ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԱԽՃԱ՞ՆԸ
ՎԱԼԵՐԻԱ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ
Միջազգայնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու







Անցնող տարին նշանավորվեց խորքային ներքաղաքական ցնցումներով, որոնք լուրջ մարտահրավեր էին իշխանություններին և պրեմիեր-մինիստր Ռեջեպտ Թայիպ Էրդողանին:

Տասնմեկ տարի իշխանության ղեկին գտնվող Արդարության և զարգացման կուսակցության գլխավոր նշանաբաններից մեկը եղել է պայքարը կոռուպցիայի դեմ և անբասիր բարոյակունությունը: ‹‹Աշխարհականություն››, ‹‹ժողովրդավարություն››, ‹‹եվրոպական արժեքների դավանանք›› - այս կերպ են թուրքական իշխանությունները բնութագրել իրենց կառուցած պետությունը:

Սակայն վերջին տարիների իրադարձությունները խաթարեցին նրանց պատկերացումները: Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական պետությունում պետք է որ լիներ երկխոսություն և քաղաքական փոխզիջում, մինչդեռ թուրքական իշխանությունները որոշեցին կիրառել բիրտ ուժ (երկրի խոշոր քաղաքներում ամառային հուզումները, Թաքսին հրապարակի դեպքերը): Իսկ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում պայթած կոռուպցիոն սկանդալը, որի հետևանքով ոստիկանությունը ձերբակալեց պրեմիեր-մինիստրին մոտ կանգնած 80 –ից ավելի բարձրաստիճան չինովնիկների, խոշոր բիզնեսմենների, և նախարարների որդիների, ինչպես նաև դրանց հաջորդած Էրդողանի հակազդեցությունը, լուրջ հարված հասցրին նրա հեղինակությանը:

Թուրքիայի իշխանության բարձր էշելոններում և բիզնեսում բույն դրած կոռուպցիայի դեմ անսպասելիորեն բարձրացած պայքարի ալիքը, շատ դիտորդների կարծիքով ‹‹քաղաքական դավադրություն›› է Էրդողանի դեմ, որը ‹‹Խոշոր կաշառք›› անվան տակ ծավալվող գործողության մեջ տեսնում է արտաքին թշնամիների մեքենայություններ, ակնարկելով Միացյալ Նահանգները, որոնք դավեր են նյութում Թուրքիայի անկախության դեմ:

 Թուրքիայի պրեմիեր-մինիստրը կոռուպիոն սկանդալի հաջորդ օրը փորձեց պատասխան հարված հասցնել: Որոշեց վրեժ լուծել հասարակական կարգի պահապաններին. աշխատանքից ազատեց կամ տեղափոխեց այլ աշխատանքի 60-ից ավելի ոստիկանական սպաների, որոնք մասնակցել էին կոռուպցիայի դեմ հետաքննություններին և ձերբակալություններին:

Սկանդալի խորացմանը զուգընթաց, Էրդողանը, հավանաբար, որոշեց անել կանխարգելիչ քայլ և կադրային հիմնական տեղափոխումներ իրագործեց նախարարների կաբինետում: Թուրքիայի նախագահին ներկայացվեց կառավարության վերափոխված կազմը` 10 նոր նախարարներ: Էրդողանի իշխանության տասը տարիների ընթացքում դա նրա գլխավորած կառավարության ամենամեծ փոփոխությունն էր:

Քաղաքական որոշ մեկնաբանների կարծիքով, կոռուպցիոն սկանդալի հետևում քողարկված է նախկին դաշնակիցներ` իսլամական ‹‹Հիզմեթ›› շարժման ղեկավար Ֆեթհուլահ Գյուլենի և պրեմիեր Էրդողանի պայքարը իշխանության համար:

Ժամանակին Էրդողանը և Գյուլենը դաշնակիցներ էին: Սակայն վերջին մեկուկես տարում, երբ բանտ նետվեցին մի քանի հարյուր զինվորականներ, նրանց հարաբերությունները կտրուկ վատացան: 72 –ամյա Ֆեթհուլահ Գյուլենը համարյա բացեիբաց քննադատում է պրեմիեր-մինիստրի քաղաքականությունը, հանդես է գալիս թուրքական կառավարության կուրսի դեմ Մերձավոր Արևելքում, հատկապես, այն բանի համար, որ նա օգնում է սիրիական ապստամբներին: Ինքը` Գյուլենը, որին մեղադրում էին հեղաշրջում կազմակերպելու և իսլամական պետություն ստեղծելու փորձի մեջ, դեռ 1999 թվականին հեռացել էր Թուրքիայից և ներկայումս ապրում է ԱՄՆ-ում: Ունենալով բավականաչափ ֆինանսական միջոցներ, նա ի զորու է հեռվից ազդել Թուրքիայի իրադրության վրա: Հենց այդ հանգամանքն էր ակնարկում Էրդողանն իր ելույթում, երբ խաղարկված սկանդալում մեղադրում էր ‹‹միջազգային խմբավորումներին›› և ‹‹սև ուժերին››` նկատի ունենալով ԱՄՆ-ը և ‹‹
Հիզմեթ›› շարժումը:

Այս տարվա նոյեմբերին մխացող հակամարտությունը հանգեցրեց անթաքույց թշնամանքի, երբ Էրդողանի կառավարությունը հայտարարեց մասնավոր դպրոցները փակելու մասին, որոնց մեծ մասը գտնվում էր այդ շարժման ենթակայության տակ: Դպրոցները ‹‹
Հիզմեթ›› շարժման ֆինանսական աղբյուր են հանդիսանում: Այնտեղ պատրաստում են կադրեր և համակիրներ շարժման համար, իսկ իսլամը և դեմոկրատիան դասավանդում են միասնաբար:

Ըստ հայտնի քաղաքագետների կարծիքի, Թուրքիայի ներքին իրավիճակի ներկա սրումը, կարելի է գնահատել որպես քաղաքացիական պատերազմի նախերգանք: Բոլոր դեպքերում այն կառավարող կուսակցությանը հասցրեց մեծ վնաս, ավելի` քան խոշոր քաղաքների ամառային անկարգությունները:

Այսպիսով, Թուրքայի ներքաղաքական իրավիճակը նույն երկրի ղեկավարության քաղաքական ճգնաժամն է: է Տարամաբանական հարց է ծագում. կոռուպցիոն սկանդալը կարո՞ղ է Էրդողանի քաղաքական կարիերայի վախճանի պատճառը դառնալ:

Համաձայն ‹‹Metropoll›› հետազոտական կազմակերպության հարցման արդյունքների, կառավարող կուսակցության հեղինակությունն ընկել է մինչև 35%, իսկ հարցման մասնակիցների 50%-ի կարծիքով, թուրք պրեմիերի իշախանությունը դառնում է ավտորիտար:

Դրությունն ավելի է սրվում այն պատճառով, որ 2014 թվականին Թուրքիայում տեղի կունենան տեղական մարմինների ընտրություններ, որոնց կհաջորդեն նախագահական ընտրությունները, և բացառված չէ, որ չափավոր իսլամիստների դիրքերը կթուլանան: Սկանդալը, անշուշտ, բացասաբար կանդրադառնա նաև երկրի ֆինանսական և տնտեսական դրության վրա: Արդեն հիմա, լիրայի կուրսը դոլարի կուրսի համեմատ իջել է ամենացածր մակարդակի` 2,093 լիրա մեկ դոլարի դիմաց: Բարձրացել են պարտատոմսերի և մյուս արժեթղթերի տոկոսադրույքները:

Պետք է նշել, որ նախկինում Էրդողանին և նրա կուսակցությանը հաջողվում էր խուսափել ճգնաժամից շնորհիվ գրագետ տնտեսական քաղաքականության և աղմկոտ կոռուպցիոն սկանդալների բացակայության: Կկարողանա արդյո՞ք կառավարող կուսակցությունն այս վտանգաշատ իրավիճակում կայունացնել դրությունըը երկրում, թե՞ չափավոր իսլամիստները ստիպված կլինեն հրաժարվել իշխանությունից: Ինչպես ասում են tempus consilium dabet-ցույց կտա ժամանակը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
982 reads | 09.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com