ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
![]() Միջոցառմանը մասնակցելու համար Գերմանիայից կժամանի Գյոթե ինստիտուտի նախագահ պարոն Կլաուս-Դիթեր Լեհմանը։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ կունենան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Բացման արարողության պատվավոր հյուրերի շարքում են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Նորաբաց կենտրոնը Երևանում առաջին անգամ մի հարկի տակ կմիավորի գերմանական մշակութային նախաձեռնությունները, գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնն իր փորձառու և հմուտ դասախոսներով՝ գերմանական ու եվրոպական մշակութային ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությամբ։ Գյոթե կենտրոնն իր աշխատանքները կենտրոնացնելու է մշակույթի ոլորտի տարբեր փորձագետներին համախմբելու, նրանց հետ սերտորեն համագործակցելու ուղղությամբ։ Կենտրոնը կառաջարկի նաև հատուկ միջոցառումներ՝ ֆիլմերի, իլյուստրացիաների ստեղծման սեմինարներ, գեղարվեստական գրականության թարգմանություն, քաղաքների ուրբանիզացիոն զարգացման մասին սեմինարներ, գործնական հմտությունների մշակում Մատենադարանում, թանգարանի աշխատակիցների համար այցելություն Գերմանիա և շատ այլ միջոցառումներ։ Գյոթե կենտրոնի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17։00–ին Մհեր Մկրտչյան 1 հասցեում։ Մուտքն ազատ է։ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1329 reads | 15.12.2017
| |