ԱՐԱՏԵՍՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Վայոց Ձորի մարզի Արատեսում տեղի է ունեցել դպրական կենտրոնի բացում, որը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունն է:

Բնության գրկում շուրջտարյա կենտրոնը աշակերտներին և ուսուցիչներին կապահովի ոչ միայն բնության գրկում ճամբարային կացարաններով, այլև սերտ կապ է ստեղծում հազարամյակների պատմամշակութային ժառանգության հետ: Այնտեղ են 10-13դդ Արատեսի վանքը, 10-րդ դարի ՍԲ Սիոն, 11-րդ դարի ՍԲ Աստվածածին եկեղեցիները, 10-16դդ խաչքարեր և բազմաթիվ այլ պատմական արժեքներ:

Արատեսի նախկին ադրբեջանաբնակ տարածքը 1990 թվականից տրամադրվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ դպրական կենտրոն կառուցելու նպատակով։ Դպրոցի ուսուցիչներից, սովորողներից կազմված ջոկատների, մասնագիտական խմբերի պարբերաբար այցերի ու մաքրման, վերանորոգման աշխատանքների շնորհիվ այսօր արդեն Արատեսն իր տարածքով ավելի բարեկարգ է ու կեցության համար պիտանի, վերանորոգվում ու վերակառուցվում են գյուղի տներն ու վերածվում ճամբարի։

Դպրոց բնության գրկում նախագծի կենտրոնում նաև Արատեսի վանքի վերականգնման նախագիծն է։ Վանքի նախնական տեսքը վերարտադրելու նպատակով Արատեսում 90-ական թվականներին ուսումնասիրություններ են անցկացրել ճարտարապետներ Սամվել Այվազյանը, Ամիրան Բադիշյանը, Մանուշակ Տիտանյանը: Միջոցների բացակայության պատճառով վերականգնումը, սակայն, չի իրականացվել:

Կազմված նախագծերը այսօր շնորհանդեսային ներկայացմամբ հանրայնացվել են: Ճարտարապես Սամվել Այվազյանը մանրամասն ներկայացրել է աշխատանքներն ու առանձնացրել հատկապես վանքի հորինվածքի աննախադեպ ճարտարապետական լուծումը, որը հնարավորություն է տվել վանքի ներսում խնայել մեծ տարածք և խուսափել լայնադիր սյուներից:

Արատեսում արդեն գործում է նաև վրանային ճամբար՝ ուսումնամարզական ու տարատեսակ հավաքներ ընդունելու համար։ Կլինի արվեստանոց փորձառու և սկսնակ ճարտարապետների համար։

Սեպտեմբերի 14-ից այնտեղ կլինի նաև եռօրյա ռազմամարզական հավաք, որին կմասնակցեն կրթահամալիրի և Եղեգիսի դպրոցի պատանիները: Իսկ սեպտեմբերի 21-ին կրթահամալիրի համար ավանդական դարձած բարձունքի հաղթահարումը կանցկացվի հենց Արատեսում. կմասնակցեն կրթահամալիրի հայրենագետներն իրենց հասակակից եղեգիսցիների հետ միասին:





ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
219 reads | 09.09.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com