Ի՞ՆՉ Է ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ
ԼԻԱՆՆԱ ԱՆԱՆՅԱՆ
Քաղաքագետ, ԵՐԵՎԱՆ





       

«Պատմությունն արդյունքում ծափահարում է ո՛չ թե հասարակությունների հակամարտություններին, այլ դրանց հաշտեցմանը»։

Հ. Քիսինջեր «Չինաստանի մասին»


 

Մենք ապրում ենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում, երբ ակնառու, ժամանակ առ ժամանակ անգամ հուսալքված փախուստ է կատարվում աշխարհաքաղաքականության ընդհանուր հայեցակարգից1:

Քաոսը սպառնում է մեզ բոլորիս, և դրա հետ մեկտեղ նաև ձևավորվում է աննախադեպ փոխկապվածություն; մասսայական ոչնչացման զենքի տարածումը, երբեմնի հզորագույն պետությունների դեզինտեգրացիան, շրջակա միջավայրի նկատմամբ վայրագ վերաբերմունքը, ցավոք սրտի նաև ցեղասպանությունների նախադեպը և նորագույն տեխնոլոգիաների արագ ներթափանցումը, սպառնում են սովորական ընդհարումների առավել խորացմանը, սրումը այնչափ, որ գերազանցեն մարդկային հնարավորությունները և մտքի սահմանները։

Համաշխարհային քաղաքականության մեջ զարգանում և թափ են հավաքում երկու, միմյանցից տարբեր և միմյանց հակասող տենդենցներ, քաոս և համաշխարհային սոցիումի կարգավորում։ Առաջինը պայմանավորված է միջազգային  քաղաքական և ֆինանսական ընդհանուր անկայունության հետ, իրադարձությունների անկանխատեսելիության, համաշխարհային տարածության «ձևափոխության» հետ, որը ուղեկցվում է նորաթուխ պետությունների ինքնորոշման փնտրտուքով։

Երկրորդն առաջանում է ազգերի և պետությունների փոխկապվածության անհրաժեշտությունից, վերազգային կառույցների զարգացման և համաշխարհային քաղաքացիական հասարակության ձևավորուման միջոցով։ Ազգերի և պետությունների հստակ քայլերից է կախված համաշխարհային քաոսի կանխարգելումը։ Նոր աշխարհակարգի ձևավորմանը վերաբերվող խնդիրներն ամենից շատն են քննարկվում և ուսումնասիրվում քաղաքական-ակադեմիական շրջանակներում։

Հետաքրքրությունը աշխարհակարգի նկատմամբ օրինաչափ է։ Հիմնական շեշտադրումը կատարվում է հարաբերությունների համակարգի հիմնական  պարամետրերի վրա, որոնք միջազգային քաղաքականության սուբյեկտների միջև առաջիկայում և հետագայում կձևավորվեն ։

Ինչպես նշել է ամերիկացի հայտնի վերլուծաբան Ջ․Այքենբերին․ «․․․ Միջազգային հարաբերությունների կենտրոնական խնդիրը «կարգ» հասկացողությունն է։ Ինչպե՞ս է այն ձևավորվել, ինչպե՞ս է այն քանդվում և վերաձևավորվում»2: Ռուս վերլուծաբան Ա․Պ․Ցիգանկովի գնահատականով․ միջազգային կարգի խնդիրը հիմնական միջազգային-քաղաքական տեսություններից մեկն է, քանի որ դրա մեջ կենտրոնացված է համաշխարհային ասպարեզում հիմնական տարրեր հանդիսացող, փոխհամագործակցող միանման սոցիալական համայնքների, մի ամբողջական հասարակության մասնիկների բովանդակությունը3:

Ներկայումս դժվար է պատկերացնել, թե ո՞ր ուղղությամբ կզարգանան հարաբերությունները ՝ աշխարհակարգի ձևավորման և ամրապնդմա՞ն ուղղությամբ,որը մարդկությանն առավել անհրաժեշտ է, թե՞ տեղի կունենա անկայուն աշխարհակարգի առաջացում, որը իր հետ կբերի անվտանգության բացակայություն, և վերջինս  էլ իր հերթին զգալի ճնշում կգործի համայն մարդկության վրա։

Վերլուծելով ապագայի տեսլականը, շատ հեղինակներ խուսափում են ապագայի աշխարհաքաղաքական իրադրության մասին հստակ և կոնկրետ կանխատեսումներ անելուց, քանի որ փորձում են առավել շատ վերլուծել համաշխարհային ցնցումների աղբյուրները և քաոսը, ինչպես նաև նոր հնարավորությունները, որոնք առաջանում են կայունության ապահովման, համաշխարհային զարգացման բարելավման նպատակով։


    «Աշխարհակարգ» հասկացության սահմանումը․ հիմնական մեկնաբանությունները

«Աշխարհակարգ» հասկացությունը առաջացել է դեռևս Հին Հռոմում։ Հռոմեական կայսրության վերելքի ժամանակաշրջանում հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի (մ․թ․ա․ 70-19 թթ․)  հեղինակած «Էնեական» էպոսում  ներկայացված է, թե ինչպես են հռոմեացիները պատրաստվում հպատակացնել և քաղաքակրթություն տարածել կայազորեր տեղակայելով բարբարոսներով լցված ծայրամասերում։ Հռոմեացիների ուժերի սպառումն, իսկ հետո նաև կայսրության փլուզումը պատճառ հանդիսացան, որ այդ ծրագիրը չիրագործվի։ Աշխարհակարգի նկատմամաբ հետաքրքրությունը  շարունակվել է նաև հետագայում, բայց «աշխարհակարգ» տերմինը մտավ գիտական շրջանակ անգլիացի հայտնի քաղաքագետ Հ․Բուլլի կողմից 1977 թվականին հեղինակած  «Անարխիստական հասարակություն․ համաշխարհային քաղաքականության կարգի ուսումնասիրություն»  աշխատության միջոցով4:                                            

Միջազգային հարաբերությունների տեսության մեջ աշխարհակարգի խնդիրը ներկայումս զբաղեցնում է կարևորագույն տեղ։ Մինչ այժմ, դեռևս չկա հստակ պարզաբանում հիմնական սահմանման բովանդակության մասին։ Հաճախ այս տերմինն օգտագործվում է որպես հիմնարար ճշմարտություն, առանց իմաստային բացատրության։

Երկու տասնամյակ է արդեն, ինչ այս տերմինը քաղաքական-վելուծական դաշտում դարձել է ինտեսնսիվ քննարկումների պատճառ և նորանոր տեսությունների առաջացման խթան։ Այս տերմինը  բնութագրող տարբեր մեկնաբանություններ են ձևավորվել, որոնք երբեմն տարբեր մոտեցումների քննարկման և վերլուծության արդյունք են։

«Աշխարհակարգ» հասկացողությունը «կարգ» , «սոցիալական կարգ», «քաղաքական կարգ» հասկացողության հետ միևնույն իմաստային հարթակի վրա է գտնվում, և հատուկ առնչություն ունի «քաղաքական կարգ» հասկացության հետ։ Ներկայումս, բառարաններում, որպես հիմնական բացատրություն նշվում է  համակարգվածություն, համապատասխանում որոշակի կանոնների և կանոնակարգվածություն տերմինները։

«Կարգ»  հասկացության խնդրահարույց լինելն, ինչպես նաև դրա հիմնական տարատեսակները բավականաչափ ուսումնասիրված չեն և չեն բավարարում գլոբալացումից բխող պահանջներին։

Համաձայն առավել լայն մեկնաբանության - «աշխարհակարգը»  սկզբունքների, նորմերի և հասկացությունների ամբողջություն է, որոնք համատեղ կարգավորում են միջազգային թատերաբեմի դերակատարների գործողությունները (պետություններ, միջպետական միավորումներ, միջազգային կազմակերպություններ, անդրազգային միություններ և այլն)։ Միջազգային հարաբերությունների իրադրությունն է որոշում կազմակերպությունների ձևաչափը և ուղղությունը։ Համաշխարհային քաղաքական կարգի վերլուծությունը հնարավորություն է տալիս պարզաբանելու քիչ թե շատ կայուն և նշանակալից կապերը միջազգային հարաբերությունների համակարգի մասնակիցների միջև, պարզաբանելով նրանց գործողությունները և զարգացումը որոշակի ժամանակահատվածում 5:

Կա նաև այլ տեսակետ, ըստ որի աշխարհաքաղաքականության միակ մասնակիցները պետություններն են։ Աշխարհակարագի միակ սուբյեկտը պետություններն են և միայն վերջիններս իրավունք ունեն աշխարհակարգի փոփոխման համար քայլեր ձեռնարկել։

Անգլիացի հայտնի գիտնական Հ․Բուլլը նշում է․ «Միջազգային (համաշխարհային) կարգ հասկացությունը մեկնաբանվում է որպես արտաքին գործունեության բնույթ (պայման) կամ ուղղություն, որն ապահովում է պետության համար առաջին հերթին հիմնական անհրաժեշտ (տարրական), երկրորդ՝ կենսական կարևորություն ունեցող , երրորդ՝ բոլորի համընդհանուր նպատակների  անձեռնմխելիությունը»6:

1․Լայն ձևաչափով այն դիտարկվում է  որպես  «համաշխարհային հանրության միավորում՝ ամբողջությամբ վերցրած, որն իր մեջ ներառում է բոլոր դերակատարներին՝ առանց բացառության»։

 2․Նեղ ձևաչափով - սա  «համաշխարհային միավորման առավել ակտիվ դերակատարների փոխհարաբերությունների համակարգ է, որն հիմնված է վարքագծի որորշակի պաշտոնական և ոչ պաշտոնական  օրենքների և նորմերի ամբողջության վրա, որոնք ամրագրված են միջազգային իրավունքով, ինչպես նաև դրա հիման վրա ստեղծված ինստիտուտների, կազմակերպությունների, միությունների և այլնի միջոցով» 7:

Գոյություն ունի երկու հետազոտական ուղղություն «միջազգային կարգ» և «աշխարհակարգ» հայեցակարգերի փոխհարաբերությունների հարցի վերաբերյալ։ Երբեմն դրանք համարվում են նույնական, հոմանիշ և միջազգային համակարգի կայունությունը բնութագրող պայման։ Մյուս ուղղության հետազոտողները ելնելով տարբեր վերլուծություններից սահմանափակում են այդ հասկացությունները։

Այսպես, մի քանի վերլուծաբանների կարծիքով «միջազգային կարգը»  կապված է միջպետական հարաբերությունների հետ, իսկ «աշխարհակարգն»  առավել լայն հասկացություն է և ունի  «բարոյական գերակայություն»  առաջինի նկատմամբ, քանի որ կարգավորում է հարաբերությունները հասարակության բոլոր մակարդակներում և նախատեսում է դրա կարգավորումը։ Այսպիսի տեսակետ են արտահայտում ամերիկյան հայտնի վերլուծաբաններ Ս․Հոֆֆմանն ու  Ջ․Այքենբերրին8:

 Պ․Ա․Ցիգանկովը կարծում է, որ աշխարհակարգը ենթադրում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանք պետության ներսում, իսկ միջազգային կարգը կարող է գործել նաև առանց աշխարհակարգի9:

Դժվար է հստակ բաժանում կատարել «աշխարհակարգ» և «միջազգային կարգ» հասկացությունների միջև, անարդյունավետ է՝ կապված միջազգային-քաղաքական լանդշաֆտի բարդության հետ, առաջանում են  նոր պետություններ, որոնք արտաքին քաղաքական նույնականացման խնդիր ունեն, ինչպես նաև ոչ պետական դերակատարների թվի աճը, միջմշակութային հակամարտությունները։ Երկուսն էլ արտահայտում են միևնույն իմաստը․ համաշխարհային և տարածաշրջանային կայունություն։

Աշխարհակարգի վերլուծության համար օգտագործվում են երեք հիմնական մոտեցումներ․ ռեալիստական, կառուցողական և ինստիտուցիոնալ։

Առաջին մոտեցման դեպքում շեշտը դրվում է համաշխարհային քաղաքականության սուբյեկտների ներուժի վրա՝ հատկապես գերտերությունների։ Այն ուժերի բալանսը հաստատելու գլխավոր մասնիկ է համարում ռազմական բաղադրիչը։ Նկարագրելու համար այս մոտեցումը կարելի է նշել ռեալիստ Ռ․Արտի խոսքերը․ «Արտաքին քաղաքականությունը չի կարող առանձնանալ ռազմական ուժից»10:

Երկրորդ մոտեցումն առավել հայտնի դարձավ սառը պատերազմի ավարտից հետո, իր մեջ  ներառելով ռեալ-քաղաքականի մասնիկներ։ Այս մոտեցման հիմքում ընկած է սկզբունքների և կանոնների գերակայությունը, որով քաղաքականության սուբյեկտները միմյանց հետ հարաբերություններ են հաստատում։

Երրորդ մոտեցումը առաջ է քաշել Ջ․Այքենբերրին, ըստ որի  միջպետական համագործակցության   հարցում հատուկ ուշադրություն պետք է դարձնել առանցքային   հարցերին լուծում տալու ձևին, մեխանիզմին և գործիքներին։ Միջազգային կարգի վերաբերյալ  նրա ներկայացրած «սահմանադրականության» հայեցակարգը, որն իրենից ենթադրում է  միջազգային կազմակերպությունների և միջպետական փոխգործակցության այլ կառույցների համակցություն, որոնք կոչված են ապահովել ոչ միայն ուժեղ, այլ նաև թույլ պետությունների շահերը, հիմնվում է կանոնադրությունների և պայմանագրերի վրա։ Միջազգային կարգի «սահմանադրականություն» և  «ոչ սահմանադրականություն» հասկացությունների  պարզաբանման հարցում նա՝  “ոչ սահմանադրականության» բնորոշիչ է համարում միայն ուժերի հարաբերակցության վրա հիմնվելը 11:

Աշխարհակարգը իր մեջ ներառում է կայունության և  «կարգի» մասնիկներ, ինչպես նաև  անցումը միջազգային հարաբերությունների կազմակերպությունների առավել կատարելագործված մոդելների։ Հերթական աշխարհակարգի առաջացումը կապված էր կա՛մ պատերազմի արդյունքների հետ և առաջատար երկրներում դրան հաջորդած  ներքաղաքական փոփոխությունների հետ, կա՛մ  որոշ գերտերությունների անկման հետ էր կապված։

Աշխարհակարգի առավել տարածված տեսակներն են ՝   տեղային, բևեռային, խառը։

Առաջինը ներառում է աշխարհակարգերը, որոնք հետևանք են հանդիսացել պատմական իրադարձությունների, և անվանակոչվել են հիմնական փաստաթղթերի կնքման տեղանուններով ( Վեստֆալյան(1648թ․), Վիեննայի(1815-1825թթ), Վերսալյան(1918-1938թթ), Յալթա-Պոտսդամյան(1945-1991թթ) և այլն)։

Բևեռայինն իրենից ներկայացնում է աշխարհակարգերի բաժանում ըստ  բևեռների քանակի, օրինակ՝ միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Ամերիկյան հետազոտողներն հակված են հիմնականում այս տեսակետին։

Աշխարհակարգի տեսակներից խառը իրենից ներկայացնում է վերոնշյալ երկու տեսակների համատեղումը։

Աշխարհակարգի հիմնական չափորոշիչներն հետևյան են՝ հորիզոնական, ուղղահայաց և ֆունկցիոնալ։

Հորիզոնական- համաշխարհային քաղաքականության հիմնական դերակատարների միջև հարաբերությունների ամբողջությունն է, միջազգային համակարգում կարգի ապահովումն է ուժերի բալանսի, փոխադարձ հետաքրքրություների և արժեքների միջոցով։

Ուղղահայաց- համաշխարհային քաղաքականության ուժեղ և թույլ դերակատարների միջև հարաբերությունների ամբողջությունն է։ Կոշտ հիերարխիկ կազմակերպության գոյության երաշխիքը ուժի գործոնն է ։

Ֆունկցիոնալ չափորոշիչի հիմքը հանդիսանում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են  դիվանագիտությունը, դերակատարների ռազմավարությունը, նրանց միջև տնտեսական փոխգործակցությունը, առաջնորդների քաղաքական հավակնություններն ու բարոյական արժեքները, վերազգային համագործակցությունը գործարարների միջև, գիտնականների ասոցիացիաները  և այլն։ Նշվաշծներից ցանկացածը կարող է կայունացնել կամ անկայունացնել  միջազգային հարաբերությունները։

«Աշխարհակարգ»  երևույթը իրենից ներկայացնում է միջազգային միջավայրի դինամիկ վիճակ, որը նկարագրվում է մի շարք պարամետրերով։

  •     Խտություն (կարգի և կարգից շեղումների հարաբերակցությունը միջազգային հարաբերություններում)
  •     Ծավալ  (սոցիալական տարածքի չափը, որի վրա տարածվում է կարգը)
  •     Կարգի շեղումների հաճախականություն ու խորություն
  •     Կարգի կայունությունը խանգարող ազդեցությունների նկատմամբ

Չնայած ներկայումս աշխարհակարգի խնդիրներին վերաբերվող շատ աշխատությունների օրինակներ կան, այնուամենայնիվ դրա մշակումը կրում է մասնատված բնույթ։ Օպտիմալ մոդելի փնտրտուքը երկար ժամանակ է  իրագործվում է միայն արևմուտքում գերիշխող միջազգային-քաղաքական թեորեմների հիման վրա   կատեգորիկ ապարատի միջոցով։ Գիտությունների էվրիստիկ ներուժը միջազգային հարաբերությունների հարցում հաճախ չի բավարարում նոր երևույթնորի և գործոնների ուսումնասիրման համար։

Էության ըմբռնման անհամաձայնությունը/տարբերությունը խոչընդոտ կարող է հանդիսանալ աշխարհակարգի լիարժեք ուսումնասիրման համար։ Է․Յ․Բատալովը կարծում է, որ եթե չիրականացվի հայեցակարգերի կարգավորում, ապա մենք կարող ենք հայտնվել հայեցակարգային փլուզման այնպիսի իրավիճակում, որտեղ մարդիկ օգտագործելով միևնույն հասկացությունը լիովին տարբեր նշանակություններ կտան դրանց, և միևնույն երևույթները լիովին տարբեր հասկացություններ կունենան12:




Kissinger H. World Order: Reflections on the Character of Nations and the Course of History . N.Y.,2014. P. 2.
Ikenberry J. Afther Victory. Institutions, Strategic Restraint, and the Rebuilding of Order After Major Wars. Princeton. N.Y., 2001. P.22.
Цыганков П․А․ Теория международных отношений․ М․, 2005․ С․470․
Bull H. The Anarchical Society. A Study of Order in World Politics. Third ed. Columbia Univ. Press, 2002. P.15
Баталов Э․Я․ Мировое развитие и мировой порядок (анализ современных американских концепций) ․ М․, 2005․ С․ 8․
Bull H. The Anarchical Society. A Study of Order in World Politics. Third ed. Columbia Univ. Press, 2002. P.16
Гаджиев К․ С․ Геополитические горизонты России։ контуры нового миропорядка М․, С․ 12
Hoffman S. Primacy of World Order: American Foreign Policy Since the Cold War. N. Y. ,1980;
Ikenberry J. After Victory. Institutions, Strategic Restraint, and the Rebuilding of Order After Major Wars. Princeton, 2001.
Цыганков П․А․ Теория международных отношений․ М․, 2005․ С․473․
Art R. The Funglibility of Force / International Politics: Enduring Concepts and Contemporary Issues. Seventh Edition. Ed R. Art, R․Jervis. N.Y.,2005. P. 215
Ikenberry J. After Victory. Institutions, Strategic Restraint, and the Rebuilding of Order After Major Wars. Princeton, New Jersey, 2001. P.7
Баталов Э․Я․О философии международных отношений М․, 2005․ С․44․


[i] Kissinger H. World Order: Reflections on the Character of Nations and the Course of History . N.Y.,2014. P. 2.

[ii] Ikenberry J. Afther Victory. Institutions, Strategic Restraint, and the Rebuilding of Order After Major Wars. Princeton. N.Y., 2001. P.22.

[iii] Цыганков П․А․ Теория международных отношений М․, 2005 С470

[iv] Bull H. The Anarchical Society. A Study of Order in World Politics. Third ed. Columbia Univ. Press, 2002. P.15

[v] Баталов Э․Я․ Мировое развитие и мировой порядок (анализ современных американских концепций) М․, 2005 С 8

[vi] Bull H. The Anarchical Society. A Study of Order in World Politics. Third ed. Columbia Univ. Press, 2002. P.16

[vii] Гаджиев К С Геополитические горизонты России։ контуры нового миропорядка М․, С 12

[viii] Hoffman S. Primacy of World Order: American Foreign Policy Since the Cold War. N. Y. ,1980;

Ikenberry J. After Victory. Institutions, Strategic Restraint, and the Rebuilding of Order After Major Wars. Princeton, 2001.

[ix] Цыганков П․А․ Теория международных отношений М․, 2005 С473․

[x] Art R. The Funglibility of Force / International Politics: Enduring Concepts and Contemporary Issues. Seventh Edition. Ed R. Art, R․Jervis. N.Y.,2005. P. 215

[xi]  Ikenberry J. After Victory. Institutions, Strategic Restraint, and the Rebuilding of Order After Major Wars. Princeton, New Jersey, 2001. P.7

[xii] Баталов Э․Я․О философии международных отношений М․, 2005 С44

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
640 reads | 22.12.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com