ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՐԱՆԸ ՈՐ ՓԱԿԵՔ, ՀՈ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԵՐԱՆԸ ՉԵ՞Ք ՓԱԿԻ. ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հուլիսի 9-ին Հրապարակ օրաթերթը ilur.am կայքի հետ համատեղ վերաքննիչ բողոք ներկայացրեց, պահանջելով կասեցնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որով ԶԼՄ-ները պարտավորվում են տեղեկատվության աղբյուր բացահայտել: Աղբյուրի բացահայտման որոշումը կայացվել է առանց մեր՝ լրագրողներիս մասնակցության: Մեզ փաստի առաջ են կանգնեցրել փոստային ծառայության միջոցով: Անգամ փաստի առթիվ գործ հարուցելու մասին հրապարակավ չեն հայտնել: Հիշեցնենք, որ երկու լրատվամիջոցները նույն օրը՝ մայիսի 9-ին, մեկը մյուսից անկախ, հրապարակել էին անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններ Շիրակի ոստիկանապետ Նադարյանի եւ մարզիկներ Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյանների միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին, որի ընթացքում ոստիկանապետը զենք է պահել տղաների վրա, հարվածել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով:

Մարդկանց, գյումրեցիներին հատկապես անտարբեր չի թողել ազատ մամուլի դեմ այս հարձակումը: Երեկ բազմաթիվ արձագանքներ ստացանք Գյումրիից: Մի մասը մեղադրում էր Ալեքսանյան եղբայրներին, որոնք, այդ քաղաքի պարծանքը հանդիսանալով, ընկրկել են բարձրաստիճան իրավապահների առաջ եւ լռել, հնարավորություն տալով կոծկել միջադեպը: «Ամոթ է, փոխանակ սպորտսմենը խոսի, նրա տեղը դատախազությունն է խոսում, լրատվությանն էլ դատի են տալիս,- մեկնաբանում է ընթերցողներից մեկը։- Այդ մի միջոցն է մնացել, որին մարդիկ օգնության են կանչում, դրա բերանն է՞լ են ուզում փակելե: Մյուսները, մտնելով մարզիկների վիճակի մեջ, զայրացած էին դատախազության պահվածքից՝ հույս դնելով Եվրոպայի վրա, որը չպետք է հանդուրժի աղբյուրի բացահայտման նախադեպի ստեղծում. «Փաստորեն, դատախազն սկսել է մամուլը լռեցնելու անհեռանկար գործը: Այդտեղ էլ երկիրը խայտառակեք՝ պրծնենք: Կամ՝ լրատվության բերանը որ փակեք, հո ժողովրդի բերանը չե՞ք փակիե: Իսկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզե ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն անգամ առաջարկեց իրեն նշել որպես տեղեկատվության աղբյուր։ «Ես եմ էդ տեղեկությունները հաղորդել Հրապարակին, դատարանին քշեք՝ գա էս կողմ,- գրեց նա ՖԲ-ում: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աղբյուրի բացահայտման վերաբերյալ դատական որոշումը, եւ որքանո՞վ է այն օրինական: Այս հարցն ուղղեցինք ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանին, որը լիազորված է ներկայացնել լրատվամիջոցներին դատաքննության ժամանակ եւ աշխատելու է փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ: <<Այս քայլն ուղղված է ոչ թե ճշմարտության բացահայտմանը,- ասաց իրավաբանը,- այլ ուղղված է մամուլի դեմ>>:

Միջադեպը թեեւ հնչեղություն ունեցավ, բայց լրատվամիջոցին աղբյուրի բացահայտում պարտադրելու համար պետք է որ այդ բացահայտումն առնչվի հասարակության քրեաիրավական կենսական շահին: Այսինքն, աղբյուրի բացահայտումն ավելի շատ պետք է նպաստի հասարակական շահին, քան դրա գաղտնիության պահպանումը: Ակնհայտ է, որ այս դեպքի հետ կապված բացահայտումը չի կարող կենսական շահին նպաստել: Մենք դատական ակտից չենք հասկանում, թե արդյո՞ք քննչական մարմինն սպառել է բոլոր այլընտրանքային միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու: Որպեսզի մենք իմանայինք այդ մասին, լրատվամիջոցը պետք է մասնակցեր քննությանը: Նա պետք է վստահ լինի, որ այլեւս այլ ճար չկա ճշմարտությունը բացահայտելու, եւ, որպես վերջին աղբյուր, մնում է նրա՝ լրագրողի աղբյուրը, ինչն այս դեպքում չի արվել:

Ըստ իրավաբանի, հոդվածը, որով հարուցված է քրեական գործը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, ֆորմալ մտնում է ծանր հանցագործությունների մեջ, քանի որ ենթադրում է 2-6 տարի (այսինքն՝ 5 տարուց ավելի) ազատազրկում: Բայց եթե կատարված արարքը պետք է լիներ այնպիսին, որ կատարողին պետք է առավելագույն պատժի դատապարտեն, նշանակում է, նա պետք է արդեն կասկածյալ կամ մեղադրյալ լիներ: «Բայց պաշտոնյան, որը, ըստ մամուլի, կատարել է արարքը, ոչ միայն շարունակում է մնալ ազատության մեջ, այլեւ պաշտոնավարել որպես իրավապահ համակարգի ղեկավար՝ Գյումրիի ոստիկանապետ: Այստեղ խոսել հասարակության քրեաիրավական կենսական շահի մասին, առնվազն ծիծաղելի էե,- եզրակացրեց իրավաբանը: Սա առաջին դեպքն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ, երբ ԶԼՄ-ներին դատական կարգով պարտադրում են աղբյուր բացահայտել: Նմանատիպ դատավարություն, սակայն ոչ լրատվամիջոցների նկատմամբ, եղել է նախագահ Քոչարյանի պաշտոնավարման առաջին շրջանում: Պողոս Պողոսյանի սպանության գործով դատաքննության դրվագներից մեկով հանգուցյալի եղբայրը պահանջեց լրագրող Լիլիթ Սեյրանյանից աղբյուրի բացահայտում: Զարմանալիորեն, դատարանն այդ գործով մերժեց նրա միջնորդությունը: Համարելով, որ սա զրպարտանքի տարր է, դատարանը պարտադրեց լրագրողին հերքում տալ: Բայց անգամ այդ դաժան ժամանակաշրջանում, մի գործով, որն առնչվում էր նախագահի թիկնապահին, դատարանն անկախություն դրսեւորեց եւ մերժեց դիմողի պահանջը, պաշտպանելով աղբյուրի գաղտնիությունը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
<<Հրապարակ>>
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
676 reads | 10.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com