապստամբներին չհաջողվեց առանց բռնությունների հասնել իրենց նպատակին, որը և այդ երկրներին հասցրեց քաղաքացիական պատերազմների: Օմանում, Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում ապստամբները կառավարության կողմից հասան աննշան զիջումների: Ակնհայտ է, որ ‹‹արաբական գարնան›› որոշիչ գործոնը ոչ թե ինտերնետն է, այլ նրա միջոցով տեղեկատվության տարածումը և բողոքների ընդհանուր ընթացքի վրա ազդելը: Որոշ երկրներում դա բերեց կառավարող վերնախավի անցմանը ընդդիմության կողմը, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Եմենում և Քուվեյթում: Անհրաժեշտ է նշել, որ դա թույլ տվեց խուսափել մեծ քանակի զոհերից: Որոշ վիճակագրական տվյալների համաձայն Մերձավոր Արևելքում սոցիալական ցանցերից օգտվողների մեջ առաջին տեղը գրավում է Քուվեյթը` ընդհանուր բնակչության 8,13%-ը: Ինչ վերաբերում է ‹‹արաբական գարնան›› մյուս երկրներին, ապա այստեղ ցուցանիշները բավական ցածր են` Եգիպտոսում` 0,26%, Թունիսում` 0,10%, Լիբիայում` 0,07% և Եմենում` 0,02%:

Որոշ տվյալների համաձայն, Եգիպտոսում Facebook-ից օգտվողների քանակը հեղափոխությունից հետո անցած վեց ամիսների ընթացքում 450,000 հազարից աճեց մինչը 3 միլիոն և այժմ հասնում է մինչև 5 միլիոնի:

Այսօր արդեն քիչ չեն դեպքերը, երբ կառավարությունն ինքն է օգտագործում Twitter-ը և Facebook-ը որպես մարդկանց հետ անմիջական կապի միջոց: Ցայտուն օրինակ է նախագահ Մուրսիի ելույթը, երբ նա հրաժարվեց հարցազրույցից, և իր կոչը ժողովրդին տեղադրեց Facebook-ի էջերում:

Քաղաքացիական պատերազմի ընթացքում, ապստամբ-ահաբեկիչների խմբավորումների, ինչպես նաև սիրիական ընդդիմությանն աջակցող ուժերի կողմից ինտերնետ-տեխնոլոգիաներն այսօր էլ են ակտիվորեն օգտագործվում: Սոցիալական ցանցերի միջոցով Քուվեյթի շեյխեր Հաջաջ-ալ-Աջմին և Իրշիդ-ալ Հաջրին Twitter-ի, Facebook-ի և YouTube-ի միջոցով սիրիական ընդդիմությանն օժանդակելու համար իրականացրին դրամական միջոցների հանգանակություն: Ինտերնետ-տեխնոլոգիաները սիրիական ապստամբների կողմից օգտագործվել են նաև իրական ռազմական գործողությունների ժամանակ: Հարեմ քաղաքի համար մղված մարտերի ընթացքում ապստամբների կողմից օգտագործվեցին Google maps-ի հնարավորությունները: Տեղեկատվություններ տրվեցին կառավարական զորքերի դիրքերի և նրանց տեղաշարժերի մասին: Երբ ապստամբ ջոկատներից մեկն ընկավ շրջապատման մեջ` նրանք Facebook-ի էջերում օգնության մասին խնդրանք տեղադրեցին:

Այսօր իշխանությունն օգտվում է համընդհանուր տեղեկատվական հոսքերից, բայց դրանք չի կառավարում: Երբ սիրիական վարչակարգը փորձեց կառավարել ԶԼՄ-ներին և հարցազրույցի ժամանակ պաշտոնական տեղեկատվություն ներկայացնել, ընդդիմությունն օգտագործելով YouTube սոցիալական ցանցը, տարածեց առճակատման մի տեսագրություն, որտեղ Ասադի ռեժիմը ներկայացված էր բացասական կողմերով: Հենց դա է YouTube-ը դարձրել ամենաշատ օգտագործվող սոցիալական ցանց: Քանի որ զգալի տարբերություն կա Twitter-ի (երբ գրում ես, թե ինչ է տեղի ունենում) կամ Facebook-ի (երբ հարցնում ես, թե ինչպես ես քեզ զգում), և YouTube միջև (երբ ամեն ինչ ցույց ես տալիս տեսագրությամբ):

Ինֆորմացիան միշտ էլ զենք է եղել բայց օգտագործման տեսակետից նրա մատչելիությունն ու հարմարավետությունը երբեք այդպիսի չափսերի չէին հասել:

Այնուանենայնիվ, պետք չէ շատ լուրջ ընդունել սոցիալական ցանցերի միջոցով հեղափոխությունների կազմակերպումը: Facebook-ի էջերում մեկ միլիոն like-ը դեռ չի նշանակում մեկ միլիոն կամավորների մոբիլիզացիա:

Օրինակ Թահրիր հրապարակում կազմակերպված միտինգը: Նման քանակի հավաքը հնարավոր եղավ միայն Facebook-ի միջոցով, սակայն հանրահավաքին մասնակցելու պատրաստակամություն հայտնած մարդկանց թիվը շատ ավելին էր, քան հրապարակում գտնվողներինը: Մեզնից շատերն են Twitter-ում գրել արաբական հեղափոխությունների մասին, բայց դա մեզ հեղափոխական չի դարձնում: Չնայած այդ թեմայով բոլոր խոսակցություններին, Twitter-ը քաղաքական հեղափոխություններ ծնող չէ, և երբեք այդպիսին չի դառնա: Twitter-ը և Facebook-ը կարևոր դեր խաղացին լուրերի քանակի ավելացման և տեղեկատվական հաղորդագրությունների տարածման գործում, բայց ոչ երբեք բուն հեղափոխությունների հրահրման ուղղությամբ:

Այսօր այդ երկրներում Facebook-ը և Twitter-ը միայն գործիք են, որոնք նպաստում են ընդամենը քաղաքական և հասարակական հուզումներին:

ՏԱԹԵՎ ԿԱՆԴԱՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1449 reads | 27.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com