ՉԱՎԵՍ. ԴԻԿՏԱՏՈ՞Ր, ԹԵ՞ ԱՆՀԱՋՈՂԱԿ
Գրեթե ողջ աշխարհը այս օրերին քննարկում է ՈՒգո Չավեսի մահվան պատճառներն ու դրանից բխող հետևանքները: Նույնիսկ Բելառուսում եռօրյա սուգ է հայտարարված: Իսկ անձամբ ինձ համար նա ուղղակի հերթական չկայացած հեղափոխական էր: Շատերը կասեն, որ նա համարձակ էր ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, թե իբր այդ երկրին զերծ էր պահում Վենեսուելայի ներքին գործերին խառնվելուց, բայց կսխալվեն, քանի որ արտահանվող վենեսուելական նավթի 50%-ից ավելին գնում է հենց ԱՄՆ-ն: 

1999-ից Չավեսի կուսակցությունը հաղթեց աղքատ խավի ձայների շնորհիվ՝ 56%, իսկ արդեն 2000-ի նախագահական ընտրություններում՝ 59%: 2002-ին նա համընդհանուր գործադուլի պատճառով քիչ էր մնում կորցներ իր իշխանությունը, սակայն ճնշելով ընդդիմությանը, այն պահեց իր ձեռքում: 

2006-ի ընտրություններում նա հաղթեց 63%-ով, խոստանալով ընդլայնել իր հեղափոխական քաղաքականությունը (մերօրյա «Հավատանք, որ փոխենք»): Ընտրվելուց հետո վերացրեց նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը: Սակայն նրա տնտեսական քաղաքականությունը ոչ միայն չհաջողվեց, այլև հանգեցրեց 30% գնաճի, որը իր կաշվի վրա զգաց հենց ցածր և միջին խավը: Նրա օրոք Կարակասը դարձավ աշխարհի ամենավտանգավոր մայրաքաղաքը, իսկ կաշառակերության մակարդակը կտրուկ բարձրացավ: 

Նա սկսեց որպես նախագահ-հեղափոխական, սակայն այդպես էլ հստակ տնտեսական քաղաքականության ծրագիր չմշակեց: Նա թողեց աղքատ խավին նույն մակարդակին, և մի բան էլ ավելի խորացրեց, սակայն պարբերաբար օգնություն էր ցուցաբերում նրանց, ինչի շնորհիվ էլ տպավորություն էր ստեղծվել, թե նա մտածում է իր ժողովրդի մասին: 

Ինչպես և նրա 19-րդ դարի հերոս Սիմեոն Բոլիվարը, Չավեսը սկսեց որպես արմատական հեղափոխական, բայց ավարտեց իր ուղին որպես ավտորիտար դիկտատոր: Ի տարբերություն Բոլիվարի, նա չապրեց այնքան, որպեսզի վենեսուելացի ժողովուրդը անձամբ գահընկեց աներ նրան:

Այսքանից հետո ինքներդ դատեք, բռնակա՞լ էր նա, թե՞ հեղափոխական: 

Ի դեպ, նույնիսկ նրա մահը համընկավ Ստալինի մահվան օրվա հետ՝ Մարտի 5:

ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1416 reads | 07.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com