ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր






Երկաշարժի 25-ամյակի առիթով լույսին բերվող մտածումներին ու հրապարակումներին քաղաքական հնչեղություն տալը, կամ նրա հետ կապված երեւույթները քաղաքականացնելը գուցե ճիշտ պիտի չլինեին լրագրական էթիկայի դիտանկյունից:

Երկրաշարժի զոհերի հիշատակի հարգումը ինքն իրեն պարտադրում է նման պահերի եւ այդ հարգման սկզբունքից մեկնած դիտարկվում են շինարարական աշխատանքները, զոհերի հարազատներին հասած օժանդակությունները, բնակարանային շինությունները, քաղաքի վերակառուցումը ընդհանրապես եւ վերականգնողական համապատասխան աշխատանքները:

Աղետի գոտու մասին է խոսքը ընդհանրապես, բայց առավելաբար Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրու, որը երկրաշարժի կենտրոնն էր: Իսկ Գյումրի անունը, եթե առաջին հերթին նման պահի երկրաշարժի բոլոր հետեւանքների վերացման աշխատանքներն է հուշում, զուգահեռ ընդգծում է նաեւ աշխարհաքաղաքական բեւեռի վերածվելու հայտարարությամբ քաղաքական բեմի վրա ներկա՝ հայտարարող երկրի ղեկավարի այցելությունը:

Գյումրու Թուրքիային սահմանամերձ լինելը, ռուսական ռազմակայանի ընդարձակումը, նոր զորքի ժամանումը եւ անշուշտ Մոսկվայի թիվ մեկ ղեկավարի այցելությունը ցուցանիշ են քաղաքին տրված կարեւորության, այս դեպքում տարածաշրջանային մակարդակով: Պարզ էր ու ակնկալելի, որ Անկարան պիտի անհանգստանար Գյումրու վրա նման կենտրոնացումների արձանագրմամբ: Եւ եթե մի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանին թուրքական կողմը եւրոպական ֆինանսավորմամբ ականազերծվում է, ընդհանրապես Անկարայի կողմից աշխուժացած խաբկանքի քաղաքականության շրջածիրում, մյուս կողմից այլ սահմանների վրա ռուսական ռազմակայանն ընդարձակվում է եւ նոր զորախմբով համալրվում:

25 տարի առաջ ավերված Գյումրին, մոխիրներից հարություն է առել, վերականգնվել եւ քաղաքի տեսք ստացել վերջին շրջանում: Գյումրին այժմ, շրջանային ու նաեւ միջազգային իրադարձությունների նորագույն զարգացումների լույսի տակ ռազմաքաղաքական հատուկ կարեւորություն է ստանում:

Գյումրի կատարված այցը հետևեց Հայաստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին: Մաքսային միությանն անդամակցելու որոշման հայտարարությամբ եւ Վիլնյուսում Եւրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրության արարը կորցրած Երեւանը, միջազգային ընտանիքին փոխանցում էր, որ ինքը պատրաստ է շարունակելու բազմավեկտորային քաղաքականությունը: Գյումրի կատարված թե այցն ինքնին, թե նրան հետեւած տարածաշրջանային ընդգրկվածություն ունեցող բազմաթիվ համաձայնագրերի կնքումը եւ ռազմակայանի ընդարձակման հետ կապված նոր որոշումները, հայտնապես դժվարացնում են Երեւանի հայտարարած բազմավեկտորային քաղաքականության կիրառումը:

Գյումրին սակայն, ոչ միայն Մոսկվայի համար, այլ նաեւ ԵՄ-ի համար, այլ ուղղությամբ անշուշտ, ռազմավարական հատուկ կարեւորություն ներկայացնող աշխարհագրական միջավայր է: Անկախ սահմանադռների անցակետերից, Գյումրին Կարսի հետ այն քաղաքն է, որը պիտի կամրջի երկու երկրները: Ռուսաստանի համար զսպելու թուրքական թափանցումները դեպի Կովկաս, իսկ ԵՄ-ի համար` Կոկվասից դեպի Եւրոպա կարեւոր մայրուղի հարթելու:

Երկրաշարժի 25-ամյակին, զոհերի հիշատակի հարգումը ամեն ինչից առաջ պատաւորեցնող է իհարկե։ Սակայն Գյումրին այս օրերին իր վրա է կենտրոնացրել ռազմաքաղաքական կարեւորությունը: Երկրաշարժով ավերված Գյումրին վերականգնված է այսօր, 25 տարի հետո: Ոչ միայն վերականգնված, այլ ստացած աշխարհաքաղաքական նշանակություն:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
686 reads | 07.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com