ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Հալեպում ՀՀ վարչապետը կարեւորագույնի հավակնող քայլ է կատարում հայ նորագույն պատմության մեջ: Դեպի Ծիծեռնակաբերդ 2018 ապրիլ 24-ի պատմական երթը շանս ունի ստանալ հակացեղասպան ճեղքումի իր ստրատեգիական շարունակությունը:

«Լրագիրը» անդրադարձել է Հայաստանի Սիրիական առաքելությանը բավական ընդարձակ խմբագրական մեկնաբանությամբ եւ դեռ, անշուշտ, կանդրադառնա: Կցանկանայինք ընթերցողի հավելյալ ուշադրությունը հրավիրել այն բարդագույն եւ խճճված պայմանների վրա, որոնցում իրականացվում է հայկական առաքելությունը:
Այս առումով կարեւոր է նկատի ունենալ 2021 թվականի խնդիրը հակահայ նոր գրոհով փակելու մոսկովյան ազդեցիկ շրջանակների նկրտումները: Հենց այդ շրջանակների տեսակետներն է արտահայտում «Լազարեվսկի» ակումբը: Գրոհի առանցքը հետեւյալն է. հենվելով Հայաստանի Հանրապետության 1921-ին առաջացած ենթակա կարգավիճակի վրա, Ռուսաստան-Թուրքիա-Իրան, այսպես ասած, «սիրիական» ֆորմատով իրականացնել Արցախի վերադարձը Բաքվի իրավասության ներքո, այլ կերպ ասած՝ բեկանել status-quo-ն:

Մեջբերում անենք այս ուղղությամբ Մոսկվայում առավել ակտիվ գործունեություն ծավալած ռեգնումական փորձագետ՝ Արցախի մեծագույն ռուս բարեկամ, հայկական հողի վրա տարաբնույթ «քրդստանների» բուծման գաղափարի ջատագովից: Ահավասիկ բառացիորեն. «Սիրիական կարգավորման հեռանկարները կարող են հետագայում կիրառվել ղարաբաղյան կոնֆլիկտի վրա»: Հաջորդը. «Քրդական մի պետություն փաստորեն արդեն գոյություն ունի Իրաքում: <…> Մեկ ուրիշի նախադրյալները ստեղծվում են Թուրքիայում <…> դա տեղի է ունենում Հայաստաի  սահմանից մի քանի տասնյակ կիլոմետրի վրա», 8 փետրվար 2019:


Այլ կերպ ասած, շրջանային, այսինքն Միջին Արեւելքի կարեւոր ուժերը լուծելու են 1921 թվականի «իրավական» դաշտից աշխարհագրական պատճառներով դուրս մնացած արցախյան թնջուկը: Բնականաբար նույն՝ 1921-ի Մոսկովյան պայմանագրի ոգով: Իսկ 1915-ին Հայաստանում ցեղասպանություն իրականացրած քրդերի անշեղ աճող թվաքանակը հիմք է ծառայելու Հայաստանը սովետական անդրկովկասյան սահմաններում արեւմուտքից եւ հարավից մեկընդմիշտ մեկուսացնելու համար: Անշուշտ ռեգիոնալ տարանցիկ էկոնոմիկա ապահովելու առատ հավաստումների ներքո: Առավել սիրալիր են լինելու Բաքվի ու Անկարայի սիրո հավաստումները:

Ինտերնետի ռուսական հանրամատչելի հանրագիտարանները եւ հարցախույզ մեքենաները մեկից որդեգրել եւ միաբերան սկսել են պնդել «հայկական պետականութան կենտրոնը իր պատմության ողջ ընթացքին տեղակայված է եղէլ բացառապես Անդրկովկասում» թեզը: Ամենաանհեթեթ փստարկներով պաշտպանվում է հայերի՝ Փոքր Ասիա եւ Միջին Արեւելք ինչ-որ անհայտ վայրից քոչած-եկած ազգի թեզը: Դրա համար նույնիսկ ստիպված են կասկածի տակ դնել հայոց լեզվի հնդեւրոպական ծագումը, կամ բալթյան լեզուների լեզվախմբի ճյուղավորում հայտարարել: Լկտի եւ լայնամասշտաբ ինֆորմացիոն գրոհը 2021-ի հարցին ուղղակիորեն ծառայող ուտիլիտար բնույթ ունի:

Հատուկ ուշադրություն է դարձվում հայերի քաղաքակրթական ներդրումը թե Միջին Արեւելքում, թե Հռոմեից արեւելյան կայսրության սահմաններում, նորաստեղծ Ռուսաստանում, իսկ ավելի ուշ՝ արեւելյան Եվրոպայում ժխտելու ուղղությամբ: Նպատակը հայերի քաղաքակրթական բնութագիրը քրդերին, այն է՝ զրոյին հնարավորինս հավասարեցնելն է: Նշենք, որ այսպես կոչված առաջադեմ Արեւմուտքը, որ իր միջնադարյան Ռենեսանսով Կոնստանդնուպոլսից գաղթած հայերին է պարտական եւ նրանց գիտական եւ էսթետիկական անսպառ ավանդին, ժխտողական առումով ոչնչով չի զիջում ռուսներին, եթե նույնիսկ չի գերազանցում: Ավանդաբար առավել խանդոտ է բրիտանական դիրքորոշումը: Թերարժեքության հրեական բարդույթից, համաձայն Ուինսթոն Չըրչիլի, զուրկ լինելով, անգլիացիները XIX դարի կեսերից տրված են «հայկական բարդույթի» հեշտանքին:

Սրանք են Հալեպ հայ զինծառայողների խումբ ուղարկելու ծանրագույն հանգամանքները: Ոչ Արեւելքը, ոչ էլ Արեւմուտքն իրենց իշխող քաղաքական-տնտեսական կորիզների կամոք չեն ցանկանում Միջին Արեւելքում քաղաքակիրթ վիճակ տեսնել: Առանձին շահագրգռություն ունեն Թուրքիան եւ Իսրայելը: Երկուսն էլ արդարացիորեն հիմնական թիրախ են տեսնում հայերին՝ իբրեւ Բոսֆորից մինչեւ Պարսից Ծոց բազմազգ եւ բազմակրոն համերաշխության քաղաքակրթական ներուժի միակ գործուն աղբյուրի:

Հիշենք նաեւ 2018 աշնանը Երեւան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հորդոր-պահանջը Նիկոլ Փաշինյանից: «Քեռի Օնիկը» չէր քաշվել ներկայացնել հայերի՝ Սիրիայում քաղաքականապես եւ ռազմապես ավելորդ լինելու մասին Միացյալ Նահանգների գնահատականը: Իսկ ով էր կասկածո՞ւմ, թե ցեղասպանություն ժխտող Նահանգները այլ գնահատական ունեն: Վարչապետ Փաշինյանի վճռականությունը, ուստի, արժանի է ամենաբարձր գնահատականի:

Այսպիսով, Սիրիայում խնդիրը Հայաստանի Հանրապետությունը, նույնիսկ Արցախ աշխարհի ներառումով, հայության համար անդրկովկասյան փակ ռեզերվացիայի, Տեր-Պետրոսյանական գետտոյի վերածելու ծրագրերը խափանելու մեջ է: Անշուշտ մեկ հումանիտար վաշտը չունի ռազմական նշանակություն, սակայն հայկական ռազմական դրոշակի ներկայությունը Սիրիայի՝ դեռեւս հազարամյակներ առաջ հայերի համար հարազատ եւ նվիրական հողի վրա հսկայական քաղաքական արժեք ունի: Այս պահից ՀՀ եւ Արցախի անվտանգությունը արդեն իսկ շաղկապված է Հայաստանի սիրիական առաքելությանը, ինչը բացարձակ քաղաքական նվաճում է Հայաստանի համար: Հայ ընդհանրական լայն շրջանում այս գիտակցության արմատվորումը հայերի՝ քաղաքական ազգ դառնալու էական հայտանիշներից մեկը կլինի:

Դեռեւս 2017-ին նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք ծնված գաղափարի իրականացումը ցավալիորեն ձգձգվեց, տալով թանկարժեք պատմական ժամանակի կորուստ: Ավելի վաղ ստրատեգիական կորուստ էր տեղի ունեցել Ցյուրիխյան գործընթացի ժամանակ, որի իրական ներուժը այնպես էլ չգնահատվեց ՀՀ նախկին ղեկավարության կողմից, ինչը Թուրքիան վերածեց պատասխանողից հայցատիրոջ:

Այժմ հայ դիվանագիտության առջեւ բավական լայն հորիզոն է բացվում: Ռուսական ուժերը Միջերկրականի Հայոց Ծոցի ափերին են կայանել կատարյալ միայնության պայմաններում: Դրանք շրջապատված են լավագույն դեպքում փոքրաթիվ ալավիներով, իսկ վատագույն՝ տեղի թուրքերով «թուրքեման» անվան ներքո: Երկու հուժկու հարվածներով՝ ռուսական օդանավի խորտակումով եւ Անկարայում ՌԴ դեսպան Կառլովի սպանությամբ, Թուրքիան բացատրեց Ռուսաստանի իրական վիճակը, որը անմիջականորեն հետեւում է 1921-ին իրականցված անհագուրդ հայատյացության Լենին-Աթաթուրք գործարքից:

Մոսկվան հիմա կարող է որոշակիորեն շտկել վիճակը: Ճիշտ է, հարկ կա նշել, որ Հայաստանը բացակայում է Թուրքիա-Ռուսաստան-Իրան սիրիական քաղաքական եւ ռազմական հարթակից, ինչը ՀՀ նախորդ վարչախմբի աններելի բացթողումն է: Սակայն վաշտի առկայությունը կարեւոր քայլ է ճիշտ ուղղությամբ: Դժվարը առաջին քայլն է: Հարյուրամյակների ճկող բեռը հանաք բան չէ: Մյուս կողմից, ինչպես ցանկացած այլ ռազմականացած նախաձեռնություն, այն ռիսկեր է պարունակում: Բարի ծառաություն մաղթենք մեր զինվորականներին:

Հայաստանի միջազգային սուբյեկտության, Հայաստաի ինքնաընկալման, հայության աշխարհագրական եւ պատմական «տեղակայման» խնդիրները, ռետրոսպեկցիան եւ ռեֆլեքսիան, անշուշտ, չափազանց բարդ մատերիա են: Առավելեւս, Լրագրի ընձեռած հրապարակախոսական եւ փորձագիտական հնարավորությունները արժե օգտագործել ընդլայնված ծավալով:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
41 reads | 10.02.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com