ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԵՐՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
թուրքագետ, քաղաքական վերլուծաբան









Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերտերությունների դիրքերի և նրանց վարած ռազմավարական ու տնտեսական քաղաքականության մեջ մի քանի փուլով տեղի են ունեցել փոփոխություններ և վերադասավորումներ: ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը գրեթե միմյանց մեջ էին բաժանել Եվրոպան և վերահսկում էին նրանց տնտեսական ու քաղաքական գործընթացները: Սակայն Չինաստանի տնտեսության հզորացումը, նախկին հզոր Ճապոնիայի թուլացումն ու Եվրամիության ստեղծումը փոխեցին ուժերի դասավորությունն ամբողջ աշխարհում:

1991թ∙ ԽՍՀՄ կործանումից հետո ավարտվեց նաև Սառը պատերազմ կոչվածը, որը մղվում էր ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև: 1991 թվականից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ը աշխարհաքաղաքական զարգացումների նոր փուլ էր, երբ արդեն փոխվել էր ուժերի դասավորությունը: Ռուսաստանը, որը համարվում ԽՍՀՄ-ի հետնորդը, չուներ այն տնտեսական և ռազմական հզորությունը: ԱՄՆ-ն զբաղված էր տարբեր երկրներում ռազմական գործողություններով, ինչը հնարավորություն տվեց Եվրոպային միավորվել և ստեղծել մեկ տնտեսական դաշտ: Չինաստանի տնտեսության արագ զարգացումը, որն աշխարհում առաջացրեց նոր ուժային բևեռ, հիմնված է խոշոր ներքին շուկայի և էժան ապրանքների վրա: Չինաստանը կարողացավ համաշխարհային տնտեսության մեջ մեծ տեղ զբաղեցնել և ստիպել մյուս գերտերություններին հաշվի նստել իր հետ: Սակայն 2001 թվականից հետո կրկին փոփոխություններ են տեղի ունենում բազմաբևեռ աշխարհում: Ռուսաստանը կրկին հզորացավ և սկսեց էներգետիկ կախվածության մեջ գցել Եվրոպային, Չինաստանը, որ նախկինում մտածում էր հիմնականում տնտեսական հզորացման մասին, սկսեց զարկ տալ ռազմական և քաղաքական զարգացմանը, իսկ ԱՄՆ-ը ավելի ուշադիր շարունակեց վարել հավասարակշռված տնտեսական, քաղաքական և ռազմական քաղաքականություն:

Այժմ գերտերությունների միջև պայքարն ընթանում է հիմնականում էներգետիկ պաշարների, ռազմական, դիրքային և տարածքային հարթությունների վրա: Բոլորն էլ հասկացել են, որ անհրաժեշտ է վարել տնտեսական, քաղաքական և ռազմական հավասարակշռված քաղաքականություն: ԱՄՆ-ը ձգտում է էներգետիկ պաշարներով առավելություն ունենալ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ, որի գլխավոր նախապայմաններից մեկը Իրանի էներգետիկ պաշարներին տիրանալը և սեփական շահերի համար նրա տարածքը օգտագործելն է` իշխող դիրք գրավելով տարածաշրջանում: Ռուսաստանը, տեսնելով Եվրոպական տնտեսական միության քայքայումը, փորձում է ավելի խորացնել եվրոպական երկրների էներգետիկ կախվածությունն իրենից: Միևնուն ժամանակ փորձում է ստեղծել նոր տնտեսական միավորում և գլխավորել այն:

Այս նոր տնտեսական միավորումը Ռուսաստանին հնարավորություն կտա հակադրվել տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին, քանի որ կունենա ավելի հզոր և մեծ շուկա, դիրքային և ռազմական ավելի մեծ հնարավորություններ, քան այժմ: Չինաստանի շահերը առայժմ համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, որը միտված է պայքարելու ԱՄՆ-ի վարած քաղաքականության դեմ: Գերմանիան, որը Եվրամիության հիմնադիրներից մեկն է, ձգտում է միասնական պահել եվրոպական տնտեսական գոտին, որպեսզի հակակշիռ ստեղծի մյուս գերտերությունների կամ տնտեսական միավորների հետ պայքարում, միևնույն ժամանակ միության կազմում գտնվող ավելի թույլ տնտեսություն ունեցող երկրներին ֆինանսական ինքնուրույնությունից փորձում է զրկել և ղեկավարել նրանց ֆինանսական հոսքերը: Գերմանիան ևս ցանկանում է ստեղծել մեկ առանձին բևեռ և հակադրվել մյուսներին:

Այս բոլոր գործընթացները ևս մեկ անգամ ապացուցում են, որ աշխարհը կանգնած է նոր վերաբաժանումների շեմին և աշխարհաքաղաքական բազմասցենար զարգացումները անխուսափելի կլինեն:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1214 reads | 09.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com