ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Հարց․ Պարոն Մնացականյան, պարոն Խաչատրյանի հետ խոսեցինք, ասաց, որ կան խնդիրներ, որոնց ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տրվեն՝ արտաքին առևտրի շրջանակներում: Մեր տնտեսվարողները հիմնականում ո՞ր շուկաներից են, այսպես ասենք, «բողոքում՛»:

Զոհրաբ Մնացականյան․ Այն, ինչ ասում է իմ գործընկերը՝ պարոն Խաչատրյանը, արտահայտում է մեր միասնական ձգտումը՝ ձևավորելու անհրաժեշտ շրջանակ, որտեղ մենք լավագույնս կարող ենք ծառայություն մատուցել մեր գործարար շրջանակին: Մեր մոտեցումը դա է։

Ինձ համար բարդ է անմիջապես պատասխանել Ձեր հարցին, որովհետև մենք՝ որպես պետական ծառայություն, պետական հաստատություն, ծառայություն մատուցող ինստիտուտ, ունենք մեր հնարավորությունները․ հնարավորություններ աշխատելու մեր ամբողջ համակարգով, ներկայացված լինելով արտերկրում՝ մեր դեսպանությունների միջոցով, մենք ունենք ներուժ՝ գտնելու այն անհրաժեշտ  հարթակները, անհրաժեշտ ձևերը, որպեսզի մեր զարգացման օրակարգի անմիջական դերակատարներին՝ գործարար շրջանակների ներկայացուցիչներին, լավագույն հարթակներ տրամադրենք համագործակցություն ձևավորելու համար: Որքանով ենք մենք այդ դերակատարությունը մեր վրա վերցնում՝ անմիջական կապողը լինելու, թե որքանով մենք հարթակ ստեղծողն ենք, սա է հիմնական համաձայնությունը, որը մենք ունենք պարոն Խաչատրյանի, փոխվարչապետերի և վարչապետի հետ, որ մեզ անհրաժեշտ է լավագույնս օգտագործել անմիջական դերակատարների ներգրավումն այս գործընթացի մեջ: Դերակատարները գործարար շրջանակներն են: Մեզ անհրաժեշտ է մեր մեջ ձևավորել այդ պատվերի հստակությունը, կոպիտ ասած՝ «ի՞նչ եք ուզում», մեր եղած ռեսուրսն ինչպե՞ս լավագույնս օգտագործել։ Եվ այդ առումով՝ ո՞ր շուկաներն են ավելի հետաքրքիր, որո՞նք ավելի անհրաժեշտ, ո՞ր ուղղությամբ է ավելի հետաքրքիր աշխատել, որտե՞ղ կա անհրաժեշտություն մեր ռեսուրսը օգտագործել:

Հարց․ Դուք սպասում եք հստակեցմա՞ն։

Զոհրաբ Մնացականյան․ Այո, մենք սպասում ենք այդ պատվերի ձևակերպմանը: Մեկ այլ օրինակ բերեմ․ մենք արդեն ձևավորել ենք որոշակի փորձ, այս դեպքում պարոն Հակոբ Արշակյանի հետ, ով պատասխանատու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: Այն ընկերությունները, որոնք ներկայացված են այս ոլորտում, ունեն բավական շոշափելի համախմբվածության համակարգ, տարբեր ասոցիացիաներ, երեք ասոցիացիա՝ ինժեներական ասոցիացիան և մյուս երկուսը։ Երբ մենք իրենց հետ կապի մեջ ենք, մենք միասին ձևավորում ենք՝ «ի՞նչ եք ուզում» հարցի պատասխանը:

Նաև իմ  ճանապարհորդությունը Եթովպիա և Ռուանդա լավ օրինակ է, որի վրա մենք ուզում ենք կառուցել, լավ օրինակ է՝ օգտագործելու մեր ռեսուրսը՝ մեր գործարարների համար դռները, դարպասները բացելու համար և այդ մարդիկ իրենք պայմանավորվեցին, իրենք մասնակից դարձան այդ գործընթացին, իրենք միացան պատվիրակությանը։ Մենք ձևավորեցինք ծրագիրն այնպես, որ այդ մարդկանց անմիջական կապի մեջ դնենք թե կառավարական մակարդակով Եթովպիայի և Ռուանդայի համապատասխան կառավարական մարմինների ղեկավարների հետ, թե գործարար շրջանակների հետ, թե Աֆրիկյան միության հետ, թե ՄԱԿ-ը ներկայացնող մարմինների հետ, որոնք Աֆրիկայում են գտնվում և որոնց միջոցով թե ստեղծագործ կրթության հաստատությունները, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները իրենց համար կարողացան ձևավորել անմիջական օրակարգ, որն իրենց համար արդեն գործնական է: Եվ դա շատ ուրախալի օրինակ է, որը մեզ թույլ է տալիս վերլուծել ու դրա վրա կառուցել: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին. նույն գյուղատնտեսության ոլորտը, գինեգործության ոլորտը նույնպես բավական լավ, համախմբված ոլորտներ են։

Այդ առումով մենք փորձում ենք նույնքան քաջալերել գործարար շրջանակներին այդ ասոցացման մեխանիզմը, իրենց միավորումների մեխանիզմն ավելի ակտիվ օգտագործել՝ պատվեր ձևավորելու համար։ Եթե Դուք հարցնում եք ինձ խնդիրների մասին․․․

Հարց․ Դուք ծանո՞թ եք գործարարների հիմնական խնդիրներին՝ ինչի՞ հետ են նրանք բախվում դրսում, որպեսզի կարողանաք առաջարկել Ձեր ծառայությունները։

Զոհրաբ Մնացականյան․ Այդ առումով մենք աշխատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ։ Էկոնոմիկայի նախարարությունն անմիջական կապն է գործարար շրջանակների հետ կամ այն բոլոր ոլորտներում, որտեղ իրենք պատասխանատվություն են կրում։ Մեր՝ Արտգործնախարարության առաջնային, կարևորագույն գործառույթը մեզ հասանելի այդ ռեսուրսի հիման վրա իրենց անհրաժեշտ հարթակի տրամադրումն է։

Այն, թե որ շուկաներում ինչ խնդիրներ են, բնականաբար, առանձին հարցերում դա ևս մեր գործառույթն է եղել՝ կրկին համագործակցելով Էկոնոմիկայի նախարարությունում մեր գործընկերների հետ։ Բնական է, մեր գործարար շրջանակների խնդիրների համար անհրաժեշտ է մեզ օգնել խնդիրների լուծման առումով։ Բայց խնդիրը հիմնականում մնում է ավելի համապարփակ, ավելի կոորդինացված համագործակցությունը։

Հարց․ Ու՞մ մեջ կոորդինացված։

Զոհրաբ Մնացականյան․
Գործարար շրջանակների և մեր։

Հարց․ Պարո՛ն նախարար, իսկ մեր դեսպանությունները, տնտեսական դիվանագիտության մասնագետները գալիս ե՞ն․․․

Զոհրաբ Մնացականյան․
Սա է ամենահիմնականը։ Մեր տնտեսությունը կառուցված է մասնավորի հիման վրա։ Մենք հիմնվում ենք մասնավորի պատվերի վրա։ Մենք չենք կարող ունենալ բավարար ռեսուրս... Անհնար է գերագնահատել այն, ինչ մենք անում ենք, որովհետև մեր հաստատությունը բազմաթիվ խնդիրների է առնչվում, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը՝ իր ամբողջ ծավալով՝ անվտանգության ոլորտից մինչև մնացած բոլոր ոլորտները։ Անմիջական, ուղղակի այսպես նեղ ռեսուրս պահելը դրա համար. կարծում եմ՝ մենք կարող ենք գերագնահատել նպատակը և ուղղակի չկարողանալ ճիշտ առաջ շարժվել։ Բայց այդ առումով է, որ մենք ունենք Էկոնոմիկայի նախարարություն, մենք ունենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, մենք ունենք բոլոր մյուս հաստատությունները, որտեղ մենք այդ ներքին կոորդինացման միջոցով փորձում ենք ավելի հստակեցված, ավելի կոորդինացված մատուցել այդ անհրաժեշտ ծառայությունը կառավարության կողմից։

Հարց․ Ձեր կողմից մեխանիզմներ կլինե՞ն առաջարկի տեսքով։

Զոհրաբ Մնացականյան․
Մեր կողմից առաջարկվող մեխանիզմի մասին մենք այսօր կխոսենք, մեզ անհրաժեշտ է լսել միմյանց, և այն առաջարկը, այն մոտեցումը, որ մենք ունենք, վերաբերում է դրան՝ որքանով է  գործարար շրջանակը պատրաստ մեզ հետ միասին մասնակից լինել՝ մասնակից բոլոր առումներով, ձևավորելու այդ պատվերը և ձևավորելու նպատակները։ Եթե ավելի պարզ խոսեմ՝ շոշափելի օրինակով, լինում են դեպքեր, իրավիճակ, երբ դեսպանները գնահատում են կամ ի հայտ են բերում ինչ-որ մի գործարար շուկա, բիզնես, ինչ-որ մի ծրագիր, որտեղ գուցե հնարավոր է վաճառել հայկական ապրանքը կամ նման ինչ-որ մի բան, բայց Հայաստանում կարող է չլինել հետաքրքրությունը պարզ պատճառով, որովհետև այն անմիջական շրջանակը, որ այդ գործառույթն իրականացնում է, այդ բիզնեսը, ասում է․ «բայց իմ գերակայություններն ուրիշ են, իմ գերակայություններն այլ տարածաշրջանում են, այլ ուղղության մեջ են»։

Այստեղ ես շատ պարզ օրինակ բերեցի՝ ցույց տալու համար, որ այդ կապի ամրապնդումը, այդ մեխանիզմի ստեղծումը, միասնական այդ փոխկապակցվածությունն ամրապնդման առումով մեզ պետք է գործնական դաշտում անել։ Եվ այստեղ մենք հիմնվում ենք այն մոտեցումների և այն անմիջական աշխատանքի վրա, որն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարությունում, և միասին արդեն գնահատում ենք այն, թե ինչպես մենք կարող ենք թիրախավորված ձևով մատուցել ծառայություն։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
76 reads | 04.09.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com