ԹԱԼԻՇՆԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թալիշները Հարավային Կովկասի տեղական ազգերից են։ Պատմության ընթացքում ձևավորվել և այժմ ապրում են դեպի Կասպից ծով ելք ունեցող մի լեռնային (ինչպես նաև նախալեռնային) մարզում, որը կոչվում է Թալիշ․ այժմ այն զբաղեցնում է Ադրբեջանի հարավ–արևելյան և Իրանի հյուսիս–արևմտյան հատվածները։ Թալիշների քանակը ամբողջ աշխարհում հասնում է 256.000-ի։

Թալիշների խնդիրների ու պատմության  վերաբերյալ խոսվել է բազմիցս ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք այլ երկրներում` տարաբնույթ կլոր-սեղան քննարկումների ու գիտաժողովների տեսքով: Այսպիսի քննարկում տեղի ունեցավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում 2016թ. դեկտեմբերի 27-ին: «Թալիշներ. Պատմություն և արդիականություն» կլոր սեղանը՝ մասնակցությամբ հայ և թալիշ փորձագետների ու հասարակական-քաղաքական գործիչների, կազմակերպվեց  ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի և Թալիշական Ազգային Շարժման համատեղ ջանքերով՝ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի աջակցությամբ:

Միջոցառման բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ  ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Չափազանց կարևոր է, որ մեր ամբիոնը և ընդհանրապես հայկական իրանագիտական դպրոցը զբաղվում է այս կարևոր խնդրով, և ինչպես նկատեցիք, մեր թալիշ գործընկերները, որոնք հասարակական, քաղաքական և այլ տարբեր ոլորտներ են ներկայացնում և զբաղվում են գիտությամբ, գնահատում են մեր աշխատանքը»: Նա ներկայացրեց թալիշ ժողովրդի քաղաքական  շարժմանն ուղղված վերջին զարգացումները: «Ակնհայտ է, որ թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա շատ բնական է: Գործընթացը գնում է քաղաքական մի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև Թալիշստանի կատարյալ անկախության կողմնակիցներ։ Այս փուլի համար չափազանց կարևոր է, որ թալիշները, նրանց քաղաքական վերնախավը, հարգում են հայկական ներդրումը թե՛ թալիշցիների քաղաքական շարժումներում,  թե՛ գիտական զարգացումներում»,- ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը նաև նկատեց, որ Երևանն այն կենտրոնն է, որտեղ զարգանում է թալիշների լեզվի, պատմության, մշակույթի ուսումնասիրությունը: «Նաև կարևոր գործ է արվում թալիշների քաղաքական շարժման համախմբման ուղղությամբ, մեր թալիշ գործընկերների ակտիվ մասնակցությամբ և ակտիվ ներկայությամբ այդ գործընթացներում: Այս իմաստով կարող եմ ասել, որ Հայաստանը կարողանում է իրեն ի ցույց դնել որպես տարածաշրջանային գերտերություն, և դա ամենևին չափազանցություն չէ, որովհետև կարողանում է որոշակի  գործընթացներ կառավարել մեզ համար թշնամի համարվող Ադրբեջանում»,- նշեց նա:

Բանախոսը ներկայացրեց հայ և թալիշ ժողովրդների ընդհանրությունները, նշեց, որ երկուսն էլ այս տարածաշրջանի հնագույն ժողովրդներից են: «Որևէ կասկած չկա, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև տարածաշրջանում թյուրքալեզու տարրի  հայտնվելը: Այս իմաստով երկու հինավուրց ժողովուրդները, որոնք այսօր Հարավային Կովկասում կիսում են նույն ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, կարիք ունեն երկխոսության, կարիք ունեն իրար հասկանալու, առանց զգացական մոտեցումների»:
Վարդան Ոսկանյանը նաև նշեց, որ այս համատեքստում ՀՀ-ն և Արցախը ունեն կարևոր առաքելություն․ պետք է օգտագործեն իրենց ունեցած հնարավորություններն այստեղ զարգացնելու թալիշագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրությունը:
Ելույթներով հանդես եկան նաև  հայ և  թալիշ այլ փորձագետներ ու մտավորականներ, ովքեր բարձրաձայնեցին թալիշական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծման ուղիները: Մասնավորապես ելույթ ունեցան Հայաստանում «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գևորգյանը, թալիշ փորձագետներից ներգրավված էին  Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ նախագահի կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը, «Մոսկվայի թալիշական ազգային մշակութային ինքնավարության» ղեկավար  Ադիլ Բասիրովը և այլք: Վերջում ամփոփելով կլոր-սեղանը` Վարդան Ոսկանյանը նշեց, որ նմանատիպ քննարկումները լինելու են շարունակելի, նպաստելու թալիշական խնդրի կարգավորմանն ու հայ թալիշական հարաբերությունների սերտացմանը: Նա ավելացրեց, որ հաջորդ տարի ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ու համալսարանի ջանքերով հրատարակվելու է թալիշերեն լեզվի դասագիրք, որով կշարունակվի նշված լեզվի դասավանդումն ու ծանուցումը բոլոր իրանագետներին ու թալիշների խնդիրներն ուսումնասիրողներին:

Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
680 reads | 08.01.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com