ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ







Ըստ փորձագիտական գնահատականների, կայուն զարգացման անցումը դժվարացնող մարտահրավերներն ու խոչընդոտները հետևյալներն են.


- Գլոբալ, ազգային և տեղական մակարդակներում որոշումները կայացնող մարդկանց կողմից էկոլոգիական և, համապատասխանաբար, սոցիալական սպառնալիքների լրջության ոչ բավարար գիտակցում:
- Էկոնոմիկայի "շուկան վեր է ամեն ինչից” կենտրոնական դրույթով նեոլիբերալ դոկտրինը, մինչդեռ շուկայի չվերահսկվող տարերքը իր էությամբ հակասոցիալական և հակաէկոլոգիական է:
-Զարգացած և զարգացող երկրների միջև վստահության ճգնաժամը:
-Հակասությունը արժեքների ժամանակակից համակարգի և չափավորության մշակույթի  միջև, զարգացած երկրների գերսպառումը:
-Զարգացած երկրների կողմից մաքուր տեխնոլոգիաներն այլ երկրներին տրամադրելու  գործընթացի սահմանափակ լինելը:
- Զարգացող երկրների մոտ ժողովրդագրական աճը կայունացնելու կամքի բացակայությունը:
- Անցումային շրջանի (կամ նոր տերմինոլոգիայով, "ձևավորվող շուկայով”) երկրներում բարեփոխումների արդյունքները, որոնք համեմատելի են սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ոլորտում կոլապսի հետ: Այդ երկրների "անցումը” ռեսուրսածախս հումքային տնտեսություն:

Դիմենք նշված խոչընդոտներին և նրանց հաղթահարման հնարավորություններին ավելի մանրամասն: Այսպես, աղյուսակ 4-ում բերված է էկոնոմիկայի նեոլիբերալ դոկտրինի և կայուն զարգացման նպատակով նոր կանաչ կուրսի սկզբունքների տարբերությունների սխեման:

Մի շարք միջազգային ինստիտուտների, ներառյալ ՄԱԿ-ի կառույցների, փաստաթղթերում առաջարկվում է հրաժարվել էկոնոմիկայում նեոլիբերալ քաղաքականությունից և ամրապնդել պետական կարգավորումը: Ինչպես հայտնի է, տնտեսական քաղաքականության նեոլիբերալ սկզբունքները, որ աշխարհում ներկայումս իրականացվում են Բրետտոն-Վուդյան միջազգային  ֆինանսական ինստիտուտների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից, շարադրված են մանիֆեստում բիզնես-հանրության ներկայացուցիչների  1979թ-ին ԱՄՆ-ում կայացած կլոր սեղանի եզրափակիչ փաստաթղթում, որը ստացել է "Վաշինգտոնյան կոնսենսուս” անվանումը:

Ինչպես տեսնում ենք, անհրաժեշտ է գործող տնտեսական դոկտրինի էական վերակառուցում: Ըստ որում, հատկապես կարևոր է, որ այդ արմատական վերակառուցմանը ընդունակ լինեն համաշխարհային էկոնոմիկայում "ֆլագմանի” դեր կատարող Միջազգային ֆինանսական ինստիտուտները:

Հետաքրքիր է դիտարկել մեր երկրների անցած ուղին հենց աղյուսակ 4-ում շարադրված դրույթների համատեքստում: Տրանսֆորմացիոն անցումը իրականացվել է ՄՖԻ-ների հանձնարարականներին համապատասխան Վաշինգտոնյան կոնսենսուսի սկզբունքներով, նեոլիբերալ տնտեսական դոկտրինի ոգով կատարվեց ֆանտաստիկ թռիչք կառավարման ուլտրաձախ քաղաքականությունից (100%-անոց վարչահրամայական կառավարում) մինչև ուլտրաաջ (100%-անոց շուկայական տարերք): Արդյունքում՝ քաոս, համակարգային ճգնաժամ և այսպես կոչված "տրանսֆորմացիոն անկում”: Տեղական փորձագետները փորձում էին հակազդել այդ գործառույթին՝ զգուշացնելով աղետալի հետևանքների մասին, ցավոք սրտի, ապարդյուն:

Աղյուսակ 4. "Վաշինգտոնյան կոնսենսուսի” (1979) և "Կանաչ համաձայնագրի” (2009) միջև
եղած հիմնական տարբերությունները.


Անցումային տնտեսությամբ երկրների անցած ուղու համար առավել բնութագրական է գրաֆիկում արտացոլված իրադրությունը: Այսինքն, հասարակության կենսագործունեության ոլորտները չեն "ձգտում” իրար՝ կոնսենսուս ձևավորելու նպատակով, այլ "հեռանում” են, քանի որ էկոնոմիկայի զարգացումը զուգակցվում է ըստ եկամուտների բնակչության բևեռացման և  բնական շրջակա միջավայրին հասցված վնասների հետ: Ընդհանուր առմամբ, տվյալ դեպքում, կարելի է խոսել անկայուն զարգացման մասին:



Ռեֆորմների սոցիալ-տնտեսական և էկոլոգիական հսկայական գինը 2001թ-ին հեղինակների կողմից ներկայացվեց Յոհաննեսբուրգի գագաթաժողովին եվրոպական  տարածաշրջանի նախապատրաստական կոնֆերանսի զեկուցումում, ուր ՄԱԿ-ի կառույցների վիճակագրական տվյալների հիման վրա, մասնավորապես, նշվում էին.


- Անցումային էկոնոմիկայով երկրների կտրուկ "հետընթացը” մարդկային զարգացման ինդեքսի սանդղակով (տարբեր երկրներում 25-ից մինչև 56 կետով):
- ՀՆԱ-ի կորուստը 50-70%-ով:
- Աղքատության աննախադեպ աճը` երկրներում աղքատ մարդկանց թիվը աճեց 10-20 անգամ:
- Բնակչության կտրուկ բևեռացումը ըստ եկամուտների: Անցումային ոչ մեծ ժամանակահատվածում երկրների մեծամասնությունը եկամուտների անհավասարությամբ հասավ ԱՄՆ-ի մակարդակին:
- Նշանակալից է ամուսնությունների գործակցի նվազումը՝ 2-3 անգամ:
- Հիվանդացման աճը առավել վառ արտահայտված "սոցիալական” հիվանդությամբ՝ թոքախտով:
- Միգրացիայի, առավելապես աշխատանքային, կտրուկ աճը, որը վերածվում է էմիգրացիայի:
- "Ուղեղների ինտենսիվ արտահոսքը”, քանի որ գաղթում են առավելապես բարձր կրթվածության մարդիկ (հիմնականում երիտասարդ և միջին, այսինքն` աշխատունակ տարիքի  տղամարդիկ):
- Ինքնասպանությունների դեպքերի քանակական աճը:
- Որպես ժողովրդագրական բալանսի խախտման արդյունք, նշանակալից է բնակչության բնական աճի կրճատումը. երկրների մեծամասնությունը արդեն չի կարողանում ապահովել պարզ վերարտադրություն:

Անցման ժամանակաշրջանի էկոլոգիական գինը նույնպես չափազանց բարձր է, քանի որ հանրահայտ է աղքատություն-շրջակա միջավայր փոխադարձ կապը: Վերջին տարիների տնտեսական հաջողությունները առավելապես զուգակցվում է բնական ռեսուրսների գերշահագործումից դեպի հումքային էկոնոմիկա վերակողմնորոշվելու հետ: Եվ, հնարավոր է, որ ամենագլխավոր կորուստը հեռացումն է Չափավորության մշակույթից և զանգվածային վերակողմնորոշումը դեպի գերսպառման հասարակարգի արժեհամակարգը, որը բացարձակապես կործանարար է շրջակա միջավայրի համար:

Նշենք, որ ավելի ուշ վերոնշյալ դիրքորոշումը հաստատվեց գլոբալ ֆինանսական ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գիտաժողովի որոշումով (հունիս, 2009թ.) և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի բանաձևով (հուլիս, 2009թ.): Վերջինում, որպես բացասական գործոններ, մասնավորապես նշված են. "անհետևողական և անբավարար կոորդինացված մակրոտնտեսական քաղաքականության և ոչ պատշաճ կառուցվածքային ռեֆորմների անցկացումը, շուկայական ինքնակարգավորման գերագնահատումը, սպառման բարձր մակարդակները”:

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ մոլորակում գլոբալ իրադրության համար ավելի համապատասխան է վերը նկարագրված անկայուն զարգացման սխեման, քան կայուն զարգացման համակարգը: Գուցե ավելի ճիշտ է հետևյալ բանաձևումը. մարդկությունը տատանվում է այդ երկու իրավիճակների միջև, առայժմ իր մեջ բավարար ուժ չգտնելով համշխարհային սոցիալ-տնտեսական կարգի արմատական վերակառուցման համար՝ դեպի կայուն ապագա լիարժեք կողմնորոշման նպատակով:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հայեցակարգը, որը մշակվել էր երկրի գիտական և հասարակական սեկտորների կողմից դեռևս 2001-2002թթ. UNDP-ի աջակցությամբ, լիովին համապատասխանում է "Կանաչ համաձայնագրի” և "Ռիո+20” Գագաթաժողովի "Ապագան, որ մենք ցանկանում ենք” եզրափակիչ փաստաթղթի սկզբունքներին:

Թեև Հայեցակարգը հակիրճ տարբերակը ընդգրկվել էր 2002թ. Յոհաննեսբուրգի Գագաթաժողովում ներկայացված ՀՀ "Ռիո+10” Ազգային գնահատման զեկուցման մեջ, սակայն հայեցակարգը չիրագործվեց կյանքում, քանի որ երկրների մեծամասնությունը, ներառյալ Հայաստանը, հետևելով Վաշինգտոնյան կոնսենսուսի ճարտարապետների՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների հանձնարարականներին, իրականացնում էին նեոլիբերալ տնտեսական քաղաքականություն: Այսպիսով, ցավոք, բաց թողնվեց ռեֆորմների "շոկային թերապիայի” ընթացքում շտկումների իրականացման հնարավորությունը, գոնե մասնակիորեն խուսափելով "տրանսֆորմացիոն անկման” հսկայական կորուստներից, հետևելով, օրինակ՝ Չինական Ժողովրդական Հանրապետության փորձին: Ինչպես արդեն նշվել է, այդ երկիրը ընտրել էր ռեֆորմների իր ուղին, իրականացնելով էվոլյուցիոն անցում շուկայական հարաբերություններին, ներդաշնակորեն զուգակցելով երկրի սոցիալական ոլորտի դրական նվաճումները տնտեսությունը շուկայականի փուլային անցման հետ: Արդյունքում, Չինաստանը ներկայումս դառնում է աշխարհի երկրորդ տնտեսությունը:

Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ այժմ անցումային տնտեսությամբ երկրները ավել կամ պակաս շտկվում են "տրանսֆորմացիոն անկումից” և քայլեր են անում դեպի կանաչ էկոնոմիկա կողմնորոշվելու ուղղությամբ:

Նշվել է նաև, որ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներից առավել հաջողությունների են հասել Մերձբալթյան պետությունները, որոնք, ստանալով որոշակի օգնություն Եվրահամայնքից, իրականացրել են կայուն զարգացման ծրագրեր թե’ տեղական, թե’ ազգային, թե’ տարածաշրջանային մակարդակներով: Կուտակվել է որոշակի դրական փորձ և մյուս հետխորհրդային երկրներում: Ստորև բերվում են որոշ օրինակներ:

Ռուսաստանի դաշնություն: Երկրում մշակվել և իրականացվում է զանազան տվյալ ոլորտներն ընդգրկող էկոլոգիական ռազմավարություն:

Այսպես, Կեմերովոյում ծրագիր է իրականացվում կոշտ կենցաղային թափոնների դիֆերենցված հավաքման ուղղությամբ, որոնք օգտագործվում են էներգիա, շինարարական նյութեր, կենսապարարտանյութեր և այլ բաղադրիչներ ստանալու համար:

Մասշտաբային աշխատանք է տարվում Սանկտ-Պետերբուրգ քաղաքը էկոքաղաք դարձնելու ուղղությամբ: Որպես կարևոր ցուցանիշներից մեկը բերվում է Բալթիկ ծովի ջրի որակի բարելավմանն ուղղված գործունեությունը 2013թ-ին: Պետերբուրգը՝ աշխարհի միակ մեգապոլիսը, կհասնի կեղտաջրերի մաքրման 96%-ին: Հենց Սանկտ-Պետերբուրգում է պարբերաբար անցկացվում Նևայի էկոլոգիական միջազգային կոնգրեսը. Վերջին` 5-րդ կոնգրեսը նվիրված էր "Ռիո+20” Գագաթաժողովի թեմաներին:

Պլանավորվել է մոտ 185 միլիարդ ռուբլի տրամադրել շրջակա միջավայրի պահպանման Մոսկվա քաղաքի ծրագրին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կրճատել ավտոտրանսպորտից աղտոտող նյութերի արտանետումները, ավելացնել հատուկ պահպանվող բնական տարածքների մակերեսը (մասնավորապես քաղաքի փոքր կենտրոնում նախատեսվում է ստեղծել "լանդշաֆտային պարկ”), ինչպես նաև յուրաքանչյուր տարի պատրաստել մոտ 200 մասնագետ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում՝ էկոլոգիայի հիմունքներ դասավանդելու համար:

Ներկայումս Պետական Դումայում քննարկման է դրված էկոլոգիական օրինագծերի փաթեթ, որն ուղղված է շրջակա բնական միջավայրի վրա բացասական ազդեցության նվազման, թափոնների վերամշակման կատարելագործման, ժամանակակից կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն:

Հետաքրքիր են կայուն զարգացման նպատակներով տարածաշրջանային նախաձեռնությունները: Դա, նախ և առաջ« "Ալթայը մեր ընդհանուր տունն է” նախաձեռնությունն է, որը շահերի ընդհանրության հիմքով միավորում է 4 սահմանակից պետությունների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Չինաստանի մարզերը:

Բելառուսի Հանրապետություն: Բելառուսը աշխարհում առաջիններից մեկը մշակեց Կայուն զարգացման ազգային ռազմավարությունը (ԿԶԱՌ), համապատասխան "21-րդ դարի Օրակարգ”-ում նշված գերակայությունների և "Երկիր մոլորակը” (Ռիո-1992) գագաթաժողովի մեթոդական հանձնարարականների: Քանի որ Բելառուսը ընտրել է շուկայի անցման  էվոլյուցիոն ճանապարհը, էկոնոմիակայում նրա կորուստները եղան նվազագույնը, այսպես, եթե անցման շրջանում ՀՆԱ-ի կորուստները հետխորհրդային երկրներում կազմում էին 50-70%, ապա Բելառուսում այդ նվազումը բնութագրվում է միայն 10%-ով:

Երկրում ընդունվել է "Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի և պետական կանխատեսման մասին” օրենքը, որը նախատեսում է յուրաքանչյուր 5 տարին մեկ մշակել ԿԶԱՌ՝ որպես սպասվող ժամանակաշրջանի հիմնական ռազմավարական փաստաթուղթ: Յելի և Կոլումբիական համալսարանների գիտնականների կողմից մշակված  էկոլոգիական կայունության ինդեքսով Բելառուսի Հանրապետությունը 142 երկրների մեջ զբաղեցնում է 52-րդ տեղը, որը օպտիմալ ցուցանիշ է համարվում անցումային տնտեսությամբ երկրների համար:

Նշանակալից հաջողությունների են հասել նաև տեղական մակարդակով՝ կայուն զարգացման նպատակներով ռազմավարություններ մշակելու և ներդնելու գործում (Տեղական օրակարգ-21, ՏՕ-21, տե՜ս գլուխ 9): Այդ աշխատանքը հանրապետությունում սկսվել է 1999 թվականին. այդ ճանապարհին պիոներներ դարձան Գոմելի մարզի Տուրով քաղաքը և "Հույս” մանկական վերականգնողական կենտրոնը, իսկ ներկայումս մշակվել և իրականացվում են ավելի քան 60 ՏՕ-21 շրջաններում, քաղաքներում, գյուղական բնակավայրերում և մոտ 50 դպրոցական ՏՕ - 21.

Ղազախստանի Հանրապետություն. Սկսած 2011թ-ից, Աստանայում կայացած նախարարների "Շրջակա միջավայր Եվրոպայի համար” 6-րդ Կոնֆերանսից երկրում կատարվում են հետազոտություններ կանաչ էկոնոմիկայի բնագավառում: Պատրաստվել է ազգային զեկույց, որտեղ որպես կանաչ էկոնոմիկային անցման հիմնական գործիքներ առաջարկվում են հետևյալները.

- "Էկոլոգիական” հարկման համակարգերի բարեփոխումը՝ բեռնվածությունը աշխատանքի հարկերից աղտոտման հարկեր տեղափոխել
- "կանաչ” գնագոյացման ներմուծումը
- էկոլոգիական մաքուր արտադրանքի խթանման "կանաչ” պետական գնումների քաղաքականության ներմուծումը
- կայուն արտադրության և սպառման մոդելների օգտագործումը
- կայուն ենթակառուցվածքների զարգացումը (ներառյալ հասարակական տրանսպորտը, էներգիայի վերկանգնվող աղբյուրները, էներգաարդյունավետ շենքերի կառուցումը)
- պետական աջակցությունը այն հետազոտությունների և նախագծերի, որոնք կապված են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ստեղծման հետ:

Կառավարության որոշմամբ 2012-ին ստեղծվել է Կանաչ էկոնոմիկայի անցման ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է օգտագործի այնպիսի փաստաթղթերի փորձը, ինչպես "21-րդ դարի Ղազախստանյան օրակարգը”, "2007-2024թթ. Ղազախստանի Հանրապետության կայուն զարգացմանն անցնելու հայեցակարգը”, որոնք կարևոր դեր են խաղացել երկրում կայուն զարգացման գաղափարների տարածման և ազգային էկոնոմիկայի էկոլոգացման գործում:

Ուկրաինայի Հանրապետություն. Երկրում մշակվել է տնտեսությունում "կանաչ ուղղության” ներդրման քաղաքականությունը, որի արդյունքը կարող է լինել.

- ազգային տնտեսությունում "կանաչ ուղղության” ներդրումն ակտիվացնելու մեջ ձեռնարկությունների, կազմակերպությունների, տարբեր մակարդակի իշխանական կառույցների տնտեսական շահագրգռվածության ձևավորումը
- երկրում արտադրության և սպառման ապանյութականացման, ինֆորմատիզացիայի, էկոլոգացման էական արագացումը
- տնտեսական համակարգի կառուցվածքային վերակառուցումը, շրջակա միջավայրի աղտոտումից էկոլոգատնտեսական կորստի նվազումը
- հասարակական զարգացման տնտեսական և գաղափարական նոր մոդելի ձևավորումը, որը հիմնված է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, նրա ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, արտադրական ցիկլերում գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների լայն ներգրավման վրա:

Առաջարկված է ԷԿՈՊՈԼԻՍ-ի պիլոտային նախագիծ` որպես կայուն զարգացման ձևավորված տարածաշրջան:

Կայուն զարգացման նպատակներով մշակվել և հաստատվել են նաև ԱՊՀ երկրների համար ընդհանուր ծրագրեր կանաչ էկոնոմիկայի համատեքստում:

- ԱՊՀ երկրների տնտեսական խորհուրդը 2005թ. մարտի 11-ին հաստատեց "Էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման բնագավառում ԱՊՀ անդամ-երկրների "համագործակցության սկզբունքները և հիմնական ուղղությունները”:
- ԱՊՀ ղեկավարների Խորհուրդը 2008թ. նոյեմբերի 14-ին հաստատեց "ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը մինչև 2020թ. ժամանակահատվածում”, համաձայն որի ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսական զարգացումը կիրականացվի արտադրանքի միավորի վրա հումքի տեսակարար ծախսի և առաջացած թափոնների կրճատման նպատակով տեխնոլոգիաների կատարելագործման շրջանակում և կապահովի երկրորդային ռեսուրսների օգտագործման համակարգի ստեղծումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազումը:

Դա ենթադրում է.
-ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ստեղծումն ու ներդրումը;
-այլընտրանքային էնեգետիկայի զարգացումը, այդ թվում` էներգիայի ստացումը ոչ ավանդական, վերականգնվող աղբյուրներից:

Վերոհիշյալ փաստաթղթերը ապահովում են անհրաժեշտ նորմատիվային-իրավական բազան ԱՊՀ անդամ-պետությունների համակարգված գործունեության համար՝ կանաչ էկոնոմիկայի զարգացման և դեպի կայուն զարգացում վերակողմնորոշման նպատակով:

Ընդհանրացնելով և վերլուծելով իրադրությունը գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում, կարելի է գալ հետևյալ եզրակացության. քաղաքակրթությունը ձևավորել է տեսական և գործնական բավարար կարողություն վերոնշյալ մարտահրավերների և խոչընդոտների հաղթահարման և "Ռիո+20” Գագաթաժողովի "Ապագան, որ մենք ցանկանում ենք”  հանրագումարային փաստաթղթի հիմնական դրույթների իրականացման համար:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2657 reads | 26.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com