2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆԸ

ՎԱՀԵ ՍԱԼԱՀՅԱՆ
միջազգայնագետ/քաղաքագետ

 

Հունվար 1

Քյոլնում Ամանորի նախաշեմին Հյուսիսային Աֆրիկայից և որոշ արաբական երկրներից եկած ներգաղթյալների կողմից սեռական ոտնձգություններ են կատարվում տեղացի մոտ 1,000 կնոջ նկատմամբ:

Հունվար 2

Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկվում շիա հոգևորական Շեյխ ալ-Նիմրը ու ևս 46 այլ անձինք, ովքեր Ալ-Քաիդայի, երկրի ներսում տարբեր ահաբեկչական հարձակումների հետ առնչություններ ունենալու համար ազատազրկված էին: Արդյունքում՝

Հունվար 4

Սաուդյան Արաբիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:

Փետրվար 10

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարում է, որ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությանը չի ճանաչում իբրև ահաբեկչական կառույց՝ հաշվի առնելով նրա պայքարն ընդդեմ «Իսլամական պետության»: Ավելին՝

Փետրվար 10

Մոսկվայում բացվում է քրդական ներկայացուցչություն, որտեղ փակցվում է սիրիական Քուրդիստանի ապագա քարտեզ: Իսկ…

Փետրվար 10

ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարում է Դաշինքի ընդլայնման մասին:

 

Փետրվար 11-12

Մյունխենում հրավիրվում է Սիրիայի օժանդակության միջազգային խմբի խորհրդակցությունը:

Փետրվար 15

Կիևում Յացենյուկի հետ կայացած հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարում է, որ «Ղրիմը Ռուսաստան չէ՛»:

Փետրվար 17

Անկարայում կառավարական շենքերի մոտ արձանագրված պայթյունը խլում է շուրջ երեք տասնյակ մարդու կյանք:

Փետրվար 22

Քերրին և Լավրովը համատեղ հայտարարություն են տարածում փետրվար 26-ի լույս 27-ի գիշերը Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու մասին:

Մարտ 7-8

ԵՄ-Թուրքիա փոխհամաձայնություն է կնքվում փախստականների հոսքը Թուրքիայով դեպի Եվրոպա կանգնեցնելու, Թուրքիա ներգաղթածների համար կեցավայրի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով 3 մլրդ եվրո հատկացնելու, թուրք քաղաքացիների համար դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմի տեղաշարժ սահմանելու մասին:

Մարտ 13

Անկարայում տեղի ունեցած հերթական պայթյունը խլում է 25 մարդու կյանք, ևս 75-ը վիրավորվում են:

Մարտ 14

ՌԴ Նախագահ Պուտինն ընդունում է կարգադրություն, որպեսզի Պաշտպանության նախարար Շոյգուն հաջորդ իսկ օրվանից մեկնարկ տա Սիրիայից ռուսական ավիացիոն հիմնական ուժերի դուրսբերմանը:

Մարտ 19

Փարիզյան ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը Բելգիայում ձերբակալվում է բելգիական ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում: Իսկ…

Մարտ 19

Ստամբուլում անձնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվում է, ևս 36-ը վիրավորվում են: Ավելին՝

Մարտ 22

Բրյուսելում ահաբեկչական հերթական գործողության արդյունքում զոհվում է 30-40 մարդ, իսկ ավելի քան 250-ը ծանր վիրավորվում են:

Մարտ 27

Սիրիական կառավարական և որոշ ապստամբական ուժեր պետական և ռուսական ավիահարվածների ուղեկցությամբ տասը ամսվա գերությունից ամբողջությամբ ազատագրում են հինավուրց մշակութային քաղաք Պալմիրան:

Մարտ 31-ապրիլ 1

Վաշինգտոնում տեղի է ունենում թվով չորրորդ Միջուկային անվտանգության գագաթաժողովը:

Ապրիլ 1-5

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան, հարավային եւ հարավարեւելյան ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը ադրբեջանական կողմից ենթարկվում է կտրուկ էսկալացման, որի արդյունքում հայկական պաշտոնական տվյալներով ԼՂՀ ՊԲ կրում է ավելի քան 100 կորուստ, գրեթե նույնչափ վիրավոր, 1 անհետ կորած, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, 7 տանկ, իսկ ադրբեջանական կողմը՝ մոտ 500-1,000 սպանված, մոտ 2,000 վիրավոր, առնվազն 30 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ (Անօդաչու Թռչող Սարք), 1 ԳՐԱԴ, 1 ՏՕՍ-1: Այդ ընթացքում՝

 

Ապրիլ 4

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր հրամանատար Զաքիր Հասանովը սպառնում է հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական տարածքները հրթիռակոծելու դեպքում ռմբակոծել Ստեփանակերտը: Ի պատասխան՝

Ապրիլ 4

Երեւանում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հստակորեն ընդգծել է, որ եթե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան լայնամասշտաբ կերպով սրվի, ապա ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ի վերջո՝

Ապրիլ 5

ԼՂՀ ՊԲ-ն եւ Ադրբեջանի ԶՈւ-ն բանավոր համաձայնությամբ ուղիղ կեսօրից երկկողմանիորեն դադարեցնում են կրակը:

Ապրիլ 5

Վիեննայում տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի արտակարգ նիստ, որի եզրակացությամբ հակամարտ կողմերի միջեւ հերթական հավասարության նշանը հրապարակավ դրվեց: Որից հետո՝

Ապրիլ 6-7

ՀՀ Նախագահը աննախադեպ էսկալացիայից հետո առաջին պաշտոնական այցով մեկնում է ԵԱՀԿ նախագահող երկիր ԳԴՀ՝ հանդիպելով Նախագահին, Կանցլերին, Բունդեսթագի ղեկավարին, ԱԳՆ-ին:

Ապրիլ 10-15

Ստամբուլում կայանում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության 13-րդ գագաթաժողովը:

Հունիս 2

ԳԴՀ Բունդեսթագը 628 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Հունիս 5

ՀՀ եւ ԻԻՀ ստորագրում են երկու երկրների միջեւ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիր:

Հունիս 20

ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ-Պետերբուրգում ստորագրում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար բանակցային գործընթացի շարունակման մասին հայտարարություն:

Հունիս 23

Մեծ Բրիտանիան 52-ը 48-ի տոկոսային հարաբերակցությամբ քվեարկում է ԵՄ-ն լքելու օգտին:

Հունիս 24

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը ժամանում է Հայաստան՝ «Առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացության»:

Հուլիս 14

Նիցցայում տեղի է ունենում սահմռկեցուցիչ ահաբեկչություն, երբ Բաստիլի գրավման տոնը նշող ամբոխի մեջ է մխրճվում ֆրանսաբնակ թունիսցի Մոհամեդ Բուհլելն իր 19 տոննա կշռող բեռնատարով՝ խլելով 86 մարդու կյանք, իսկ ավելի քան 400-ը վիրավորվում են: Ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով Մոհամեդը սպանվում է:

Հուլիս 15-16

Անկարայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է իրականացնում Թուրքիայի ԶՈւ-ն. զոհվում են ավելի քան 260 քաղաքացիներ՝ շարքային եւ զինվորական, ձերբակալվում են 3,000 բանակայիններ: Այդ թիվն այսօր տասնապատկվել է: Իսկ հաջորդ օրը հարեւանությամբ՝

Հուլիս 17

Երեւանում զինված հեղաշրջման անհաջող փորձ է ձեռնարկվում, ինչի արդյունքում լինում են 3 զոհ, 3 վիրավորված զինվորական եւ ավելի մեծ թվով վիրավորներ քաղաքացիական հասարակությունից:

Հուլիս 31

Երեւանում ռազմական չհաջողված հեղաշրջման շուրջ երեք տասնյակ մասնակիցները զենքը վայր են դնում եւ հանձնվում օրինապահ մարմիններին:

Օգոստոս 24

Թուրքական ուժայինները եւ «սիրիական ընդդիմադիրները» «Եփրատի վահան» համատեղ ռազմական գործողությամբ ԻՊ-ից խլում են թուրք-սիրիական սահմանին գտնվող Ջարաբլուս քաղաքը:

Սեպտեմբեր 12

Սիրիայում հաստատվում է համատարած հրադադարի ռեժիմ: Որը խախտվում է՝

Սեպտեմբեր 19

Ռմբակոծվում է դեպի Հալեպից արեւմուտք ընկած հումանիտար աղետի եզրին հասած շրջաններ ՄԱԿ եւ Սիրիայի Կարմիր մահիկի մարդասիրական օգնություն հասցնող շարասյունը. արդյունքում զոհվում է 12 խաղարար-կամավոր, վնասվում՝ 18 բեռնատար:

Հոկտեմբեր 1

ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հայտարարում է այսուհետ համացանցի համաշխարհային վերահսկողությունից հրաժարվելու մասին:

Հոկտեմբեր 3

Պուտինը ստորագրում է կարգադրություն, որով ՌԴ-ն պաշտոնապես դադարեցնում է ռազմական պլուտոնի էներգավերափոխման մասին ԱՄՆ-ի հետ 2000 թ. կնքած համաձայնագրին իր մասնակցությունը:

Հոկտեմբեր 11

Պուտինը պաշտոնապես հրաժարվում է Օլլանդի հետ առանձնազրույց ունենալուց:

Հոկտեմբեր 14

Երեւանում անցկացվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների (բացառությամբ Նուսուլթան Նազարբաեւի. վատառողջ էր) մասնակցությամբ գագաթաժողով: Պուտինն այստեղից անմիջապես մեկնում է՝

Հոկտեմբեր 15

Հնդկաստանի Գոա քաղաք, որտեղ հրավիրված էր ԲՐԻՔՍ հերթական գագաթաժողովը:

Հոկտեմբեր 15

Լոզանում հերթական հանդիպումն է ունենում Սիրիայի օժանդակության միջազգային խումբը:

Հոկտեմբեր 17

«Սիրիական ընդդիմադիրները» (Սիրիայի Ազատ Բանակը) եւ թուրքական բանակայինները համատեղ ռազմական գործողությամբ գրավում են Հալեպից հյուսիս գտնվող Դաբիք գյուղաքաղաքը, որտեղ, ըստ ԻՊ-ի, կայանալու էր Արեւմուտքի դեմ վճռորոշ ճակատամարտը: Գուցե պատահականությամբ՝

Հոկտեմբեր 17

Լուսաբացին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին տեսաուղերձով մեկնարկ է տալիս Մոսուլի վերջնական ազատագրության փուլային գործողությանը:

Հոկտեմբեր 18

Ռուսական հրամանատարությունը Հալեպում հայտարարում է «հումանիտար դադար»-ի մասին:

Հոկտեմբեր 19

Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ, հանդիսավոր բացվում է ռուսական հոգեւոր-մշակութային համալիր:

Հոկտեմբեր 19

Բեռլինում տեղի է ունենում Նորմանդական քառյակի՝ մեկ տարվա ընդմիջումից հետո հերթական հանդիպումը:

Հոկտեմբեր 21

Սիրիական հրամանատարությունը պաշտոնապես նախազգուշացնում է Թուրքիային, որ այսուհետ իր օդային տարածքում որեւէ թուրքական ինքնաթիռ նկատելու պարագայում այն անհապաղ կխոցի:

Նոյեմբեր 2

ՌԴ Պետդուման վավերացնում է Աբխազիայի հետ միացյալ ԶՈւ ստեղծելու մասին փոխհամաձայնությունը:

Նոյեմբեր 8

ԱՄՆ նախագահական ընտրություններում 276/215 ձայների հարաբերակցությամբ հաղթանակ է տանում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ի տարբերություն տրամաբանական բոլոր կանխատեսումների:

Նոյեմբեր 14

Բրյուսելում կայանում է ԵՄ անդամ երկրների` արտաքին եւ պաշտպանության ոլորտների ներկայացուցիչների միջեւ անվտանգային հարցերով հանդիպում:

Նոյեմբեր 15

Տեղի է ունենում Պուտինի եւ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնում ընտրված Թրամփի միջեւ առաջին հեռախոսազանգը: Վերջինիս կողմից՝

Նոյեմբեր 18

ԱՄՆ նոր նախագահի ապագա վարչակազմում կատարվում են առաջին լուրջ նշանակումները (Նախագահի օգնական ազգային անվտանգության հարցերով, ԿՀՎ տնօրեն եւ այլն):

Նոյեմբեր 19

Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցն է կատարում դեպի Լիմա:

Նոյեմբեր 27

Սիրիական կառավարական ուժերն ազատագրում են Հալեպի Բոստան Փաշա շրջանը:

Դեկտեմբեր 11

ԻՊ-ից ազատագրված սիրիական պատմամշակութային անտիկ կենտրոն Պալմիրան կրկին ընկնում է ԻՊ մարտիկների ձեռքը:

Դեկտեմբեր 13

Սիրիական ազգային բանակն ազատագրում է Արեւելյան Հալեպը՝ այդպիսով ազատագրելով ամբողջ Հալեպը:

Դեկտեմբեր 19

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը զոհվում է «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ելույթի ընթացքում իր նկատմամբ թուրք ոստիկանի իրականացրած մահափորձի արդյունքում: Մի քանի ժամ անց՝

Դեկտեմբեր 19

Բեռլինում թունիսցի ահաբեկիչը բեռնատարով մխրճվում է տոնական առեւտրի եկած ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 12 հոգու:

Դեկտեմբեր 28

Դամասկոսում գնդակոծվում է ՌԴ դեսպանատունը: Նույն օրը՝

Դեկտեմբեր 28

Էրդողանը ԱՄՆ-ին հանրայնորեն մեղադրում է ԻՊ-ին օժանդակելու մեջ:

Դեկտեմբեր 30

Սիրիայում հայտարարվում է համընդհանուր զինադադար, որն առաջին անգամ երաշխավորեցին ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը միասնաբար: Իսկ կիբերհարձակումների կասկածանքով՝

Դեկտեմբեր 30

ԱՄՆ-ից հեռացվում են ռուսական դեսպանատան 35 աշխատակիցներ:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
508 reads | 15.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com