ԻՆՉՊԵՍ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ. ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂ








Կոնկլավը, որը լատիներեն նշանակում է կողպված, փակված սենյակ, կարդինալների ժողովն է, երբ մահանում կամ իր գահից հրաժարվում է Հռոմի Պապը: Նրա մահանալու փաստը պետք է հաստատի կարդինալ-կամերլենգոն, որը ժամանակին մուրճի երեք հարված էր հասցնում մահացած Պապի ճակատին: Իսկ Հովհաննես Պողոս 2 Պապը մտցրեց նոր օրենք, որ կարդինալը պիտի ոչ թե մուրճով հարվածի մահացածի ճակատին, այլ երեք անգամ ասի մահացածի իրական անունը ներկաների մոտ, նոր համոզվի, որ մահացած է: Դրանից հետո Պապի մատից հանում են «Ձկնորսի մատանին« և ոչնչացնում այն կարդինալների ներկայությամբ: 
Պապի գահի թափուր մնալու ժամանակ լիազորություններն անցնում են կարդինալների խորհրդին, իսկ խորհրդի ժողովները վարում է կարդինալ-դեկանը:  Բոլոր կարդինալները պարտավոր են մասնակցել ժողովներին, բացի նրանցից, ովքեր հիվանդ են և 80 տարեկանից բարձր են: Վերջինները կարող են մասնակցել իրենց ցանկության համաձայն: Կարդինալները, ըստ կարգի, պետք է զբաղվեն Պապի հուղարկավորությամբ, որը սովորաբար տեղի է ունենում 4-ից 6 օրվա ընթացքում: Պապի մահանալուց հետո 12 օր սուգ է հայտարարվում (novemdiales): Խորհուրդն է որոշում Պապի նոր ընտրությունների օրը, որը սովորաբար տեղի է ունենում Պապի մահից 15-20 օր հետո: Բացի դրանից, Պապը իրավունք ունի հրաժարվելու իր գահից: Հիմնական պատճառները առողջական խնդիրիներն են, սակայն դա լինում է հազվադեպ: 2013-ին Բենեդիկտոս XVI Պապը հրաժարվեց գահից, քանի որ ուներ առողջական խնդիրներ և չէր կարողանում այլևս զբաղվել իր պարտականություններով: 
Նոր Պապ ընտրելու արարողությունը տևում է բավական երկար: Առավոտյան, երբ նշանակված է կարդինալների ժողով, տեղի է ունենում Պապ ընտրելու առաքելությունը Սբ. Պետրոսի բազիլիկայում: Այդ տեղը ավանդաբար նշանակվում է կարդինալ-դեկանի կողմից: Օրվա վերջում կարդինալները հավաքվում են Պաոլինյան կապելլա և Veni Creator Spiritus հիմնի ներքո գնում են Սիքստինյան կապելլա: Երբ բոլորը զբաղեցնում են իրենց տեղերը, ընտրող կարդինալները երդման արարողություն են անցկացնում: Դրանից հետո Սիքստինյան կապելլայի դռները փակվում են շղթաներով, հատուկ կնքվում, իսկ փակելուց առաջ ասում են, որ բոլորը հեռանան ( Extra omnes!): Այդ արարողություններն անելուց հետո կարդինալներն աղոթում են, կարդինալ-դեկանը հարցնում է կարդինալներին, թե ով ունի առաջարկություններ գործընթացի հետ կապված: Այնուհետև հայտարարվում են ընտրությունները:
Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, և թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը ընտրվելու համար: 1975-ին Պողոս VI Պապի հրամանով ընտրությանը մասնակցող կարդինալների թիվը պետք է չանցնի 120-ից և կոնկլավին չեն կարող մասնակցել 80 տարեկանից բարձր կարդինալներ, սակայն կարող են ընտրվել: Հիմա կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ընտրությունները կանոնակարգված են կանոնադրությամբ՝ «Աստծո ամբողջ հոտի հովիվ» (Universi Dominici Gregis), որը հաստատվել է 1996-ի փետրվարի 22-ին Հովհաննես Պողոս II-ի կողմից: Երբ ընտրվում է կաթոլիկ աշխարհի նոր ղեկավարը,
Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս է գալիս սպիտակ ծուխ: Հակառակ դեպքում շարունակվում են ընտրությունները, իսկ ծխնելույզից դուրս է գալիս սև ծուխ: Պապի ընտրվելուց հետո միայն փակ, կողպված դռները բացվում են և դուրս են գալիս կարդինալները նորընտիր Պապի գլխավորությամբ:
Առաջին կոնկլավի ժամանակ մեկ ընտրություն է տեղի ունենում: Եթե առաջին անգամ չեն կարողանում ընտրել, ապա հաջորդ ամեն օրվա ընթացքում տեղի են ունենում չորս ընտրություններ՝ երկուսն առավոտյան, երկուսն էլ երեկոյան: Եթե երեք օրվա ընթացքում չի ընտրվում ոչ ոք, ապա գորընթացը մեկ օրով դադարում է և մեկ օր շարունակ կատարվում են աղոթքներ: Յոթ անհաջող փորձից հետո գորընթացը կրկին դադարեցվում է 
և դիմում են ավագ կարդինալ-պրեսվիտերին: Եթե դրանից հետո էլ յոթ անգամ անհաջող ընտրություններ են լինում, ապա դիմում են ավագ 
կարդինալ-
եպիսկոպոսին, մեծ մասամբ ժողովների դեկանին: Անհաջող յոթ ընտրությունների դեպքում կարդինալները կարող են ընտրել երկու տարբերակ: Առաջին դեպքում ընտրել երկու թեկնածու, ովքեր նախկին ընտրություններում հավաքել են առավելագույն ձայներ և շարունակեն այդ երկու թեկնածուների միջև ընտրությունները, իսկ երկրորդ դեպքում ընտրեն Պապ, ով հավաքել է ամենաշատ ձայները:

Ընտրական գործընթացը բաժանված է երեք մասից՝ մինչև ընտրությունը (pre-scrutinium), ընտրություն (scrutinium) և ընտրությունից հետո (post-scrutinium): Առաջին հատվածում արարողակարգի մասնագետները պատրաստում են ընտրության թերթիկները՝ բաժանելով կարդինալներին: Հենց սկսվում են ընտրությունները, արարողակարգի մասնագետները, կարդինալների ժողովների քարտուղարը դուրս են գալիս սենյակից, իսկ դռները փակում է կրտսեր կարդինալ-դյաքոնը: Այնուհետև ընտրվում են երեք հոգի հաշվող հանձնաժողով, երեք Infirmarii և երեք վերահսկող: Նրանք ընտրվում են ամբողջ կոնկլավի ընթացքում:
Այնուհետև սկսվում է բուն ընտրության պահը: Յուրաքանչյուր կարդինալ հերթականությամբ մոտենում է բեմի մոտ, որտեղ կանգնած են հաշվող հանձնաժողովի երեք անդամենրը: Մինչև ընտրաթերթիկը տալը կարդինալը երդում է տալիս: Կարդինալների ընտրություններից հետո հաշվող հանձնաժողովի առաջին ներկայացուցիչը խառնում է տուփն ու հանում հաշվելու համար: Եթե կարդինալների և ընտրաթերթիկների թիվը չի համապատասխանում, ապա այդ թղթերն անմիջապես այրվում են: Հաշվող հանձնաժողովը հերթով հաշվում է, թե որ կարդինալն ինչքան ձայն է ստացել վերահսկողների ներկայությամբ: Եթե չեն կարողանում այդ փուլում ավարտել ընտրությունները, նրանք անմիջապես անցնում են երկրորդ փուլին և թերթիկներն այրվում են միայն երկրորդ փուլից հետո՝ սև ծուխի ուղեկցությամբ: Երբ ընտրվում է Պապը, ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրանում:
Ընտրությունների հաջող ավարտից հետո կրտսեր կարդինալ-դյաքոնը զանգերն է խփում, կանչում է կարդինալների ժողովի քարտուղարին և պապական օբեր-արարողակարգի ներկայացուցչին: Կարդինալ դեկանը հարցնում է ընտրվածին, թե նա ընդունում է ընտրության արդյունքներն ու իրեն որպես Պապ: Պատասխանը լինում է դրական (accepto) կամ բացասական (non accepto): Եթե ընտրվողը եպիսկոպոս չէ, ապա կարդինալ-դեկանը տալիս է նրան եպիսկոպոսի կոչում, իսկ եթե հոգևորական չէ, ապա կարդինալ-դեկանի կողմից բոլոր կարգերը ստանում է: Այնուհետև նոր Պապը ընտրում է իրեն անուն: Այդ բոլոր արարողություններից հետո նոր Պապին տանում են լացի սենյակ (camera lacrimatoria): Դա Սիքստինյան կապելլայում է, որտեղ Պապը պետք է ընտրի սպիտակ սուտանա և այլ հագուստի տեսակներ: Այնուհետև նա կարդինալների մոտ դուրս է գալիս կապելլա: Այնտեղ նա ընդունում է նրանցից հարգանքի տուրքեր: Երբ կարդինալներն ավարտում են նոր Պապին շնորհավորելը, կարդինալ-պրոտոդյակոնը դուրս է գալիս Սբ. Պետրոսի բազիլիկայի գլխավոր պատշգամբը և հայտարարում, որ իրենք նոր Պապ ունեն: Եթե կարդինալ-պրոտոդյաքոնն է ընտրվել Պապ, ապա նրա փոխարեն ժողովրդին նորությունը հայտնում է ավագ կարդինալ-դյաքոնը: Դրանից հետո նոր Պապը դուրս է գալիս պատշգամբ և առաջին օրհնանքն է տալիս քաղաքին և աշխարհին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
3453 reads | 21.03.2013
|
avatar

avatar
1
Amenalav@ murjov jakatin harvacelu pahn er. tongue
avatar
2
Շնորհակալություն նյութի համար: Հետաքրքիր կլիներ նաև Պապի ընտրվելուց հետո հետագա պարտադիր պարտականությունների և մյուս արարողությունների մասին նյութեր լինեին, ինչպես նաև սիմվոլների և նրանց նշանակության մասին:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com