ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ԷԼԱՄԻՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ





Զանգվածային լրատվամիջոցները (ինչպես ավանդական, այնպես էլ նոր) համարվում են զանգվածների գիտակցության վրա ազդման և տեղեկատվա-հոգեբանական պատերազմների հիմնական գործիքներից մեկը: Հստակ գիտակցելով այս ամենը՝ Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՐ) համաշխարհային տեղեկատվական դաշտում վարում է սեփական ներկայացուցչական ցանցի ընդլայնման բազմավեկտոր քաղաքականություն, որի միջոցով միջազգային, սեփական և հայկական հասարակությանն է հասցնում հակահայկական քարոզչությունը:

Ադրբեջանի լրատվական համակարգը կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ. բաժանումը կարելի է պայմանական համարել, քանի որ բոլոր բաղադրամասերը հանդիսանում են փոխկապակցված և արդեն կայացած ցանցի միավորներ.
- ներադրբեջանական ցանցեր, մասնավորապես՝ էլեկտրոնային,
- թուրքական և այլ արտասահմանյան պարբերականների հետ համագործակցություն, օտարերկրյա հեղինակավոր ԶԼՄ-ներում քարոզչական նյութերի տպագրում,
- ավանդական ԶԼՄ-ներ, մասնավորապես՝ օտար լեզուներով կաբելային հեռուստատեսության ընդլայնում,
- ադրբեջանական պարբերականներ, որոնք հրատարակվում են երկրի սահմաններց դուրս,
- նոր լրատվամիջոցների ակտիվ կիրառում, մասնավորապես՝ Twitter, Facebook, YouTube:


Ադրբեջանը, ձգտելով ինֆորմացիոն դաշտում առավելության հասնել հայերի նկատմամբ, համացանցային տարածության մեջ սեփական տեղեկատվական ռեսուրսներ հիմնելու գործում միջոցներ չի խնայում: Ամենահայտնի ինֆորմացիոն ռեսուրսներից մեկը, որը աչքի է ընկնում քարոզչական լայն գործունեությամբ, www.day.az-ն է (ռուսերեն լեզվով), որը նաև առանձին բաժին ունի՝ «Լուրեր Հայաստանից» անվանմամբ: Դրա հետ մեկտեղ այս ռեսուրսը իր մեջ պարունակում է երկու այլ նախագծեր՝ http://www.milli.az/ (ադրբեջաներենով), և www.today.az, որը անգլերեն է: Իրենց քարոզչական գործունեությամբ աչքի են ընկնում նաև www.vesti.az (ռուսերենով), www.zerkalo.az (ռուսերենով), www.apa.az (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով):

Այսպիսի կայքեր թվարկածից շատ ավելի շատ են, և նրանց մեծամասնությունը Հայաստանին վերաբերող առանձին բաժին ունի:

Վիրտուալ աշխարհը հեղեղված է նաև բազում կայքերով, որոնք Խոջալուի ողբերգության վերաբերյալ սուտ և կեղծիք են տարածում: Դրանցից կարելի է ընդգծել http://teas.eu/khojaly կայքը (Եվրոպական ադրբեջանական հասարակություն): Կայքը անգլալեզու է, և գլխավոր էջի վրա դրված է կնոջ ու աղջկա սահմռկեցուցիչ մի նկար, որի ներքնամասում իբր «մեջբերվում» է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Խոջալուի դեպքերից հետո նա սկսեց հավատալ, որ հայերը արդեն ունակ են ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա: Մեկ այլ նման նախագիծ է համարվում www.khojaly.org-ը: Երբ Google.com որոնողական համակարգում փնտրում են «khojaly» բանալի բառը, ապա հիմնականում գտնում են հակահայկական բնույթի հոդվածներ:

Ադրբեջանը զուգահեռ համագործակցություն է իրականացնում օտարերկրյա ԶԼՄ-ների հետ: Առաջին հերթին այստեղ մեծ ներդրում ունեն թուրքական ռեսուրսները, որոնք նպատակադրված օժանդակում են իրենց ադրբեջանցի գործընկերներին: Օրինակ, ադրբեջանական «Թրենդ» և իտալական «Adnkronos International» (AKI) ինֆորմացիոն գործակալությունների միջև 2009թ. համաձայնագիր է կնքվել, որը ենթադրում է տեղեկատվության, վերլուծական և բացառիկ նյութերի պատրաստման փոխանակություն: AKI-ն և 11 այլ կազմակերպություններ մտնում են «The GMC Group» մուլտիմեդիա խմբի մեջ, որն էլ իր հերթին համագործակցում է "Reuters International”, "Scripps Howard News Service”, "Los Angeles Times”, "Washington Post News Service”, "Deutsche Presse Agentur”, "The New China News Agency” և այլ հեղինակավոր պարբերականների հետ: «Թրենդի» նոր գործընկերների թվում է նաև ուկրաինական պետական «Ուկրինֆորմ» գործակալությունը: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը առաջատար արտասահմանյան պարբերականներում հոդվածներ է պատվիրում, որտեղ հեղինակները ղարաբաղյան հակամարտությունը համարում են հայ-ադրբեջանական, արձանագրում են ԼՂՀ-ի՝ Ադրբեջանին պատկանելը, Խոջալուի դեպքերը որակում են որպես «ցեղասպանություն»: Նման հոդվածներ մեծ քանակներով հանդիպում են մասնավորապես Aljazeera-ում և BBC-ում: Կա նաև France24 հեռուստաընկերության կողմից YouTube-ում տեղադրված մի տեսահոլովակ, որում հաղորդավարը պատմում է «ազերիների ցեղասպանության» մասին: Նման հոդվածը, իհարկե, կարելի է դասել Ադրբեջանի դիվանագիտական միջոցների շարքերին: BBC-ի կայքում մի ծեր կին պատմում է, թե նա որքան կցանկանար վերադառնալ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով լքած իր տունը, վերհիշելով հայերի «վայրագությունները››:

Ադրբեջանը միջազգային արբանյակային հեռահաղորդակցության մեջ ավելացնում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով հաղորդումների քանակը: Իսկ ազերի բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ չեն հերքում ստեղծվող ռեսուրսների քարոզչական բնույթը: Այսպես, երբ «SOCAR Media» հասարակական միավորման փոխնախագահ Հալիգ Մամեդովը ներկայացնում էր «CBC» (Կասպիական Հեռարձակող Ընկերություն) հեռուստաալիքը, նա բացեիբաց հայտարարեց, որ իրենց նպատակն է ստեղծել հեռուստաալիք, որը կդառնա առաջատարը տարածաշրջանում: Ալիքը հեռարձակելու է հաղորդումներ տարբեր լեզուներով, և միայն դրանց 10 տոկոսն է լինելու ադրբեջաներենով: Տարածաշրջանի մյուս ժողովուրդների լեզուներով հեռարձակվելիք հաղորդումները քարոզելու են Ադրբեջանի քաղաքականությունը: Հաղորդումների պատրաստման գործում ներգրավվելու է նաև «Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահ Գաֆար Չախմախլըն:

Ադրբեջանն օգտագործում է արտերկրում գործող պարբերականները, որոնք մի կողմից այդ երկրների ադրբեջանական համայնքներում միավորիչ դեր են կատարում, իսկ հետո էլ իրականացնում են ադրբեջանամետ քարոզչություն: Այսպես, Բրյուսելում 2000 թվականից հիմնված «Ադրբեջանական տուն» կազմակերպությունը 2004 թվականից հրատարակում է «Եվրոհաբեր» (Euroxeber) թերթը: Այն տարածվում է ԵՄ անդամ երկրների ադրբեջանական համայնքներում, ներկայացվում է ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ պառլամենտականներին, այլ պաշտոնյաներին և Եվրոմիության անդամ երկրների օրենսդիրներին: Գործում է նաև թերթի կայք էջը: Մեծ է քարոզչությունը նաև սոցիալական կամ նոր լրատվական դաշտում, որոնցից են, օրինակ, Ֆեյսբուքը և Թվիթերը: Օրինակ, ֆեյսբուքյան «Justice for Khojaly Campaign» (Արդարություն Խոջալուի համար) էջը, որն ակտիվորեն քարոզում է ազերիների դեմ իրականացված «ցեղասպանության» փաստը, արդեն հավաքել է մոտ 36.000 like (հավանում), և դրանց թիվը անընդհատ աճում է: Նման անվամբ գոյություն ունի ևս երկու կայք. ճիշտ է նրանք այդքան հայտնի չեն, ինչքան առաջինը՝ մոտավորապես 500 հավանում, իսկ թվիթերում գրելով «khojaly» բանալի բառը, ականատես ենք լինում բազմաթիվ ադրբեջանական նյութերի: Տարբեր համաժողովներում իրականացվում են բազմապիսի քննարկումներ, որոնք համալրվում են ավանդական լրատվամիջոցներից քաղված ինֆորմացիայով:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ունի նաև ներքին ուղվածություն և շարժվում է մի քանի ուղղություններով.
1) Հայերի, Հայաստանի, ԼՂՀ և ամեն հայակականի նկատմամբ ատելության սերմանում և ձևավորում, լարվածության և «թշնամին չի քնում» զգացողության ստեղծում, որ հայն ամեն վայրկյան ունակ է հարձակվելու իրենց վրա: Նման քարոզչությամբ իշխանությունները երկու խնդրի են լուծում՝ հասարակության համախմբում և Ալիևի իշխանության պահպանում:
2) Դրա հետ մեկտեղ կարծրանում է այն միտքը, որ Արցախը պատմական ադրբեջանական տարածք է:
3) Մեկ այլ ուղղություն է համարվում Ադրբեջանում բարեկեցության և բարգավաճման, իսկ Հայաստանում և ԼՂՀ-ում՝ չքավորության և հիասթափության մթնոլորտի քարոզը: Նման քաղաքականությունը, իհարկե, ուղղված է նաև հայկական կողմին, սակայն հիմնական նպատակը Ադրբեջանի բնակչության մոտ կարծիք ձևավորելն է, թե «թշնամին» ուր որ է կընկնի, և Ադրբեջանի հաղթանակը սարերի ետևում չէ:


Այսպիսով ադրբեջանական կամ ադրբեջանամետ մամուլը հետևյալ կերպ է աշխատում.
1) Հայերի դեմ ուղղված սպառնալիքներ (պատերազմի սկսման մշտական սպառնալիք, սեփական քաղաքական, տնտեսական, ռազմական ուժի ցուցադրում): Հայերեն լեզվով լրատվամիջոցների ստեղծում:
2) Հակահայկական քարոզչություն ամբողջ աշխարհում` Հայաստանի և հայության բացասական կերպար ստեղծելու նպատակով:
3) Ադրբեջանական PR ամբողջ աշխարհում:
4) Հայերի նկատմամբ ատելության քաղաքականության տարածում:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1847 reads | 22.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com