ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ 2 ... ???
ՄՀԵՐ ՄԻՆԱՍՅԱՆ







ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ՝ ԱՄՆ դարձնելով հեգեմոն պետություն: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհը կրկին բազմաբևեռ դարձնելու հարցում: Նման հավակնություններ ունի նաև Չինաստանը, բայց ի տարբերություն Ռուսաստանի՝ Չինաստանը օգտագործում է փափուկ ուժ:

ԱՄՆ-ն լուրջ հակամարտության մեջ է Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ, այդ երկրների նկատմամբ կիրառում է բազմաթիվ սանկցիաներ: Առկա կոնֆլիկտները միջուկային նոր մրցավազքի սկիզբ դրեցին: Այս զարգացումները բերեցին գերտերությունների կողմից իրենց ռազմական հայեցակարգերի (դոկտրինայի) վերանայման: Թրամփը վերանայեց նաև ԱՄՆ միջուկային ծրագրերը: ԱՄՆ-ն  2017 թվականի իր ռազմական հայեցակարգում հիմնական հակառակորդներ նշում է Չինաստանը և Ռուսաստանը, քանի որ այդ երկու պետություններն էլ փորձում են առանձին բնագավառներում ԱՄՆ-ին զրկել իր հեգեմոն կարգավիճակից: Այս համատեքստում ուշագրավ է նաև այն փաստը, որ Ռուսաստանը և Չինաստանը ամեն գնով կփորձեն կանխել ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառմանը Հյուսիսային Կորիայի և Իրանի դեմ: Այսինքն Ռուսաստանը և Չինաստանը, դե յուրե լինելով ԱՄՆ-ի հետ միասին սանկցիաներ կիրառող, դե ֆակտո այդ պետությունների թիկունքում են:

ԱՄՆ-ն լայն տնտեսական կապեր ունի Չինաստանի հետ և կխուսափի Չինաստանի դեմ սանկցիաներ կիրառելուց: ԱՄՆ-ի սանկցիաներ կիրառելը Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ապագայում կարող է բերել նրանց համախմբմանը «ընդհանուր հակառակորդ ունենալու» գաղափարի շուրջ: Գերտերությունների միջև հարաբերությունների ծայրաստիճան սրման դեպքում չի բացառվում, որ  Չինաստանը կարող է աջակցել հակաամերիկյան ալյանսին:    

Նման զարգացման դեպքում հետաքրքրական կլինի նաև Թուրքիայի դիրքորոշումը: Վերջերս Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները սրվել են, և ստեղծված իրավիճակում Թուրքիան ավելի է մերձեցել Ռուսաստանի հետ: Դրա վառ ապացույցն է Աֆրինի շրջանում ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ համաձայնեցնելը և ԱՄՆ-ի զսպվածության կոչերին կոշտ պատասխանելը:

Ռուսաստանը նվազեցրել էր իր ռազմական ներկայությունը Սիրիայում, և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրման նման իրավիճակում Ռուսաստանին շահեկան է Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում:  Թուրքիային բնորոշ են նման դիվանագիտական խաղերը՝ մի ճամբարից մյուսն անցնելը: Սակայն Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բացառվում է, որ կմասնակցի ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների:

Գերտերությունների միջև ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Թուրքիան չի բացառվում, որ կգրավի չեզոք դիրք՝ ինչպես և երկրորդ աշխարհամարտի տարիներին:

ԱՄՆ-ն էլ իր հերթին ուժեղացնում է դիրքերը: Իսրայելին Երուսաղեմը «նվիրելով»՝ ԱՄՆ-ն վերհաստատեց իր բարեկամական հարբերությունները և  ունենալով նման հզոր դաշնակից՝ ավելի ամրապնդեց իր դիրքերը Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկման ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հայտարարություններ է արել այդ կապակցությամբ և նույնիսկ աջակցություն հայտնեց Իրանի իշխանությունների դեմ դուրս եկած ցուցարարներին: Այդ  գործողությունները ավելի են սրում երկկողմ հարաբերությունները: Այս քայլերից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն նախապատրաստվում է ռազմական գործողությունների, որի թիրախը ամենայն հավանականությամբ կլինի Լիբանանը և հատկապես Իրանի հովանավորության տակ գտնվող Հեզբոլլահը:

ԱՄՆ-ն դաշնակցում է Հարավային Կորիայի հետ և համատեղ զորավարժություններ է իրականացնում: Այս գործողություններով ԱՄՆ-ն զսպում է Հյուսիսային Կորեային և այս տարածաշրջանում նույնպես ուժեղացնում է իր դիրքերը:

Աշխարհաքաղաքական նման զարգացումները կարող են սկիզբ դնել գերտերությունների միջև սառը պատերազմի: Նման լարված իրավիճակը դեռ երկար կպահպանվի: Գերտերությունները կխուսափեն իրար դեմ ռազմական գործողություններ իրականացնելուց, սակայն դիրքային մարտերը կշարունակվեն՝ հատկապես Մերձավոր Արևելքում: 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
397 reads | 14.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com