ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ԼԾԻ ՏԱԿ
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
«168 ժամ» թերթի լրագրող, մեկնաբան, ԵՐԵՎԱՆ





Մեր ժողովրդի պատմության դասագրքերում պարագրաֆները այնքան նման են իրար` հայ ժողովուրդը` պարսիկների լծի տակ, բյուզանդական տիրապետության տակ, արաբների լծի տակ, մոնղոլ-թաթարների լծի տակ, թուրքական լծի տակ: «Լծի տակ» վիճակի պերմանենտ կրկնությունը ստիպում է կարծել, թե մեր պատմության դեպքում ժամանակը կանգնած է: Փոխվում են միայն նրանք, ում լծի տակ անհարմարություններ զգալուց հետո մտնում ենք այլ լծի տակ` հուսով, որ այդպես, հնարավոր է, ավելի անվտանգ է: Սակայն կա մի ծավալուն գլուխ, որը հայ ժողովրդի և ոչ մի դասագրքում չկա` «Հայ ժողովուրդն ամենածանր` սեփական լծի տակ»: Մեր լավագույն մշակութաբաններից մեկը` Ռուբեն Անգալադյանը, մի առիթով նկատել էր, թե հայի տեսակը դարերի` այսինքն` ժամանակի և տարածության մեջ, փոխվել է:

- Պարո՛ն Անգալադյան, եթե իրո՛ք այդպես է` հայի տեսակը փոխվում է, ինչո՞ւ չի փոխվում պատմության տրամաբանությունը` այն անվերջ կրկնվում է: Որպես կանոն` օտարի լծի տակ:

- Պատմությունը կրկնվում է, քանի որ պատմությունից դաս չենք քաղում: Հակառակ դեպքում` կունենայինք Հայաստանի քաղաքական պատմությունը, վերլուծական մոդելը` ինչպես մտնել նոր դար ու ամփոփել հինը, փնտրենք ու գտնենք մեր թույլ և ուժեղ կողմերը: Փոխարենը տեսնում ենք, որ ազգից հեռանում են նախևառաջ առողջ ուժերը, խոշոր մասշտաբի մարդիկ, քանի որ օտար և հզոր պետություններում նրանք հասնում են հաջողությունների` տարբեր ասպարեզներում:
Օրինակ` Աստվածատուր Սալթանյանի պես նկարիչը (Բոգդան Սալթանով, 1630, Նոր Ջուղա- 1703, Մոսկվա-Լ.Ա.), որը Ռուսաստանում Պետրոս Առաջինի հոր շրջանում գլխավոր նկարիչն էր: Կարող ենք այլ մարդկանց անուններ տալ, կարող ենք Անաստաս Միկոյանի անունը տալ, որը Մոսկվայում դարձավ ամենախոշոր, ամենակառուցողական քաղաքական գործիչը: Երբ Միկոյանը 1933 թվականին ԱՄՆ-ում էր` ԽՍՀՄ-ի համար որոշ գործարաններ գնելու, այցելեց Հենրի Ֆորդի գործարան: Ֆորդն անձամբ է դիմավորում նրան: Ֆորդն աում է. «Ես պատրաստ եմ տեխնիկապես օգնել ձեր երկրին` գործարանը կառուցելու հարցում, սակայն կարծում եմ` նախ` պետք է կառուցել մայրուղիներ, նոր սկսել ավտոարտադրությունը»: Միկոյանը պատասխանում է. «Ճիշտ եք, սակայն մեր ժողովուրդը մինչև մեքենա չունենա, որը կխափանվի վատ ճանապարհների պատճառով, չի ցանկանա միջոցներ ներդնել ճանապարհաշինության ոլորտում»: Մարդիկ ա՛յս մակարդակով են շփվել:

- Ուզում եք ասել` եթե Միկոյանը լիներ Հայաստանի ղեկավարը, նա նույն հաջողություններին չէ՞ր հասնի:

- Ո՛չ: Նա իր խելքի միայն 40 տոկոսը Հայաստանում կարող էր իրացնել. Հայաստանի միջավայրում այնքան էներգիա պետք է դնես անգամ ամենապարզ հարցի շուրջ համաձայնության հասնելու համար: Այստեղ միտքը շատ կոնսերվատիվ է. ամեն ինչի հիմքում մարդկային հարաբերություններն են: Օրինակ, մեկին ասում եմ` լսեցի այսինչի երաժշտությունը, չհավանեցի: Պատասխանը. «Ռուբե՜ն, բայց ինքը քո մասին լավ կարծիք ունի»: «Ա՛յ մարդ, ես էլ իրեն եմ սիրում, բայց երաժշտությունը չհավանեցի, չասե՞մ»: Եվ այսպես` ամեն տեղ, բոլոր ասպարեզներում: Սա նշանակում է, որ ընդհանրական կարծիքը դեֆորմացված է: Մարդու միտքը պետք է լինի անկախ, օբյեկտիվ: Այստեղ լեզվակռիվն ամենամեծ արվեստն է: Սերնդեսերունդ մշակվում է լեզվակռիվը` ինչպես ձևակերպել միտքը, որ քեզ վերջնականապես փոշիացնեն: Մեր կյանքը բարի չէ: Մենք բարի ենք համարում այնպիսի մարդու, որին այլ ազգեր համարում են նորմալ մարդ:

- Բարությունը հաճախ հիմարության ենք վերագրում: Այսինքն` այնքան խելացի չէ, հետևաբար բարի է:

- Խեղճության հետ է համեմատվում բարությունը: Իրականում` բարի մարդն ամենաուժեղ մարդն է:

- Երբ որևէ քիչ թե շատ հայտնի հայի հարցնում են` «Ի՞նչ թերություն ունեք» (հարցն ինքնին տափակ է, իհարկե), հիմնականում նույն պատասխանն ենք լսում` «Չափազանց բարի եմ»:

- Աշխարհում չափազանց բարի մարդ չկա: Անգամ Հիսուս Քրիստոսը, ով իր ողջ էությամբ, բարություն էր քարոզում, տեղ-տեղ ստիպված էր կտրուկ լինել: Վերադառնամ զրույցի սկզբին. ազգային կամքը և ազգային խելքը, մոտավորապես 6-7-րդ դարերից սկսած, հեռանում են իրարից: Կամքն ուզում է համախմբել ազգը, ստեղծել գլուխ` մայրաքաղաք: Միտքը թույլ է, հետևաբար պատճառները, թե ինչու ոչինչ չի ստացվում, գցում ենք այլոց վրա` եկան թաթար-մոնղոլները, սրանք, նրանք: Սա ցույց է տալիս, որ իշխանություն ընտրելու մեր չափանիշները խիստ սուբյեկտիվ են: Այդ տեսանկյունից հին հայն ու նոր հայը նման են: Բայց այն ժամանակ եղել է ներքին պայքար. մի կողմից մշակույթը և ինքնագիտակցությունը զարգացում են ապրել, բայց ներքաղաքական կյանքն ապրել է ճգնաժամ: Մեզ ասացին` Անիից գնացեք Կիլիկիա, ու մենք գնացինք: Սա խոշորագույն հարված էր մեր մտածողությանը: Մեզ թվաց, թե Հայաստանից դուրս էլ կարող ենք պետություն ունենալ: Դրա համար Կիլկիան պետք է դիտենք որպես անկլավային վիճակ: Կիլիկիայում 40 տոկոս հայերը ղեկավարել են մյուս` 60 տոկոս այլազգիներին: Եզրակացություն` մենք ի վիճակի ենք ինտերնացիոնալ միջավայրում լինել լիդեր: Պետության մեջ և ազգի ամբողջական կյանքում, եթե ուզում են իմանալ` բարձրագույնը սա է` քաղաքական, մշակութային միջավայրում ինչպիսի՞ մարդ է սինթեզվել, այդ մարդու տեսակն ինչպե՞ս է վերաբերվում պետությանը, ինչպես է զարգացնում պետությունը, հակվա՞ծ է գիտությանը, սպորտի, ինչքանո՞վ է նրա անթրոպոլոգիան հաջող: Տեսեք, երբ վրացիները մտել են Ռուսաստանի կազմ, 15 տոկոսն ազնվական է եղել: Որտե՞ղ են մեր ազնվականները: Մեկը կնյազ է եղել, մյուսը՝ կոմս, բայց իրականում մենք կերել ենք մեր արքունիքը, արիստոկրատիան: Այսօր մենք կերանք ինտելիգենցիան: 3-րդ հանրապետության առաջին Գերագույն խորհրդում 99 տոկոսը մտավորականություն էր: 95 թվականի պառլամենտում` մտավորական էր կեսը: Հիմա` ինքներդ եք տեսնում:

- Ինչպիսի՞ն էր հայը` մինչև քրիստոնեություն ընդունելը և քրիստոնեությունից հետո:

- Քրիստոնեությունն ընդունելուց հետո ազգը ցնծություն է ապրել. մենք դա տեսնում ենք արվեստում: Բայց գալիս են է 6-7-րդ դարերը, տեսնում ենք հոգևոր ճգնաժամ: Մեր պատմությունն, առհասարակ, սխալ ենք պատկերացնում: Ազգային գիտակցության վրա Ավետարանը` որպես մոդել է, ազդել է այնպես ինչպես Տիգրան Մեծն` իր քարտեզով: 5-րդ դարում խնդիրն այսպես էր դրված` արքունիքը պետք է ընդունի զրադաշտականությունը: Ազգը կանգնեց ու ասաց` ոչ: Սա ճի՞շտ որոշում է, թե՞ ոչ:

- Արքունիքն ասաց` առերես ընդունենք զրադաշտականությունը, սակայն մնանք քրիստոնյա` խուսափելու համար պատերազմից:

- Եվ դա էր ճիշտը: Իսկ ընդունվեց սխալ որոշում` գնալ առճակատման, պարտվել, գենոֆոնդի մի մասը ոչնչացնել և կորցնել ամենակարևորը` ժամանակը: Երբ զարգացման պրոցեսներն ընդհատվում են, բնականոն գործընթացը վերականգնելը կրկնակի դժվար է, երբեմն` անհնար: Տեսեք. պարսիկներն իրենց կրոնի հանդեպ կասակծներ են ունեցել. Ավարայրից 150 տարի հետո պարսիկներն ընդունեցին լրիվ այլ կրոն: Իսկ եթե լավ ես ուսումնասիրում այդ ժամանակահատվածը, տեսնում ես, որ պարսիկները այդ շրջանում կանգնած էին խնդրի առաջ` ընդունե՞լ քրիստոնեություն, թե՞ չընդունել: Նրանք հավատի առումով թույլ էին, և մենք պետք է բանակցեինք` նրանց քրիստոնեության հակելու: Բայց մենք բանակցելու մշակույթ չունենք: Երբ ասում ենք. «Պետք է պաշտպանել երկիրը», հայն անմիջապես մտածում է` «Զենքը վերցնեմ, գնամ սարում կանգնեմ»: Սխալ է. պաշտպանելու բազմաթիվ ձևեր կան: Զենքը վերցնելն ամենապարզ և երբեմն` ոչ ամենախելացի լուծումն է: Պետք է բանակցես, ազդես քաղաքական գործընթացների վրա, եթե, իհարկե, պետություն ես: Տեսեք, ի՞նչ է անում մեր պետությունը իր հայրենակիցների համար, որոնցից 30.000-ն այսօր պատանդ է Հալեպում, և մյուս 30.000-ի համար, որոնք պատանդ չեն: Մեր ներկայությունը Սիրիայում խիստ կարևոր է մեզ իսկ համար: Սիրիական ճգնաժամը տալիս է հնարավորություն մտնել միջազգային խաղի մեջ մեր պահանջներով, քանի որ ունենք 60.000-անոց համայնք: Մենք պիտի սովորենք, որ հայի կյանքը գին ունի: Դարեր շարունակ ազգայնին պետությունը այդ հանգամանքը երբեք հաշվի չի առել: Անվերջ ասում ենք` Սփյուռքը լուրջ գործոն է, իսկ այս դեպքում ինչպե՞ս պետք է անվանենք այդ 60.000 հային:

- Դուք մատնանշում եք մեզ հատուկ թերությունները: Չունե՞ք մտավախություն, որ մեր տխուր պատմությունը, բազմաթիվ թերությունները կարող են ավտոմատ ազդել մեր ինքնագնահատականի վրա:

- Ինչպե՞ս է ձևավորվում առողջ ինքնագնահատականը: Վերջին 20-25 տարում մենք մոռացել ենք` ի՞նչ է գնահատական տալը: Մեր գնահատականը օբյեկտիվ չէ: Գնահատականը շատ կարևոր մոդել է` հասկանալու` տվյալ ազգը ո՛ր հունի մեջ է, ինքն ի վիճակի՞ է իր առջև դրված խնդիրները` գիտական, մշակութային, հոգեբանականգ լուծել: Ի դեպ, մեր հոգեբանական ազգային ֆոնն ահավոր վատն է` սրտնեղած ենք, ինքներս մեզնից հիասթափվել ենք: Չենք վերլուծում պատճառները, որովհետև հավասարակշռված ազգ չենք. ազգի մասին խոսում ենք սեղանի շուրջ ու լավ հարբած:

- Նեղսրտության առաջին արձագանքն արտագաղթն է: Ինչո՞վ եք բացատարում այն երևույթը, որ 20-րդ դարի սկզբին` Առաջին հանրապետության ժամանակ, ապա ավելի ուշ` 46-ին, մեր հայրենակիցները վերադառնում էին Հայաստան Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Արևմուտքից` իմանալով, որ թողնում են կյանքի ավելի լավ պայմաններ և գալիս են վատ վիճակում գտնվող երկիր: Հիմա բոլորն ուզում են փախչել անգամ դեպի անորոշություն` միայն թե Հայաստանից հեռանան:

- Վերադարձողները մարդիկ էին, որոնք ընդհանուրի մեջ էին տեսնում իրենց հաջողությունը: Դա առաջին որակն է` հասկանալու` տվյալ մարդն ունի պետական մտածելակերպ: Պատկերացրեք` 2-րդ հանրապետությունը տասնամյակների ընթացքում հավաքեց, կուտակեց մարդկանց, ու նրանք 10 տարում արտագաղթեցին: Նրանք, ովքեր իշխեցին հանրային սեփականությանը, տեր դարձան: Սրանք ցածր մակարդակի ճարպիկները, շուստրիներն են, ովքեր ունեն ցեղային մտածողություն: Այսօր դուրս են գալիս մարդիկ, որոնք այստեղ հաջողակ են, սակայն հոգեբանական ֆոնն իրենց չի բավարարում և արդար կյանքի հեռանկար չեն տեսնում` առաջիկա 40 տարում: Բացի այդ, ազգն ունի գաղթականի փորձը: 20-ականներին, 1946-ին եկան մարդիկ, և Երևանը դարձրին քաղաք: 60-ականներից արդեն ունենք ավանդույթներով հարուստ Երևան: Ստեղծվեց միջավայր, որն այսօր չկա:

- Արտագաղթելու մեկ այլ մոտիվ` ունենք մեկ կյանք, ուզում ենք ապրել…

- Հայրենասիրությունը զոհաբերություն է, ընդ որում` պարտադիր չէ զոհաբերել կյանքը: Զոհաբերում ես կարիերադ, աշխատանքդ: Վիկտոր Համբարձումյանը Սանկտ Պետերբուրգը թողեց, եկավ այստեղ: Իսկ Հովսեփ Օրբելին, ով ԳԱԱ առաջին նախագահն էր, վերադարձավ նորից Պետերբուրգ: Եթե մեր երկրից գնում են, դա ինդիկատոր է, որ մեր ներսում բջիջներն ընդհանուրին չեն հավատում: Ցեղասպանությունից հետո` 20-40թթ., մոտ 600.000-անոց հանրապետությունը միլիոնից անցավ: Ցեղասպանությունից հետո նկարիչները Փարիզում պլակատներ չէին նկարում, թե ինչպես է թուրքը հային մորթում, այլ ստեղծում էին իսկական արվեստ, զարգացնում ուղղություններ: Սա ցույց է տալիս, որ ազգն ուներ հավատ ապագայի նկատմամբ, իսկ հիմա չունի:

- Հավատը իշխանությունների հանդեպ ձևավորվում է ժամանակի ընթացքում: Եթե չկա հավատ, ուրեմն չկան հավատալու հիմքերը:

- Մեր ազգն ուրիշ ազգերից ոչնչով չի տարբերվում: Այս փուլը Եվրոպայում էլ, ԱՄՆ-ում էլ անցել են: 19-րդ դարի 2-րդ կեսի Ամերիկայի քաղաքական պատմությունն ուսումնասիրեցի. ընտրությունների արդյունքները կեղծվում էին, ինչպես մեզ մոտ:

Նրանք այդ փուլն անցել են ու ստեղծել այնպիսի երկիր, որի նման մոդել մինչ այդ չկար: Կարծում եմ` մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մեր առաջին դեմքերը չեն ցանկանում արդար երկիր ստեղծել: Սա հիասթափեցնում է: Իսկ պետությունը դեֆորմացվում է ճիշտ այնքան, որքան արդարություն չկա: Խելացի ազգը խնայողական ռեժիմով է ապրում: Եթե ունի 100 կվտ էներգիա, իսկ խնդիրը պահանջում է 10 կվտ, 40 կվտ չի օգտագործի: Մենք օգտագործում ենք շատ ավելի մեծ էներգիա այնտեղ, որտեղ կարելի է քչով հասնել արդյունքի: Շռայլում ենք մեր խելքը: Մեր ազգային խելքը դարեր շարունակ ստամոքսի գերի է: Ստամոքսն էլ է ընդհանուրի մասին մտածում, բայց իր տրամաբանությամբ, որով էլ շարժվում ենք այսօր:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
www.168.am
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
863 reads | 13.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com