ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԺԱՆ-ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի ազգային տոնի խորհրդին, ինչպես նաև հայ -ֆրանսիական տնտեսական հարբերություններին և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին:

Ֆրանսիայի ազգային տոնի պատմական խորհուրդը

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, մանրամասն ներկայացնելով, թե ավանդաբար ինչպիսի տոնակատարություններ են տեղի ունենում Ֆրանսիայի  ազգային տոնի կապակցությամբ, միաժամանակ պատմական ակնարկ կատարեց տոնի խորհրդի առումով:

Դեսպանի մեկնաբանությամբ հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնի օր ընտրելը բացառապես պայմանավորված չէ 1789թ. հուլիսի 14-ին Բաստիլ ամրոցի գրավման հետ:  

«Ազգային տոնը իր մեջ մարմնավորում է երկու հիմնական հասկացություն՝ Բաստիլի գրավումը, որը խորհրդանշում է  միապետական կարգերի տապալումը և 1790 թ.հուլիսի 14-ին համադաշնության հիմնադրումը, որն իր հերթին խորհրդանշում է մեկ գաղափարի ու ծրագրի շուրջ միավորված Ֆրանսիա», -ասում է դեսպանը:

Մակրոնի հաղթանակը միասնական Եվրոպայի հաղթանակն էր:

Դեսպան Շարպանտիեն Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու իրողությունը պայմանավորում  է նաև Մակրոնի ընդգծված եվրոպամետ դիրքորոշմամբ:

«Պարոն Մակրոնի եվրոպամետ ելույթում, որը վճռորոշ դերակատարություն ունեցավ նրա հաղթանակի մեջ, միաժամանակ նշված էին այն խնդիրները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը»,- ասում է դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ այդպիսի խնդիրներից է կառավարող բարձր օղակների և սովորական քաղաքացիների միջև առաջացած անջրպետը:

Դեսպանը գտնում է, որ այս և մի շարք այլ համաեվրոպական մարտահրավերներ հաղթահարելու և եվրոպացիների սպասումներն արդարացնելու համար, պետք է ամեն ինչ անել՝ չմոռանալով ընդգծել, որ համաեվրոպական խնդիրները պետք է հաղթահարվեն Գերմանիայի հետ համատեղ:

Դեսպանը գտնում է, որ պետք է այնպիսի Եվրոպա կերտել, որ ղեկավարողների ու ղեկավարվողների միջև անջրպետ չլինի, որտեղ կառավարողները շատ մոտ են կանգնած կառավարվողներին:

Հայաստան-Ֆրանսիա. տնտեսականը զիջում է քաղաքականին:

Հայաստանում ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր կողմից ավելի վաղ հնչեցված այն կարծիքը, որ չնայած  բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները, հատկապես առևտրաշրջանառությունը հեռու է գոհացնող լինելուց:

Իսկ ահա Հայաստանում ֆրանսիական ներդրումների առումով դեսպանն իրավիճակը  բարվոք է համարում:
Ֆրանսիական խոշոր ընկերությունները սկսել են հետաքրքրվել Հայաստանով:

Թվարկվեցին մի շարք ֆրանսիական խոշոր բրենդային ընկերություններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում Հայաստանում: Այս առումով դեսպանը նույնիսկ դրական դինամիկա է նկատում:

«Ֆրանսիական ընկերություններին մինչ այս պահը այդքան չէր հետաքրքրում հայկական շուկան, բայց փոփոխություններ նկատվում են, դրանք լինելու են»,- նկատեց դեսպանը:

Դեսպանի կարծիքով Հայաստանի նկատմամբ տնտեսական հետաքրքրությունների աճը պայմանավորված է իրանական  և ԵԱՏՄ ընդհանուր շուկա մուտք գործելու լավ հնարավորություններով և այդ հետաքրքրությունների գործնական արտահայտության կոնկրետ օրինակներ ներկայացրեց:

«Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկը» Տաշիր ընկերության հետ համատեղ բացեց հետազոտական լաբորատորիա, որը հետագայում միտում ունի ընդլայնվելու: Սա էներգետիկայի ոլորտում, իսկ առողջապահական ոլորտում ֆրանսիական երկու դեղագործական ընկերություններ՝ «Սանոֆին» և «Սերվիեն», արդեն հաստատվել են Հայաստանում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Դեսպան Շարպանտիեն համոզված է, որ Ֆրանսիայից ու Եվրոպայից նոր ներդրողների համար կարևոր ցուցիչ է Հայաստանում արդեն իսկ գործունեություն ծավալած ընկերությունների արձագանքը և նրանց կարծիքը, թե ինչքան հարմարավետ են իրենք զգում Հայաստանում:

Արցախ. կանոնավոր բանակցություններ և բարձր մակարդակի հանդիպումներ
 
Օրեր առաջ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կոնտեքստում անդրադառնալով Արցախայան հակամարտության բանակցային գործընթացին՝ դեսպան Շարպանտիեն նշեց, որ Ֆրանսիան  Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ և հնարավորինս կանոնավոր բանակցային գործընթացի կողմնակից է:

«Պետք չէ միայն սահմանափակվել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով: Այս հանդիպումից թվում է, թե կարող է դրական առաջընթաց ապահովել՝ ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը: Հիմա պարզապես պետք է ակտիվորեն աշխատել այն ուղղությամբ, որ այս  հանդիպմանը հաջորդեն  այլ հանդիպումներ»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Մեդիա կենտրոն
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
202 reads | 14.07.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com