ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԿՈՏ ԳԱՐՈՒՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Միջինարեւելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատ բանակ ձեւաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմա արդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քուրդերն ու իսլամական պետության զինյալները: Իհարկե, որոշ տարբերություններով` իրավիճակը ընդհանուր առմամբ նույնն է Իրաքի դեպքում: Այնտեղ եւս իրադարձությունների վրա բացված լուսարձակները վերաբերում են իսլամական պետության ուժերի կողմից վերահսկվող տարածքներին եւ ինքնավար Քուրդիստանի սահմանների պահպանմանը:

Իրաք-Սիրիա այս գիծը ենթարկվում է վայրիվերումների: Ընդհանուր եզրերը վերաբերում են իսլամական պետության եւ քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքների հստակեցմանը, սահմանների ճշտմանը եւ նոր շրջանների գրավմանը: Տարբերությունը երեւում է նաեւ միջազգային ընտանիքի միջամտության տարողություններում: Թեեւ թե՜ Իրաքի եւ թե՜ մինչ այժմ Սիրիայի դեպքում կոալիցիոն ուժերի գործողությունները մնում են սահմանափակ եւ այն տպավորությունն են թողնում, որ սահման չհատելու, կարմիր գծերը չանցնելու զգուշացումներ են իրականացվածները եւ ոչ թե իսլամական պետության երեւոթը արմատախիլ անելու:

Կրոնական պիտակի տակ այս գործիքը հայտնաբար դեռեվս պետք է աշխարհաքաղաքական ուժերին, տարածաշրջանում բաժանարար ծրագրեր իրականացնելու համար: Բնականաբար, նավթահանքային կետերը իրադրությունների զարգացման, տեղաշարժերի գրանցման եւ տարածքների վերհասկողության համար մղվող պայքարներում նշանակալի կարեւորություն են ներկայացնում: Թե՜ Իրաքի եւ թե՜ Սիրիայի դեպքում, ռազմավայրերը այլ բան չեն հուշում:

Քրդական ինքնիշխանության սահմանների նախագծումը պարզ է, որ աշխարհաքաղաքական օրակարգ է: Այս իրողությունը ինքնին անհագստանցող անշրջանցելի նախադրյալ է Անկարայի համար, որը մեծ ճիգեր է անում միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու համար: Այսպես. իսլամական պետության մոտ պատանդներ ունենալու պատրվակով Անկարան միջազգային դաշինքին մաս կազմել-չկազմելու տատանումներով փորձեց թանկ գնով վաճառել խորհրդարանի իր որոշումը` մաս կազմելու ռազմական գործողություններին: Սիրիական պատերազմի առաջին օրից Անկարայի կողմից հանգերգվող ապահովության գոտու առաջադրանքին եկավ ավելանալու նաեւ ոչ թռիչքային գոտի հաստատելու ծրագիրը:

Այս բոլորը նպատակադրում են քրդական տարածքների եւ թուրքական սահմաններին միջեւ պատնեշային գոտիներ հաստատել: Իսկ այս դեպքում իսլամական պետությունը Անկարայի առաջադրած գոտիների ձեւավորման համար ճիշտ գործիքն է: Չի բացառվում, որ Թուրքիան իսլամական պետության դեմ միավորված ուժերի սահմանափակ օդային գործողություններին ձեւական մասնակցություն ունենա: Վայրիվերումներով հատկանշվող Անկարայի դիրքորոշումները նախանշում են մեկուսացման դաշտ չմտնելու փորձերը:

Փաստորեն քրդական տարածքների սահմանագծման հարցն է, որ հիմնական հակասության մեջ է դնում աշխարհաքաղաքական կենտրոններն ու Անկարան: Այս վերջինը զինելով ու ֆինանսավորելով իսլամական պետությունը, այժմ փորձում է հենվել դրա վրա` պաշտպանելու իր սահմանները:
Սահմանների համար ապահովության գոտի ստեղծելու առաջադրանքը ենթադրում է, որ վտանգված են սահմանները: Իսկ սահմանների վտանգվածությունը նախադուռն է տարածքային ամբողջականության սասանման: Քաղաքական եղանակային կանխատեսումները սկսել են խոսել թուրքական փոթորկոտ գարնան մասին: Մանավանդ, որ չեն հերքվում Թուրքիայի քրդերին զորաշարժի հրավիրող պաշտոնական կոչերը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
871 reads | 04.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com