ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱԴԻՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԳԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԵՐԵՎԱՆ




ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումն է:

Հայ-վրացական երկկողմ հարաբերությունները տարածաշրջանային կայունության կարևոր բաղադրիչներից են։

Դիվանագիտական հարաբերությունների  հաստատումից ի վեր երկու երկրների միջև ակտիվորեն իրականացվում են առևտրատնտեսական  հարաբերություններ: Վրաստանը  մեզ համար բացառիկ  նշանակություն ունեցող երկիր է, որի միջոցով ապահովվում է  արտաքին աշխարհի հետ  կապը։ Սակայն հարց է, թե մենք ինչ դեր ու նշանակություն ունենք Վրաստանի համար։ Այս դերը դժվար է գերագնահատել:

Մինչև վերջին ժամանակներս Վրաստանի հետ մեր հարաբերությունները  կախվածության բնույթ էին կրում: Վրաստանը միշտ չէ, որ հուսալի և հավատարիմ դաշնակից է եղել  մեզ համար: Վրացական կողմը  ավելի շատ սառը վերաբերմունք ուներ ՀՀ-ի նկատմամբ: Դա, թերևս, պայմանավորված էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած  ջերմ հարաբերություններով և վրացական կողմի վրա նրանց տնտեսական և էներգետիկ մեծ  ազդեցությամբ։ Բացի այդ, Վրաստանի  հետաքրքրությունների շրջանակը  շատ ավելի  փոքր էր մեր երկրի նկատմամբ:

Վերջին մեկ-երկու  տարվա ընթացքում կարծես թե որոշակի առաջընթաց եղավ այս առումով. միակողմանի կախվածությունը վեր է ածվում փոխկապվածության։ Սա, թերևս, կարելի է բացատրել  ՀՀ-ի կոմպլիմենտարության կամ փոխլրացման քաղաքականության հետ: ՀՀ «և...և»-ի քաղաքականությունը տալիս է իր ցանկալի արդյունքները։

ԵԱՏՄ-ին անդամակցությունից և ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրից  հետո Վրաստանը ևս սկսեց հետաքրքրություններ տածել ՀՀ նկատմամբ։ Սրա տրամաբանական շարունակությունը եղավ վրացական կողմի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորաճանապարհային ուղիներից: Սա մեզ համար կարևորագույն ձեռքբերում է: Լարսին այլընտրանքային ճանապարհի բացումը  հնարավորություն կտա խուսափելու Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական շրջափակումից, արտակարգ իրավիճակների դեպքում օգտվել այս ուղուց:

Իհարկե, Վրաստանն էլ իր շահերն ու նպատակները ունի մեր երկրում: Մասնավորապես, ՀՀ կարող է լավ միջանցք դառնալ Վրաստանի և Իրանի հարաբերությունների ջերմացման գործում, ինչպես նաև նպաստել Ռուսաստանի հետ որոշակի շփումների ձևավորմանը։ Սակայն հարևան երկրներում կարծես թե այդքան էլ ուրախ չեն երկկողմ հարաբերությունների լավացմամբ։ Մասնավորապես, Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց Աբխազական տրանսպորտային ուղու բացման հայտարարությունը։ Այս քայլը որակվեց դավաճանություն Վրաստանի կողմից: Սա բնական էր, քանի որ տարածաշրջանում  ուժային բալանսը սկսվում է որոշ չափով փոխվել։ Այս առումով հայկական կողմը շատ գործ ունի անելու։
Վրաստանը մեզ համար տարածաշրջանի կայունության, անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքներից է և գոնե ռազմավարական այսպիսի կարևորագույն հարցում չպետք է ձեռքերը ծալած նստել,  հույսը կապել արտաքին ուժերի քաղաքական կամիքի հետ, այլ պետք է  շարունակել քաղաքական կայուն երկխոսությունների և  հարաբերությունների կառուցումը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
555 reads | 05.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com