ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ ԶԻՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Թուրքագետ, ԵՐԵՎԱՆ



 


Թուրքիայի զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, Ռազմա-ծովային նավատորմից, ռազմա-օդային ուժերից, ժանդարմերիայից և ափային պաշտպանությունից և կազմակերպչական առումով մտնում են երկու նախարարությունների կազմի մեջ` Պաշտպանության նախարարության և Ներքին գործերի նախարարության:
 
Թուրքիայի զինված ուժերը իրենց կազմում ունեն 510.700 մարդ, որից 148.700 –ը քաղաքացիական անձինք են: Պատերազմական ժամանակ կարող է մոբիլիզացվել զինվորական ուսուցում ստացած ևս 900.000 մարդ , որից 380.000 –ը առաջնահերթ ռեզերվն է:

Բանակը հավաքագրվում է զորակոչի սկզբունքով: Զորակոչային տարիքը 20 տարեկանն է: Պարտադիր զինվորական ծառայության տևողությունը 15 ամիս է: Զորացրվելուց հետո քաղաքացին համարվում է զինապարտ, հաշվառվում է պահեստայինների ցանկում մինչև 45 տարեկան հասակը: Պատերազմի պայմաններում բանակ կարող են զորակոչվել 16 – 60 տարեկան տղամարդիկ և 20 -46 տարեկան կանայք, որոնք ի վիճակի են զենք բռնել:

Զինված ուժերի բարձրագույն օպերատիվ ղեկավար մարմինը Գլխավոր շտաբն է, որը ղեկավարում է զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Նա նշանակվում է երկրի նախագահի կողմից Նախարարների խորհրդի առաջարկությամբ: Գլխավոր Շտաբի պետին ուղղակիորեն ենթարկվում են բոլոր տեսակի զինված ուժերի գլխավոր հրամանատարները: Ըստ թուրքական աստիճանակարգի՝ Գլխավոր Շտաբի պետը երկրի չորրորդ պաշտոնյան է պրեզիդենտից, պառլամենտի նախագահից և վարչապետից հետո: Գլխավոր Շտաբի պետը ներկայումս Ուլուսի Հաքքարն է:

:

Ցամաքային զորքերի կառուցվածքը.

Ցամաքային զորքերում ծառայում է 391.000 մարդ: Կազմակերպչական առումով միավորումների և գնդերի մեծ մասը կենտրոնացած է 5 օպերատիվ խմբավորումների, այն է 4 հատ դաշտային բանակներ և մի օպերատիվ խմբավորում էլ Կիպրոսի թուրքական մասում:

1-ին դաշտային բանակ: Շտաբը Ստամբուլում է, զորքերը տեղաբաշխված են Հունաստանի և Բուլղարիայի սահմանների մոտակայքում:

2-րդ դաշտային բանակ: Շտաբը Մալաթիայում է,  զորքերը տեղաբաշխված են Սիրիայի, Իրաքի և Իրանի սահմանների մոտ:

 3-րդ դաշտային բանակ: Շտաբը Էրզինջանում է,  զորքերը տեղաբաշխված են Հայաստանի և Վրաստանի սահմանների մոտ: Այս բանակը իր կազմում ունի հետևյալ միավորումները՝

9-րդ Բանակային կորպուս: Շտաբը Էրզրումում է: Ներառում է 4-րդ տանկային բրիգադը, 1-ին, 2-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 25-րդ մեխանիզացված բրիգադները, 34-րդ, 48-րդ, 49-րդ և 51-րդ հետևակային բրիգադները:

4-րդ Բանակային կորպուս: Շտաբը Անկարայում է: Ներառում է 1-ին հետևակային բրիգադը, 28-րդ մեխանիզացված բրիգադը և 58-րդ հրետանային բրիգադը:

4-րդ /կամ Էգեյան/ դաշտային բանակ: Շտաբը Իզմիրում է, զորքերը տեղաբաշխված են Թուրքիայի արևմտյան ափով: Ներառում է 11-րդ մեխանիզացված բրիգադը, 57-րդ հրետանային բրիգադը և մեկ հատ հատուկ նշանակության գունդ:

Կիպրոսի օպերատիվ խմբավորում: Շտաբը Գիրնայում է, ներառում է 28-րդ , 39-րդ մոտոհրաձգային դիվիզիաները, 14-րդ տանկային բրիգադը և մեկ հատ հատուկ նշանակության խմբավորում:

Բանակների հրամանատարների օպերատիվ հրամանատարության տակ են 6 առանձին հրետանային գնդեր և բանակային ավիացիայի 4 գնդեր:


Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին անմիջականորեն ենթարկվում են 2 հետևակային գնդեր / 23-րդն ու 47-րդը/, հատուկ օպերացիաների ուժերը՝ կազմված 5 հատ, այսպես կոչված, Կոմանդոսական բրիգադներից և առանձին բանակային հատուկ նշանակության գնդերից /այս տեսակ գնդեր կան 2-րդ և 4-րդ դաշտային բանակներում/:

Բանակային ավիացիայի հրամանատարության միջոցով Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին են ենթարկվում նաև բանակային ավիացիայի 4 գնդեր:  Վերջերս այս ցանկին ավելացել է նաև «Հումանիտար օգնության» բրիգադը:

Թուրքական բանակում հիմնական տակտիկական միավորը բրիգադն է, որն իր կազմում սովորաբար ունի մոտ 5000 մարդ:

Ցամաքային զորքերի սպայական կազմի պատրաստման հիմնական օղակը բարձրագույն ուսումնարանն է, որտեղ ապագա սպաները սովորում են 4 տարի, ստանում են լեյտենանտի կոչում: Հետո որպես կանոն շրջանավարտները ուղարկվում են մեկ կամ երկու տարով սովորելու առանձին զորատեսակների և ծառայությունների համար նախատեսնված ուսումնարաններում:

Ցամաքային զորքերի զինվորական ակադեմիա ընդունվում են միայն զինվորական ուսումնարան ավարտած սպաները ավագ լեյտենանտից  մինչև մայոր կոչումով, որոնք զորքերում ծառայել են ոչ պակաս 3 տարի: Կրթությունը ակադեմիայում տևում է 2 տարի:

Զինվորական ակադեմիայի ունկնդիրներ կարող են լինել միայն առանձին զորատեսակների ակադեմիաներ ավարտած սպաները, որոնց պատրաստում են Պաշտպանության նախարարության ապարատում, Գլխավոր շտաբում, ՆԱՏՕ-ի միացյալ շտաբներում և դիվիզիաների կամ բանակների շտաբերում ծառայելու համար: Կրթությունը տևում է 5 ամիս:


Գործում են նաև սպաների վերապատրաստման կուրսեր ըստ զորատեսակների: Որոշ սպաներ կրթություն են ստանում նաև արտասահմանում` գլխավորապես ԱՄՆ –ում և Գերմանիայում:


Թուրքական բանակի հիմնական ուժեղ կողմերը հետևյալներն են.
1. Զինված ուժերի բարձր հեղինակությունը թուրքական հասարակության լայն շերտերում
2. Սպաների բացառիկ կարգավիճակը թե զինվորական և թե քաղաքացիական միջավայրում
3. Վերևից ներքև ուղղաձիգ զինվորական կառավարման կայուն կիրառումը, ինչպես նաև ըստ զորատեսակների կորպորատիվ և կլանային համերաշխությունը
4. Զինվորական կոշտ կարգապահության առկայությունն ստորաբաժանումներում
5. Բանակի հագեցվածությունը ժամանակակից ռազմական տեխնիկայով ու ծանր զինատեսակներով
6. Կառավարման ժամանակակից միջոցների առկայությունը թե օպերատիվ և թե տակտիկական օղակներում
7. Ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի կապի, մարտական կառավարման և հակաօդային պաշտպանության համակարգերում
8. Զորքերի մարտական և օպերատիվ նախապատրաստման բարելավման կանոնավոր բնույթը
9. Զինամթերքի, կառավարման և կապի միջոցների, մի շարք տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, վերանորոգման և արդիականացման համար սեփական բազայի առկայությունը:


Թուրքական ցամաքային բանակի օպերատիվ հնարավորությունները անդրկովկասյան ուղղությամբ.

Հայաստանի սահմանների մոտակայքում տեղակայված են 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակայի կորպուսի զորամիավորումները, որոնք ներառում են մեկ տանկային, վեց մախանիզացված և չորս հետևակային բրիգադներ: Այս ուժերով թուրքական բանակը ի վիճակի է համեմատաբար կարճ ժամկետում (5 –ից 7 օր) Գյումրի - Երևան օպերատիվ ուղղությամբ ստեղծել հարձակողական խմբավորում հետևյալ թվակազմով ` 40-50 հազար մարդ, 350-370 հատ տանկեր և 700 միավոր հրանոթներ, ականանետներ ու համազարկային կրակի հրթիռային համակարգեր, որոնց կաջակցեն ռազմաճակատային ավիացիայի մի քանի էսկադրիլիաներ:

15-20 օրվա ընթացքում հնարավոր է այդ խմբավորման մեծացումը մինչև 80-100 հազար մարդ, 600-700 տանկեր և 1200 -1300 հրանոթներ ու ականանետներ:

Հայաստանում տեղաբաշխված են Ռուսական երկու առանձին մոտոհրաձգային բրիգադներ:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
363 reads | 13.11.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com