ԲԻԶՆԵՍ-ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ





Այսօրվա միջազգային հարաբերությունների ամենամեծ հարցականը, թերևս, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ծրագրերն են: Մի կողմից քաղաքական փորձի բացակայությունը, մյուս կողմից՝ նախընտրական պայքարի ընթացքում Թրամփի հնչեցրած աղմկահարույց, երբեմն նաև իրարամերժ հայտարարությունները նրա համար անկանխատեսելի գործչի կերպար են ստեղծել: Կարծում ենք, սակայն, որ առանձին հարցերի վերաբերյալ Թրամփի մոտեցումները կարելի է բացատրել այն մեթոդներով ու սկզբունքներով, որոնցով առաջնորդվում են գործարարները:
 
Բիզնեսում կա մի սկզբունք, որ որևիցե ընկերության հետ պայմանագիր կնքելը գերադասելի է այն ժամանակ, երբ նրա բաժնետոմսերի գինն իջնում է, քանի որ այդ պահին հնարավոր է առավելագույն զիջումներ կորզել, իսկ երբ ընկերության բաժնետոմսերի գինն աճում է, պայմանագիր կնքելը ձեռնտու չի լինի: Իհարկե, այս սկզբունքը գոյություն ունի նաև քաղաքականության և մասնավորապես դիվանագիտության մեջ, բայց քաղաքականության մեջ կան նաև այլ, ավելի կարևոր գործոններ, որոնք դիվանագետները պետք է հաշվի առնեն, մինչդեռ գործարարների համար էժան գնելը և թանկ վաճառելը գլխավոր նպատակն ու մեթոդն է, որի համեմատ մյուս բոլոր գործոնները երկրորդական են: Այս հանգամանքով կարելի է բացատրել Թրամփի մոտեցումները Սիրիայի և Ռուսաստանի հետ հարաբերություններում:
 
Դեռևս նախընտրական պայքարի փուլում Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում պատրաստ է համագործակցել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մոտեցումն, ըստ էության, հաստատեց նաև ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին առաջադրված Ռեքս Թիլլերսոնը, ով 2017թ.  հունվարի 11-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած իր ելույթում Մերձավոր Արևելքում ԱՄՆ իրականացնելիք քաղաքականության առաջնահերթություն հռչակեց «Իսլամական պետության» դեմ պայքարը՝ հատուկ ընդգծելով, որ դա միակ առաջնահերթությունն է, քանի որ «երբ ամեն ինչ առաջնահերթ է, ոչինչ առաջնահերթ չէ»:
 
Սա, իհարկե, անթաքույց քննադատություն էր Բարաք Օբամայի կառավարության հասցեին, որը Սիրիայում իր քաղաքականության առաջնահերթությունն էր հռչակել ինչպես ահաբեկչության դեմ պայքարը, այնպես էլ Բաշար Ասադին տապալելն ու Սիրիայում ժողովրդավարության հաստատումը: Առաջին հայացքից Թիլլերսոնի մոտեցումը կարող է պարզունակ թվալ, քանի որ ընդամենը մեկ նպատակ հետապնդելը զրկում է դիվանագիտությանը ճկունությունից ու մանևրելու հնարավորությունից, բայց ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ ենթադրում ենք, որ նա ոչ թե մեկ նպատակ է հետապնդում, այլ պարզապես լռում է ավելի կարևոր նպատակի՝ Սիրիայում հետպատերազմյան կարգավորման պայմանների մասին: Սիրիան՝ որպես պետություն, և Ասադը՝ որպես առաջնորդ, երբեք այնքան թույլ չեն եղել, որքան այսօր, հետևաբար հենց հիմա և հենց Ասադի հետ կայացված համաձայնությունը կարող է առավելագույնս շահավետ լինել ԱՄՆ-ի համար:
 
Նույն սկզբունքը տեսնում ենք նաև Ռուսաստանի դեպքում: Թեպետ Ռուսաստանը դիտվում է որպես վտանգ, այնուամենայնիվ, խոսվում է «դուռը բաց պահելու» և «կանաչ լույս վառելու» մասին: Բանն այն է, որ Ռուսաստանն այսօր բախվել է լուրջ խնդիրների հատկապես տնտեսության բնագավառում: Այդ խնդիրները պայմանավորված են երեք գործոններով.
  1. Ռուսաստանի տնտեսության զարգացման ներքին օրինաչափությունները, որոնք դեռ 2012-2013 թթ. հանգեցրել էին ստագնացիայի,
  2. Նավթի գների անկումը 2013 թ.,
  3. Արևմտյան երկրների կողմից 2013-2014 թթ. մտցված հակառուսական պատժամիջոցները:
 
Խնդիրը, սակայն, այն է, որ այս գործոնները ժամանակավոր բնույթ ունեն՝ նավթի գները ցանկացած պահի կարող են բարձրանալ, պատժամիջոցներին հարմարվելը զուտ ժամանակի հարց է, իսկ ՌԴ կառավարությունն էլ ակտիվորեն զբաղված է բարեփոխումներով, որոնց արդյունքները կարող են նկատելի դառնալ մի քանի տարի հետո: Այսինքն՝ ամերիկյան նոր վարչակազմն իր առջև խնդիր է դնում համաձայնության գալ Ռուսաստանի հետ քանի դեռ վերոհիշյալ երեք գործոնները չեն կորցրել իրենց ազդեցությունը, քանի որ բիզնես-տրամաբանությամբ առաջնորդվելով, ներկայումս Ռուսաստանից կարելի է ավելի շատ զիջումներ կորզել, քան ցանկացած այլ պահի:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1004 reads | 20.01.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com