ՎԱԳՆԵՐԸ և ՊՃՐՈՒՀԻՆ. ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ոչ ոք չգիտի, թե որ հասակում է մարդը համակվում իսկական սիրով: Մեծ երգահան Ռիխարդ Վագները այդ զմայլիչ երջանկությունը զգաց, երբ բոլորել էր իր կյանքի կես դարը: Այդ ժամանակ նա ընտանիքի հայր էր, իսկ նրա ընտրյալը` Կոզիման, որը փոքր էր նրանից 24 տարով, ամուսնացած էր իր մտերիմ ընկերոջ հետ: Երգահանին և Կոզիմային պարսավանքի էին ենթարկում, բայց նրանց սերը հաղթահարեց բոլոր
արգելքները:

Բյուլով ամուսնական զույգի հետ ծանոթանալու ժամանակ Վագները ամուսնացած էր, և նրա սիրտը ամբողջովին պատկանում էր Մատիլդա Վեզենդոնկին` Օտտո Վեզենդոնկի կնոջը: Կոզիմայի նկատմամբ Ռիխարդի զգացմունքներն արթնացան «Մատիլդայից ապաքինվելուց« հետո միայն` 1861 թվականին: Պարապ բամբասողներին և մոլի բարոյախոսներին հակառակ, որոնք խոսում էին «իր ամենամոտ ընկերոջ նկատմամբ սև ապերախտության», «բարքերի սանձազերծման», «ուրիշի ընտանեկան օջախի քայքայման» և այլ նման թեմաներից, Վագների և Կոզիմայի հարաբերությունները ոչ թե ծերացող «էրոտոմանի» և երիտասարդ պճրուհու քմահաճույք էր, այլ իսկական սեր:

Մարիա Զապեսկայան Վագների մասին իր հոյակապ գրքում գրում է. «Ավելի քան երեք տարի Ռիխարդն ու Կոզիման հուսահատորեն պայքարում էին իրենց զգացմունքների դեմ` չցանկանալով դավաճանել ընտանեկան և բարեկամական իդեալներին: Մեկ անգամ, Մատիլդա Վեզենդոնկի հետ հարաբերություններում, Վագները կարողացավ նման պայքարից հաղթող դուրս գալ: Իսկ հիմա զգացմունքները ավելի ուժեղ գտնվեցին: Կոզիման նույնպես, ի տարբերություն Մատիլդայի, փորձում էր օգնել Վագներին հաղթահարելու սերը, բայց, այնուամենայնիվ, նա էլ ամբողջովին տրվեց իր կրքերին:

Տառապելով, Կոզիման ստիպեց Վագներին անցնելու էլ ավելի տառապալից ապրումների միջով: Վագների և Հանսֆոն Բյուլովի միջև հաստատվել էին ամուր և բարեկամական հարաբերություններ: Վագների և Կոզիմայի գրագրությունը դրա վառ ապացույցն է, որը վկայում է, թե իրենց խղճի հանգստացման համար ինչպիսի տանջանքներով լի ճանապարհ են նրանք անցել»:

Կոզիմայի և Հանսֆոն Բյուլովի ամուսնությունը ի սկզբանե իդեալական չէր: Հանսը ամուսնացավ իր ուսուցիչ երգահան Լիստի աղջկա հետ` ենթարկվելով նրա կամքին և երախտագիտությունից դրդված: Լիստը նրա համար մեծ նշանակություն ուներ և իր համար շատ բան էր արել: Կոզիման իր հերթին հարգում էր ամուսնուն, բայց խոր զգացմունքներ նրա նկատմամբ չէր տածում: Հետագայում Հանսֆոն Բյուլովը հասկացավ, թե ինչպիսի զգացմունքներ ունի իր կինը ընկերոջ` ծերացող Ռիխարդի նկատմամբ, և ներեց երկուսին էլ:

Ինչ վերաբերում է նրան, թե իբր Վագներին բնորոշ էր «թերարժեքության կոմպլեքսը«, որը նրան ձգում էր բացառապես դեպի ամուսնացած կանանց, ապա նրա ստեղծագործությունն ուսումնասիրած Մարիա Զապեսկայան նշում է, որ «երգահանին, որը համոզված էր սեփական հանճարեղության և անսխալականության մեջ, ինչում ասես կարելի է մեղադրել, բայց ոչ երբեք թերարժեքության կոմպլեքս ունենալու մեջ»:

Վաղ երիտասարդական տարիներին, թերևս, կարելի է Վագների մոտ նկատել ինչ-որ ապրումներ արտաքին թերությունների տեսակետից: Սակայն այն բանից հետո, երբ նա գիտակցեց իր բացառիկ տաղանդը, այդ ապրումներն անցան ոչ թե երկրորդ, այլ տասներորդ պլան: Վագների վերաբերյալ խոսք կարող է գնալ ավելի շուտ վեհության մոլուցքի մասին: Երկրորդ, հազիվ թե մարդ կարողանար գիտակցաբար իրեն ենթարկել այն սիրային տանջանքներին, որն զգում էր Վագները Մատիլդայի և Կոզինայի հետ հարաբերություններում:

Ռիխարդի ամուսնությունը 1836 թ. նոյեմբերին օրիորդ Մինա Պլաների հետ կարելի է անհաջող համարել: Կնոջ հետ հարաբերությունները խզելուց հետո էլ Վագները շարունակում էր հոգալ նրա ծախսերը, չնայած նա մշտապես պարտքերի մեջ էր: Միայն Պլաների մահից հետո` 1866 թ. Կոզիման որոշում ընդունեց տեղափոխվել Վագների մոտ: Դրա համար նա ենթարկվեց համընդհանուր պախարանքի և խզեց հարաբերությունները հոր հետ: Հիմենեյի կապերը միացրին նրանց 1870 թվին: Մոտ 10 տարի նրանք անցան իրենց երջանկության ճանապարհով:

Նրանց ճակատագրում իր մասն ուներ նաև Լյուդվիգ II Բավարացին` Վիտելսբախների հին տոհմից: Այդ տոհմի ներկայացուցիչները առաջիններից մեկն էին Եվրոպայում, որոնք սկսեցին հովանավորել արվեստն ու գիտությունը:

Սիրահարները ռոմանտիկ ճանապարհորդություն կատարեցին դեպի Շվեյցարիա: Այցելեցին Լոզան, Բեռն, Լյուցեռն: Լյուցեռնի արվարձանում նրանք շատ հավանեցին Տրիշբենում գտնվող մի հին վիլլա և Լյուդվիգ Բավարացու գումարային օժանդակությամբ գնեցին այն:

1867 թ փետրվարի 17-ին Կոզիման ծննդաբերեց իր և Վագների աղջկան, որը չորրորդ երեխան էր Կոզիմայի և երկրորդը՝ Վագների կյանքում: Այդ ժամանակ Վագներն աշխատում էր «Նյուրնբերգյան մեյստերզինգերների» վրա և օպերայի հերոսուհու անունով աղջնակին կոչեցին Եվա: Վագների համար սկսվեց մի երջանիկ ժամանակաշրջան: Ինչպես ասում էր նրա մի այլ օպերայի գործող անձերից մեկը` «գեղեցիկ կին, լավ տուն` էլ ի՞նչ է պետք ծերությունը դիմավորելու համար»:

Իգոր Բեքքեր
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
851 reads | 09.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com