ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՆ ԼՈՒԹԵՐԻՆ
Այս տարի Գերմանիան մի շարք միջոցառումներով նշում է Ռեֆորմացիայի 500-ամյակը, այդ թվում նաև Մարտին Լութերի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսով, որը կանցկացվի աշխարհի մի շարք երկրներում։ Գերմանիայի դեսպանությունը մասնակցում է այս միջոցառումների շարքին և ներկայացնում է «#HereIstand․ Մարտին Լութերը, Ռեֆորմացիան և հետևանքները» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ հայերեն թարգմանված ցուցապաստառների տեսքով։

Մայիսի 12-ին՝ ժամը 19.00-ին, դեսպան Մաթիաս Քիսլերը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան փ․ 3) կբացի ցուցահանդեսը: Այս առիթով դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը կենդանի նվագակցությամբ կներկայացնի նաև «Լութեր» համր ֆիլմը (1927թ.):

Ցուցահանդեսը բաղկացած է 21 պաստառներից, որոնք ժամանակակից, գիտականորեն հիմնավորված և գեղեցիկ ձևավորված ինֆոգրաֆիկաներով ներկայացնում են Ռեֆորմացիայի պատմությունը։ Ելակետ ընդունելով Մարտին Լութերի կենսագրությունը՝ այն անդրադառնում է Ռեֆորմացիային նախորդած ժամանակաշրջանին։ Այնուհետև ցուցահանդեսի կիզակետում են հայտնվում ռեֆորմացիոն զարգացումները, որոնք սկիզբ առան Լութերի կողմից մեղքերի թողության առևտրի դեմ իր 95 թեզերի հրապարակումից հետո, և անդրադարձ է կատարվում Ռեֆորմացիայի պատմության առանցքային հարցերին։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հիմնված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների շնորհիվ հնարավոր դարձավ Լութերի ժամանակաշրջանի պատմությունը ներկայացնել նաև մի քանի թանգարանային նմուշների 3D (եռաչափ) մոդելների միջոցով։ Այդ մոդելները աշակերտների կողմից տպվել են Հայաստանում՝ հատուկ այս ցուցահանդեսի համար։

«Լութեր» ֆիլմը վերականգնվել և վերանորոգվել է Գերմանիայի դաշնային կինոարխիվի երկարատև տարիների ջանքերով այնպես, որ վերստին կարելի է հիանալ նրանում օգտագործված հրաշալի լուսաստվերային էֆեկտներով: 2017թ. հունվարին  Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը Գերմանիայի դաշնային արխիվի հետ միասին իրականացրեց վերականգնված այս ֆիլմի պրեմիերան Գերմանիայում: Ֆիլմը պատմում է Լութերի կյանքը 1927թ. աշխարհընկալմամբ:

Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը նոր, ազդեցիկ կինոերաժշտություն է գրել «Լութերի» համար: Նրա երաժշտությունը վիրտուոզ է և արդի: Այն թափանցում է ֆիլմի կրոնական շերտերի մեջ՝ միաժամանակ, սակայն, մերկացնելով ֆիլմի՝ գերմանականը փառաբանելու և իդեալականացնելու միտումները: Մասնավորապես՝ նրա երաժշտությունը փորձում է Լութերին ներկայացնել նաև իր վախերով, անվճռական դրսևորումներով, նաև՝ հեղափոխական հայացքներով ու խիզախ որոշումներով: Ֆոն Բոթմերի երաժշտության շնորհիվ ֆիլմի վերականգնված տարբերակն անակնկալի է բերում հանդիսատեսին իր ցնցող արդիականությամբ:

Համերգ-ցուցադրության մուտքն ազատ է։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
324 reads | 11.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com