ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ Է ԿԱՆԳՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԾ ԹՈՒՐՔԸ

Մարտի 3-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի ունեցավ Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Պարոն Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են:

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր եւ թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայ և թուրք ԶԼՄ-ների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։

Պարոն Աշկինը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Նա հայտարարեց, որ ինքը չի կատարել որեւէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Այն հարցին, թե արդյո՞ք նա զղջում է իր կատարած արարքից և ցանկանում է ափսոսանք հայտնել, նա պատասխանեց, որ նրա տեսկետը չի փոխվել։

Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով եւ երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձական ժամկետի պայմանով։ Սա հանդիսանում է մի ուժեղ ազդանշան։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշկինը գործին չի ցուցաբել խոր ըմբռնում և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ։

Դատավճիռը կայանալու է 2017 թ. մարտի 17-ին։

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
309 reads | 05.03.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com