ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼ ԱՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

ԱՀԱՐՈՆ ՇԽՐՏԸՄԵԱՆ
Yerepouni-news.com անկախ լրատուական կայքէջի գլխաւոր
խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Լիբանանի նախագահ Միշել Աունի այցելությունը Հայաստան արարողակարգային լինելուց ավելի ընդգրկում էր աշխարհաքաղաքական բազմաթիվ պատգամներ: Լիբանանը և Հայաստանը, փոքրաթիվ բնակչությամբ փոքր պետություններ, ինչպես անցյալում, այսօր նույնպես կգոյատևեն շրջանային և մեծ պետությունների ախորժակներին դեմ-հանդիման:

Միշել Աունը Լիբանանի այն նախագահներից է, որ լիբանանահայությանը միջոցով հարազատորեն ճանաչում է հայ ժողովրդի պատմությունը, տառապանքները, Ցեղասպանությունը....:

Հայ ժողովրդի հանդեպ հարգանքի բացահայտ արտահայտություն է նրա կուսակցությանը պատկանող հեռուստատեսության հայերեն ամենօրյա հաղորդումների սփռումը: Աունի գլխավորած խորհրդարանական խմբակցության անդամները մնայուն ներկայություն են համահայկական տոնակատարություններին, հիշատակի հանդիսություններին:

Լիբանանի նախագահը Զվարթնոցի օդանավակայանից անմիջապես ուղղվեց Սուրբ Էջմիածին: Հայաստանի քաղաքական այրերին տեսնելուց առաջ Սուրբ Էջմիածնի հոգևոր պետին կատարած այցելությամբ Աունը արտահայտում էր քրիստոնեական կրոն և եկեղեցու հանդեպ հավատքը: Միշել Աունը դարձավ Ծիծեռնակաբերդի հուշարձանը այցելող Լիբանանի երկրորդ նախագահը: Նա ծաղկեպսակ զետեղեց Ցեղասպանության նահատակների հուշարձանի առջև: Այցելեց Ցեղասպանության թանգարան:

Իսլամ-քրիստոնյա համակեցության հավատացող Աունի համար հայ և լիբանանցի ժողովուրդները ունեն հասարակությունների միևնույն թշնամին՝ թուրքը: Աունի այցելությունը Հայաստան արարողակարգային չէր երբեք: Բավական դիպուկ էին Երևանի մեջ Օսմանյան Թուրքիայի հասցեին նախագահ Աունի խոսքերը: Դատապարտելով հայ ժողովրդի դեմ կազմակերպված կոտորածը, բռնագաղթը, հայ ժողովրդին և նրա մշակույթը ոչնչացնելու՝ Օսմանյան Թուրքիայի նկրտումները՝ Լիբանանի նախագահը զուգահեռ կատարեց հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի դեմ ցեղասպանի վայրագությունների միջև:

Աունը, դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, լրագրողներին հիշեցրեց, թե այսօր՝ 21-րդ դարում, ցեղասպան Թուրքիան, իսլամ արմատականության պատմուճան հագած Թուրքիան, ցեղային զտման է ենթարկում Միջին Արևելքի տարբեր ժողովուրդների:

Աունը միաժամանակ հաստատեց, որ, Հայոց ցեղասպանությունը դատապարտվելու պարագայում կանխված պիտի լինեին այլ ցեղասպանություններ: Նախագահ Աունը շեշտեց Հայաստանի և Լիբանանի միջև միջպետական հարաբերությունները սերտացնելու, տարբեր ոլորտներիու մեջ համագործակցությունը զարգացնելու իր ցանկությունը՝ այս բոլորի մեջ շեշտելով լիբանանահայության հանդեպ իր հարգանքը:

Նախագահ Միշել Աունի քաղաքականության կարևոր հատկանիշերից մեկը շրջանային և միջազգային հարցերի հանդեպ նրա հստակատեսությունն է: Լիբանանը դարձավ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու Վաշինգտոնի որոշումը քննադատող արաբական առաջին պետությունը, երբ ուրիշները սեղանի տակ համաձայնագիր կկնքեին եբրայական պետության հետ: Բառախաղեր չունի Լիբանանի նախագահը, երբ խոսում է Իսրայելի մասին: Հստակ է նրա կեցվածքը Սիրիայի հակամարտության առնչությամբ: Այս ծիրի մեջ Լիբանանի և Հայաստանի նախագահներից գրեթե միևնույն տեսակետը հնչեց, երբ խոսեցին Սիրիայի պատերազմի և իսրայելապաղեստինյան հակամարտության զարգացումներուն մասին:

Բավական ուշագրավ էր Արցախի հակամարտության նկատմամբ Լիբանանի նախագահի կեցվածքը: Հողի ազատագրության և ազգային գերիշխանության համար պայքարի լայն փորձ ապրած Լիբանանի նախագահը լավ ըմբռնել է Արցախի ազատագրության պայքարը: Նախագահ Միշել Աունը առանց բառերը ծամծմելու, հստակորեն զորակցություն հայտնեց հարգելու՝ իր պատմական հողերի վրա ազատորեն ապրելու՝ Արցախի ժողովրդի իրավունքը: Լիբանանը և Հայաստանը, երկու բարեկամ պետություններ, բարեկամ ժողովուրդներ, բյուրավոր նահատակներ են տվել հողի ազատագրության համար...:

Հարավային Լիբանանի որոշ տարածքներ մնում են իսրայելյան բռնատիրության տակ: Իսրայելյան օդուժը գրեթե ամեն օր կբռնաբարէ Լիբանանի օդային սահմանները: Իսրայելը ապօրինաբար պատեր է կառուցում Լիբանանի սահմանագծի վրա՝ յուրացնելով լիբանանյան տարածքներ: Նույն Իսրայելը կփորձէ ձեռք դնել Լիբանանի ծովային հարստությունների, Լիբանանին պատկանող նավթի վրա և Միացյալ Նահանգների պատվիրակին ուղարկում է Բեյրութ՝ միջնորդելու լիբանանյան կառավարության մոտ:

Հայաստանը մնում է շրջափակված... քաղաքատնտեսական այս դրությունը ազատազուրկ ժողովուրդներին ինքնաբերաբար ստիպում է որոնել բնական դաշնակիցներ...: Լիբանանը և Հայաստանը երկու փոքր պետությունների հարուստ փորձի տիրապետող աշխատասեր ժողովուրդներ են: Անհրաժեշտ է օգտվել հեռանկար խոստացող այս ներուժից: Ամրապնդել համագործակցությունը, քաջալերել նախաձեռնությունները, քայլեր, որոնք հավասարապես փոխշահավետ պայմաններ պիտի ստեղծեն երկու պետությունների ժողովուրդներին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
523 reads | 28.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com