ՆԱ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԽԱԲԵՑ ԱՍՏԾՈՒՆ, ԻՍԿ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋՈՒՄ ԽԱԲԵՑ ՆԱԵՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ…

Նելլի Գասպարյան






ԹԱԼԵՅՐԱՆ-Պերիգոր, Շառլ Մորիս (1754—1838), ֆրանսիական դիվանագետ, պետական գործիչ։ Այսօրվա դիվանագետները շատ բան ունեն ընդօրինակելու Թալեյրանից` նրա ջանասիրությունը, սուր դիտողականությունը, վերլուծելու ունակությունը: Այսօրվա դիվանագետը պետք է կարողանա Թալեյրանի նման արագ կողմնորոշվել, ուշադիր լսել, լինել քաղաքավարի, սիրալիր ու հավասարակշռված: Պետք է կարողանա զսպել ասելիքը, քանի դեռ բավարար չափով ծանր ու թեթև չի արել այն: Թալեյրանն իր դիվանագիտական հմտություններով աչքի էր ընկնում նաև այն ժամանակ, երբ իր երկիրը պարտված էր: Խոսքը Վիեննայի վեհաժողովի ( 1814 սեպտեմբերից 1815 հունիս) մասին է: Թերևս հենց այստեղ նա հիշեցրեց Ֆրանսիային հաղթած պետությունների ներկայացուցիչներին դիվանագիտության «ոսկե օրենքը»` այն է, որ պարտված կողմն ավելի ուժեղ է, ավելի վտանգավոր, քան փոխզիջման ճանապարհով համաձայնության եկած հակառակորդը: Եվ նա կարողացավ պաշտպանել իր պետության իրավունքներն ու շահերը: Կարողացավ իր երկիրը հանել անողոք բանակցային ճակատամարտից «քիչ արյունով»: 


Իհարկե, չպետք է կուրորեն հետևել Թալեյրանի բոլոր հնարքներին: Դրանցից շատերը ներկայումս թերևս չեն գործի. Ժամանակներն են ուրիշ, տարբեր է աշխարհը: Սակայն նրա «շտեմարանում» կան այնպիսի ճկուն դիվանագիտական տրյուկներ, որոնք այսօր էլ կարող են դրական արդյունքներ տալ արտաքին քաղաքականության ասպարեզում: Անշուշտ, Թալեյրանի քայլերից շատերը դիտարկելով կարող ենք նկատել նաև ստոր վարվելակերպ. նա շատ անգամներ է իր տերերին դավաճանել, անցել հակառակորդի ճամբարը, սակայն այդ ամենով հանդերձ կարողացել է Ֆրանսիային օգուտ տալ, նա կարողացել է ճիշտ ժամանակին կողմնորոշվել, և նրա ոչ մի քայլ չմտածված չի եղել:
Նրա «ծառայողական ցուցակը» հարուստ է. Բենեվենտի իշխան, Դինոյի դուքս, Օթենի եպիսկոպոս, երեսփոխան: Դիրեկտորիայի, I Կոնսուլության, Ռեստավրացիայի տարիներին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, նաև կառավարության ղեկավար, աշխատել է Ֆրանսիայի դեսպան Անգլիայում:

Իշխան Թալեյրանն իր անհատականությամբ, իր կերպարով, արտակարգ դիվանագիտական հմտություններով միշտ գտնվել է ուշադրության կենտրոնում: Թալեյրանին համարել են դիվանագիտության արվեստի մեծագույն վարպետ, դիվանագիտության արքա, նա այն վառ անհատականություններից է ում արժե ուսումնասիրել, իմանալ նրա պրոֆեսիոնալ գործելակերպը: Նա իր ուրույն տեղ ունի դիվանագիտության պատմության մեջ: Թալեյրանը պատկանում էր այն մարդկանց թվին ովքեր կարող են իրենց հոգին «վաճառել սատանային», ծառայել Ֆրանսիայում այդ ժամանակվա հնարավոր բոլոր ազդեցիկ մարդկանց:

Իսկ նրա դիվանագիտական արվեստը բազմաշերտ էր և հակասական: Դիվանագիտական պատմության մեջ Թալեյրան անունը ասոցիացվում է խորաթափանցության, խորամանկության, ճկունության, փառամոլության հետ:
ֆրանսիական անվանի գիտնական, դիվանագիտության տեսաբան Ալբերտ Սոբուլը գրում է հետևյալը. «Թալեյրանը միշտ մնացել է Թալեյրան: Նրա համար անձնական շահերը, նրա էգոն` «ես»ը միշտ կանգնած են եղել տիեզերքի կենտրոնում»:
Կարելի է արդյո՞ք Թալեյրանին պատկերացնել նվիրված մեկ վարչակարգի, մեկ գաղափարի, մեկ աշխարհայացքի: Բնականաբար ոչ, չէ որ իր ողջ կյանքում նա փոխել է հայացքները, կապերը և միշտ ճիշտ ժամանակին կանգ է առել որպեսզի չվնասի սեփական շահերը: Դատեք ինքներդ: Թալեյրանը, լարելով Նապոլեոնին Էնգիենյան հերցոգի դեմ, եղել է վերջինիս մահվան մեղսակիցը: Դավաճանել է կաթոլիկ եկեղեցուն` ի օգուտ հեղափոխության, հետո հեղափոխությունը ծառայեցրել է Նապոլեոնին: Դավաճանել է Նապոլեոնին հանուն Ալեքսանդր I ցարի, հետո ցարին «ծախել է» ավստրիացի Մետտերնիխին: Կրկին դավաճանել է Նապոլեոնին Բուրբոնների ռեստավրացիայի համար, իսկ հետագայում նեցուկ է կանգնել «Բարիկադների արքա» Լուի Ֆիլիպին: Նա կանխագուշակել է թե որ գործչի համար և երբ է գալու աստեղային ժամը ու սատարել է նրան` դավաճանելով իր նախկին տիրոջը: Իրեն Թալեյրանն արդարեցրել է լոկ մի նախադասությամբ. իբր այդ ամենը անում է հանուն իր հայրենիքի, իր սիրելի Ֆրանսիայի: Ինչպես ասում էր Նիկոլլո Մաքիավելլին.« նպատակը արդարեցնում է միջոցները»: Թալեյրանն առաջնորդվում էր հենց այդ փիլիսոփայությամբ:

Հետաքրքիրն այն է, որ պատմաբանները, անգամ Թալեյրանի քննադատները, նրան չեն որակել որպես ստոր դավաճան: Ընդհակառակը, անվանել են բոլոր ժամանակների դիվանագիտության մարգարե, հիացել նրա ճիշտ ժամանակին ստելու կարողությամբ:
Թալեյրանը գործում էր հարմարվելով գերակշռող հասարակական միտումներին, ընդորում նա երբեք չէր մոռանում լինել զգուշավորությունը: Ըստ նրա, սխալը հանցանքից վատ է: Թալեյրանը գտնում էր, որ միայն հիմարներն են անփոփոխ հավատարմություն պահպանում միևնույն հասարակական գաղափարներին, ռեալ մտածող քաղաքագետները հարմարվում են հանգմանաքներին:

1806թ. հունվարին Նապոլեոնը ստորագրեց Թալեյրանի նոր նշանակումը, այդ օրվանից նա արդեն համարվում էր Բենեվենտի իշխան և այլևս չէր հանդիսանում արտաքին գործերի նախարար: Թալեյրանն ատեց Նապոլեոնին, որն իրենից խլել էր այն նախարարությունը: Դիվանագիտությունը նրա կյանքի իմաստն էր: Իսկ ինչու Նապոլեոնը գնաց այդ քայլին, բարձր գանահատելով նրա պրոֆեսիոնալիզմը: Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել կայսեր սուրբ Հեղինե կղզում արված գրությունում: « Նա ( Թալերյանը,-Ն. Գ.) տաղանդավոր անձնավորություն է, բայց նրա հետ կարող ես գործ ունենալ միայն փողի միջոցով: Բավարյան և Վյուտեմբերյան արքաները շատ անգամներ են ինձ բողոքել նրա ագահությունից, և ես ամեն պահ պատրաստ էի խլել նրա ձեռքից նախարարական պորտֆելը»: 1813թ. Թալեյրանը հրաժարվում է Բոնապարտի առաջարկից կրկին վերադառնալ արտգործնախարարի պաշտոնին: Այդ պահին նա անդրկուլիսյան քաղաքականություն էր վարում և հող էր նախապատրաստում Բուրբոնների ռեստավրացիայի համար:
Ֆրանսիայում վերականգնվեց Բուրբոնների Սահմանադրական միապետությունը: Գահ բարձրացավ Լյուդովիկոս 18-րդը: Թալեյրանը կրկին զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը, պահպանելով իր բոլոր կոչումները, որոնք ձեռք էր բերել դեռ Նապելոն Բոնապարտի ժամանակ: Լյուդովիկոս XVIII արքան արտաքին քաղաքականության հետ կապված հարցերով լիովին վստահում էր Թալեյրանին, տալով նրանք ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունք:
Թալեյրանի դիվանագիտական արվեստի գլուխգործոցը, նրա գործունեության ապոֆեոզը հանդիսացավ Վիեննայի վեհաժողովը: Արդեն ասվեց, որ նա կարողացավ ֆրանսիան դուրս բերել այդ դժվարագույն դիվանագիտական ճակատամարտից նվազագույն զիջումներով: Նա կարողացավ հմտությունն ու ճկունությունը համադրել եվրոպական արքայատների միջև հակասությունների հետ:

1834թ. Թալեյրանը Լուի Ֆիլիպին ուղարկեց իր հրաժական նամակը: Նա գրել էր, որ կարող է արդեն հանգիստ հեռանալ քաղաքական ասպարեզից և կյանքի վերջին տարիներն ապրել հանգիստ ու խաղաղ կյանքով: Հրաժարականը ընդունվեց:
Թալեյրանը դավաճանեց իր բոլոր վերադասներին , բայց ոչ իր հայրենիքին: Նա իսկական պրոֆեսիոնալ էր ամենուր` թե խաղաղ և թե պատերազմական պայմաններում: Մի առիթով նա ասել է. «Պատերազմը չափազանց լուրջ գործ է, որպեսզի այն վստահենք զինվորներին, դա դիվանագետների առաքելությունն է…»:

Կյանքի վերջին տարիներին Թալեյրանը հաշտվեց եկեղեցու հետ, նա մեղանչական նամակ գրեց Գրիգոր XVI պապին: Պապը նրան մեղքերի թողություն տվեց: Թալեյրանը մահանալուց առաջ հայտնեց հետևյալ ցանկությունը.«Ես ուզում եմ, դարերի ընթացքում շարունակեն վիճել այն մասին, թե ով եմ ես եղել, ինչի մասին եմ մտածել, ինչ եմ ցանկացել…»:

Պատմությունը ցույց է տալիս, որ մինչ օրս Շառլ-Մորիս Թալեյրանի ցանկությունն ի կատար է ածվում. մասնագետները գուշակում և վիճում են, թե նա ով է եղել և ինչ է մտածել: Սակայն մի հարցում բոլորը համամիտ են. դիվանագիտության մեջ Թալեյրանը, իրոք, հասել է կատարելության: Թալեյրանը հանդիսանում է բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը :
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
3440 reads | 23.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com