ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ
20-րդ դարի վերջին Եվրոպայի պատմությունը նշանավորվեց խոշոր պետություններից մեկի՝Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության փլուզմամբ: Այդ իրադարձությունը փոխեց բալկանյան պատմության ևս մեկ էջ: Սլավոնական ժողովուրդների միությունը, որը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի ամուր չգտնվեց և չկարողացավ դիմակայել ժամանակի փորձությանը:

Բոսնիական ճգնաժամը, որը ծագեց 1990-ական թվականների սկզբին, դարձավ թե՛ՀՍՖՀ-ի ներսում և թե՛ միջազգային համակարգում հասունացող ճգնաժամի արդյունքը: Արևելյան Եվրոպայի երկրներում և Խորհրդային Միությունում կոմունիստական վարչակարգի տապալումը դարձավ այն կործանարար ուժը, որի արդյունքում առանց այդ էլ թույլ ու անկայուն Հարավսլավոնական դաշնությունը դադարեցրեց իր գոյությունը: Այս ամենին նպաստեցին թե՛ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակը, թե՛ երկբևեռ համակարգի տապալումը և թե՛ արտաքին ուժերի միջամտությունը:

Բոսնիա-Հերցեգովինան ուներ հանրապետության կարգավիճակ Հարավսլավիայի դաշնությունում, որը ստեղծվել էր խորհրդային օրինակով մարշալ Իոսիպ Բրոզ Տիտոյի կողմից: Հետպատերազմյան առաջին տարիների ընթացքում մինչև 1966թ. ղեկավար մարմիններում գերակա դիրք էին ստանձել սերբերը, ովքեր շարունակում էին հետևել խորվաթ և մուսուլման ազգայնականներին: 1966թ. հետո Տիտոն ավելի շատ էր հենվում Բոսնիա-Հերցեգովինայի կոմունիստ առաջնորդների վրա, որոնք փորձում էին չեզոքացնել թե՛ Սերբիայի և թե՛ Խորվաթիայի ամեն տեսակ հավակնությունները: Տիտոն միևնույն ժամանակ աջակցում էր բոսնիական մուսուլմաններին՝ որպես արդեն ձևավավորված ազգային խումբ, ստեղծելով նրանց համար բարենպաստ պայմաններ:

Տիտոյի մահից հետո 1980թ. իրավիճակը Բոսնիայում արմատապես փոխվեց: Հարավսլավիայում դիտվում էր ազգայնականության աճ: Ազգային գաղափարախոսություններից յուրաքանչյուրը պնդում էր, որ կոմունիստական վարչակարգը միտումնավոր կերպով նվաստացնում է իր ազգը և օգնում մյուս ազգերին: Այս ամենի հետ մեկտեղ երկիրը հայտնվել էր ծանր տնտեսական ճգնաժամի մեջ: Արտաքին պարտքն աճում էր, իսկ տոկոսների մարումը հարավլավոնական տնտեսության համար վերածվեց ծանր բեռի, որն իր մեծ չափերով անհամամետելի էր այն օգուտների հետ , որոնք կարող էին տալ Հարավսլավիային արտասահմանյան վարկերը: Երկրում իրավիճակը գնալով վատթարանում էր՝ օրեցօր աճում էր գործազուրկների թիվը, մեծ թվով ձեռնարկություններ սնանկանում էին, բնակչությունը կրում էր ծայրահեղ զրկանքներ: Այս ամենը բերում էր պետությունների միջև հարաբերությունների սրման, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց պատերազմի:

Բոսնիայում ժամանակի ընթացքում այդպես էլ չձևավորվեց միասնական ազգ, այլ գոյություն ունեին 3 էթնոազգային խմբեր՝սերբեր, խորվաթներ և մուսուլմաններ: Նշված ազգային խմբերից յուրաքանչյուրը հետապնդում էր իր նպատակները և դրանք կյանքի կոչելու համար ձգտում էր գերակա դիրք գրավել Բոսնիա-Հերցեգովինայում: Իրենց նպատակներին հասնելու համար լավագույն առիթ հանդիսացավ 1990թ. բազմակուսակցական համակարգով ընտրությունների անցկացումը, ինչի արդյունքում իշխանության եկան ազգային ուժեր: Վերջիններս իշխանության հասնելով՝ փորձում էին ի վերջո հասնել իրենց առջև դրված նպատակներին, ինչն էլ հանգեցրեց 1992թ. արյունալի քաղաքացիական պատերազմին: Պատերազմ, որի արդյունքում հազարավոր մարդիկ զոհվեցին, դարձան փախստականներ, աննկարագրելի ատելություն սերմանվեց դարեր շարունակ միմյանց հետ հարևանությամբ ապրող ժողովուրդների միջև:

Քաղաքացիական պատերազմը, որը ծագեց Հարավսլավիայում 1991թ. սկզբին այժմ վերլուծաբանների, պատմաբանների, քաղաքագետների, տնտեսագետների, զինվորականների և գիտության շատ այլ ճյուղերի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է և անկասակած դեռ երկար ժամանակ կմնա այդպիսին: Վերջիններս փորձում են և կփորձեն հասկանալ, թե որո՞նք են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի համար այդ ծանր ճգնաժամերից մեկի առաջացման պատճառները, փորձել հասկանալ, թե ինչո՞ւ այն վերաճեց արյունալի բախումների ազգակից ազգերի՝ սերբերի, սլավոնների և բոսնիական մուսուլմանների միջև:

Բազմաթիվ օտարերկրյա հետազոտություններ Բոսնիական պատերազմի վերաբերյալ ունեն ոչ օբյեկտիվ, կողմնապահ բնույթ: Շատ փաստեր մտադրված խեղաթյուրվում են տեղեկատվական պատերազմում: Ստեղծվել է թշնամու կերպար, որը մեղավոր է պատերազմի համար: Թերևս այսօր էլ շարունակվում է փաստերի մտադրված խեղաթյուրման քաղաքականությունը, որը դարձել է հզոր գործիք ազդելու միջազգային հանրության կարծիքի վրա: Բոսնիական պատերազմի ժամանակ արևմտյան պատմագրությունը, ԶԼՄ-ների նյութերը ամբողջ մեղքը քաղաքացիական պատերազմի համար բարդում են միմիայն սերբերի վրա, նմանատիպ իրավիճակ կրկնվեց 2008թ. վրաց-օսական պատերազմի ժամանակ, երբ քննարկվում էր, թե ո՞ր կողմն է սանձազերծել պատերազմը և կախված քաղաքական շահերից «մեղավոր» էր դառնում մե՛րթ Վրաստանը, մե՛րթ Հարավային Օսիան:

Բոսնիական խնդրի զարգացման և լուծման խնդրում մեծ դերակատարություն ունեցան նաև արտաքին ուժերը, մասնավորապես ԱՄՆ-ն: Հարկ է նշել, որ բոսնիական ճգնաժամի զարգացումներն էական ազդեցություն ունեցան թե՛ՆԱՏՕ-ի և թե՛ ԱՄՆ-ի ներկայիս զբաղեցրած դերի և դիրքի վրա: Խնդիրը կայանում է նրանում, որ երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո հարց էր առաջանում արդյոք անհարժեշտ է ՆԱՏՕ-ի հետագա գոյությունը կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինչպես է տեղի ունենալու ուժերի հետագա բաշխվածությունը: Այս հարցերին պատասխանելու հնարավորություն ընձեռեց բոսնիական ճգնաժամը: Գաղտնիք չէ, որ գրեթե 3 տարի տևած պատերազմն իր վերջնական լուծումը ստացավ ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված Դեյտոնյան համաձայնագրերի միջոցով: Ըստ դրա Բոսնիա-Հերցեգովինան մնալով մեկ պետություն, բաժանվում էր երկու մասի՝ Սերբիայի Հանրապետության ու Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության (մուսուլմանախորվաթական դաշնության): Սերբերը ստանում էին տարածքի 49%, չնայած այդ ժամանակ տիրապետում էին տարածքի 44%, իսկ մուսուլմաններին և խորվաթներին բաժին էր ընկնում 51%: Սերբերը պարտավորվում էին հանձնել Գորաջեն, այն միավորվում էր Սարաևոյի միջանցքի հետ, որը վերահսկում էին միջազգային ուժերը: Սարաևոն իրեն պատկան բոլոր սերբական տարածքներով մնում էր մուսուլմանական գոտում: ՆԱՏՕ-ի բանակը ստացել էր լայն իրավունքներ. այն կարող էր առանց կողմերի համաձայնության իրականացնել ցանկացած գործողություն, որոնք ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարները կհամարեին անհրաժեշտ՝ ներառյալ զինված ուժի կիրառումը: Բազմաթիվ դիտորդների կարծիքով Բոսնիան կանգնեց ճիշտ ճանապարհին: «Ճիշտ ճանապարհը» ըստ էության նշանակում էր , որ Բոսնիան վերածվում էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պրոտեկտորատը Եվրոպայում: Այսպիսով, թեև Դեյտոնյան համաձայնագրերը վերջ դրեցին քաղաքացիական պատերազմին Բոսնիա-Հերցեգովինայում, սակայն թե՛ սերբերը, թե՛ մուսուլմանները և թե՛ խորվաթները չհասան իրենց նպատակներին, ընդհակառակը թերևս հայտնվեցին կախվածության մեջ մեծ տերությունների վարած արտաքին քաղաքականությունից: Այդ իրավաճակում ամենից շատ շահեցին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն: Համաձայնագրերը ստորագրվեցին վերջիններիս անմիջական ճնշմամբ, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն ձեռք բերեց ավելի մեծ իրավասություններ և ընդլայնեց ազդեցության ոլորտները: ԱՄՆ-ն այժմ կարող էր միջամտել ցանկացած հակամարտության, նա ցույց տվեց Եվրոպական երկրներին, որ առանց իր օգնության վերջիններս չեն կարող լուծել իրենց խնդիրները: Ներկայումս ԱՄՆ-ն ակտիվորեն շարունակում է ցույց տալ Եվրոպային, որ առանց իր և ՆԱՏՕ-ի միջամտության հնարավոր չէ լուծել միջազգային հարաբերություններում ծագած խնդիրները: Մարգարետ Օլբրայթը իր հուշերում՝ գնահատելով ԱՄՆ-ի համար Դեյտոնյան համաձայնության նշանակությունը առաջնահերթ առանձնացնում է դրա կարևոր դերը ՆԱՏՕ-ի մարտավարության առաջխաղացումը Արևելք, քանզի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետևից անհրաժեշտ էր «մերձեցնել Արևմուտքին Եվրոպան», իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել Դեյտոնյան համաձայնագրերի հաջող իրականացումը: Այս կոնտեքստում Օլբրայտը ընդգծում է այն փաստի կարևորությունը, որ Դեյտոնը պարզապես չավարտեց պատերազմը Բոսնաիայում, այլ նաև «բացեց այնտեղ ճանապարհ խաղաղապահ ուժերի համար ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ»: Ի վերջո, այն նպատակները, որոնք հետապնդում էր ԱՄՆ-ն, հասավ: Իսկ դրա լավագույն ապացուցն է հանդիասանում ներկայումս ԱՄՆ-ի զբաղեցրած դերը՝ միջազգային հակամարտությունների կարգավորման, մասայական զենքի ոչնչացման դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ գործընթացներում:
Այսպիսով, Բոսնիական ճգնաժամն ևս մեկ անգամ ապացուցեց հույն նշանավոր պատմիչ Թուկիդիդեսի խոսքերը, որ մեծ տերությունները վարվում են այնպես, ինչպես ցանկանում են, իսկ փոքրերն այնպես, ինչպես նրանց ստիպում է անհրաժեշտությունը:

Զարուհի Սարգսյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1915 reads | 24.01.2013
|
avatar

avatar
1
Shat hetaqrqir e

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com