ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՌՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԸ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիրիայում մեկը մյուսի հետևից ականատես ենք լինում սպանված ադրբեջանցիների, որոնք, զենքը ձեռքներին, կռվում են ընդդեմ կառավարական զորքերի: Արդեն հայտնի է մոտ հարյուր սպանված ադրբեջանցի մարտիկներիի մասին, սակայն այդ թիվը կարող է նաև շատ ավելին լինել: Ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևը todayszaman թուրքական պարբերականում փորձել այս ամենին տալ ադրբեջանամետ մեկնաբանություն:

Սիրիայում մարտնչող ադրբեջանցիների թիվը ստույգ հայտնի չէ, բայց, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, այն տատանվում է 100-ից 400-ի սահմաններում, որոնց վերլուծաբանը համարում է ծայրահեղական սալաֆիականներ: Ըստ ադրբեջանական պաշտոնական վարկածի, սալաֆիականները ծայրահեղական խմբավորման անդամներ են, որոնց ազդեցության ներքո էլ երիտասարդ ադրբեջանցիները զոհաբերում են իրենց Սիրիայում: Սաուդյան Արաբիայում ձևավորված լինելով՝ շարժումը տարածվել է շատ երկրներում, այդ թվում նաև Ադրբեջանում: Նրանք հաստատվել են Բաքվում և երկրի հյուսիսային շրջաններում՝ իբրև կրոնական փոքրամասնություն: Սալաֆիական հայացքների համաձայն, նրանք, ովքեր կռվում են Սիրիայում, դառնում են շահիդ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք վարձկաններ չեն, քանի որ ֆինանական օժանդակություն չեն ստանում:

Ադրբեջանցի գրոհայինները Սիրիայում մարտնչում են մի քանի խմբավորումների կազմում, որոնցից են՝  <<Իրաքի և Լևանտի իսլամական պետություննը>> և  <<Ալ-Նուսրայի ճակատը>>: Կա նաև մեկ ուրիշ խմբավորում. համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ ադրբեջանցիների մեծամասնությունը կռվում է Կովկասի չեչենական ծագում ունեցող մոջահեդների ստեղծած <<Արտագաղթածների և օգնականների բանակ>> խմբավորման   կազմում: Ադրբեջանը այս հանգամանքը բացատրում է նրանով, որ սալաֆիականնեը հիմնականում գործունեություն են ծավալում երկրի հյուսիսում, և որի պատճառով նրանց վրա մեծ է չեչեն խմբավորման ազդեցությունը:

<<Արտագաղթածների և օգնականների բանակ>> խմբավորման մեջ ադրբեջանցիները ունեն առանձին ջոկատ, յուրովի անկախ պայքար են մղում, և չեն օժանդակում ո՛չ Ասադի կառավարական զորքերին, և ո՛չ էլ Սիրիական ազատ բանակի զինյալներին. ադրբեջանցիների համար միևնույն է, թե Սիրիայում ով կմնա և ով կգա իշխանության: Նրանց պայքարը հանուն հավատքի է:

Ահա այսպիսի բացատրություն են տալիս ադրբեջանցիները  իրենց զինյալների՝ Սիրիայում տեղի ունեցող կռիվներին մասնակցելու վերաբերյալ: 

Միսակ Բալայան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
610 reads | 29.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com