ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ

ՆԱՐԵ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԵՐԵՎԱՆ





Հյուրընկալությունների նպատակն է երկրների, դիվանագիտական ներկայացուցչությունների, գործընկերների միջև ջերմ հարաբերությունների հաստատումը, պահպանումը և զարգացումը։ Հյուրընկալվելը միտված է նոր ընկերների, գործընկերների շրջանակ ձեռքբերելուն և մտերիմ հարաբերություններ ստեղծելուն։

Էթիկետը վարքագծի կանոնների մի շարք է, որի մեջ մտնում են վարքը, հագուստը, ողջույնի խոսքը և վերաբերմունքը, այլ կերպ ասած, այն ամենը, ինչ կապված է մարդկային հարաբերությունների դրսևորման հետ։ Ժամանակակից հասարակությունում հասկանալի է, որ ծանոթություն հաստատելը այդքան էլ դժվար չէ, որքան այն եղել է հնում։ Դիվանագիտական գործունեության ընթացքում դիվանագետները շփվում են տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ, հաղորդակցվում են նրանց հետ։

Գտնվելով նստավայր երկրում՝ նրանք ձեռք են բերում գործընկերներ, մտերիմներ և փորձում են հարաբերություններ հաստատել տարբեր բնագավառներում հայտնի և հետաքրքիր մարդկանց հետ։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն կանոններ, որոնց հետևելը պարտադիր է։ Գործընկերոջը կամ մտերիմին հյուրընկալելու ցանկության դեպքում պետք է նախապես տեղյակ պահել հյուրընկալվողին և ճշտել ժամը, քանի որ հնարավոր է հյուրընկալվողին Ձեր կողմից առաջարկված օրը հարմար չլինի։ Եթե հյուրընկալվողը նպատակահարմար չի գտնում հյուր գնալ, պետք է նրբանկատորեն հայտնի, որ զբաղվածություն ունի և անպայման պետք է նշի, որ մոտ ժամանակներում կընդունի հրավերը։ Ներելի է, երբ տեխնիկական հանգամանքների բերումով պատասխան այց չի կատարվում, բայց անհարգելի պատճառները անընդունելի են, քանի որ դա կնշանակի, որ Ձեր մտերմությունը անարդյունք է եղել։ Եթե դիվանագետների միջև առկա է ջերմ մտերմություն, ապա կարելի է հրավիրել առանց հրավիրատոմսի, պարզապես զանգի միջոցով։

Ընդունված չէ հյուր գնալ վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, իսկ անկոչ հյուրի կարգավիճակը հնարավոր է վատթարացնի ձեր հարաբերությունները։

Հյուրընկալվողը և հյուրընկալողը պետք է ունենան ժամանակի չափի զգացում։ Այցելությունը չպետք է համընկնի ճաշի կամ ընթրիքի ժամի հետ, իսկ եթե հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ այցելել եք ճաշի ժամին և հրավիրում են ճաշելու, ապա էթիկան պահանջում է մերժել այն` մեկ ագամ հրավիրելու դեպքում։ Եթե տանտերը ստիպում է ընկերակցել, ապա տեղին չէ մերժելը և պետք է ընդունել նրա առաջարկը, իսկ եթե կտրականապես մերժեք առաջարկը, կնշանակի, որ չեք ցանկանում միասին ճաշել։

Եթե հյուրընկալվողը ցանկանում է հրաժեշտ տալ, ապա կարող է նշել, որ անհետաձգելի գործեր ունի և արդեն գնալու ժամանակն է, իր հերթին էլ տանտերը խնդրում է հյուրին մի փոքր էլ մնալ, բայց ավելի նպատակահարմար է հրաժարվելը: Եթե խնդրանքը կրկնվում է մի քանի անգամ, պետք է ընդունել։

Տանտիրոջը անհարմար վիճակի մեջ չդնելու համար հյուր գնալիս երեխաներին կարելի է թողնել տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ տանտերը նույնպես ունի երեխաներ կամ Ձեզ հրավիրում են ընտանյոք հանդերձ։

Դիվանագետը մեծ ուշադրություն պետք է դարձնի ճշտապահությանը, սակայն լինում են չնախատեսված հանգամանքներ, երբ անկախ իրենից դիվանագետը ուշանում է այս կամ այն միջոցառումից։ Պաշտոնական այցերի ժամանակ ուշանալ ընդունված է մոտ 10 րոպե, ընտանեկան հավաքույթների ժամանակ` մոտ 30 րոպե։ Ըստ էթիկայի կանոնների՝ հյուրընկալվելու ժամանակը չպետք է գերազանցի երեկոյան ժամը 10-11-ը, բացառությամբ Ամանորի կամ հարսանյաց հանդեսների։

Եթե խնջույքի մասնակիցներից որևէ մեկը հարգելի պատճառով մտադիր է նախքան միջոցառման ավարտը գնալ, ապա նա պետք է աննկատ մոտենա հյուրընկալողին և հաղորդի նրան այդ մասին։ Կարելի է նաև բոլորին մաղթել լավ ժամանց և հրաժեշտ տալ։ Հրաժեշտից առաջ հյուրերը շնորհակալություն են հայտնում միմյանց հաճելի երեկոյի համար, իսկ տանտիրոջն առաջարկվում է պատասխան այց։

Հյուրին ճանապարհելու ժամանակ տանտերը չէ սովորաբար անձամբ բացում դուռը, քանի որ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ տանտերը րոպե առաջ ցանկանում է հյուրին հրաժեշտ տալ։ Այդ պարտականությունը կարող է կատարել տան սպասավորը։

Երբ հյուրերից ոմանք գնում են, նրանց ճանապարհում է տանտերը, իսկ մնացած հյուրերի մոտ մնում է տանտիրուհին։ Եթե հյուրը միայնակ կին է, ապա տանտերը նախապես պետք է հոգա նրան ճանապարհելու մասին։

Դիվանագետների միջև հյուրընկալությունները գալիս են վաղ շրջանից, և ժամանակի ընթացքում հղկվել և շարունակում են կատարելագործվել։ Այս տիիպի հյուրընկալություններով օտարերկրյա դիվանագետները բացատրում են իրենց երկրի քաղաքականությունը։

Ավելանում է վարվեցողության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, դիվանագիտական ներկայացուցչությունների գործառույթներն ու պարտականությսւնները: Էթիկետի կանոնները որքան էլ հղկվեն, ունեն նաև ազգային առանձնահատկություն՝ պայմանավորված անհատի սոցիալական կարգավիճակից, աշխարհայացքից ու հասարակությունում զբաղեցրած դիրքից: Ներկայումս էլ ականատես ենք վարքուպահվածքի դրսևորումների, որոնք երբեմն ոչ թե անցյալի դրսևորումներ են, այլ հետևանք են հասարակության մեջ վարվելաձևի չիմացության և էսթետիկական դաստիարակության բացակայության:

Էթիկետը ըստ այդմ, վայելչության խորը իմացություն է, տանը և հասարակության մեջ վարքուպահվածքի տիրապետում, ուրիշների հանդեպ հարգանքի դրսևորում և համարժեք հարգանքի ձեռքբերում: Դիվանագիտական հյուրընկալությունների կազմակերպումը պետք է համապատասխանի միջազգային ընդունված կանոններին։

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
632 reads | 18.12.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com