100 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՄԲԱՐ ՓՈԽԵՑ՝ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

2017թ. հունվարի 17-ին Հրանտ Դինքի սպանության հիմնական կազմակերպիչների թվում կասկածվող, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը հայտարարեց, թե այդ երկրում բոլոր հարցերը լուծվում են իշխանության ամենաբարձր մակարդակով, նաև Դինքի սպանությունը, հետևաբար նախագահ Ռեջեփ Էրդողանը այն ժամանակ օգտագործեց իրենց, հետո ջրից չոր դուրս գալու համար բոլոր գործընկերներին զոհեց առանց խղճի խայթի:

Թուրք նախկին ոստիկանի այս բացահայտումը իրականում կարելի է համարել այդ պետության մտածողության, հոգեկերտվածքի ամբողջական բնորոշում: Գոնե վերջին 100 տարվա պատմությունն ապացուցում է՝ ճակատագրական բոլոր կարևոր պահերին Թուրքիան դրժել է խոստումն ու ոչ միայն փոխել դաշնակիցներին, այլև պետք եղած դեպքում նրանց թիկունքից հարվածել:

Առաջին աշխարհամարտի նախօրեին օսմանյան Թուրքիան մի կողմից Անգլիայից ու Ֆրանսիայից վարկեր էր վերցնում՝ ավելի քան 300%-ոց ինֆլիացիայի դեմ պայքարելու համար, մյուս կողմից կայզերական Գերմանիային վստահեցնում էր, որ պատերազմի դեպքում կլինի հենց գերմանացիների կողքին: Սկզբում, իրոք, այդպես եղավ, բայց մի քանի տարի անց, երբ հասկացավ, թե ինչպես են Անտանտի տերությունները ջախջախելու Գերմանիան (հետևաբար նաև Գերմանիայի դաշնակից Թուրքիան), ժամանակ չկորցրեց ոչ միայն խուսափելու պարտվող կողմի պատասխանատվությունից, այլև դաշինք կնքեց Ռուսաստանում հեղափոխություն արած Լենինի հետ:

Պատերազմի ավարտից հետո, իհարկե, Օսմանյան կայսրությունը կորցրեց իր բռնազավթած տարածքի գրեթե մեկ երրորդ մասը, բայց դա չխանգարեց, որ հանրապետության վերածվի հիմնականում պատմական հայկական հողերի վրա՝ Լենինին դրա դիմաց խոստանալով կարճ ժամանակ հետո դառնալ խորհրդային կայսրության մաս:

Կարճ ժամանակ հետո՝ 1923-ին, երբ Քեմալ Աթաթուրքը կարողացավ բոլշևիկների օգնությամբ հետ կանգնել ստորագրած պարտվողական պայմանագրերի կատարումից ու խուսափել տարածքներ հանձնելուց, նույնիսկ նոր տարածքներ նվեր ստացավ Լենինի կողմից, նույն Լենինին երեք մատի կոմբինացիա ցույց տվեց և նետվեց Արևմուտքի գիրկը՝ այդ պահին հենց դա համարելով առավել շահավետ տարբերակ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բառացիորեն կրկնելով առաջին աշխարհամարտի պատմությունը՝ Թուրքիան առերես չեզոքության պայմանագիր կնքեց եվրոպական պետությունների հետ, բայց գաղտնի  գործարքի մեջ մտավ Ֆաշիստական Գերմանիայի հետ՝ անհրաժեշտ պահին հարձակվելու Խորհրդային միության վրա և գրավելու սահմանակից մեծ տարածքներ, այդ թվում՝ ամբողջ Կովկասը՝ Հայաստանով, Վրաստանով ու Ադրբեջանով հանդերձ:

Ավագ սերնդի ներկայացուցիչները լավ կհիշեն, թե 1940-ական թվականներին ինչպես են Թուրքիայի կողմից սահմանին կանգնած եղել տանկեր ու թնդանոթներ, որ հրամանի դեպքում հարձակում սկսեն Հայաստանի վրա:

1943-ին Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Ուինստոն Չերչիլը Ադանա քաղաքում Թուրքիայի իշխանությանը համոզում էր պաշտոնապես մտնել պատերազմի մեջ հօգուտ դաշնակիցների, մինչդեռ նույն այդ ժամանակ չեզոք ձևացող Թուրքիան Գերմանիային մատակարարում էր 46.8մլն տոննա քրոմի հանքաքար, 17.6մլն տոննա ձուկ, 9.5մլն տոննա թուջ: Սրանք այն հիմնական ապրանքներն էին, որոնք պատերազմի դաշտում օգտագործվում էին զենքի ու սննդի համար: 1945թ. փետրվարի 23-ին, երբ խորհրդային ու արևմտյան դաշնակիցների զորքերը մտել էին Գերմանիայի տարածք ու շարժվում էին դեպի Բեռլին, Թուրքիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: 1945-ի մարտի 19-ին Թուրքիայի կառավարությունը Խորհրդային միությանը առաջարկեց միավորել ջանքերը ֆաշիստներին վերջնական ջախջախելու համար (ճիշտ նույնկերպ, ինչպես այսօր Սիրիայի ահաբեկիչների պարագայում): ԽՍՀՄ-ի օդուժի համար բացվեցին երբեմնի թշնամի Թուրքիայի օդային դարպասները, բայց օրեր անց երկու խորհրդային ռազմական օդանավ կործանվեց Թուրքիայի տարածքում անհայտ հանգամանքներում: Սա էլ հետաքրքիր կերպով  հիշեցնում է մեր օրերը, երբ 2015-ի նոյեմբերի վերջին թուրքերը առանց զգուշացնելու կործանեցին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերը ռմբակոծող ռուսական ռազմական օդանավը:

Ճամբար փոխելու Թուրքիայի սովորությունները շատ են տարածաշրջանային այլ իրավիճակներում, ինչպես, օրինակ, 2008թ. ռուս-վրացական քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ի սկզբանէ Էրդողանը սպառնում էր ռազմանավերով մտնել վրացական նավահանգիստներ ու օգնության հասնել Միխայիլ Սահակաշվիլիին, հետո թույլ տվեց, որ ամերիկյան ռազմանավեր շարժվեն դեպի Բաթումի, իսկ երբ ռուսական զորքը հասավ Գորի և մոտեցավ Թբիլիսիի մատույցներին, նույն Ռեջեփ Էրդողանը հանդես եկավ կովկասյան պլատֆորմ ստեղծելու առաջարկով՝ հայտարարելով, թե պետք է ձգել Վրաստանի սանձերը:

Հիմա, երբ աշխարհը ցնցվում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության գործած դաժանություններից, միջազգային լրատվամիջոցները չեն թաքցնում, որ «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման զենքի և մարդուժի հիմնական մատակարարները Սաուդյան Արաբիան և Թուրքիան են: ԻԼԻՊ-ի առաջնորդ, հռչակված խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին 2015-ի գարնանը ծանր վիրավորվեց միջազգային ուժերի և Սիրիայի կառավարական զորքի հարձակման ժամանակ, բայց նույնիսկ այդ դեպքում թուրքերը բացահայտ օժանդակություն ցույց տվեցին նրան՝ նախ առաջին օգնություն ցուցաբերելով ու բուժելով, ապա նույն տարվա դեկտեմբերին Սիրիայի թիվ մեկ ահաբեկչին ապահով ճանապարհով հասցնելով  Լիբիա:

Նույն Թուրքիան 2015-ի նոյեմբերին ոչնչացրեց ահաբեկիչների դեմ պայքարող ռուսական կործանիչը, թույլ տվեց, որ օդաչուին դաժանաբար սպանեն Թուրքիայի հովանավորյալ թուրքմեն ցեղերը, իսկ ռուսական կողմին սպառնաց, թե նույնկերպ կվարվի այլ դեպքերում էլ:

Այսօր Թուրքիան Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն է ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ պարզ է՝ աշխարհը ընդհանուր հայտարարի է գալիս Մերձավոր Արևելքը ահաբեկիչներից մաքրելու գործում: Բնականաբար, թուրքերը հիմա պետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեն՝ անողոք պայքար մղելով նրանց դեմ, ում սնել ու աճեցրել են տարիներ շարունակ: Բնական է, որ ռուսները Թուրքիայի կերպարում տեսնում են ԱՄՆ-ից խլվող գործընկեր, սակայն կասկածից վեր է՝ երբ տարածաշրջանը հանդարտվի, թուրքերն էլ ստանան ցանկալիի գոնե մի մասը, հերթական անգամ նույն երեք մատի կոմբինացիան ցույց կտան ռուսներին (և սխալ չեն անի): Այլ հարց է, որ այս անգամ ոչ բոլոր գերտերություններն են հաշվի առնում թուրքական շահի գործոնը: Այն, ինչ մի քանի տանսամյակ առաջ կարևոր էր, օրինակ, Միացյալ Նահանգների համար, այսօր դարձել է ոչ արդիական, ավելին, այսօր Թուրքիայի սահմանները խանգարող հանգամանք են, որոնք ենթակա են փոփոխման ահաբեկիչների, քուրդ անջատողականների և այլ ռեսուրսների միջոցով:

Սկզբնաղբյուրը՝  www.hetq.am

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
528 reads | 01.02.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com