«ԽՃԱՆԿԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ». ԱՆՀԱՏԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ
ԼԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ





Մարդ-հասարակություն հարաբերությունները մշտապես եղել են ուսումնասիրությունների թիրախում` լինելով ամենաարագ փոփոխվող ու կարևորագույն սոցիալական արժեք ներկայացնող հարաբերությունների շարքում: Գլոբալացման արդի ժամանակահատվածում ուսումնասիրողների ուշադրությունը կրկին գամվել է մարդ-հասարակություն փոխհարաբերություններին, որոնք սկսել են փոփոխվել աննկարագրելի թափով:

Գլոբալացումը որակապես փոխում է հասարակության տնտեսական, քաղաքական և մշակութային համակարգերը` կաթվածահար անելով անհատի` նախկինում արմատացած աշխարհայացքը, ստիպելով մտածել, որ ինքն անկարող ու թույլ է մի անորոշ համակարգի առաջ: Եթե նախկինում մարդն իրեն պաշտպանված էր զգում սեփական երկրի սահմաններում, ուր գրեթե բոլորն ունեին գրեթե նույն մտակաղապարներն ու սոցիոմշակութային արժեքները, ապա հիմա հասարակությունները միախառնվում են` միանալով մեկ ընդհանուր «գլոբալացում» իդեայի շուրջ, և մարդն իրեն նախկին սահմաններում անպաշտպան է զգում: Առաջանում է մի տեսակ վախ ապագայի նկատմամբ, որին էլ հաջորդում է պաշտպանական ռեակցիան` արագ նոր միջավայրին հարմարվելու տեսքով:

Չմոռանանք նշել, որ ներկայիս գլոբալացվող աշխարհը միևնույն ժամանակ չի դադարում հակամարտող աշխարհ լինելուց, և սահմանները մի կողմից միախառնվում են, մյուս կողմից` էլ ավելի սրվում: Կոնֆլիկտներն ու հասարակական բարքերի անհամատեղելիությունները դժվարեցնում են գլոբալացման բացարձակ գաղափարն ու այստեղ է, որ շատ գիտնականներ գլոբալացմանը զուգահեռ կամ դրա փոխարեն օգտագործում են գլոկալացում տերմինը:

Գլոբալի ու լոկալի միջև է կիսվում ժամանակակից մարդու ինքնությունը: Այս դիալեկտիկական համակարգում մարդ-հասարակություն հարաբերությունը ավելի է բարդանում: Մարդը սկսում է հանդես գալ թե իբրև օբյեկտ, թե իբրև սուբյեկտ այս հարաբերությունում, քանի որ մի կողմից ենթարկվում է բացարձակ գլոբալացման, մյուս կողմից ունի իր լոկալ աշխարհայացքն ու փորձում է դիմադրել:

«Ես»-ի ու «մենք»-ի գիտակցումը մարդու մոտ խառնվում է: Եթե նախկինում «մենք»-ը ազգի գաղափարն էր, իր ողջ արժեհամակարգով, ապա այժմ այդ գաղափարում ամրակայվում է այն ողջ արժեհամակարգը, որ բերում է գլոբալ մշակույթը:

Երկիրը գլոբալացվում է էկոնոմիկ, մշակութային, տնտեսական, տեխնիկական և մի շարք այլ ուղիներով: Քանի որ իդեաների, ֆինանսների, տեխնիկայի հոսքերն առավելապես ուղղված են արևմուտքից արևելք և միայն մարդկային հոսքն է ուղղված հակառակ ուղղությամբ, ստացվում է, որ գլոկալացումը, որքան էլ հուզիչ ու ցանակալի, նույնքան ուտոպիական գաղափար է: Գլոկալացման կամ, ինչպես անվանված է «Լուսանցագրություն. զանգվածային մշակույթի մասին» հոդվածում, սոցիալիստական արդիականացման «հեռանկարն անհետացել է, հասարակական առաջընթացի գաղափարն այլևս չունի նախկին հավաստիությունը…» (Հրաչ Բայադյան. «Լուսանցագրություն. զանգվածային մշակույթի մասին» http://hetq.am/arm/articles/19013/lusancagrutyun-zangvatsayin-mshakuyti-masin.html):
 
Գլոբալացման արդի փուլում լոկալ արժեքները սկսում են չաշխատել: Մարդու արժեքային համակարգը, ով ապրում է ներկայիս դարաշրջանում հարկ է խճանկարայաին անվանել, քանի որ այն ձևավորվում է ինֆորմացիոն խառը հոսքերի ուղղակի ազդեցությամբ:

«Խճանկարային մշակույթ» եզրն առաջին անգամ առաջարկել է Աբրահամ Մոլը, ով գտնում էր, որ դա մի սոցիոմշակութային իրողություն է, որ բնութագրվում է տարաբնույթ ինֆորմացիայի մատուցմամբ հասարակության լայն շերտին կամ մեծամասնությանը, ինչի արդյունքում այդ ինֆորմացիան չի դասավորվում մարդկանց գիտակցության մեջ հիերարխիկ կառուցվածքով, այլ մնում է կցկտուր, այնպիսին, ինչպիսին է խճանկարը:

Աբրահամ Մոլի կարծիքով «Խճանկարային մշակույթ»-ի «կերտման» գործում մեծ է ԶԼՄ-ների դերը, որոնք, գուցե, կարող էին ձգտել լոկալացման, բայց իդեաները ձևավորվում ու տարածվում են արևմուտքից, և արևելյան երկրների ԶԼՄ-ները մեծամասամբ ուղղակիորեն հաղորդում են նույն ինֆորմացիան ու իդեան:

Արևմուտքը ապրանքների ու նյութական արժեքների աշխարհն է, ուստի ինֆորմացիոն, տեխնոլոգիական ու գաղափարական հոսքերը, որ գալիս են այնտեղից, հակված են ստեղծելու այդ նյութական արժեքները սպառող հասարակություն: Այդ պրոցեսը տեղի է ունենում ոչ այնքան ԶԼՄ-ների, որքան գովազդի միջոցով: Ուստի ժամանակակից մարդուն կարելի է «homo reclamus» անվանել` պնդելով, որ այս նոր մարդու արժեքային համակարգում մշակութային երևույթներն ու պրոցեսները դասավորված են քաոտիկ դասավորվածությամբ, ստեղծում են մի տեսակ խճանկար, որում բացակայում է պատճառահետևանքային կապը:

Ստացվում է, որ մարդը դառնում է զուտ օբյեկտ, որի վրա ուղղված է ողջ այս ազդեցությունը, անկախ իր լոկալ արժեքներից, նա ամեն վայրկյան կրում է գլոբալցման բերած արժեքային փոփոխությունները, որոնք ոչ թե ինքնուրույն արժեքներ են, այլ հակված են տալ մարդուն ուտելիք կամ դեղ, զինել նրան տեխնիկապես կամ ավելի հարմար դարձնել նրա կյանքը:

Բերենք մեկ հասարակ օրինակ: Եթե տարիներ առաջ Երևանի այս կամ այն ծայրամասում կարելի էր հանդիպել ոտքից գլուխ սև հագնված, երկար քթերով կոշիկներով, մազերը տարօրինակ սուր սանրած, ծռված բերանով խոսող ու ժեստերի լոկալ համակարգ ունեցող տղամարդկանց խմբերի, ապա այսօր նրանց ներքին բովանդակությունը չի կրել որևէ փոփոխություն, բայց այդ նույն խումբը այժմ հանդիպում է կապույտ կամ կարմիր կոշիկներով, հագնված, այսպես ասած, եվրոպական ոճով, մինչդեռ, հարկ ենք համարում կրկնել, բովանդակությունը մնացել է ամբողջապես նույնը: Հենց սա, թերևս, պետք է նկատի ունենալ`ասելով, որ վերացել է մարդու արժեհամակարգի պատճառահետևանքային կապը, և մարդը դարձել է խճանկարային:

«Լուսանցագրություն. զանգվածային մշակույթի մասին» հոդվածում նաև նկատված են «արվեստի գործի և առհասարակ մշակույթի ապրանքայնացումը, մշակույթի ընկալման համար լսարանից պահանջվող ունակությունների շեմի ծայրահեղ իջեցումը»: Հոդվածագիրը, մեջբերելով Ադոռնոյի միտքը, հավաստում է, որ «սրանք, թելադրված լինելով շուկայի տրամաբանությամբ, արտահայտվում էին մասնավորապես երաժշտական և այլ «աստեղերի» պաշտամունքի մեջ, երբ ստեղծագործության գեղագիտական արժեքին փոխարինում էր «պաշտամունքային արժեքը», որը նրա առևտրային կարգավիճակի և մասսայականության հետևանք էր: Ստանդարտացված մշակույթը ծնում էր ստանդարտացված սպառման ձևեր և սպառողներ` ի վերջո ձևավորելով հարմարվողական հասարակություն»:

Միօրինակության հոգնացուցիչ պատկերը ստեղծում է մարդու գիտակցության դեֆորմացիայի տպավորություն: «Homo sapiens»-ը դադարում է գիտակցաբար ընտրել` ինչ հագնի, ինչպես լուծի այս կամ այն պրոբլեմը, ինչ հայացք ունենա այս կամ այն հարցում: Ձևավորվում է անկարողություն բոլոր այս խնդիրների նկատմամբ, և իբրև լուծում մարդն ընտրում է այն, ինչ մատուցվում է սկուտեղի վրա: Բացարձակ ագիտացիայի ու պրոպագանդայի դարում արժեքները պարզապես չեն հասցնում լոկալացվել, իսկ բացարձակ գլոբալացումը, պարտադրվելով հատկապես համացանցից, ստեղծում է տեսողական խաբկանք, թե մարդն ստանում է ամենատարբեր, խայտաբղետ, ոչ միատարր ինֆորմացիա և ունի ընտրության լայն գունապնակ: Այս պնդումը հերքելու համար բավական է բարձրացնել մի հարց. համաշխարհային կոնֆլիկտների թվում այսօր առաջիններից է Սիրիական կոնֆլիկը, ե՞րբ է հայ մարդը ստացել որևէ ինֆորմացիա այդ կոնֆլիկտի մասին բուն սիրիական աղբյուրներից: Կարծում ենք` պատասխանը ակնհայտ է: Մեր ստացած ինֆորմացիան այս մասին «ներկրված է» կամ Ռուսաստանից, կամ ԱՄՆ-ից, ուստի լոկալ ենթադրությունների մասին խոսելն ավելորդ է:

Այս հոդվածը բնավ միտք չունի նսեմացնել ու քարկոծել ժամանակակից մարդուն: Անշուշտ, շատերին հաջողվում է գիտակցել խճանկարային մշակույթի բերած ողջ վտանգն ու խուսափել ինդիվիդի ճնշումից, փնտրել ինֆորմացիայի, տեխնոլոգիայի ու իդեաների այլընտրանքային ուղիներ, կազմել լոկալ արժեհամակարգ, բայց, ցավոք, ինչպես ժամանակին գրերն ու գրագիտությունը, այնպես էլ այժմ գլոկալացումը տրվում է ու հասանելի է ոչ բոլորին:

Նկատի ունենալով, որ մարդը մշտապես բախվել է ճշմարտության պրոբլեմին, շատ փիլիսոփաներ ու փիլիսոփայական ուղղություններ հերքել են ճշմարտության գոյությունն առհասարակ, պնդելով, որ նյութական աշխարհն անսպառելի է, իսկ դրա ընկալումը սուբյեկտիվ (Սանդրո Հակոբյան «Փիլիսոփայության դասընթաց»)` մի տեսակ ներքին համաձայնություն է ձևավորվել մարդկանց մոտ ճմարտություն անվանել այն ամենը, ինչի հետ համաձայն է հասարակության մեծամասնությունը: Ահա մեծամասնությունն է, որ սկսել է ձևավորել հանրային օրակարգը, իսկ մեծամասնությունը այսօր, ցավոք, թե բարեբախտաբար, ոչ թե գլոկալացման, այլ գլոբալացման ուղղակի ազդեցությունը կրողն է:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2773 reads | 15.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com