ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ (ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ)
 
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
 
 
 
 
 
Լեռնային Ղարաբաղը վաղնջնական ադրբեջանական հող է: Ադրբեջանցիները այդ երկրամասում ապրել են դարերով, իսկ հայերը եկել են այդտեղ որպես հյուր… Պարզապես XIX դարում հայերի վերաբնակեցումը ուրիշ շրջաններից Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է դեմոգրաֆիական իրավիճակի փոփոխությանը և ԽԱՀՄ փլուզման պահին հայերն այնտեղ կազմել են մեծամասնություն: 

Մենք աչք չենք տնկում ուրիշ երկրների տարածքների վրա: Չնայած նրան, որ այժմյան Հայաստանի Հանրապետությունը ստեղծված է ադրբեջանական պատմական տարածքների վրա,… ադրբեջանական ժողովրդի համբերությունը անսահման չէ: Մենք պետք է վերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Վերևում բերված ռասիստական զառանցանքը վերցրված է Ադրբեջանի նախագահ Ալիևի` 2010թ. հունիսի 24-ին կայացած զինվորական զորավարժությունների մասնակիցների առաջ արտասանած ճառից:


Ահա այսպես, կարծես չեն եղել`Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները, որտեղ առաջին անգամ հիշատակվում է Արցախը՝ որպես այդ թագավորության մեջ մտնող երկրամասերից մեկը. Այնուհետև որպես Մեծ Հայաստանի տասերորդ նահանգ.

Արցախում նոր թվարկությունից առաջ Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ քաղաքը, որի պեղումներն արդեն մի քանի տարի է, ինչ մեծ հաջողությամբ իրականացվում են.

IV դարում կառուցված Ամարասի վանքը ուր V դարի սկզբին հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բացել է առաջին հայկական դպրոցը: Ամարասում է գտնվում Գրիգոր Լուսավորիչի թոռ` Գրիգորիսի գերեզմանը (338թ.), որը տարածել է քրիստոնեությունը Արցախում.

V դարում Վաչաgան Բարեպաշտի կողմից ստեզծված Արցախ-Ուտիքի թագավորությունը Պարտավ (այժմ Բարդա) մայրաքաղաքով.

Առանշահիկների իշխանական տոհմը, որը Պարսկաստանի կողմից ճանաչվել է որպես թագավորական.

Խաչենի իշխանությունը, որի վերելքի տարիներին` 1216-1238 թթ. կառուցվել է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Գանձասարի վանքը, որի քարե պատերին հայերենով փորագրված է հայկական երկրամասի հերոսական պատմությունը.

Հայկական ճարտարապետության այլ վեհաշուք կոթողները` Սուրբ Հակոբ, Դադիվանք, Երեք Մանկունք, Եղիշե Առաքյալ, Գտիչ, Քոլատուկ գյուղի շրջակայքի թավ անտառներում գտնվող Կոշիկ Անապատի վանքային վեհաշուք համալիրը և ուրիշներ:


Արցախում (հետագայում կոչվել է նաև Փոքր Սյունիք, Խաչեն, Ղարաբաղ) հայկական նախարարական-իշխանական գործունեությունը երբեք չի ընդհատվել, անգամ թաթար-մոնղոլական լծի ժամանակ: XVI դարից սկսած՝ հին նախարարական տներին փոխարինում են մելիքությունները (Մելիք` նշանակում է իշխան, տիրակալ) և Արցախ-Ղարաբաղում սկսում են իշխել Խամսայի հայկական Մելիքությունները («խամսա»-արաբերեն` հինգ): Դրանք են`

1. Գյուլիստան – տարածվում է Գանձակից (Գյանջա) մինչև Թարթառ գետը (ընդգրկում է մոտավորապես նախկին Ադր. ԽԱՀ Խանլար–Գետաշեն և Շահումյանի շրջանները):

2. Ջրաբերդ – տարածվում է Թարթառ գետից մինչև Խաչեն գետը (ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային և կենտրոնական մասերը):

3. Խաչեն - տարածվում է Խաչեն գետից մինչև Բալուջա գետը (ԼՂՀ Կենտրոնական մաս):

4. Վարանդա - տարածվում է այդ գետից մինչև Դիզափայտ լեռան շրջակայքը (ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Շուշիի շրջանները):

5. Դիզակ - տարածվում է Դիզափայտից մինչև Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Կարյագինո-Ֆիզուլիի, Բերդաձորի, Կովսականի շրջաններ):

Այդ հինգ հայկական մելիքությունները, լինելով անմիջական հարևաններ, կազմել են մի ամբողջականություն և գոյատևել են մինչև ռուսական տիրապետության հաստատումը՝ միացումը 1813թ. Ռուսաստանին:

Խամսայի մելիքությունների բնակչությունը եղել է բաղկացած բացառապես հայերից: Ահա, օրինակ, ինչ է գրում Ռուսաստանին Ղարաբաղի միացման անմիջական ականատես Միրզա Յուսուֆը պարսկերեն գրված իր «Ճշմարիտ պատմություն» գրքում, որը նվիրված է Խամսայի Մելիքության պատմությանը` «Ղարաբաղի հինգ մահալները, որոնց բնակչությունը բացառապես քրիստոնյա է հայտնի են «Խամսա» անունով, քանի որ հինգ թիվը արաբերեն նշանակում է «խամսա»… Նրանցից առաջինը Դիզակն է, որը տարածվում է` արևմուտքից Հագարու գետից և լայնությամբ` Արաքս գետի երկայնքով»:


Այսպիսով, Միրզա Յուսուֆի գրքից հետևում է, որ Արցախի ինքնապաշտպանական բանակի կողմից Արաքսի երկայնքով ազատագրված տարածքները հանդիսացել են Դիզակի Մելիքության մի մասը և այնտեղ մինչև 19-րդ դարի սկիզբը ապրել են միայն հայեր:

Ստույգ հայտնի է, որ թուրքական քոչվոր ցեղերը ներթափանցել են ռեգիոն` հիմնականում դաշտային Ղարաբաղ, 18-րդ դարում պարսկական Նադիր շահի ջանքերով, որպեսզի թուլացվի Ղարաբաղի մելիքների հզորությունը: Քոչվորները զբաղվել են հիմնականում անասնապահությամբ և ավազակությամբ: Ուստի ապարդյուն ու ծիծաղելի են նեոբունյաթովների, ալիևների ջանքերը հիմնավորելու քոչվորների բնիկ լինելը, քանզի պատմությունը նույնքան ճշգրիտ գիտություն է, որքան մաթեմատիկան կամ ֆիզիկան:

Ասել, որ այդ չեն հասկանում նեոթուրք-ադրբեջանցիները և նեոպանթուրքիստները, կլինի ախալ: Պարզապես նրանց անհրաժեշտ է հերթական անգամ խաբել իսկական պատմությանը քիչ ծանոթ միջազգային հանրությանը, ստեղծել «պատմական հիմք» դարավոր երազանքը` հայկական էթնոսը արմատախիլ անելու ու հայկական սեպի ոչնչացման միջոցով ստեզծել Բալկաններից մինչև Ալթայ ու Չինական պարիսպ տարածվող գերհզոր թուրքալեզու պետություն, իրականություն դարձնելու համար:

Այդ նպատակով միանգամայն գիտակցաբար օգտագործում են սուտը, կեղծիքը, երկերեսությունը, կաշառելը, ռազմական միջամտությունը և այլն` քանզի նպատակին հասնելը արդարացնում է միջոցները:

Ադրբեջանում հայատյացությունը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի: Այսպես, դեռ 1999թ. փետրվարի 1-ին Հեյդար Ալիևը պահանջում էր` «Հարկավոր է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշտապես հետևողական ձևով ապացուցեն այն հողերի ադրբեջանական լինելը, որտեղ զետեղված է Հայաստանը: Մենք այդ պետք է անենք: Մենք պետք է ճամփա բացենք գալիք սերունդների համար… Այժմյան Հայաստանի տարածքը հանդիսանում է ադրբեջանական և այդ նշված է իմ կողմից ստորագրված հրամանագրում: Իրեվանի խանության պատմությունը հայտնի է: Դուք, պատմաբաններդ, պետք է հետևողականորեն այդ ապացուցեք»:

Վերը բերվածի լույսի ներքո կարելի է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերաճել է գլոբալ խնդրի` հայկական պետականության լրիվ ոչնչացում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

Ստեղծված իրադրության գնահատականը մեր կողմից կտրվի ստորև, բայց սկզբում ազերի-թուրքերի և նրանց պետության մասին:


Չկա ադրբեջանական ազգ: Ադրբեջանցի` անվանում է, որը իրենց են վերագրել կովկասյան թաթար-թուրքերը:

Այսպես, 1926թ. մարդահամարի տվյալների մեջ չի նշված ադրբեջանցի ազգ, այլ նշված է «կովկասյան թաթարներ»: Կովկասյան թաթար-թուրքերի առաջնորդներ մուսավաթիստները Թուրքիայի թելադրանքով այդ անվանումով են կոչել 1918-1920 թթ.: Անդրկովկասում ձևավորված երեք պետականություններից մեկին` հեռահար նպատակով-հարմար պահի ներկայացնել տարածքային պահանջներ Իրանին` հյուսիս-արևմտյան մասը որի կոչվում է Ադրբեջան (Ատրպատական) և որտեղ ապրում են որոշակի քանակությամբ թուրքեր:

Նորաստեղծ մուսավաթական պետությունը միանգամից սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին` Հայաստանին ու Վրաստանին. այդ պատճառով նա չընդունվեց Ազգերի Լիգա:

Լեռնային Ղարաբաղը համարվում էր Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մասը: Այն հայտնվեց խորհրդայնացված Ադրբեջանի կազմում ՌԿՊ (բ) Կովկասյան բյուրոյի որոշման հիման վրա, ընդ որում Կովբյուրոն 1921թ. հուլիսի 4-ին և 5-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու իրարամերժ որոշումներ:

Հուլիսի 4-ին Կովբյուրոյի Պլենումը, առանց արարողակարգային խախտումների ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղը Սովետական Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Սակայն, 1921թ. հուլիսի 5-ին` առանց քննարկման և քվեարկության դնելու, Մոսկվայի ներկայացուցիչ Ստալինը Պլենումի վզին է փաթաթում նոր որոշում՝ ի օգուտ Ադրբեջանի: Կովբյուրոյի հուլիսի 5-ի որոշման մեջ մասնավորապես ասված է`

ա. Մուսուլմանների և հայերի միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից ելնելով՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ տալով նրան լայն մարզային ավտոնոմիա …

բ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել ավտոնոմ մարզի սահմանները …

գ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզի ծավալը …

Հետագայում Արցախի հայերի համար առավել վտանգավոր և ճակատագրական եղան Կովբյուրոյի որոշման բ. և դ. կետերը: Օգտվելով նրանցից՝ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղից կտրեցին և ավտոնոմ մարզի մեջ չմտցրեցին Դաղքեսանի, Շամքորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները հյուսիս-արևմուտքում, Քելբաջարի, Լաչինի շրջանները արևմուտքում և բոլոր, այժմ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքները Մայր-Արաքսի երկայնքով, որը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի տարածքի առաջին լուրջ տրոհումը:


Ավելին, կար պահ, երբ Ադրբեջանը հրաժարվեց մարզի կազմավորումից, սակայն ստիպեցին և 1923թ. հուլիսի 7-ին հատուկ դեկրետով ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ` հետագայում՝ ԼՂԻՄ):

Բայց խաղաղություն այդպես էլ չհաստատվեց: Կավբյուրոյի որոշումից անմիջապես հետո Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն իր 16 հուլիսի 1921թ. նիստում իր անհամաձայնությունն է արտահայտել «ընդունված» որոշմանը: Արդարության վերականգնման համար պայքարը շարունակվեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզվելը:

ԼՂԻՄ ժողպատգամավորների Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի խաղաղ որոշմանը` «Միջնորդել Ադր. ԽԱՀ և ՀԽԱՀ Գերագույն Խորհուրդների առաջ ԼՂԻՄ-ը ԱԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմ տեղափոխելու համար» Բաքուն պատասխանեց հատուկ կազմակերպված ջարդերով ու սպանություններով Սումգայիթում (27-29 փետրվարի 1988թ.), իսկ հետագայում՝ Կիրովաբադում (Գյանջա) (1989թ.), Բաքվում` (13-19 հունվարի 1990թ.) և հայաբնակ այլ վայրերում:

Շնորհակալություն Մարինե Գրիգորյանին և Լարիսա Ալավերդյանին, որոնց ջանքերի շնորհիվ նկարահանվեցին փաստավավերագրական ֆիլմեր Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության վերաբերյալ:

Գորբաչովյան Կենտրոնը միշտ «ուշանում» էր, կամ համարժեք ձևով չէր արձագանքում, որից առավել էին գազանանում վայրագները:

Խորհրդային Բանակի և OMOH-ի ստորաբաժանումները 1991թ. ապրիլի 30-ին իրականացրին «Օղակ» գործողությունը, որի հետևանքով հայաթափվեցին Գետաշենը, Մարտունաշենը, ԼՂԻՄ Հադրութի շրջանի գյուղերի մեծ մասը:

Կորցնելով ողջ ունեցվածքը, բարեկարգ բնակարանները՝ 550 հազար հայեր (միայն Բաքվից՝ 250 հազար) 1988-1990թ.թ. դարձան փախստականներ:


1991թ. օգոստոսի 30-ին ընդունվեց Ադրբեջանի Հռչակագիրը «Պետական անկախության վերականգնման մասին»: Հիմնվելով 1990թ. ապրիլի 3-ի «ԽԱՀՄ կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽԱՀՄ Օրենքի վրա՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց իրավաբանորեն անբասիր` ԼՂԻՄ Մարզային ժողպատգամավորների և Շահումյանի (գյուղական) շրջանային Խորհրդի համատեղ նստաշրջանի Հռչակագիրը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին», այնուհետև դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց ԼՂՀ անկախության մասին հանրաքվե` միջազգային դիտորդների ներկայությամբ, իսկ 1992թ. հունվարի 6-ին ընդունվեց «ԼՂՀ Խորհրդարանի Հռչակագիրը ԼՂՀ պետական անկախության մասին»:

Այսպիսով, ԽԱՀՄ փլուզման հետևանքով, ԽԱՀՄ դեռևս գործող օրենքներին և միջազգային իրավական նորմերին համապատասխան, ձևավորվեցին երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):

Այսօր խոսել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության մասին` հասկանալով նրա կազմում ԼՂՀ-ն, անհեթեթություն է, քանզի ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի և նորաստողծ ԱՀ-ի կազմում:

Նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես ձեռնարկեց քայլեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ:


1992թ. տիրելով Ադրբեջանում տեղակայված Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի սպառազինությանը՝ մասնավորապես նրա 23-րդ մոտոհրաձիգային դիվիզիայի ողջ ունեցվածքին՝ ԱՀ-ի զինված կազմավորումները լայնամասշտաբ գործողություններ սկսեցին ԱՀ-ի և ԼՂՀ-ի ամբողջ սահմանի երկայնքով: Ունենալով մեծ քանակի սպառազինություն՝ ադրբեջանական կողմը հարձակման առաջին ամիսներին հասավ տպավորիչ հաջողությունների` գրավելով և ավերելով ԼՂՀ-ի տարածքի գրեթե կեսը: ԱՀ-ի նախագահ Էլչիբեյը ցինիկորեն հայտարարեց` «շուտով նա իր ոտքերը կլվանա Սևանա լճի ափին»:

Չստացվեց …

Հայերի աննախադեպ հերոսական ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել թշնամուն և հետագայում դուրս շպրտել նրան Արցախի տարածքի մեծ մասից: Թշնամուն չօգնեց իշխանափոխությունը և նոր նախագահ Հեյդար Ալիևի` իր զինվորներին ոգևորելու համար, ավտոմատից արձակած կրակահերթը ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ (նրա հայտնի լուսանկարը տարածվեց լրատվական բոլոր միջոցների կողմից):

Սկսվեց ազերի-թուրքերի և նրանց պետության զավթողական քաղաքականության լիակատար տապալումը: Այսօրվա Ադրբեջանը ընդմիշտ պարտք է Ռուսաստանին, որի միջնորդությունը հարգելով՝ հայկական կողմը դադարեցրեց թշնամու հետագա հետապնդումը:

Ստեղծված այժմյա իրավիճակը հետևանք է մինչև ատամները զինված Ադրբեջանի նախահարձակ լինելուն, որի արդյունքում, մի քանի հազար քաջարի հայ որդիների կյանքի գնով, ագրեսորը ստացավ արժանի պատիժ:

Թվում էր, թե թշնամին կհամոզվեր Արցախի հայերի ձգտման արդարացիությանը` ապրելու իր բազմադարյան հայրենիքում ազատ ու անկախ, կհամակերպվեր իր իսկ մեղքով ստեղծված իրավիճակին և կձգտեր ստեղծել բարիդրացիական հարաբերություններ ԼՂՀ-ի և Հայաստանի հետ: Սակայն գործնականում ստացվեց, որ Բիշքեկյան արձանագրությունը լոկ փրկեց Ադրբեջանին աղետից, իսկ հետագայում միջնորդների թողտվության շնորհիվ ձգտել ռևանշի՝ դնելով առավել գլոբալ (պանթուրկական) խնդիր` վերադարձնել ոչ միայն Ղարաբաղը, այլ Թուրքիայի հետ տանդեմ կազմած ոչնչացնել Հայկական պետությունը:


Այդ մասին են վկայում վերը բերված հայր և որդի Ալիևների բարբաջանքները: Այս ամենը գուցե և չլիներ, եթե հայ դիվանագետները ժամանակին Ադրբեջանից` որպես լայնամասշտաբ պատերազմ սանձազերծողի, պահանջեին հատուցել ԼՂՀ-ին հասցված վնասը, վճարել ռազմատուգանք և այլն:

Օգտվելով հայկական կողմի անթույատրելի իներտությունից՝ թշնամին առ այսօր արցունքներ է թափում «Խոջալուի», «միլիոն փախստականների» վերաբերյալ՝ վարպետորեն թաքցնելով իր գայլի ժանիքները, ձգտելով ներկայանալ հանրությանը զոհի կարգավիճակով: Այս ամենին զուգահեռ անպատկառ ձևով խեղաթյուրում է իրողություններն ու տարածաշրջանի պատմությունը, ստեղծելով ռևանշի համար բարենպաստ միջազգային միջավայր:

Վաղուց է անհրաժեշտ տալ պատճառաբանված գնահատականներ «Խոջալու», «Միլիոն ազերի –թուրք փախստականներ» հորինվածքներին, «վաստակաշատ» բունյաթովյան պատմաբան-կեղծարարներին:

Գտնվելով Ստեփանակերտին մոտ՝ Խոջալուն 1989թ. դարձել է ադրբեջանական OMOH-ի հենակետ, որը խորհրդային բանակի ստորաբաժանումների հետ միասին ակտիվորեն իրականացրել է պատժիչ գործողություններ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Խոջալուն դարձել է արդեն հենակետ ադրբեջանական բանակի համար, որտեղից անընդհատ հրետանային հարձակումների էին ենթարկվում Ստեփանակերտը և հարևան հայկական գյուղերը: Հույժ անհրաժեշտություն էր Խոջալուի ազատագրումը, որը իրագործեցին ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի ստորաբաժանումները 1992թ. փետրվարի 25-26-ին՝ նախօրոք թողնելով միջանցք խաղաղ բնակչության հեռանալու համար:


Միջանցքի վերջում, որը վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի (ԱԱՃ) կողմից, խաղաղ բնակիչներին դիմավորեցին փոթորկային կրակահերթով: Նախագահ Այազ Մութալիբովը անմիջապես նշեց, որ կատարվածը Ազգային ճակատի գործն է, որը ձգտում է իշխանության:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի լրագրողը՝ Չինգիզ Մուստաֆաևը, որը հաստատել է Մութալիբովի կարծիքը, սպանվեց:

Կարևոր է նշել նաև ԼՂՀ-ի ինքնապաշտպանական բանակի Հրամանատար Սամվել Բաբայանի (այժմ գեներալ-լեյտենանտ) բազմիցս հնչեցրած պարզաբանումը` բոլոր հակահարձակողական գործողություններում-Օմարից մինչև Արաքս, ինքնապաշտպանական ուժերը թողել են միջանցքներ խաղաղ բնակչության հեռացման համար:

Այն, որ միայն Խոջալուի դեպքում է հակառակորդը վայնասուն բարձրացրել, հաստատում է Մութալիբովի իրավացիությունը: Խոջալուից երկու ամիս հետո Մութալիբովը հեռացվեց, և իշխանության եկավ Ադրբեջանի Ազգային ճակատը, որն անմիջապես սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂՀ-ի դեմ:

Շուրջ տասը տարի առաջ Հայաստանի ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում իմ կողմից հրապարակվեց շատ կարևոր փաստաթուղթ` Ադրբեջանի բնակչության թիվը առ 1 հունվարի 1991թ., մասնավորապես, ԼՂՀ-ին կից այդ չարաբաստիկ յոթ շրջանների, ըստ «Численность населения Союзных республик по городским поселениям и районам на 1 января 1991г. Москва, Информационно-издательский центр Госкомстата СССР. 1991г. վիճակագրական ժողովածուի տվյալների:


01 հունվարի 1991 թ. դրությամբ բոլոր ադրբեջանցի-թուրքերը անամպ ապրում էին իրենց տներում և անգամ ակնարկ չկար այդ յոթ շրջաններից տեղափոխության: Եկեք միասին հաշվենք ազերթուրք բնակչության ճշգրիտ թիվը ըստ բերվող աղյուսակի: Հաշվի առնենք նաև, որ ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ են Աղդամի շրջանի տարածքի 35% և Ֆիզուլիի շրջանի 25%, իսկ Աղդամ, Ֆիզուլի քաղաքների, Խորադիզ քաղաքատիպ ավանի (քտա) բնակչությունը ռազմական գործողություններից առաջ հեռացել է բնակության վայրից:

Աղյուսակում բերված առաջին հինգ շրջանների բնակչության թիվը, որոնք հեռացել են բնակչության վայրերից (44,9+48,5+29,0+33,0+49,8=205,2 հազ.մարդ) հավասար է 205,2 հազ. մարդ;

Աղդամի շրջանից ((135,9-39,2)x0,35+39,2=96,7x0,35+39,2=33,845+39,2=73,045հազ.) հավասար է 73,045 հազ. մարդ;
Ֆիզուլիի շրջանից ((91,7-23,3)x0,25+23,3=68,4x0,25+23,3=68,4x0,25+23,3=17,1+23,3= =40,4 հազ.) հավասար է 40,4 հազ. մարդ.

Այսպիսով` վերը նշված յոթ շրջաններից տեղափոխվել են Ադրբեջանի այլ վայրեր 318,645 հազ.մարդ :

ԼՂԻՄ-ում այդ ժամանակ ապրում էր մոտ 43 հազ ազերի-թուրքեր:

Տեղափոխվածների (բայց ոչ փախստականների) ընդհանուր թիվը կլինի` 318,645+43=361,645-362,0 հազ.մարդ, որն ակնհայտորեն միլիոնից շատ հեռու է:

 
Հայաստանից հեռացել են 166 հազ. ազերի-թուրքեր, որոնց փախստական չի կարելի համարել, քանի որ նրանք բոլորը Հայաստանի իշխանությունների աջակցությամբ տեղափոխել են իրենց ողջ ունեցվածքը և շահավետ ձևով փոխանակել են իրենց բնակարանները և տները: Ավելին, նրանց մի մասը, որը բնակվում էր Սպիտակի երկրաշարժի գոտում ստացան լրացուցիչ նյութական և ֆինանսական օգնություն (անգամ մեկնելուց հետո): Ուշագրավ է, որ ադրբեջանցիները հեռացել են երկրաշարժի գոտուց երկրաշարժից մի քանի օր առաջ, որը հիմք է տվել որոշ վերլուծաբանների` համարելու, որ Սպիտակի 1988թ. երկրաշարժը արհեստածին է:

Արհեստականորեն ուռճացնելով տեղահանված-փախստականների թիվը (որտեղ 362 հազարը, որտեղ միլիոնը): Ադրբեջանը հետապնդում էր առնվազն երկու նպատակ` առաջին –որքան վատն են այդ հայերը, տեսեք ինչքան փախստական ունենք; երկրորդ (գլխավոր)–ստանալ միջազգային հումանիտար կազմակերպություններից առավել մեծ քանակի ֆինանսական և նյութական օգնություն: Կարծում ենք, որ այդ միջազգային կազմակերպությունները հաշվետվություն կպահանջեն Ադրբեջանական Հանրապետությունից:

Վերադառնալով պատմության կեղծարարներին, գտնում եմ, որ հայ պատմաբանները պետք լինեն աչալուրջ և արժանահիշատակ Բագրատ Ուլուբաբյանի ավանդույթով մշտական արժանի հակահարված կտան հայոց պատմության նորաթուխ կեղծարարներին:
Ամփոփելով վերը շարադրվածը կարելի է հաստատագրել`

 
1. Արցախ-Ղարաբաղի հայերը բնիկներ են ի սկզբանե

2. ԼՂՀ Ինքնապաշտպանական Բանակի ազատագրած տարածքները պատմական Հայրենիքի մի մասն են:

3. ԽԱՀՄ փլուզումից հետո նախկին Ադր. ԽՍՀ զբաղեցրած տարածքի վրա ԽՍՀՄ դեռևս գործող օրենքներին և Միջազգային իրավական նորմերին համապատասխան ձևավորվել են երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):

4. ԼՂՀ-ի վրա Ադրբեջանական Հանրապետության հարձակման և ԼՂՀ Ինքնապաշտպանական Բանակի հակահարվածի արդյունքում ստեղծվել է ներկա ստատուս քվոն:

5. Ադրբեջանական Հանրապետության և Թուրքիայի միջև գոյություն ունեցող 160 կմ. բացվածքով հայկական սեպը երաշխիք է հայկական պետության գոյատևման և անհաղթահարելի խոչընդոտ պանթուրքիզմի նպատակների իրականացման համար:

6. Եվրոմիության դռները ծեծող Թուրքիան պետք է հրաժարվի երկակի խաղից` ձգտումը դառնալ Եվրոմիության անդամ, հայերին բնաջնջելու միջոցով ստեղծել Կովկասի և Միջին Ասիայի թուրքալեզու երկրներից նոր գերհզոր պետություն:

Կապված Թուրքիայի այդ երազանքի հետ, արդեն շրջվում է զվարճապատում, որ Չինաստանը շտապ կարգով վերանորոգում ու պաշտպանական հզոր միջոցներով հագեցնում է Չինական պարիսպը:

Լիովին լուրջ ձևով իմաստուն ու հեռատես Իրանը ամրացնում է իր սահմանը Ադրբեջանական Հանրապետության հետ:

Ռուսաստանը կարծես չի մոռացել Թուրքիայի կողմից "Համաշխարհային պրոլետարական հեղափոխության "տարածումը” Միջին Ասիայում և Ռուսաստանի շահերին դավաճանած "հեղափոխություն տարածող” Էնվեր Փաշայի ձեռքերով Բուխարայի բասմաչական Էմիրայության ստեղծումը:

Թուրքիան ևս չպետք է մոռանա հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Էնվեր Փաշայի ճակատագիրը, որը սպանվեց Կարմիր Բանակի սպա, ազգությամբ հայ Հակոբ Մելքումովի կողմից` Միջին Ասիայի բասմաչների հետ մարտի ժամանակ:

Անդրկովկասում կստեղծվի խաղաղություն ու ժողովուրդների բարեկեցիկ կյանք, եթե ռեգիոնի պետությունները (ճանաչված և չճանացված) վարվեն այնպես, ինչպես Եվրոպական պետությունները Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո–թողնել անփոփոխ առկա ստեղծված սահմանները (չնայած կային ավելի լուրջ հակասություններ, քան հակասություններն, օրինակ, ԼՂՀ-ի և Ադրբեջանական Հանրապետության միջև); հրաժարվել ուժ կիրառելուց; ձգտել բարձրացնել սեփական ժողովուրդների բարեկեցությունը միասնական տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ծրագրերի միջոցով: Ժողովուրդների բարեկեցությունը վեր է ամեն ինչից– որպես հետևանք` սահմանների գոյության ձևականություն:

Կհասկանա՞ն արդյոք Թուրքիան և Ադրբեջանը այս տարրական ճշմարտությունը ապագան և նրանցն է, ոչ–նրանց սպասվում են տարածաշրջանային լուրջ խնդիրներ:

Որպես վերջաբան նպատակահարմար է բերել Նապոլեոն Բոնապարտի հետևյալ դիտարկումը` "Հայրենիքը կործանելու համար բավական է անգամ մեկ սրիկայի առկայությունը,–պատմության մեջ եղել են ոչ քիչ օրինակներ”:

Հուսանք, որ Հայաստանը չի ծնի այդպիսինին, իսկ ահա հարևան երկիրը կարծես ծնել է` ի դեմս Իլհամի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
2862 reads | 20.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com