ՀՀ ԱԺ-ՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ)
ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Իրավաբան-Քաղաքագետ, Լոս Անջելես, ԱՄՆ





Անկախ պատգամավորի ինստիտուտը Հայաստանի վեցերորդ գումարման խորհրդարանում

Վերջին օրերին Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունից 6 պատգամավորների հրաժարմամբ հաճախ է խոսք գնում այն մասին, թե ՀՀԿ-ն այլեւս խորհրդարանական կայուն մեծամասնություն չի համարվում եւ ընդհանրապես կարող է  զրկվել խորհրդարանական մեծամասնության օրինական լիազորություններից: Մինչդեռ Հայաստանի սահմանադրական ու օրենսդրական պահանջներն ու նաեւ իրավական մի շարք նորմեր այլ իրականություն են պարզում, ինչը հակառակ  տիրող ենթադրության բացառում է գործող խորհրդարանում մեծամասնության ու փոքրամասնության ներկա հարաբերության պատկերի ցանկացած փոփոխություն:  

Այս կապակցությամբ պարզաբանում կատարելու համար անհրաժեշտ է պատասխանել մի քանի հիմնական հարցումների: Հայաստանի ներկա սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքն ի՞նչ տեսակետ ունեն խորհրդարանում «անկախ» պատգամավորի ինստիտուտի մասին: Ո՞ւմ են պատկանում խորհրդարանում բաժանված մանդատները: Արդյո՞ք Հայաստանի գործող խորհրդարանը կարող է կայուն մեծամասնություն չունենալ:

Վերջին օրերին ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորները հայտարարում են, թե պահպանելով իրենց մանդատները այսուհետ խորհրդարանում հանդես են գալու, որպես անկախ պատգամավորներ:

Մինչեւ հինգերորդ գումարման խորհրդարանը, Հայաստանի ԱԺ-ի պատգամավորներն ընտրվել են միաժամանակ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով, ինչը նախորդ բոլոր խորհրդարաններում թույլատրել է անկախ կամ անկուսակցական պատգամավորների թեկնածությունն ու ընտրությունը: Հայաստանի Հանրապետության բարեփոխված Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետով ու դրանից բխող Ընտրական օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետով, նաեւ ելնելով խորհրդարանական համակարգի պահանջներից, Հայաստանի ԱԺ-ի ընտրություններն անց են կացվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով: Համաձայն համամասնական ընտրակարգի ու նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջին «Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները» (հոդված 89-ի 1-ին կետ), ինչը բացառում է անհատ քաղաքացու անկախ թեկնածությունը:

Եթե Հայաստանի սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով որեւէ հնարավորություն սահմանված չե կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի ցուցակներից դուրս անկախ թեկնածուների առաջադրման համար, կարելի է հետեւություն անել, որ ընդհանրապես Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային Ժողովում չի կարող անկախ պատգամավորի ինստիտուտ գոյություն ունենալ կամ ստեղծվել: Իհարկե ՀՀ ԱԺ ներքին կանոնակարգի 9-րդ հոդվածի 4-րդ կետով թույլատրվում է խմբակցությունից պատգամավորի հրաժարումը, իսկ 7-րդ հոդվածով արգելվում է նրանց այլ խմբակցություններում ներառվելը: Միեւնույն ժամանակ կանոնակարգը լռում է այն մասին, թե խմբակցությունը լքած պատգամավորն ի՞նչ հանգամանք է ստանում խորհրդարանում և ո՞ր խմբակցության հաշվին է գրանցվում նրա մանդատը:

Ո՞ւմ են պատկանում խորհրդարանական մանդատները. խմբակցության, թե՝ պատգամավորին

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավորները ընտրվում են համամասնական ընտրակարգով կուսակցությունների եւ կամ կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված համապետական եւ տարածքային ցուցակներով: Ընտրական օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն քվեաթերթիկն ունենում է երկու էջ: Առաջին էջում, որտեղ ներառված են լինում կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների եւ նրանց համապետական ցուցակների առաջին երեք թեկնածուների անունները, ընտրողն իր ձայնը տալիս է կուսակցություններին կամ դաշինքներին: Երկրորդ էջում, որտեղ ներառված են լինում տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները, ընտրողը ձայնը տալիս է տվյալ թեկնածուին, սակայն արդյունքների ամփոփման ժամանակ հիշյալ ձայները գրանցվում են կուսակցության հաշվին եւ համաձայն նույն օրենսգրքով սահմանված բարդ ձեւաչափերի որոշում են ցանկացած կուսակցության կամ կուսակցության դաշինքին հատկացվելիք մանդատների քանակը: Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն մանդատներն առաջին հերթին տրամադրվում են տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավորներին (վարկանիշային կամ ռեյտինգային), այնուհետեւ օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, իսկ վերջում մնացյալ մանդատները հատկացվում են կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության:

Համապետական ցուցակներին ու նաեւ ազգային փոքրամասնություններին տրամադրված մանդատների պատկանելիությունը վիճարկման առարկա չի կարող լինել, քանի որ դրանք գոյացել են ուղղակիորեն տվյալ կուսակցությանը կամ դաշինքին տրված ընտրողների ձայների միջոցով: Այլ խոսքով քանի որ ընտրողը քվեարկել է ոչ թե թեկնածուի այլ կուսակցության օգտին, հետեւաբար տրված ձայներն ու դրա արդյունքում ձեռք բերված մանդատը պիտի համարել կուսակցությանը: Մասամբ վիճարկման թեմա կարող է լինել վարկանիշային կամ ռեյտինգային կարգով տարածքային ցուցակներից ընտրված պատգամավորների մանդատի պատկանելիության հարցը: Թեեւ կարելի է այնպես տրամաբանել, որ հիշյալ մանդատը գոյացել է ուղղակիորեն տվյալ թեկնածուին տրված ընտրողների կողմ ձայների արդյունքում, հետեւաբար դա պատկանում է տվյալ պատգամավորին եւ պատգամավորը կարող է դա պահպանել խմբակցությունից հրաժարվելու կամ հեռացվելու դեպքում, այդուհանդերձ չպիտի մոռանալ, որ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն տվյալ անձը որպես անկախ թեկնածու առաջադրվելու հնարավորություն չի ունեցել եւ նրա թեկնածու առաջադրվելու եւ ձայներ շահելու գործընթացն իրականացվել է այն կուսակցության եւ դաշինքի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածության շնորհիվ, որի ցուցակում ընդգրկված է եղել:

Ընտրության ժամանակ թեկնածուին տրված մեկ ձայնը չի կարող միեւնույն ժամանակ պատկանել թե թեկնածուին եւ թե ցուցակը ներկայացրած կուսակցությանը: Դա կամ թեկնածուինն է, կամ կուսակցությանը: Եթե տրված ձայնը համարենք պատգամավորի սեփականությունը, խմբակցությունից հրաժարվելուց հետո այդ թվով ձայները պիտի հանվեն արդյունքների ամփոփման ժամանակ կուսակցությանը տրված ձայների ընդհանուր թվից, ինչը կարող է ազդել տվյալ կուսակցությանը հատկացված մանդատների թվի վրա: Այդուհանդերձ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ Ընտրական օրենսգրքով թեկնածուների առաջադրման համար սահմանած կարգը կարելի է այլ հետեւություն անել, ինչն իրավական տեսակետից առավել տրամաբանական է թվում: ՀՀ ԱԺ թեկնածուն ներառվելով կուսակցության կամ դաշինքի տարածքային ցուցակում նախապես իր համաձայնությունն է տալիս, որպեսզի իրեն տրված կողմ ձայները գրանցվեն ցուցակը ներկայացրած կուսակցության հաշվին:

Թեկնածուի միջոցով հավաքված ձայները մեկ անգամ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ անշրջելիորեն փոխանցվել են կուսակցության հաշվին եւ թեկնածուն արդեն զրկվել է դրա հանդեպ սեփականության իրավունքից: Միեւնույն ժամանակ քանի որ հնարավոր չե յուրաքանչյուր ընտրողից հարցնել, թե իր ձայնը ո՞ւմ է տվել, թեկնածուին, թե՝ նրան իր ցուցակում ներառած կուսակցությանը, կարելի է հաստատել, որ պատգամավորի հրաժարման դեպքում տրամաբանորեն այդ ձայնը եւ դրա արդյունքում գոյացած մանդատը պատկանում են ընտրական ցուցակը ներկայացրած եւ խորհրդարանում խմբակցություն ձեւավորած կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ թեեւ ՀՀ ԱԺ կանոնակարգը թույլատրում է ընտրություններից հետո խորհրդարանում ձեւավորված խմբակցությունից պատգամավորի հրաժարումը, սակայն դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքում խմբակցություններին հատկացված մանդատի վրա եւ դա շարունակելու է գրանցված մնալ տվյալ խմբակցության հաշվին:

Մանդա՞տ թե՝ ձայն

Վերջին օրերին հանրային քննարկումների ժամանակ հաճախ շփոթվում ու երբեմն նույնացվում են խորհրդարանական «մանդատ»-ն ու «ձայն»-ը, մինչդեռ դրանք միմյանցից լիարժեքորեն տարբերվող իրավական հասկացություններ են:

Մանդատը խորհրդարանում ցանկացած կուսակցության կամ դաշինքին հատկացված տեղն է: Դա մի անգամ բաժանվում է ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ, որի հիման վրա էլ ձեւավորվում է խորհրդարանը: Մանդատների թիվը պահպանվում է մինչեւ խորհրդարանի աշխատանքի պաշտոնական ժամկետի ավարտը եւ կամ սահմանադրությամբ հստակեցված կարգով լուծարումը: Հատկապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ձեւավորված խորհրդարանում կուսակցությունների եւ դաշինքների միջեւ բաժանված մանդատների թիվը մնում է անփոփոխ, ինչի արդյունքում էլ չի կարող փոխվել խորհրդարանում մեծամասնության ու փոքրամասնության պատկերը:

Խորհրդարանական «ձայն»-ը, յուրաքանչյուր պատգամավորին տրված կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու իրավունքն է: Թեեւ խորհրդարանական համակարգում կուսակցությունների եւ դաշինքների ներքին պայմանավորվածության արդյունքում շատ հաճախ խմբակցությունների «ձայն»-երի թիվը համապատասխանում է նրանց հատկացված «մանդատ»-ների թվին, սակայն դրանք անհրաժեշտաբար նույնը չեն լինում եւ խմբակցության ներսում կայացած պայմանավորվածության եւ կամ էլ պատգամավորի անհատական համոզման բերումով կարող են գերազանցել կամ զիջել տվյալ խմբակցությանը հատկացված մանդատների թվին (Օրինակ մայիսի 1-ին ՀՀ խորհրդարանում վարչապետի ընտրության համար քվեարկության ժամանակ վարչապետի թեկնածուին պաշտպանած եւ 7 մանդատներ ունեցող ՀՅԴ-ից վարչապետին կողմ քվեարկեցին խմբակցության անդամ 6 պատգամավորներ, իսկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կառավարության ծրագիրը պաշտպանող երեք խմբակցություններն ընդհանուր 47 մանդատներ ունենալով հանդերձ կարողացան ապահովել 62 կողմ ձայն):

Խորհրդարանի յուրաքանչյուր գումարման ժամանակ պայմանների թելադրանքից, կամ քննարկման դրված հարցից ելնելով, պարագայաբար կարող է փոխվել խորհրդարանական խմբակցությունների ձայների թիվը, սակայն մեկ անգամ բաժանված ու ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո խմբակցություններին հատկացված մանդատների քանակը մնում է անփոփոխ:
Յուրաքանչյուր խմբակցության հատկացված մանդատների քանակն անփոփոխ մնալու մասին կողմնակի կերպով հստակեցում կա նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ: Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետով «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը»: Խորհրդարանում կայուն մեծամասնության կարեւորությունն ընդգծելով ՀՀ Սահմանադրությունը նաեւ հստակեցնում է, որ եթե «ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ»: Սահմանադրական այս կետից կարելի է հետեւություն անել, որ եթե խորհրդարանի ձեւավորման համար անհրաժեշտ է կայուն մեծամասնության գոյությունը, նաեւ անհրաժեշտ է դրա գործունեության ամբողջ ընթացքում կայուն մեծամասնության պահպանումը:

Ձեւավորված ու գործող խորհրդարանում կայուն մեծամասնությունը մեկ խմբակցությունից մեկ այլ խմբակցության փոխանցվելը միայն հնարավոր կարող է լինել մանդատների տեղաշարժով կամ ավելի պարզ ասած պատգամավորների մեկ խմբակցությունից հրաժարվելով ու մեկ այլ խմբակցության մաս կազմելով: Ինչպես արդեն վերը հիշատակվեց թեեւ ԱԺ կանոնակարգը թույլատրում է խմբակցությունից պատգամավորի հրաժարումը, բայց միեւնույն ժամանակ 7-րդ հոդվածի 2-րդ մասով կողմնակիորեն արգելում է նրանց անդամակցությունը մեկ այլ խմբակցության՝ ընդգծելով, որ «խմբակցությունում ընդգրկվում են միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները»: Հետեւաբար մեկ անգամ որեւէ կուսակցության կամ դաշինքի օգտին ձեւավորված կայուն մեծամասնությունը, տվյալ գումարման Ազգային ժողովի գործունեության շրջանում պահպանվում է եւ մնում է անփոփոխ:

Ամփոփում

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված ՀՀ վեցերորդ գումարման Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցությանը հատկացվել են 58, «Ծառուկյան» դաշինքին՝ 31, «Ելք» դաշինքին՝ 9-ը եւ ՀՅԴ-ին՝ 7 խորհրդարանական մանդատներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խմբակցություններին տրամադրված մանդատների թիվը հաշվարկվել է ընտրությունների ժամանակ տվյալ կուսակցություններին կամ դաշինքներին տրված ընտրողների կողմ ձայների թվի ու տոկոսային հարաբերության հիման վրա եւ ենթակա չե փոփոխության, հետեւաբար իրավական ու պաշտոնական առումով ՀՀԿ-ն ամեն դեպքում շարունակելու է պահպանել իր կայուն մեծամասնության հանգամանքն ու դրանից բխող լիազորությունները:

Միեւնույն ժամանակ Համամասնական ընտրակարգի պատճառով ՀՀ վեցերորդ գումարման Ազգային Ժողովում գոյություն չունի «անկախ» պատգամավորի ինստիտուտ եւ մանդատ: Թեեւ պատգամավորին թույլատրվում է հրաժարվել խմբակցությունից այդուհանդերձ եթե նա վայր չի դնում իր մանդատը, անկախ իր կամքից եւ ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի թելադրանքով շարունակում է պահպանել խմբակցության հետ իր օրգանական կապը եւ նրա զբաղեցրած մանդատն ամեն դեպքում պատկանում է այն խմբակցությանը, որի ընտրացուցակում ներառված է եղել տվյալ պատգամավորը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
975 reads | 14.06.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com