ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՊԱՀՀ-ՈՒՄ. «ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»
2017 թ. ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվեց «Դասավանդման, ուսումնառության և հետազոտական մեթոդների տեղն ու դերը ժամանակակից կրթական գործընթացում» վերնագրով սեմինար` ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի գլխավորությամբ:

Սեմինարի հիմնական բանախոսն էր ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի որակի ապահովման մասնագետ, մեթոդիստ Վանիկ Մելքոնյանը: Նա սեմինարը կառուցել էր երկու առանձին բաղադրիչների՝ «Power Point» ձևաչափով, ներկայացումով: Առաջին բաղադրիչում բանախոսը ներկայացրեց 2017 թ. մարտի 20-ին ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն համալսարանում իր հեղինակությամբ լույս տեսած և դասախոսական կազմի համար նախատեսված «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ, միջոցներ» վերնագրով մեթոդական ուղեցույցը: Նա անդրադարձավ կրթության ոլորտում արդի մեթոդաբանություն ներդնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ոլորտում առկա մի շարք հիմնահարցերի` առանձին կերպով վերլուծելով դասավանդման և ուսումնառության տիրույթները, դրանցում կիրառվող մեթոդաբանության առանձնահատկությունները:

Ընդգծելով ուսումնառողամետ կրթության բացառիկ կարևորությունը ժամանակակից կրթական գործընթացներում` բանախոսը ձևակերպեց այն իրողությունը, որ բազմազան, ակտիվ, խառը, համակցված մեթոդները կարող են ապահովել հետաքրքիր, բազմակողմ և թիրախային ուսուցում` միտված կրթական վերջնարդյունքների և իրավասությունների (կոմպետենցիաների) ձևավորմանը, ինչը արդի կրթական չափանիշների պահանջ է: Սեմինարի երկրորդ բաղադրիչում Վանիկ Մելքոնյանը, ՊԱՀՀ-ի կրթական բաղադրիչի զարգացմանն ուղղված գիտակրթական անհրաժեշտ մեթոդաբանության ապահովման նպատակով, առաջարկեց դիտարկել ՊԱՀՀ-ի «Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության և հետազոտության մեթոդական ուղեցույց»-ի մշակման անհրաժեշտությունը: Ըստ բանախոսի՝ ուղեցույցը պետք է իր մեջ ներառի կրթական և հետազոտական համալիր մեթոդներ, այդ թվում՝ ռազմավարական պաշտպանական-անվտանագային կրթության դասավանդման և ուսումնառության երաշխավորված մեթոդները՝ լսարանում դրանց կիրառելիության տեխնոլոգիական հնարավորություններով, ինչպես նաև տվյալ ոլորտում առավել կիրառելի հետազոտական մեթոդները, ինչը կձևավորի ՊԱՀՀ-ի կողմից երաշխավորված յուրօրինակ մեթոդական գործիքարան: Բանախոսը ընդգծեց, որ հետազոտական մեթոդները ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբաններին հնարավորություն կտան մի կողմից՝ օգտվելու արդեն պատրաստի փորձաքննված գործիքարանից և իրականացնելու իրենց գիտահետազոտական աշխատանքները, մյուս կողմից` այդ մեթոդների կիրառմամբ ստացված արգասիքները ներդնելու կրթական գործընթացում:

Թեմայի վերաբերյալ արտահայտվեց սեմինարի դիսկուտանտ՝ ՊԱՀՀ-ի կրթական գործունեության համակարգող խորհրդատու, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբան, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը: Նա կարևորեց շահառու թիրախային խմբի հետ կապված դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության և կիրառման հիմնահարցը, ինչպես նաև նպատակային, թիրախավորված մեթոդաբանության կիրառման անհրաժեշտությունը՝ ելնելով ռազմական կրթության առանձնահատկություններից և բնույթից:

Սեմինարի մյուս դիսկուտանտ՝ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը ներկայացրեց ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում իր գիտական գործուղման արդյունքում ձեռք բերած փորձը` անդրադառնալով այնտեղ կիրառվող ռազմավարական խաղերի մեթոդաբանությանը` որպես հետազոտության և կրթության իրականացման կարևոր ու արդյունավետ օրինակ:

Մասնագիտական կարծիք հնչեցրեց նաև ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը՝ խոսելով մեծահասակների կրթության հիմնախնդիրների, պետական պաշտոնյաների կրթության և մասնագիտական պատրաստվածության առանձնահատկությունների ուսումնասիրման անհրաժեշտության մասին:

Սեմինարին մասնակցում էին նաև ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբանները, մասնավորապես՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Չոբանյանը, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանը, ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը և Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտ Վարուժան Գեղամյանը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը, նույն կենտրոնի՝ Ազգային անվտանգության քաղաքականության խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Կարեն Գալոյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի մասնագետ-տեխնոլոգ, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը, ՊԱՀՀ-ի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ, մայոր Հրայր Օղլուկյանը, ՊԱՀՀ-ի Արտաքին կապերի գծով սպա, ավագ լեյտենանտ Գոհար Դադայանը:

Սեմինարի զեկուցումներից հետո ծավալվեց մասնագիտական քննարկում՝ արծարծված խնդիրների վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումը՝ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը կարևորեց Վանիկ Մելքոնյանի կողմից ներկայացված նյութը, ինչպես նաև ՊԱՀՀ-ի նպատակների, խնդիրների, կրթական, հետազոտական և տեխնոլոգիական գործիքակազմերի վրա ավելի կենտրոնանալու նրա՝ գնահատանքի արժանի, ուղղվածությունը: Նա առաջարկեց, որպեսզի Վանիկ Մելքոնյանը, ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի իր գործընկերների հետ համատեղ ջանքերով, զարգացնի այս ուղղությունը: «Խոսքը գնում է կենտրոնի կողմից մեզ բոլորիս զինելու մասին, ինչը մեր կարևոր խնդիրներից մեկն է, որովհետև մենք հանդես ենք գալիս որպես ժամանակակից տեխնոլոգիաներով զինված հետազոտող դասախոսներ», – նշեց պրոֆեսոր Քոթանջյանը: Կարևորելով նաև սեմինարի ընթացքում երկու դիսկուտանտների կողմից հնչեցված խնդիրները՝ նա իր հավելյալ պարզաբանումները տվեց դրանց վերաբերյալ՝ անելով մասնագիտական գնահատումներ:

© ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
531 reads | 11.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com