ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԷՆՆՈ ՄԵՅԵՐԻ և ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ «ՀՌԵՆՈՍԻ և ԱՐԱՔՍԻ ՄԻՋև 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԳԻՐՔԸ
Հայ-գերմանական հարաբերությունների մասին մինչև օրս գրվել են տարբեր հոդվածներ,հուշեր,մենագրություններ,սակայն չկա մի գիրք,որը կներկայացնի այն գիտականորեն ու պատմականորեն, թեև ունեն շուրջ 900-ամյա պատմություն: Այս առիթով լույս է տեսել Էննո Մեյերի և Արա Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև 900 տարվա գերմանահայկական հարաբերություններ» գիրքը՝նվիրված հայ-գերմանական հարաբերություններին։ Գրքի գերմաներեն տարբերակը լույս է տեսել 1988 թվականին,իսկ ահա տարիներ անց,այն ժամանակ,երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, հրատարակվեց սույն գրքի թարգմանված տարբերակը։ Գրքի թարգմանիչն է Լիզա Բերքյան-Աբրահամյանը,խմբագիրը՝ Դավիթ Մկր Սարգսյանը։

Աշխատությունը նվիրված է բազմադարյան պատմություն ունեցող հայ-գերմանական հարաբերություններին, մի շարք կարևոր երևույթներին, իրադարձություններին ու դրվագներին։ Գիրքը նշանակալի է նաև այն իմաստով, որ հիշատակված առանձին եղելություններ անծանոթ են ընթերցող լայն զանգվածներին, սրա շնորհիվ առաջին անգամ դրանք հրապարակային խոսակցության նյութ են դառնում։ Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասն (Էննո Մեյեր) ընդգրկում է 20 գլուխ,որն սկսվում է հայ և գերման ժողովուրդների հարաբերությունների կամ շփումների վաղնջական ժամանակներից և հասնում մինչև 1922թ․։Երկրորդ մասը (Արա Բերքյան) բաղկացած է 28 գլուխից,ներկայացնում է 1922թ․մինչև գրքի հրատարակչությունն ընկած ժամանակահատվածը։ Այսպիսով՝ընթերցողին հրամցվող ներկա աշխատությունը նվիրված է այդ բազմադարյան պատմության մի շարք կարևոր երևույթների, իրադարձությունների և դրվագների:

Սա Լիզա Բերքյան-Աբրահամյանի Լուսահոգի ամուսնու մեծ փափագն է համարվում  այս թարգմանությունը:Եվ ահա ս․թ հոկտեմբերի 3-ին,Երևանի Քաղաքապետարանի  Ավետիք  Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանում, տեղի ունեցավ Էննո Մեյերի և Արա Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև 900 տարվա գերմանահայկական հարաբերություններ» գրքի շնորհանդեսը: Այստեղ էին հավաքվել գիտնականներ, լրագրողներ, պատմաբաններ, լեզվաբաններ, գրականագետներ, ինչպես ցերեկույթի պատվավոր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Երևանի Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսնին։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանի» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն,ով ողջունելով հյուրերին նշեց,որ գրքի շնորհանդեսը համընկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերամիավորման օրվա հետ,շնորհավորելով ինչպես Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին պաշտոնը ստանձնելու, այնպես էլ Գերմանիայի դեսպանին այդ տոնի կապակցությամբ։ Այնուհետև գրքի հրատարակչության ու բովանդակության մասին ելույթներով հանդես եկան գրքի թարգմանչուհի Լիզա Բերքյան-Աբրահամյանը,խմբագիրը՝ Դավիթ Մկր Սարգսյանն, իսկ դերասանուհի ասմունքող Գայանե Սամվելյանը ժամանակ առ ժամանակ ընթերցում էր հատվածներ գրքից։ Ելույթներով հանդես եկան նաև պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Հայրունին, բանաստեղծ Գոռ Հարությունյանը և այլք։ Վերջում ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսնին։

Հուսանք, որ գիրքը կդառնա մեր պատմաբանների,գրականագետների և վերջապես մտավորականության սեղանի գիրքն ու սա կարդալով ավելի կսերտանան հայ-գերմանական հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Գարիկ Ավետիսյան
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
469 reads | 28.12.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com