ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԱԲՆԱԿ ԿՈԲԱՆԻԻ ՇՐՋԱՆԸ՝ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԶՈՀ
Սիրիայի «Մարդու իրավունքների ինստիտուտը» հայտարարել է, որ «Իսլամական պետություն» կազմակերպությունն իր գերակայությունը Սիրիա-Թուրքիա սահմանային գոտում հաստատելու նպատակով սեպտեմբերի 21–ին շրջափակման մեջ է առել քրդաբնակ Կոբանիի տարածաշրջանը: 

Կոբանին՝ նույն Այն-Ալարաբ (բառացի նշանակում է «արաբների աչք») շրջանն է, որն ըստ բնակիչ քրդերի թվի՝ իր մեծությամբ երրորդ քրդական համայնքն է Սիրիայում: 

«Մարդու իրավունքներ» ընկերության տնօրեն Ռամի Աբդ Ալ-Ռահմանը ֆրանսիական լրատվամիջոցներին հաղորդել է, որ վերոնշյալ ծայրահեղական խմբավորումը, սկսած սեպտեմբերի 16–ից, իր վերահսկողությանն է ենթարկել Կոբանիի շրջանին պատկանող ավելի քան 60 գյուղ՝ հայտնվելով Կոբանի քաղաքից ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա: Քաղաքը մշտապես գտնվելով Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ՝ օժանդակել է տեղական ընդդիմադիր և օտարերկրյա այլևայլ խմբերի՝ հեղափոխական շրջանում դեպի տարածաշրջան ներթափանցման կանխմանը: 

Կոբանիի շրջանի սիրտը համարվող համանուն քաղաքի գրավմանը տալով ռազմավարական մեծ նշանակություն՝ «Իսլամական պետությունը» ձգտում է աշխարհագրական փոփոխություն կատարել սեփական քարտեզի վրա՝ առաջխաղացում իրականացնելով դեպի Թուրքիայի սահմանները: 

Տրամաբանական է, որ Կոբանի քաղաքի գրավումը «Իսլամական պետության» կողմից լուրջ սպառնալիք կդառնա՝ կախված քրդաբնակ մյուս շրջանի՝ Սիրիայի արևելքում գտնվող Կամիշլիի գլխին: 

Կոբանի քաղաքի համար մղվող մարտերը, որոնք սեպտեմբերի 16-ից առ այսօր չեն դադարում, խլել են առնվազն 37 դաեշականի և 27 քուրդ բնակչի կյանք: 

ԴԱԵՇ-ի զոհված զինյալները մեծամասամբ այլազգիներ են, ավելի ստույգ՝ չեչեններ և Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ:
Կոբանի քաղաքի և նրա արվարձանների քուրդ բնակիչները, վախենալով ԴԱԵՇ-ի հաշվեհարդարին ենթարկվելու սպառնալիքից, փախուստի են դիմել դեպի թուրքական սահմանամեձ շրջաններ: اة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ը մեջբերում է ՄԱԿ-ի տեղեկատվությունը, որ սեպտեմբերի 18-ից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում մոտավորապես 70 հազար քուրդ է ապավինել հարևան Թուրքիային:
Թուրքիա գաղթած սիրիացի քրդերը լրագրողներին պատմել են ջիհադական ահաբեկիչների սարսափազդու արարքների մասին: Օրինակ, թե ինչպես են նրանք այրել ու ավերել իրենց բնակարանները կամ էլ կտրել տները չլքող մարդկանց գլուխները: 

قناة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ը նաև հիշատակում է, որ մոտ 300 քուրդ զինյալ Թուրքիայից շտապ մեկնել է Սիրիա՝ օգնելու «քուրդ եղբայրներին»: 

Սիրիական ընդդիմությունն իր հերթին հորդորել է միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու Այն-Ալարաբի էթնիկ զտումը»: 

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
664 reads | 23.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com