ԵՐԿՐՈՐԴ ՈՉՆՉԱՑՈՒՄ. FRANKFURTER ALLGEMEINE ԹԵՐԹՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ
Հայերի համար սիրիական Դեր Զոր քաղաքը նույն նշանակությունն ունի, ինչ հրեաների համար Օսվենցիմը: 1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձևակերպման Թուրքիայից «տեղահանվել» և փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել: «Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին» վկայում էր հայոց պատմության դժնդակ  էջերի մասին: Եկեղեցին ոգեկոչման վայր էր, թանգարան և այն ժամանակ սպանված անթիվ հայերի աճյունների վերջին հանգրվան:

Եկեղեցին հուշակոթող էր, որովհետև այն այլևս գոյություն չունի: «Իսլամական պետության» բարբարոսներն այն պայթեցրել են: Հայաստանի Հանրապետության Նախագահը և արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտել են այս բարբարոսական գործողությունը: Հայ ժողովրդի ամենակարևոր հուշակոթողներից մեկը գետնին է հավասարեցվել: Ջիհադիստները հարգանք չեն ցուցաբերում ոչ միայն քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ, վերջերս Մոսուլում նրանք պայթեցրել են մահմեդական միստիկների` սուֆիների կողմից պաշտվող Հովնան մարգարեի տապանաքարը, այնուհետև` եզդիների սրբատեղիները:

Դեռևս ապրիլին «Իսլամական պետությունը» գրավել էր Քեսաբ քաղաքը և ավերել այն: Այն գտնվում է առասպելական Մուսա լեռից հարավ` Թուրքիայի սահմանին, որտեղ մեծամասամբ Ցեղասպանությունից փրկված հայեր էին ապրում:  Սակայն Դեր Զորի եկեղեցու պայթեցումը հայերի համար անհամեմատ ավելի ցավոտ է: Ամեն տարի ապրիլի 24-ին այնտեղ հավաքվում են հայեր աշխարհի տարբեր անկյուններից` ոգեկոչելու Ցեղասպանության օրը: Հաջորդ տարի, երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեր Զորում այն այլևս չի ոգեկոչվի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
618 reads | 29.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com