ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
ԱՐՄԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
Կովկասագետ,
ադրբեջանագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ՄԱՍԻՍ



 

Նախիջևանը, հանդիսանալով ինքնավար  հանրապետություն Ադրբեջանի կազմում, վերջինիս ամենառեպրեսիվ  և ավտորիտար  շրջանն է քաղաքական ասպարեզի անորոշությամբ: Նախիջևանի  սահմանադրությունը, ընդունված  1988թ., վերաբերում է  Նախիջևանին՝ Ադրբեջանի  կազմում  որպես  ինքնավար  հանրապետության. այն չպետք է հակասի Ադրբեջանի օրենքներին և սահմանադրությանը:    
 
Նախիջևանի  խորհրդարանի  Գերագույն խորհրդի   նախագահ Վասիֆ  Թալիբովի կառավարումը վերջին 12 տարիներին բնակչությանը բոլորովին անհույս է  թողել. դրա մասին են  փաստում գործազրկության և  աղքատության բարձր  ցուցանիշները:    
Կարող ենք  նշել, որ  այս առումով Նախիջևանի վիճակը  շատ  ավելի   դաժան է, քան  Ադրբեջանի այլ  վայրերինը, դրա վառ վկայությունն են մարդու  իրավունքների և քաղաքական ազատությունների խախտումները. քաղաքական ռեժիմի ընդդիմադիրները ճնշման տակ են, ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, ահաբեկման և հալածանքների, անկախ ԶԼՄ-ները գրեթե անհետացել են, իսկ արտասահմանյան լրատվության համար աշխատող լրագրողները ենթարկվում են բռնությունների: Այս մասին են  փաստում «Ազատություն» ռադիոկայանի  տնօրեն  Ջեֆրի Գեդմինի կարծիքը, ըստ որի՝ Նախիջևանը  լրագրության  համար  ականապատ  դաշտ է հիշեցնում, որտեղ, թվում է՝  կառավարման միակ  ձևը   կամայականությունն է:     
               
Պետք է  նշել՝  չնայած   ԽՍՀՄ  փլուզումից  հետո  իրականացված    «բարեփոխումներին», դրանք կոչված  էին  ռեսուրսներն  ավելի  քիչ մարդկանց  ձեռքում  կենտրոնացնելու,  ռեժիմին  անսահմանափակ  իշխանություն տալու և շատերի  առաջխաղացման   ճանապարհները  փակելու համար:            
                
Նախիջևանում  ռեժիմը  հենվում  է  անվտանգության ուժերի և  ոստիկանության  վրա՝  կանխելու, ինչպես նաև  վերահսկելու  հասարակական  դժգոհության, այլախոհության  ցանկացած  նշան:   

Խոշտանգումներն ու   դաժան վերաբերմունքը  ակնհայտորեն  տարածված են  բանտերում: Ոստիկանության հանցագործները անպատիժ են   մնում: Բնակչության  շրջանում  վախ  ներշնչելը, վախի  մթնոլորտ  ստեղծելը հիմնական գործիքներն են բնակչության հնազանդությունը  պահելու և    հասարակական այլախոհությունը սահմանափակելու համար:                                            

Չնայած  ձևական  գրաքննության  վերացմանը՝  թերթերն ու  հեռարձակումը  մնում են  պետական  վերահսկողության  տակ,  իսկ  ընդդիմադիր  լրագրողներն աշխատում են իշխանությունների  մշտական  ճնշումների  ներքո:                         

2009թ.  դեկտեմբերի 15-ին  Իլգար  Նասիբովը  և  իր   կոլեգա  Վեֆադար  Էյվազովը  ծեծի են ենթարկվել  Նախիջևանի  պետական համալսարանի  մի  խումբ  ուսանողների  և  դասախոսների  կողմից. ըստ էության դա հանձնարարվել էր  համալսարանի  ղեկավարության  կողմից:  Ե՛վ  Ի. Նասիբովը, և՛  Վ. Էյվազովը  ստացել էին  մարմնական  վնասվածքներ, այդ թվում  բազմաթիվ  կոտրվածքներ: Նրանք  Նորվեգիայի  աջակցությամբ հակակոռուպցիոն ծրագրի  վերաբերյալ  հարցում էին  կատարում համալսարանի  շրջանակներում: Չնայած նրան, որ ակտիվիստները  հոսպիտալացվեցին, սակայն  բժիշկները  նրանց   պատշաճ  օգնություն  չցուցաբերեցին, քանի որ, ենթադրվում է՝ ահաբեկվել էին  տեղական   պաշտոնյաների  կողմից:                             

Չնայած՝ Նախիջևանի  Ինքնավար  Հանրապետությունում  երկու   հեռուստաընկերություն, ինը  թերթ և  մեկ  ամսագիր է  գործում,  այնուամենայնիվ  ամբողջ  տարածաշրջանը  գտնվում է  տեղեկատվական  վակուումում  և  մարդկանց  մեծ  մասը   քիչ  տեղեկություն  ունի  երկրում  տեղի ունեցող զարգացումների  մասին  :                 

2007թ. ԱՄՆ  պետքարտուղարությունը  մարդու  իրավունքների  զեկույցում նշել է, որ  Նախիջևանում  ընդդիմադիր  թերթերի  տարածումը  կանխվում է իշխանությունների  կողմից: ԶԼՄ-ները անընդհատ  անտեսում են  անցանկալի  փաստերը, խնդիրները,  մարդու  իրավունքների  ոտնահարման դեպքերը: Նախիջևանի  պետական  հեռուստաընկերության  և  ռադիոհեռարձակման  հանձնաժողովը  բարձրագույն մարմին է, որը կարգավորում և  վերահսկում  է հեռարձակվող  մեդիայի  գործունեությունը, ռադիոյի  ու  հեռուստատեսության  հեռարձակման  արտոնագրերի  տրամադրումը:  Հանձնաժողովը գտնվում է քաղաքական  իշխանությունների վերահսկողության  տակ և   համալրված է  իշխանամետ  մարդկանցով: Նախիջևանի  լրագրողները, որոնք  աշխատում են ընդդիմադիր  թերթերի  համար, ինչպիսին են «Մուսավաթը», «Ազատությունը»,  ենթարկվում են բռնության, սպառնալիքի, հալածանքի, ազատազրկման, հաճախ կեղծ  մեղադրանքով ճնշվում են Նախիջևանի  քաղաքական և  անվտանգության մարմինների  կողմից:             

Մալահաթ Նասիբովան և վերջինիս ամուսինը՝ Ի.  Նասիբովը այն քիչ  լրագրողներից են, որ  պարբերաբար  զեկուցում են Նախիջևանում  մարդու  իրավունքների մասին: Երկուսն էլ  բազմիցս ենթարկվել են  բռնությունների, հարձակումների և այլն: Լրագրողների  նկատմամբ  բռնություններն ավելի ակնհայտ  դարձան  2010թ. խորհրդարանական ընտրությունների  ժամանակ, երբ հալածվում էին «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» թղթակիցներ Էլման Աբբասովը, Հաքիմելդոսթու Մեհտիևը, ինչպես նաև «Ժողովրդավարական զարգացման ռեսուրսների կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակից Ի. Նասիբովը՝ պիտակավորվելով որպես  «հայրենիքի դավաճան», «դավաճան», «գործակալ» և այլն:                         

Անկախ ԶԼՄ-ների  համար  ստեղծված  անտանելի  պայմանների  մասին է  խոսում այն, որ   Նախիջևանում ադրբեջանական մամուլի  ազատության ցուցիչը,  գնահատված  «Freedom House» կազմակերպության կողմից, տարեցտարի  անկում է ապրել՝  սկսած Ի. Ալիևի իշխանության գալու պահից՝  մոտենալով «վատագույններից վատագույնը» խմբին, որտեղ  ընգրկված է, օրինակ, Հյուսիսային Կորեան:
     
Մարդու  իրավունքների  արձանագրությունը Ադրբեջանում Ալիևների  ռեժիմի  ներքո վատից էլ ավելի  վատի  է  գնում: Հասարակական կազմակերպությունների  և  անկախ  ԶԼՄ-ների  բացակայության պատճառով  մարդու  իրավունքների  ծանր  խախտումների  շատ  չնչին  մասն է  դուրս  գալիս  Նախիջևանից: Հասարակ  ժողովրդի  դեմ  իրականացրած բռնություններն ու  չարաշահումները  մնում են չգրանցված, քանի որ  հիմնականում մարդիկ չեն ցանկանում աղմուկ   բարձրացնել կամ պարզապես ֆիզիկական, ֆինանսական վնասներ  չեն  ցանկանում կրել, իսկ  միջազգային կազմակերպությունները  քիչ  հասանելի են, քանի որ  գտնվում են  Բաքվում: Միայն մի հասարակական կազմակերպություն՝ Մ. Նասիբովայի  գլխավորած  «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտն» է, որ անկախ է մնում  Նախիջևանում  տիրող  քաղաքական այս  դժվարին հանգամանքների  առկայության  պայմաններում: Այնուամենայնիվ այս կազմակերպությունը իշխանությունների կողմից  ենթարկվում է ոտնձգությունների:
    
Խոսքի, մամուլի, հավաքների և այլ  ազատությունների խախտումների կողքին կրոնականը  ևս  բացառություն չէ: Չնայած Նախիջևանի սահմանադրությունը  սահմանում է  կրոնի ազատություն, սակայն իրականում Նախիջևանի իշխանությունների վարած քաղաքականությունը սահմանափակում է կրոնական ազատությունները՝ հակասելով սահմանադրությանը:                                         
Պետք է նշել, որ  այստեղ կրոնական սահմանափակումներն ու  բռնություններն  էլ ավելի ցայտուն են, քան Ադրբեջանի  մյուս հատվածներում: Կրոնական բազմաթիվ կազմակերպություններ  փակվում են, անդամները ենթարկվում հալածանքների, անգամ կեղծ մեղադրանքներով փակվում հոգեբուժարաներում: Հատկապես կարող ենք առանձնացնել Աշուրայի տոնակատարությունը, որի  ժամանակ, ինչպես նշում է ընդդիմադիր  հասարակական կազմակերպության ղեկավար Մալահաթ Նասիբովան,  ամեն տարի ձերբակալվում են հարյուրավոր  մուսուլմաններ (նրանցից  շատերը  մինչ  օրս  շարունակում են մնալ  ձերբակալված) և  փակվում են բազմաթիվ մզկիթներ:
    
Փաստ է, որ  Նախիջևանում տիրող նման  իրավիճակը հետևանք է երկրում առկա կոռուպցիայի  բարձր  մակարդակի, ինչպես նաև կառավարման համակարգի  էլ ավելի վատ լինելու հանգամանքով: Իրականում Ադրբեջանում ստեղծված ամեն  մի կանոն, օրենք  առաջինը Նախիջևանում են փորձարկում: Կարելի է ասել՝ Ադրբեջանի ղեկավարությունը Նախիջևանը որպես պոլիգոն է ընդունում:                                
Կարելի է ասել, որ Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ամենակոռումպացված  շրջանը: Այն իր կառավարման  ձևով գրեթե չի  տարբերվում Ուզբեկսանից. կառավարությունը չի ճանաչում կոռուպցիան համակարգային երևույթ, բայց ինչպես շատ ավտորիտար երկրներում, որոնք ունեն կլիենտային համակարգ, համատարած կոռուպցիան հանկարծահաս երևույթ չէ, որ բխում է միայն ցածր աշխատավարձերից, ցածր գիտակցական մակարդակից և իրավունքները չիմանալուց: Անձնական հարստացման աղբյուր լինելուց բացի, այն նաև վերից վար հսկողությունը պահպանելու միջոց է: Ինչից էլ  բխում է այն իրավիճակը, որն այսօր  առկա է Նախիջևանում՝ քաղաքացիական հասարակության լռեցում,  «ոչնչացում»,  բռնաճնշումներ և անարդարություններ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
277 reads | 01.11.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com