ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ
ՄԱՐԻԱՄ  ԹՈՓԱԿՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Համաշխարհային քաղաքականություն մասնագիտացում, Մագիստրատուրա, ԵՐԵՎԱՆ


Հայ Սփյուռքի ամենաազդեցիկ համայնքներից մեկը հանդիսացող, դարերի պատմություն, պատմական անցյալ և ուրույն դիմագիծ ունեցող ֆրանսահայ համայնքը Եվրոպայի ամենախոշոր և ամուր կազմակերպական կառույց ունեցող հայ համայնքն է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր և նշանակություն ունեցող ֆրանսահայ համայնքը ինչպես նախկինում, այժմ ևս ապրում է հասարակական-քաղաքական, մշակութային ակտիվ կյանքով, հանդես է գալիս մի շարք քայլերով և նախաձեռնություններով, որոնց իրականացման համար ժամանակի ընթացքում ներհամայնքային կյանքում ստեղծվել են բազմաբնույթ կառույցներ և կազմակերպություններ՝ համայնքի ներքին կյանքի կազմակերպման, ներհամայնքային խնդիրների կարգավորման, ֆրանսահայության ձայնը լսելի դարձնելու, ազգային շահերի ներկայացման և պաշտպանության, ինչպես նաև ֆրանսիական իշխանությունների հետ անմիջական կապեր հաստատելու համար:

Դեռևս 1849 թվականին Փարիզում հիմնվել են Արարատյան ընկերությունը (կազմակերպիչներ՝ Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Աղաթոն, Նիկողոս Պալյան, Սերովբե Վիչենյան, Ստեփան Ոսկան, Հախեփ Շիշմանյան և ուրիշներ), որը քարոզել է հայ ժողովրդի ազգային ազատագրության գաղափարը:

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկգբին, երբ թուրքական բռնությունների հետևանքով զգալի թվով հայեր լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Ֆրանսիայում, ներհամայնքային կյանքի կազմակերպման համար ստեղծել են մի շարք հասարակական, բարեգործական, մշակութային կազմակերպություններ, որոնցից հատկապես հայտնի են Հայկազյան ուսումնասիրաց ընկերությունը (1879), Հայոց հայրենասիրական միությունը (ստեղծվել է 1888, Մարսելում՝ Մկրտիչ Փորթուգալյանի և նրա «Արմենիա» թերթի շուրջ համախմբված գործիչների ջանքերով, եղել է Արմենական կուսակցության միջուկը), Աշխատավորական միությունը (1904), ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը (1910, շրջանային կազմակերպություններ են հիմնվել Մարսելում, Լիոնում, Վալանսում, Նիսում, Սեն Շամոնում, Գարդանում, Ավինյոնում, հրատարակում է «ՀԲԸՄ-ի լրատու» (ֆրանսերեն շաբաթաթերթը), Ֆրանսահայ տիկնանց միությունը (1913, ունի երեք մարմիններ՝ Որբերի օգնության մարմին, Հայ Կարմիր խաչի օգնության մարմին, Գաղութականաց օգնության մարմին: Որբերի և ուսանողների օգնության մարմինը գործում է ցայսօր), Հայկական ուսմանց ընկերությունը (1920) և այլն, որոնք ֆրանսահայ համայնքում ստեղծված առաջին ներհամայնքային կազմակերպություններն էին: Այս կազմակերպությունները իրենց բնույթով հասարակական և բարեգործական էին:

1921 թվականին հայկական ամենանշանավոր համասփյուռքյան կառույցներից մեկի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (հիմնադրվել է 1906 թվականի ապրիլին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում) նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Փարիզ: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ֆրանսահայ համայնքի դերը բավականին մեծացել էր, համայնքը ստվարացել էր, և բացի այդ հենց այդ ժամանակ Ֆրանսիան հայ ժողովրդի կյանքում ուներ բավականին մեծ նշանակություն մի շարք առումներով, և պատահական չէր, որ 1914 թվականից սկսած Ֆրանսիան համազգային նշանակության մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների կենտրոն էր դարձել:

Մինչև առաջին աշխարհամարտը և դրանից հետո ֆրանսահայ համայնքում ստեղծվել էին նոր կազմակերպություններ՝ Ֆրանսահայ Կապույտ խաչը (1934), Հայ աղքատախնամ ընկերակցությունը, Հայ բժշկական միությունը (1920, բժիշկ Ք. Քոլոլյանի նախաձեռնությամբ), Հայ գաղթականների օգնության կոմիտեն, ՀՄԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը (1920, տեղական մասնաճյուղեր ունի Մարսելում, Վիենում, Լիոնում և այլ հայաբնակ վայրերում), Ազգային միությունը, ՀՕԿ-ի (1925), Հայ նախկին ռազմիկների միությունը (1922, Փարիզ, մասնաճյուղ ունի Մարսելում, անդամներն են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում ֆրանսիական բանակումծառայած հայ նախկին ռազմիկներնու կամավորները), Հայ նախկին սպաների միությունը (1929),Հայ ազգային ճակատ, Հայ արիների միությունը (1928), Նուպարյան մատենադարանը (1928), Համազգային հայ կրթական և մշակութային միության Ֆրանսիայի մասնաճյուղը (1928), Ֆրանսահայ մշակութային միությունը (1949) և այլ կազմակերպություններ, որոնք բացի ներհամայնքային խնդիրներ կարգավորելուց, մեծապես մտահոգված էին նաև թուրքական արհավիրքներից տարագիր հայության նյութական ապահովության, կացարանի, կրթության հարցերով: Այս կազմակերպություններից շատերը ունեին իրենց տպագիր օրգանները, որոնցում ներկայացվում էր տվյալ կազմակերպության ծավալած գործունեության, իրականացված քայլերի, միջոցառումների մասին: Լինելով հիմնականում հասարակական կազմակերպություններ՝ նրանք իրենց բնույթով նաև քաղաքական էին, մասնակցում էին նաև ֆրանսիական քաղաքական կյանքի իրադարձություններին:

1945 թվականին ստեղծվել է Ֆրանսիայի հայ ազգային ընդհանուր միությունը (ՖՀԱԸՄ): Նրա գործունեությանը մասնակցել են համայնքի գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները՝ բարեսիրական, հայրենակցական, մշակութային, տիկնանց, երիտասարդական միությունները: Բացառություն է կազմել ՀՅԴ, սակայն նրա անդամներից շատերը անհատական նախաձեռնությամբ նույնպես մասնակցել են ՖՀԱԸՄ-ի աշխատանքներին: 1948-ին, արդեն Սառը պատերազմի տարիներին, ֆրանսիական կառավարությունն արգելել է Դիմադրության տարիներին ստեղծված կազմակերպությունների գործունեությունը, որոնց թվում և ՖՀԱԸՄ-ի գործունեությունը:

Ֆրանսահայ համայնքը ծավալում է նաև ակտիվ մշակութային գործունեություն, որի կանոնակարգման և համակարգման համար ստեղծվել էին մի շարք կազմակերպություններ, որոնցից հատկապես նշանավոր էին Փարիզի հայ արվեստագետների «Անի» միությունը (1926), ֆրանսահայ նկարիչների «Թորոս Ռոսլին» (1968) նկարչական և Հայ արվեստագետների ստեղծագործական միությունը (1931):Իր ակտիվ գործունեությամբ աչքի ընկած «Անի» միության նպատակն էր միավորել Ֆրանսիայում ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ արվեստագետներին, ցուցահանդեսներով ու գեղարվեստական երեկոներով օտար հասարակայնությանը ծանոթացնել հայ մշակույթին, Հայաստան առաքել գեղարվեստական գործեր, օգնել երիտասարդ արվեստագետներին։ «Անի» միության անդրանիկ ցուցահանդեսը կայացել է 1927 թվականին, Փարիզի Ժորժ Պըտի սրահում (մասնակցել է նաև Փարիզում գտնվող Մարտիրոս Սարյանը), երկրորդը՝ 1928 թվականին Բրյուսելում, երրորդը՝ Անտվերպերում 1929 թվականին (մասնակցել է նաև Ժան Գառզուն), չորրորդը և վերջինը՝ 1930 թվականի հունվարին, Փարիզի Ժորժ Պըտի սրահում: Համանման գործունեություն էր ծավալում 1968 թվականին հիմնադրված «Թորոս Ռոսլին» խմբակը՝ կապ ստեղծել գաղթավայրերում ապրող հայ արվեստագետների և Խորհրդային Հայաստանի միջև, մասսայականացնել հայ արվեստը, կազմակերպել ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։

Ներկայումս ֆրանսահայ համայնքի կյանքում իր կարևորագույն դերն ունի Դեսին քաղաքում գործող Հայկական հիշողության ազգային ինստիտուտը, (բացման արարողությանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայացուցիչ Մշակույթի և հաղորդակցության նախարար Օրելի Ֆիլիպետտին, հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ), որը փաստավավերագրական կենտրոն է, որտեղ պահվում են 110 000 փաստաթղթեր և 12 000 գրքեր, հայոց պատմությանն առնչվող նյութեր, ինչպես նաև Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ապրող ու արարող հայ մշակութային գործիչների ստեղծագործություններ։ Կենտրոնի նպատակն է՝ ֆրանսահայերի ազգային ինքնության պահպանումը, Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև ֆրանս-հայկական միջմշակութային կապերի զարգացումը և կենտրոնի միջոցով հայկական ժառանգության վերականգնումն ու հարստացումը։ Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահն է Ժյուլ Մարտիրոսյանը, տնօրենը՝ Կատիա Բուդոյանը:

Ֆրանսահայ համայնքում իրենց գործունեությունն են ծավալել նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, իսկ 1945 թվականին ստեղծվել են ֆրանսահայ համայնքի ամենաազդեցիկ կազմակերպությունները: Ֆրանսահայ երիտասարդական միությունը (ՖԵՄ, ֆրանսերեն՝ ԺԱՖ) և ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական միությունը (Շ. Միսակյանի գլխավորությամբ) որը մինչև այսօր շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ սկսած 1947 թվականից, երբ հրավիրեց իր առաջին կազմակերպական համաժողովը մինչև մեր օրերը՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին բողոքի ցույցեր կազմակերպելով թուրքական դեսպանատան մոտ՝ դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և հատուցման պահանջներ ուղղելով թուրքական կառավարությանը: ԺԱՖ-ը հիմնադրվել է 1945 թվականի ամռանը՝ հիմնականում Դիմադրության շարժման նախկին մասնակիցների կողմից։ Իր հիմնադրման հենց առաջին օրերից կազմակերպությանը գրավեց առաջադիմորեն տրամադրված ֆրանսահայ երիտասարդության ուշադրությունը և դարձավ ֆրանսահայ հայրենասեր երիտասարդության գաղափարների կրողը։ Տարածելով և ընդլայնելով իր գործունեության շրջանակները և ձեռք բերելով մեծ հեղինակություն՝ ԺԱՖ-ը դարձավ համայնքի ամենաազդեցիկ երիտասարդական կազմակերպությունը։ ԺԱՖ-ը հիմնեց իր մասնաճյուղերը Մարսելում, Լիոնում, Վալանսում և այլուր։ Այն ուներ 14 մասնաճյուղ և մոտավորապես 2000 անդամ։ Այս կազմակերպությունը ներկայումս էլ ակտիվ գործունեություն է ծավալում և համարվում է ֆրանսահայ համայնքի ամենազդեցիկ կազմակերպություններից մեկը:

Ֆրանսահայ քաղաքական և հասարակական կազմակերպությունների քաղաքական օրակարգում մշտապես եղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը, կազմակերպվել են բազմաժանր միջոցառումներ՝ ֆրանսիական հասարակայնության շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման և հանգեցնելով նաև այլ երկրների կողմից պատմական այդ իրադարձության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Ֆրանսահայ կազմակերպությունների աշխատանքները ուղղված են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելուն, որին ուղղված էին ներհամայնքային կյանքում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնությունները և միջոցառումները:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք նշել, որ ֆրանսահայ համայնքի կազմակերպական կառուցվածքը արդյունքն է դարեր շարունակ ներհամայնքային բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային, բարեգործական կազմակերպությունների ակտիվ գործունեության, որոնք անգնահատելի դեր ունեն նաև համայնքի հասարակական-քաղաքական կյանքի ձևավորման և կազմակերպման գործում՝ իրենց օրակարգում ունենալով ինչպես ներհամայնքային, այնպես էլ համահայկական նշանակության բազմաթիվ հարցեր և խնդիրներ:

Ֆրանսահայ համայնքում գործում են ինչպես նոր, այնպես էլ նախկինում հիմնադրված մի շարք կազմակերպություններ, որոնք հանդիսանում են ֆրանսահայ համայնքի զարգացմանը, ամրապնդմանը, կայացմանը խթանող և կենտրոնացնող ուժերից և հիմքերից մեկը: Բացի այդ, ներհամայնքային կյանքի տարբեր պատմափուլերում ի հայտ եկած ֆրանսահայ տարաբնույթ կազմակերպությունների և միություների ի հայտ գալը ևս մեկ անգամ փաստում է համայնքի ներուժի, ֆրանսիական իրականությունում սերտ ինտեգրվածության, ունեցած ազդեցիկ դերի և քաղաքական կշռի մասին: Այսպիսով, ֆրանսահայ իրականության (ինչպես նաև Սփյուռքի մաս կազմող յուրաքանչյուր համայնքի) անբաժանելի մաս կազմող տարաբնույթ կազմակերպությունները և կառույցները խոսում են համայնքի կայունության, կազմակերպական ամուր կառուցվածքի և հայապահպանությամբ տոգորված ֆրանսահայ ակտիվ քաղաքական-հասարակական շրջանակների գոյության մասին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
199 reads | 18.05.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com