Ի՞ՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ՝ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցները գրում են, թե Հայաստանի իշխանությունների՝ Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներում, հատկապես Լիբանանում և Սիրիայում:

Ըստ հրապարակումների՝ մերձավորարևելյան այդ երկրների հայկական համայնքները մտահոգություն ունեն, որ դեսպանության բացումը կարող է փոխել Լիբանանի և Սիրիայի իշխանությունների դրական վերաբերմունքը հայկական համայնքների նկատմամբ:

Թեմայի մասին Diplomat.am-ը հարց ուղղեց Սփյուռքի խոշորագույն հայկական լրատվամիջոցներից մեկի՝ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին.

Հարց. «Հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու որոշումը դժգոհություն է հարուցել Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում: Կոնկրետ ինչի՞ց են անհանգստանում հատկապես Լիբանանի, Սիրիայի մեր հայրենակիցները»:

Շահան Գանտահարյան. «Երբ կոնկրետ խոսում ենք Լիբանանի և Սիրիայի մասին, պետք է նկատի ունենաք, որ երկու երկրներն էլ ոչ միայն դիվանագիտական կապեր չունեն Իսրայելի հետ, այլև թշնամական հարաբերությունների մեջ են։ Երկուսի պարագայում էլ նույնիսկ ռազմական ընդհանրումների տեսքով։ Կարծում եմ, Թել Ավիվում ՀՀ դեսպանություն բացելը անհանգստության տեղիք չի տալու, որովհետև պիտի օրինաչափ նկատվի արդեն իսկ վաղուց դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրներում դեսպանություն ունենալը։

Ինչպես որ ՀՀ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մինչ արաբական երկրները, որոնք թշնամական կապ ունեն Իսրայելի հետ, ունեն իրենց դեսպանությունները Թուրքիայում կամ Ադրբեջանում։ Լիբանանում գործում է թե՛ Թուրքիայի և թե՛ վերջերս նաև Ադրբեջանի դեսպանությունը։ Դա չի խանգարի, որ Լիբանանի հանրապետության նախագահը ընդամենը մի ամիս առաջ օսմանյան կայսրությունը բնութագրի իբրև ահաբեկչական պետություն, որը բռնարարքային քաղաքակնություն է կիրառել տարբեր ժողովուրդների նկատմամբ: Կամ Լիբանանի պաշտպանության նախարարը հենց Երևանում զուգահեռ գծի Իսրայելի և Ադրբեջանի միջև իբրև իրենց հարևան երկրների սահմանների ուղղությամբ ոտնձգություններ իրականացնող պետություններ։

Մերձավոր Արևելքում անհանգստություն կլինի, եթե, օրինակ, պետական մակարդակով միակողմանի հայտարարություն լինի հրեական Հոլոքոստի հիշատակը նշող, և չնշվեն Կազայում պաղեստիցի ժողովրդին կրած տառապանքները։ Պաղեստինաիսրայելյան հակամարտությունը նկատի ունենալով՝ կարծում եմ, շատ նրբանկատ պիտի լինեն պաշտոնական Երևանից հնչած հայտարարությունները։

Չնայած Հոլոքոստի առումով մինչև այն ժամանակ, որ Հայոց Ցեղասպանությունը իսրայելյան Քնեսեթի կողմից ճանաչում չունի, հայկական կողմը, կարծում եմ, կարող է տարբեր եզրույթներ օգտագործել ողջակիզման դեպքերը բնութագրելիս։ Եվ սա չի բխում զուտ մերձավոր Արևելքում ապրող հայկական համայնքների շահերից, կարծում եմ՝ դա բխում է նաև ՀՀ պետական շահերից։ Այլապես ընկալելի է նաև այն, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը անհրաժեշտ է նաև որոշակիորեն հակակշռելու Թել Ավիվ-Բաքու ռազմական գործակցությունը: Նկատի ունեմ հատկապես ապրիլյան կայծակնային պատերազմում բացահայտ ներդրումը Իսրայելի պաշտպանական համակարգին։ Չմոռանանք, որ այնտեղ առկա է դասական կազմակերպ համայնք, որ ունի դարավոր ժառանգություն և բացառիկ կարգավիճակով տրված իրավունքներ։ Վստահ եմ և համոզված, որ հայկական կողմը նկատի կունենա պաղեստինաիսրայելյան հակամարտության բոլոր նուրբ կողմերը պաշտոնական դիրքորոշումներ հնչեցնելիս»։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
390 reads | 27.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com